«Ժառանգությունը» մանեւրու՞մ է
19:32 Yerevan | 15:32 GMT | Thursday 22 November 2007
Մարինե Խառատյան
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` Հռոմից վերադառնալուց հետո երեկ կուսակցությունը պաշտոնապես դիմել է Ռոբերտ Քոչարյանին` կոչ անելով «ընտրողներին ազատ կամքի արտահայտման լիարժեք հնարավորություն ընձեռելու համար» «անմիջապես բավարարել» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին «հանրապետության հռչակումից բխող քաղաքացիություն շնորհելու հանրային պահանջը»` հիշեցնելով, որ այդ առթիվ «մեծ պատասխանատվություն է դրված իշխանության բարձրագույն կրողի վրա»:
Համաձայն ՀՀ քաղաքացիության ներկա ժամկետի` Րաֆֆի Հովհաննիսյանը որպես թեկնածու իրավունք չունի մասնակցելու նախագահի ընտրություններին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքացիություն է շնորհվել միայն 2001 թվականից, սակայն «Ժառանգության» առաջնորդը, որը փաստացի բնակվել է Հայաստանում 1991 թվականից, խնդրել էր իրեն քաղաքացիություն շնորհել 1991 թվականից: Դեռ 2003թ. նախագահի ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր դատարան` իր քաղաքացիությունը 91թ.-ից ճանաչելու հայցով, սակայն դատարանը մերժել էր նրա դիմումը` հայտարարելով, որ չի կարող վերանայել ՀՀ նախագահի որոշումները: Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն որոշել է կրկին փորձել` այս անգամ արդեն ԱԺ խմբակցության ղեկավարի դիրքերից: «ՀՀ նախագահն օժտված է արդարությունը վերականգնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բախտորոշ նշանակության առաջիկա ընտրապայքարում համահավասար մրցակցային իրավիճակ ստեղծելու լիազորությամբ», - Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել են հայտարարության հեղինակները` ակնկալելով պարոն Քոչարյանի դրական արձագանքը:
Մինչ այս հայտարարությունը մամուլում շրջանառության մեջ դրվեց տեղեկություն, որ «Ժառանգությունը» պատրաստվում է աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տպավորություն է ստեղծվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հասկացնել Քոչարյանին, որ եթե իր քաղաքացիության հարցը չլուծի ու հնարավորություն չտա ինքնուրույն մասնակցել ընտրություններին, «Ժառանգությունը» շուռ կգա Տեր-Պետրոսյանի կողմը, իսկ ներկա պարագայում «Ժառանգությունը» բավական կշիռ ունեցող ընդդիմադիր ուժ է եւ կարող է լուրջ հենարան դառնալ Տեր-Պետրոսյանի համար: «Ժառանգության» ԱԺ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեր այս դիտարկմանը երեկ այսպես պատասխանեց. «Համենայնդեպս, «Ժառանգությունը» երբեք չի եղել շանտաժներ անող կուսակցություն, դա լինի իշխանությանը, թե ընդդիմությանը, եւ բնականաբար մենք չենք օգտագործում քաղաքական պայքարի այդ մեթոդը որեւէ մեկին որեւէ բան հասկացնելու առումով»: Խմբակցության քարտուղարը նաեւ հավելեց. «Եթե այդ հրամանագիրը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը, մենք ու՞մից պահանջենք այդ հրամանագրի ուղղումը, հաջո՞րդ նախագահից: Սա այն քայլն է, որ երբեւիցե չէր արվել, եւ մենք հարկ համարեցինք նաեւ անել այս քայլը»: Կուսակցության դիմումը փաստացի նշանակում է, որ «Ժառանգությունը» չի պատրաստվում միավորվել ընդդիմության մի հատվածի հետ ու պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Սակայն նույնիսկ եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարի կամք կդրսեւորի ու հետին թվով քաղաքացիություն կշնորհի Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քիչ անհասկանալի է դառնում, թե այդ դեպքում արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կդիտվի իրական մրցակից իշխանական թեկնածուին, եթե փաստորեն նաեւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով է մտնում մրցապայքարի մեջ: «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով է: Խոսքը վերաբերում է այն հրամանագրի ուղղմանը, որը ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Իբրեւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կոչ է արվում շտկել իր հրամանագիրը», - ի պատասխան ասաց խմբակցության քարտուղարը: Եթե Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի շտկել իր հրամանագիրը, ի՞նչ կանի «Ժառանգությունը»: Մեր այս հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող խոսել կուսակցության անունից, քանի դեռ այդ հարցը քննարկված չէ: Նախագահական ընտրություններին մասնակցության ձեւի առումով կուսակցության համագումարը պետք է որոշում ընդունի: Բայց մինչ այդ «Ժառանգության» անդամները ցանկանում են լուծել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիության խնդիրը: Դժվար է խոսել այն մասին, թե միավորման վերաբերյալ ինչ որոշում կկայացնի «Ժառանգության» դեկտեմբերյան համագումարը»: Ի դեպ, «Ժառանգության» ներկայացուցիչը չբացառեց, որ հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանը 1991թ.-ից իր քաղաքացիության հարցը բարձրացնի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ: «Եթե խոսք է գնում այս կամ այն թեկնածուի հետ համաձայնության գալու մասին, ապա հնարավոր է նաեւ այդ հարցը լինի օրակարգում», - ասաց Ստեփան Սաֆարյանը:
http://zhamanak.com
Էջանիշներ