Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է, ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք ծանոթացել ու ամուսնացել են այդ եղանակով։
Եթե անհաջող փորձերի դեպքեր էլ են հայտնի, դա ամենևին էլ չի նշանակում, թե հաջողվածներ չկան։
Եվ ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։
Այս գրառումն անելիս դեռ ռեալում չէի հանդիպել ներկայիս ամուսնուս, դրա համար էլ այն ժամանակ խուսափել էի սեփական փորձս օրինակ բերելուց... Բայց հիմա, երբ 1,5 տարվա վիրտուալ սիրավեպից հետո արդեն ոչ միայն հանդիպել, այլև ամուսնացել ենք, կարող եմ արդեն սեփական փորձն օրինակ բերելով՝ ավելի համոզված ասել, որ հնարավոր է: Միայն թե դրա համար անհրաժեշտություն է միմյանց հետ մինչև վերջ անկեղծ ու ազնիվ լինելը՝ թյուրիմացությունների ու հետագա հիասթափությունների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Երբ երկու կողմերն էլ ամեն ինչ անում են իրենց իրական բնույթը դիմացինին ցույց տալու և ոչ թե ավելի լավը երևալու համար, միանգամայն հնարավոր է դառնում միմյանց ճանաչելը մինչև անգամ այնպես, ինչպես ռեալում կլիներ: Դրա համար, իհարկե, նաև ժամանակ է պետք: Ընդհանրապես ես էլ եմ համարում, որ ծանոթության վիրտուալ մասը որքան կարճատև լինի, այնքան ավելի լավ, այսինքն՝ ռեալ հանդիպումը հարկավոր է հնարավորինս շուտ կազմակերպել, քանի որ ինչքան երկար ես շփվում, այնքան ավելի շատ ես կապվում տվյալ անձի հետ, և հետագայում հիասթափվելու ու բաժանվելու դեպքում, բնականաբար, ավելի ծանր կլինի: Բայց, ցավոք, շատ դեպքերում հանգամանքների բերումով ռեալում շուտ հանդիպել պարզապես հնարավոր չի լինում, և վիրտուալը ձգվում է երկար ժամանակ, ինչպես որ իմ դեպքում էր... Բայց, մյուս կողմից, այդ ժամանակն էլ իր հերթին կարծես փորձության է ենթարկում տվյալ հարաբերությունները. շատերը երկար սպասելուց կարող են հոգնել, ձանձրանալ, հուսահատվել, հիասթափվել, վերջապես սիրահարվել ավելի «ռեալ» մեկին:
Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք ինտերնետի միջոցով են գտել իրենց ապագա կանանց, ամուսիններին: ԲԱՅՑ... թե դրանից առաջ հենց այդ նույն ինտերնետի միջոցով քանի հոգու հետ են ծանոթացել, «սիրահարվել», հանդիպել ու հիասթափվել, միայն իրենց է հայտնի...

Մինչև իրականում չհանդիպես, դԺվար թե զգացմունքերդ կարող ես իրական համարել. հնարավոր է սիրահարվել ես ինքդ քո ստեղծած կամ հենց նրա կողմից ջանասիրաբար ստեղծած, բայց իրականությանը չհամապատասխանող կերպարի:

Ու խոսքը միայն սիրահարվելու և սիրելու մեջ չէ: Պիտի համոզվես, որ կարող ես երջանիկ լինել այդ մարդու հետ. չեմ ուզում խեղաթյուրել որևէ մեկի ռոմանտիկ պատկերացումները ամուսնության վերաբերյալ, բայց իրականությունն այն է, որ միայն սիրահարվածությունը բավական չէ երջանիկ ամուսնության համար:

Ինչպե՞ս տեսնես այդ մարդուն այլ մարդկանց միջավայրում, եթե միայն ինտերնետով ես շփվում, ո՞նց իմանաս, թե ինչպիսին է ինքը ուրիշների հետ հարաբերություներում, ինչպես է վարվում այս կամ այն իրավիճակում (հարցնելը ու երկար-բարակ մտածված սիրուն չաթ-ային պատասխան ստանալը քիչ է), կարո՞ղ ես նրա հետ ապահով լինել տհաճ / վտանգավոր իրավիճակներում, ունի՞ արդյոք վատ սովորություններ, ի՞նչ ինտոնացիայով է խոսում իր փոքր քրոջ / ավագ եղբոր / մոր հետ, ինչպե՞ս է քայլում փողոցում, ի՞նչ հայացքով է նայում մուրացկաններին / անտուն կենդանիներին / կարճփեշ աղջիկներին / հայհոյող տղամարդկանց, ինչպե՞ս է իրեն պահում, երբ խիստ զայրացած է, ինչպե՞ս է վարվում, երբ տեսնում է, որ փորձում են հիմարեցնել ու խաբել իրեն, ինչպիսի՞ մարդիկ են նրա ընկերները, ինչպե՞ս է վերաբերվում քո ընկերներին, ինչպիսի՞ն է պատասխանատու պահերին, գուցե խուսափո՞ւմ է պատասխանատվությունից, ի՞նչ արտահայտություններ է անում այս կամ այն ֆիլմը դիտելիս, որևէ գաղափար ո՞ւնի գրականությունից / արվեստից / ցանկացած այլ ոլորտից, որով դու այնքան հետաքրքրվում ես (եթե հարցնես օնլայն, հենց այդ պահին էլ կնայի գուգլ-ում ու հոյակապ պատասխան կտա), ի՞նչ հայացքով է քեզ նայում, երբ դու խոսում ես քեզ համար շատ կարևոր ու թանկագին բաների մասին, ինչպե՞ս է վարվում, երբ դու լաց ես լինում... այն էլ իր պատճառով. սրանք բոլորը այնքան էլ մանրուքներ չեն, որքան կարող է թվալ, երբ սիրահարված աչքերով նայում ես փայլող մոնիտորին ու չափված-ձևած նախադասությունների միջից աստված գիտի՝ ինչ հեքիաթային կերպար ես տեսնում:

Էլ չեմ ասում ֆոտոշոփով սիրունացրած կամ առնվազն տասնյակ նկարների միջից ընտրած ամանա-ամենահաջող լուսանկարի մասին: Կասե՞ք արտաքինը կարևոր չի. մի քիչ կվարանեմ հավատալուց առաջ... Բոլորն էլ գոնե այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում դրան, հատկապես եթե խոսում ենք կին/ամուսին կամ, ինչպես դուք եք ասում, «կյանքի կեսին» գտնելու մասին:

Ինչքան հետաքրքիր, հմայիչ ու միայնակ աղջիկներ/տղաներ կան, որոնք անցնում են ձեր կողքով ամեն օր: Գուցե ա՞րժի դուրս գալ ինտերնետից ու համարձակություն ունենալ ծանոթանալ իրականո՞ւմ:
ivy, ասածներիդ մեջ, անշուշտ, ճշմարտություն շատ կա, սակայն եկեք չմոռանանք, որ այդ նույն վտանգները կան նաև ռեալ շփման ժամանակ (Selene-ն դրա մասին շատ լավ գրել էր, ես էլ չգրեմ). միմյանց մասին սխալ պատկերացումներն ու հիասթափությունները ռեալում էլ քիչ չեն: Տարբերությունը թերևս միայն այն է, որ ռեալում դրանք հնարավոր է բացահայտել ավելի հեշտությամբ ու ավելի արագ, իսկ վիրտուալը ոչ միշտ է այդ հնարավորությունն ընձեռում: Բայց, ինչպես արդեն ասացի, անկեղծությունն այդ բոլոր խնդիրները լուծում է:

Ես ինքս էլ եմ ճանաչում բազմաթիվ մարդկանց, որոնք վիրտուալ սիրավեպի դառը փորձ են ունեցել: Իմ ինտերնետային ծանոթների ճնշող մեծամասնությունը դրա միջով անցել է. սիրահարվածություն, իդեալականացում, երազանքներ, հիասթափություն (ռեալում հանդիպելուց առաջ կամ հետո): Ինչ խոսք, չհաջողված դեպքերն անհամեմատ ավելի շատ են, և դա բնական է: Բայց պետք է հասկանալ, որ «հնարավոր է գտնել» և «անպայման կգտնես» նախադասությունների միջև տարբերություն կա, բայց, չգիտես ինչու, շատերը առաջինի տակ հասկանում են երկրորդը և ջանադրաբար փորձում ապացուցել հակառակը...