Նայել RSS հոսքը

davidus

Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)

Գնահատել այս գրառումը
_
Խարտիայի 7-րդ հոդվածով սահմանվում են տեղական մակարդակում լիազորությունների իրականացման պայմանները: ՀՀ-ը վավերացրել է այս հոդվածի 1-ին և 3-րդ կետերը: Դրանք են`
1. Տեղական մակարդակում ընտրովի անձանց կարգավիճակը պետք է ապահովի նրանց լիազորությունների ազատ իրականացումը:
3. Տեղական մակարդակում ընտրովի անձի մանդատին անհամատեղելի գործառնություններն ու գործունեությունը կարող են սահմանվել միայն օրենքով կամ հիմնարար իրավական սկզբունքներով:
Սահմանադրության հոդված 107-ով սահմանվում է, որ տեղական ինքնակառա¬վարման մարմիններ են հանդիսանում համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը: Ըստ օրենքի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված են իրավասություններ, որոնք կարող են իրականացվել միայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Այդ լիազորությունների իրականացումը կառավարման այլ մարմնի կողմից արգելվում է օրենքով: Հետևաբար, իրենց տրված լիազորությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմինները ազատ են իրականացնելու գործունեություն, որը չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու անդամի և համայնքի ղեկավարի մանդատին անհամատեղելի գործառնություններն ու գործունեութ-յունը սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով: Մասնավորապես` օրենքի 18-րդ հոդվածով տրվում են համայնքի ավագանու անդամի` այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները: Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
ա) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար,
բ) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,
գ) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:
Ինչպես նաև, օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում են համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը:
Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 25-րդ հոդվածով, որում ասվում է, որ համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական,
գիտական և մանկավարժական աշխատանքից: Օրենքով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորություն¬ների վաղաժամկետ դադարեցման դեպքերը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 26]:

Խարտիայի 8-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական հսկողությունը:
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ձևերով և դեպքերում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական հսկողություն, որպես կանոն, պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրության սկզբունքներին հետևելու ապահովմանը: Այդուհանդերձ, վարչական հսկողությունը կարող է ներառել նաև վերադաս մարմինների` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների կատարման հսկողությունը:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական հսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ լինի այն շահերին, որոնք նպատակ ունի պաշտպանել այդ միջամտությունը:
ՀՀ Սահմանադրության հոդված 108.1-ով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ իրավական հսկողության համակարգը: Ըստ հոդվածի`տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական հսկողություն:
Սահմանադրության հոդված 108.1-ում սահմանվում է նաև, որ համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Ելնելով այս դրույթից` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կատարման նկատմամբ վարչական վերահսկողությունը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., գլուխ 71]:
Օրենքով սահմանվում է, որ վարչական հսկողությունը տարածվում է համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ: Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 771]:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 681-րդ հոդվածի համաձայն` Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև ՀՀ վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով: Համաձայն այս դրույթի էլ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ Օրենքում սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը [«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ Օրենք, 2006թ.]: Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 77-րդ հոդվածում սահմանվում է, որ պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային Ժողովի և կառավարության միջոցով: ՀՀ վերահսկիչ պալատը, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:

(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)

Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)"» Digg-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)"» del.icio.us-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)"» StumbleUpon-ին Ուղարկել «Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 3)"» Google-ին

Մեկնաբանություն