Անհասկանալի
Չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր հեշտությամբ շռայլում են խոսքերը:
Օրերս, մի մարդ հայտարարեց, ավելի շուտ` դեկլարացրեց, որ մենք շատ մոտ ընկերներ ենք, ամենից մոտ նույնիսկ: Իրականում, ես էլ գիտեմ, ինքն էլ գիտի, որ այդպես չէ: Գուցե` դա փորձ է սկսել այդ ընկերությունը, բայց այս դեպքում` չհաջողված, քանի որ նման կեղծավոր հայտարարությունից հետո չեմ կարող հավատալ այդ մարդու ասածներին, մանավանդ, երբ խոսքերն ու գործերը չեն համապատասխանում ոչ մի ինստանցիաներով:
Իսկ այդ հայտարարությունից հետո միայն անվստահությամբ լցվեցի: Եթե այդքան հեշտությամբ ինձ ընկեր է համարում, ուրեմն` կամ կեղծավորություն է անում, կամ էլ մի բան պակաս է: Ու դրանից հետո ակնկալել ընկերություն` անիմաստ է:
Գուցե` ուղղակի չէր գիտակցում, որ ինձ համար այդ խոսքերը շատ ավելի լուրջ են ու կվանեն ավելի շատ, քան կընկերացնեն:
Ես երբեք չեմ ընդունել մարդկանց հեշտությամբ, բայց երբ ընդունել եմ` ընդունել եմ սրտանց ու վերջնականապես: Այսինքն` ինչ-որ մի արարք, սխալմունք թերություն այլևս չի կարող ինձ համար նշանակալի լինել այնքան, որ հրաժարվեմ այդ մարդուց:
Երբեք ինձ համար անկապ ու օտար մարդկանց, չեմ ասել, թե ընկերներս են, երբեք անհիմն խոսքեր չեմ արտաբերել, որ դրանց արժեքը չկորի: Միևնույնն է, մի օր սուտը բացահայտվելու է: