Երեկ ներկա էի մի հուղարկավորության, որից հետո ինչպես «ադաթն» է, բոլորը հրավիրվեցին երեք երեխատեր այրու տուն, «հոգեհաց»-ի: Ես գիտեմ, թե որքան ծանր է նրանց սոցիալական վիճակը, իսկ հիմա էլ ամուսնուն է կորցրել: Իսկ առատ սեղանը, որի շուրջ խմբված մարդիկ 3-րդ կենացից հետո ասես մոռացան ինչի են հավաքվել, այլ բան էր ասում: Պարզ է. պարտքով վերցրած գումարով է արվել…Նայում էի այդ մարդկանց, հետո էլ այրու հոգնած ու տխուր աչքերին ու մտածում, ախր երբ են վերանալու այս ձևականությունները: Ավագ սերնդին հարց ուղղեցի, թե առաջ էլ էր այսպիսի ճոխ սեղաններ գցվու՞մ: Ասացին, որ առաջներում հենց գերեզմանատանը ամենքն իր հրաժեշտի խոսքն էր ասում, օղին լցնում հողի վրա ու գնում էին իրենց տները: ՈՒ քանի որ էլ չեմ ուզում անդրադառնալ այս տխուր թեմային, ավելացնեմ նաև, որ մի ձևականություն էլ համարում եմ «դամբարան-գերեզման» սարքելը: Ախր մի՞թե սեղանի տեսականիով կամ էլ ճոխ գերեզմանաքարով է որոշվում հարգանքը անցավորի նկատմամբ: