Այս թեմայի շուրջ բազմաթիվ հարցեր և նամակներ է ստանում նաև Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը www.qahana.am կայքի միջոցով: Ձեզ ենք տրամադրում Տեր Մխիթար քահանա Ալոյանի և Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի կողմից մի քանի պատասխաններ: Ի դեպ, Տեր Մխիթար քահանան օրերս է վերադարձել Երուսաղեմից, ուր նա այդ դեպքերի անմիջական մասնակիցն է եղել:
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
Այո, խայտառակ իրավիճակ ստեղծեց հույն հոգևորականների խումբը Հարության տաճարում, սակայն գիտե՞ք արդյոք դրդապատճառները այս իրողության, որ անմիջապես փորձում եք դատափետել հայ հոգևորականին և անգամ ցանկություն հայտնում նրանց պատժված տեսնելու: Իսկ ես կպարգևատրեի նրանց. Այո’: Նրանք իրենց արյան գնով են պահպանում բոլոր այն տարածքները և ժառանգությունը, որ ունի հայ եկեղեցին Երուսաղեմում: Ես ձեզ բացատրեմ ինչ է տեղի ունեցել, որպեսզի հասկանաք և այլոց էլ բացատրեք: Հնուց ի վեր Սուրբ Հարության տաճարը տարածքային առումով ընդհանուր է եղել և յուրաքանչյուր եկեղեցի` հույն, կաթոլիկ, թե հայ առաքելական մշտապես կատարել են իրենց արարողությունները որոշակի և հստակ հերթականությամբ: Ամեն մեկը հարգել է մյուսի իրավունքը և աշխատել է չխախտել: Հստակ պայմանավորվածություն կա, որ եթե մի եկեղեցի Քրիստոսի գերեզմանում արարողություն է կատարում, մյուսը պետք սպասի արարողության ավարտին: Եվ այս անգամ էլ հայ հոգևորականների կողմից մատուցվող արարողության ժամանակ հույները ուզում էին խանգարել` փորձելով մտնել գերեզման: Եվ այստեղից էլ եկավ այս ամենը: Հասկանո՞ւմ եք հարգելիներս, Երուսաղեմում եթե մեկ անգամ տեղի տաս, ապա այլևս մյուս անգամ դու կորցնում ես իրավունքներդ: Եւ երկրորդը, ձեզ տարօրինակ չթվաց, որ հերթական մի հայկական եկեղեցական տոնակատարության ժամանակ ներկա էին և միջազգային հեռուստաընկերություններ և զինված ոստիկաններ: ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ Զատկական և Ծննդյան տոների ժամանակ: Հասկանո՞ւմ եք, սա ՄՇԱԿՎԱԾ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ, և ձեր նման շատ միամիտներ տրվեցիք այդ սադրանքին. Իսկ դուք առանց խորամուխ լինելու այս հարցերին, սկսում ես հայ հոգևորականին դատապարտել, այն բանի համար, որ նա անձնվիրաբար պայքարում է իր ժողովրդին ու եկեղեցուն հասանելիք կարգ ու կանոնը ամուր պահել: Իսկ դուք, ինքներդ քեզ հարց տվել եք, թե ինչպե՞ս եք պայքարում ձեր եկեղեցու արժեհամակարգի համար: Ձեր երկիրը պառակտվում է հրեական ծագում ունեցող և վխտացող աղանդավորներից, դուք ի՞նչ ես անում նրանց դեմ պայքարում, եթե անգամ գտնվում եք հեռավոր վայրերում, թե նորից այս անգամ էլ կփորձես բարձր ամբիոններից վրդովված բացականչել,- Այս ինչ խայտառակություն է, նրանք միայն քարոզում են: Սխալ մտածելակերպ է ձևավորվում, հարգելիներս:
Սա է իրականությունը. Խոնարհ ենք, հեզ ենք, սակայն, անարդարության դեմ անհանդուրժող ենք. Հիշեք, թե ինչ արեց Քրիստոս տաճարում.- առևտրականներին, տաճարը պղծողներին ծեծելով դուրս հանեց:
Գնացեք և մտորեք, և հուսով եմ կհասկանաք, որ քրիստոնեությունը ոչ միայն հեզություն և խոնարհություն է պահանջում, այլև անվախ սիրտ ու պայքարող հոգի: Ես հետևյալ ռազմավարության կողմնակիցն եմ` չդապարտել նրանց, ովքեր ավելիի են հասել քան ես, և ավելին են կատարում քան ես: Այսօր և այս պահին, մենք մեր աղոթքներով պետք է զորավիգ դառնանք մեր վանականներին, այլ ոչ թե քննադատողներ ու դատափետողներ լինենք:
Տեր Մխիթար քահանա Ալոյան
Դուք, ծանոթ լինելով առաջին և երրորդ այտերի պատմությանը, այնուամենայնիվ Ձեզ հայտնի չէ այդ իմաստուն խոսքի ճիշտ մեկնությունը: Մեր Տերն ասում է, որ եթե թշնամիդ հզոր է և ապտակում է քեզ, որպեսզի ավելի մեծ վնասներ չկրես, դարձրու նաև երկրորդ այտը: Եւ չարյաց փոքրագույնով ազատվիր ոսոխիցդ: Սա խորագիտություն է, և ոչ թե ոչխարի կարգավիճակ: Նույնիսկ մորթվող գառը անհույս, բայց վերջին դիմադրությունը ցուցաբերում է ոճրագործին: Իսկ մենք Երուսաղեմում միշտ զողասեղանին մորթվող գառան կարգավիճակում ենք: Եւ հետաքրքրիր է, ով ամաչկոտ հայ մարդ, ինչո՞ւ չես ընդվզում, երբ այնտեղ գրեթե ամեն օր թքում են հայ հոգևորականի վրա: Գուցե խորհուրդ տաք սա էլ հադուրժել և թքոտված պտտվել հասարակության մեջ` ցույց տալու համար, թե ինչքան <<խոնարհ ենք>>: Եւ արդյո՞ք Դուք հպարտություն կզգայիք թքապատ Ձեր հոգևորականով:
Ես նոր եմ վերադարձել եմ Երսուսաեմից, մասնակցել այդ կռիվներին և աշխարհին հեռուստաընկերությունները ներկայացրել են այն կադրերը, որտեղ հայ ժառանգավորներն են կռվում հույների հետ: Բայց չեն ցույց տալիս այն կադրերը, ուր որ հայ վարդապետներին և պատանի հայ ուսանողներին գետնին տապալած ոտնակոխ էին անում ոստիկանները և զինվորները:
Արդյո՞ք Դուք արցախյան պատերազմի մասնակից հոգևորականներով երբևէ հպարտացել եք կամ գիտե՞ք նրանց մասին: Գուցե այնտեղ էլ կքքննադատեիք հայ հոգևորականներին, ով պաշտպանում էր հայող հողերը և հայ ընտանիքները: Իսկ ինձ մոտ զարմանք և մեղմ ասած մեծ հիասթափություն կա, որ հայ մարդը քննադատում է իր մնայուն արժեքները և իր նախանձախնդիր զինվորներին: Ցույց տվեք ինձ մի ազգ, որն այդքան շատ քննադատում և մեղադրում է իր պետությանը, իր եկեղեցուն և նսեմացնում է իր հոգևոր արժեքները: Ուրիշներն իրենց սխալները որպես ճշմարտություն են ներկայացնում, մենք մեր ճշմարտությունն ու արդար պայքարը, քննադատում ենք` նսեմացնելով արժեքները: Եթե մենք մեր երկրորդ այտը դեմ տանք, ուրեմն մենք կկորցնենք համաշխարհային քրիստոնեության մեջ ռազմավարական այն կարևորագույն արժեքները և հողատարածքները, որոնք ունի Հայ եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին: Նույնսիկ ամոթ զգացող և անտեղյակ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ: Մենք մեր արժեքները պետք է պահենք արյան գնով: Պողոս առաքյալն ասում է, <<Դուք Տիրոջ արյունով եք գնված>>: Այսինքն տրված գինը մեր Տեր Հիսուսի արյունն է: Եւ մեր Տիրոջ արյունով գնվեց մեր հոգին` հավիտենական կայքնին արժանացնելու նպատակով: Ուրեմն մնայուն, հարատև, ազային, կրոնական, ճարտարապետական և հայոց պարզ հողը հայ մարդու արյունով է գնվել` ի ժառանգություն ապագա սերունդներին: Եւ արյունով էլ դա պիտի պաշտպանվի, եթե անհրաժեշտություն կա:
Տեր Մխիթար քահանա Ալոյան
Դուք պայքարի, կռվի, վեճի ժամանակ, կթողնե՞ք ձեր ընկերոջը գերության մեջ: Մեր պատանիները, երիտասարդները ոստիկանների վրա հարձակվում են միմիայն մեկ պատճառով. իրենց անմեղ կալանավորվող վարդապետների և ուսանող ընկերներին ազատելու նպատակով: Դա ընկերասիրության ամենավառ, թասիբ-նամուսի բարձրագույն դրսևորումն է: Այնպես որ բավական է քննադատեք: Ենթադրեք, որ գերության մեջ եք հայտնվել: Եւ ձեր ընկերները ձեզ թողած փախչում են: Դուք ազատվելուց հետո նրանց հետ կխոսե՞ք: Դուք այլևս նրանց ընկեր կհամարե՞ք: Իսկ նրանք ապրում են նույն հարկի տակ, ճաշում են նույն սեղանի շուրջ և նման են մի բազմազավակ ընտանիքի: Եւ նրանցից յուրաքանչյուրն ինչ անում է, իր համար է անում: Քանի որ նրանք բոլորը մեկ են այս կարևոր հարցերում:
Էջանիշներ