Մի ժամանակ նույն երգի տարբեր կատարումներ լսելու դեպքում, որպես կանոն, առաջին լսածս էի հավանում։ Այսինքն՝ եթե ընդհանրապես երգը հավանում էի, ապա դրա հետագա կատարումները միշտ ավելի թույլ կամ աղավաղված էին թվում... Վերջերս սկսել եմ յուրովի ընկալել որոշ երգեր։
Elton John-ի "Sorry Seems To Be The Hardest Word" երգի տարբեր կատարումներ եմ լսել, ամենատպավորվածներից մեկը Ray Charles-ի կատարումն էր, որն առաջին անգամ լսելուց հետո բոլորովին դուր չեկավ, կարծես աղավաղած լիներ... հետո ուղղակի ընտելացա, բայց դե, իմ կարծիքով, օրիգինալին չի հասնի։ Հետո լսեցի Elton John-ի ու Blue խմբի համատեղ կատարմամբ, էլի մի քիչ աղավաղված էր թվում, ավելի պոպացված, բայց դե քանի որ Elton John-ը կար, ավելի մոտ էր օրիգինալին, դրա համար էլ ավելի շատ հավանեցի, քան մյուս կատարումները։ Մի խոսքով՝ ինձ համար էլի օրիգինալն է բարձունքում մնում։Հիմա ընդունում եմ, որ Ray Charles-ն, այնուամենայնիվ, լավ է կատարում, բայց ես Elton John-ի կատարումն եմ սիրում։ Պարզապես ճաշակի հարց է։
Ասում են՝ հանրաճանաչ "Yesterday" երգի մոտ 200 կատարում կա։ Շատ կատարումներ եմ լսել, բայց հաճախ չեմ իմացել, թե ով է կատարում։ Դրանցից որոշները հավանել եմ, որոշները՝ ոչ։ Բայցևայնպես, էլի պետք է խոստովանեմ, որ The Beatles-ի պարզ ու անպաճույճ կատարումը ոչ մեկի հետ «չեմ փոխի»։Իսկ վերջերս լսեցի ինչ–որ մուղամատիպ կատարում, սիրտս խառնեց։
Ասում էին՝ ինչ-որ ադրբեջանցի երգչուհի է կատարողը։ Ուղղակի ահավոր էր։
Այնպես էր ստացվել, որ Bob Marley-ի "No Woman, No Cry" երգն առաջին անգամ լսել էի Boney M–ի կատարմամբ։ Դուր էր եկել, ընկալել էի որպես տիպիկ բոնիեմական երգ, մտքովս էլ չէր անցնի, որ դա նրանց երգը չի, առավել ևս, որ կարող է Bob Marley-ի երգը լինել։ Bob Marley-ի կատարմամբ առաջին անգամ լսելիս մի տեսակ ձգձգված ու ծամծմված էր թվում, հետո գնալով սկսեց դուր գալ ու, ի վերջո, հիմա կարծես թե ավելի շատ Bob Marley–ինն եմ հավանում։ Երևի ավելորդ է ասելը, կատարողների ոճային տարբերությունը հաշվի առնելով, այդ երկու կատարումների միջև շատ քիչ ընդհանուր բան կա, անտեղյակ լինելու դեպքում կարելի է նույնիսկ գլխի չընկնել, որ նույն երգն է։
Մտքովս չէր անցնի, որ իմ սիրած խմբերից մեկի՝ Pink Floyd-ի "Wish You Were Here" երգը երբևէ կարող է լսեմ մեկ ուրիշի կատարմամբ, և ավելին՝ այդ կատարումը կարող է ինձ դուր գալ։Բայց պարզվեց, որ հնարավոր է։ Իմ սիրած մեկ այլ խմբի՝ Radiohead-ի կատարումը հենց սկզբից շատ հավանեցի։
Երկու կատարումներն էլ ինձ շատ հոգեհարազատ են. Radiohead-ի կատարումը լսելիս բոլորովին չեմ զգում, որ իրենց երգը չի։ Ուղղակի ցնցված էի։ Երևի դա առաջին անգամն էր, երբ ուրիշի կատարումը օրիգինալին չէր զիջում, դե, համենայնդեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով։
Շատ երգերի մասին կուզենայի գրել։ Բայց առայժմ այսքանը։ Հետո էլի կգրեմ։ Շատ-շատ են։
Էջանիշներ