Աննպատակ զբոսանք դեպի մանկություն
Սիրում եմ Սալոնիկին:Քաղաքում աննպատակ քայլելուն ժամանակս երբեք չի հերիքում(չնայած ժամերով կարող եմ կառչել ու մնալ համացանցում):Բանկերի հետ կապված խնդիրներ ունեի,առավոտ զովին դուրս եկա տանից,թե չե կեսօրին ոչ քրտինքախառը ավտոբուսներից է օգտվել լինում,ոչ էլ տրամադրություն է մնում տանից դուրս գալու(դե համացանցն էլ մյուս կողմից):Գործերս հապշտապ վերջացրեցի բանկում ու քայլերս ուղղեցի դեպի կենտրոն:Հենց այս ամիսներին եմ ավելի շատ սիրում քաղաքը,երբ բոլորը արձակուրդ են գնում ու դատարկում են փողոցները,թողնելով ինձ լիիրավ տերն ու տիրակալը ,փողոցների թագուհին(կսկծու,փառք աստծո):Այգու կենտրոնում անսովոր աշխուժություն էր տիրում:Մի աղջնակ էր բոլորին հավաքել իր առանցքի շուրջ:Պարում էր,երգում,արտասանում :Անցորդներն էլ մագնիսի նման կպնում ու շատանում էին:
Մանկությունս ետ բերեք:Ինձ հիշեցի այդ տարիքում:Սպանդարյան հրապարակում,շատրվանների մոտ մի բարձր տեղ էին գտնում,ինձ բարձրացնում էին վերև ու սպասում ելույթիս:Ես էլ մարդկանց ուշադրությունից շոյված ինձ կոտորում էի.պարում էի,երգում,արտասանում...
Հա էդ տարիքում էի:Կիրակի օրով պատշգամբում էինք հավաքվել(էլի ամառվա կես էր,Երևանի շոգը չնկարագրեմ էլ):Հայրս էր,մայրս,տասը տարի մեծ քույրս ու ես:Քույրս էլ չգիտեմ ինչ հովերով տարված ,սկսեց կատակել,թե ես վերցնովի երեխա եմ:Իրար աչք-ունք արեցին,հայրս էլ մյուս կողմից,թե.
_Հա,հերդ լավ մարդ էր,օղորմի իրան,Հունաստանում մեռավ:
Մորս ինչպե՞ս էին համոզել(իմ հանդեպ թուլություն ուներ),բոլորի նման մայրս էլ հաստատեց ,որ վերցնովի եմ:Շատ էի բորբոքվել,ամառվա տժժժոցին վերարկուս հագա,մի հատ էլ վարդագույն մորթուց գլխարկ ունեի,վերցրի ու դուրս եկա տանից:Տնեցիները լավ վրես ուրախանալուց հետո,երևի արդեն մոռացել ,իրենց գործերով էին գնացել,երբ թաքուն մտնելով տուն, սողոսկեցի ննջարան:Դե հիմա կտեսնեք,դառնորեն մտածում ու չէի հանգստանում,որ սկսեք ամբողջ գիշեր ինձ փնտրել,նոր կհասկանաք ինչքան հարազատ եմ....
_Էս մութ անտառու՞մ ինչպես հայտնվեցի,_մտածում եմ ու հեռվից-հեռու արձագանքի պես լսում եմ.
_Հասմի~կ,Հասմի~կ...
Պահարանից դուրս եմ գալիս տեսնեմ,գիշերվա կեսին մերոնք փողոցներով ինձ են ման գալիս...