Աշխարհին մաքրություն է պետք
Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝
Ա´յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են... անգործությունից...
Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մեկ տղամարդու...
Եվ կերպարանքով ա´յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահարկ թեպետ
ՈՒ միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով՝
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է՝ գալիս ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա...
Մաքրությո՜ւն է պետք՝ ժպիտի´ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:
Մաքրություն է պետք՝ ծիծաղի´ ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով՝
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի ու առանց ջրի...
Մաքրություն է պետք՝ տեսքով մեխակի´,
Որ հողը մեխի հողին՝ իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ՝ նրանց...
Մաքրություն է պետք՝ տեսքով սոխակի,
Որ միայն իրե՜ն,
Լո´կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ , թերևս ստանա,
Մեզ համար անհա´յտ, լո՜ւրջ պատասխաններ...
Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա´յն թռչունի,
Գլխարկը կարմիր -ինքը սև համակ
Հենց ա´յն թռչունի
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփափախ - անհոտ կարդինալի պես
Ո´չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար...
Մաքրությո՜ւն է պետք...
Մաքրություն է պե´տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ...արև՜
Եվ ո´չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին՝ վսեմ տաճարում,
Գույնը՝ հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը՝ մանկան ձեռքերին...
Աշխարհի՜ն ... մանկակա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա´յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի... անմաքուրնե՜րը,
Քանզի ... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...
Պարույր Սևակ