15.06.2011, 12:48 (3891 Դիտումներ)
Ծանր,անախորժ,դժվար օր էր երեկ(վերնախավիս հետ էի վիճել,ի՞նչ վիճել,հազիվ դիմացա ծաղկամանը շեֆիս գլխին ջարդելու անդիմադրելի գայթակղությանը):Ոտքերս ասես կպել,միաձուլվել էին հալվող ասֆալտին:Հայացքս էլ այնքան էր ծանրացել,որ հենց հարմար ակընթարթ էր գտնում,միանգամից փլվում էր պատահած ճյուղին,մայթեզրին ու պատուհանի գոգին:Տուն գնալու,առավելևս տնեցիներին իմ պրոբլեմներով մտահոգելու ոչ մի ցանկություն չունեի:ՈՒղեղս այնքան էր շիկացել զայրույթից,որ դիմացից եկողներն էլ էին կարծես շտապում հայացքները փախցնել ինձանից:Ինքս ինձ մխիթարելով,ինձ թևանցուք,քայլերս ուղղեցի դեպի ծովափ:Ծովն առաջին անգամ մեծ տարիքում եմ տեսել,բայց հենց առաջին հայացքից վաղեմի հարազատի պես է ինձ ընդունել,առանց ավելորդ ձևականությունների:Քայլում ու լսում եմ նրա հորդորները.
_Թքի'ր ամեն ինչի վրա,ի՞նչ ես ամեն մի ստահակի պատճառով քեզ այս օրին հասցնում:Նրանք արժանի չեն քո ...:
Ինչքան շատ եմ լսում,այնքան համոզվում եմ ,որ չարժեր այդքան կատաղել:Չէ հաջորդ անգամ ես իմ ասելիքը կասեմ,թող իրենք կատաղեն ինչքան ուզում են:Վերջ:Հիմա էլ կանջատեմ զայրույթս ու կվայելեմ ծովի երկնագույնն ու արևի ոսկին:
Այսպես ,արդեն հանգստացած ,քայլում եմ ծովափին ,մեկ էլ լսեմ հայերեն խոսակցություն:Հայաստանից եկած խումբ էր,մի երկու մեծահասակի հետ` դեռահասներ:Հիմա էս խումբը ուր գնում է,որոշ հեռավորության վրա ես ել հետևներից եմ գնում:Երևի գյումրեցի են:Լսելով նրանց հատուկ հումորով խոսակցությունը,ակամա ժպտում եմ:
_ Դու ընդհանրապես մի խոսա,-լսում եմ,- դու թուղթ չունես:
_Էյ~ ով կա,եկեք սրան բռնեք,- մեջս քրքջող հռհռոցս հազիվ լայն ժպիտի եմ վերածում:
_Արա էս կարողա հայերեն հասկանումա,-տղաներից մեկը կասկածանքով իմ կողմն է նայում,ոտքից-գլուխ չափելով:
_Տո չէ հա:
_ Բա խի՞ա սենց ժպտում:
_Երջանիկ ապուշա,ժպտումա,քեզ ինչ:
Քրքիջս արդեն չկարողանալով զսպել,պարզապես փոխում եմ ճանապարհս:Էլ ի՞նչ գող փիսո,ի՞նչ քաչալ շուն:Այսքան լավ տրամադրություն,ե՞րբ եմ ունեցել, որ...