Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 4)
_
Խարտիայի 9-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները:
Սահմանադրության հոդված 106-ով սահմանվում է, որ համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն, ազգային տնտեսական քաղաքականության շրջանակներում, տնօրինելու բավական սեփական ֆինանսավորման միջոցների, որոնք նրանք ազատորեն կարող են տրամադրել իրենց գործառությունների իրականացմանը:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է համաչափ լինեն սահմանադրությամբ կամ օրենքով տրված իրենց լիազորություններին:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերի և վճարների հաշվին, որոնց չափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել համապատասխան օրենքի շրջանակներում:
4. Այն ֆինանսական համակարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցները, պետք է բավականին բազմազան և ճկուն լինեն, որպեսզի, որքանով դա իրականում հնարավոր է, հետևեն ծախսերի փոփոխություններին, որոնք ծագում են տեղական ինքնակառավարման իրավասությունները իրականացնելիս:
5. ֆինանսների առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի կիրառում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ունեցած ծախսերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների ազատությունը իրենց իրավասության սահմաններում:
6. Վերաբաշխվող միջոցները հատկացնելու կարգը անհրաժեշտ է պատշաճ կերպով համաձայնեցնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
7. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող պաշտոնական դրամաշնորհները հնարավորիս չպետք է նախատեսվեն որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար: Պաշտոնական դրամաշնորհները չպետք է վնասեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` նրանց սեփական իրավասության ոլորտում քաղաքականության ընտրության հիմնական ազատությանը:
8. Կապիտալ ներդրումների ծախսերը ֆինանսավորելու համար տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությունը պահպանելով, պետք է ունենան փոխատվական կապիտալի ազգային շուկա մուտքի իրավունք:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 57-րդ հոդվածով սահմանված է, որ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրներ են հանդիսանում հարկային եկամուտները, տուրքերը, այլ եկամուտներ, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացված միջոցներ, պաշտոնական տրանսֆերտներ, բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ: Նշվածներից յուրաքանչյուրը ունի իր ենթակետերը, որոնցով և առավել մանրամասնորեն սահմանվում են մուտքերի տեսակները: Այս մուտքերով էլ պայմանավորված` ձևավորվում է համայնքի բյուջեն, որով և մանրամասնորեն սահմանվում են յուրաքանչյուր լիազորության իրականացմանը հատկացվելիք միջոցները: Համայնքի բյուջեն, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է համայնքի ավագանին:
Ըստ օրենքի`պետք է ապահովված լինի համայնքներին օրենքով վերապահված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 9]: Սա հանդիսանում է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը: Սահմանադրությամբ սահմանված է նաև, որ համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման [ՀՀ Սահմամադրություն, 2005թ., հոդած 106]: Սրան համապատասխան` օրենքում ամրագրված է տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկը, ըստ որի պետական մարմինների լիազորությունները փոխանցվում են համայնքներին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում` օրենքով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պարտադիր ապահովմամբ:
Համաձայն Սահմանադրության հոդված 106-ի` համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ: Ներկայումս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որում սահմանվելու են նաև տեղական հարկերը: Սահմանադրության վերը նշված դրույթին համապատասխան` գործում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենքը, որով սահմանվում են տեղական տուրքի ու վճարի հասկացությունները, ինչպես նաև դրանց տեսակները [«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենք, հոդվածներ 2, 3, 7]: «ՏԵղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանվում է, որ համայնքի բյուջեի մուտքերից են հանդիսանում տեղական տուրքերն ու վճարները [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 57]: Նույն օրենքի 16-րդ հոդվածում նշվում է, որ համայնքի ավագանին սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, իսկ 34-րդ հոդվածում ասվում է, որ համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը: Օրենքի 60-րդ հոդվածով սահմանվում են նաև համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները:
ՀՀ-ում համայնքային բյուջեների ձևավորման աղբյուր են հանդիսանում հարկերը, տեղական տուրքերը, պաշտոնական դրամաշնորհները:
Սակայն այս աղբյուրները ուղղակի փոխկապվածություն չունեն տնտեսական այնպիսի գործոնների հետ, ինչպիսին են օր.` ինֆլյացիան: Մինչ տնտեսական գործոնների հետևանքով համայնքային ծառայությունների մատուցման արժեքը բարձրանում է, միևնույն ժամանակ համայնքային բյուջեների ձևավորման աղբյուրները մնում են նույնը: Սա կարող է դժվարություններ ստեղծել տեղական ինքնակառավարման մարմինների համար:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքում սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքներից մեկի համաձայն`ֆինանսապես թույլ համայնքներին ցույց է տրվում աջակցություն ֆինանսական համահարթեցման միջոցով: Այնուհետ, օրենքի 58-րդ հոդվածով սահմանվում են համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները:
Մասնավորապես` համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:
ՀՀ-ում ֆինանսական համահարթեցմանն ուղղված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ Օրենքով: Համաձայն օրենքի` տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների: Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով [«Ֆինասնական համահարթեցման մասին» ՀՀ Օրենք, 1998թ., հոդված 7]:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի` համայնքային բյուջեները ստանում են պաշտոնական դրամաշնորհների ձևով տրվող հատկացումներ, որոնց թվում` պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ, պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) և այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ:
Ինչպես վերը նշվեց, համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու համար, սակայն սուբվենցիաները տրամադրվում են որոշակի նպատակային ծախսեր իրականացնելու սկզբունքով:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի համաձայն` համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար, կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., հոդված 59]:
(շարունակությունը հաջորդ գրառման մեջ)