22.05.2010, 22:00 (4156 Դիտումներ)
_
Խարտիայի 10-րդ հոդվածով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքը:
1. Տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց լիազորությունները իրականացնելիս, իրավունք ունեն համագործակցել և օրենքով սահմանված շրջանակներում տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ կազմել միավորումներ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար:
2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվի միություն կազմելու տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` ընդհանուր շահերի պաշտպանության և առաջ տանելու նպատակով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային միություններին անդամակցելու իրավունքը:
Սահմանադրության հոդված 110-ով սահմանվում է, որ համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային Ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:
Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 8-րդ գլխում սահմանվում են միջհամայնքային միավորումները, մասնավորապես`միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը, դրանց կազմելու կարգը և կառավարման մարմինները [«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենք, 2002թ., Գլուխ 8, հոդվածներ 78-80]:
Խարտիայի 11-րդ հոդվածով սահմանվում է տեղական ինքնակառավարման իրավական պաշտպանությունը:
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների ազատ իրականացման ապահովման և երկրի սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման սկզբունքների պահպանման համար պետք է ունենան դատարանով պաշտպանվելու իրավունք:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների` դատարան դիմելու իրավունքը որոշակի դեպքերում: Մասնավորապես`օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով, ինչպես նաև` համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով: Այնուհետ, 16-րդ հոդվածով սահմանվում է, որ համայնքի ավագանին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
Օրենքի 71-րդ հոդվածում ասվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:
Օրենքի 776-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:
Այսպիսով, ամփոփելով կարող ենք փաստել, որ ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսդրությունը մեծ մասամբ համապատասխանում է Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայում ներկայացված պահանջներին: Սակայն ՀՀ օրենսդրության մեջ ինքնին կան բացեր, որոնք ակնհայտորեն արտահայտվելով` տարիներ շարունակ իրենց լուծումը չեն ստացել, և այժմ էլ ,դրանց շտկման ուղղությամբ որոշակի լուրջ նպատակադրված գործունեություն չի իրականացվում: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքով սահմանված է, որ համայնքները իրավունք ունեն թողարկել արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով, սակայն նման օրենք մինչ այժմ դեռ չի ընդունվել: Հստակ սահմանված չէ նաև համայնքների վարկավորման գործընթացը, չկա հաշվարկված որոշակի հստակ կարգ: Օրենքով սահմանված է նաև, որ համայնքային բյուջեների եկամտի աղբյուր են հանդիսանում նաև պետական բյուջեից և ծախսերի ֆինանսավորման
նպատակային հատկացումները (սուբվենցիաները), սակայն դրանց տրամադրման կարգը ևս սահմանված չէ:
Սահմանադրության համաձայն` համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով: Այսպիսի օրենք դեռևս ընդունված չէ: Սակայն ՀՀ կառավարությունը 2008թ.-ին ընդունել է համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ, ուր սահմանված են համայնքների խոշորացման սկզբունքները և համայնքների խոշորացման չափորոշիչները:
Այնուհետ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 8-րդ գլխում սահմանվում են միջհամայնքային միավորումները, մասնավորապես`միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը, դրանց կազմելու կարգը և կառավարման մարմինները: Սակայն սահմանված չեն միջհամայնքային միավորումների կառավարման մարմինների լիազորությունները, դրանց կազմման կարգը:
Նշված առումներով ՀՀ օրենսդրության մեջ դեռևս լուրջ աշխատանք պետք է իրականացվի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ:
Դավիթ Մարգարյան