Սրճարանում
(ըստ 1-ին դիտարկման)
Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:
Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:
Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:
Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:
Սեղանի ծայրին նստած ակնոցավոր տղամարդը դադարեցնում է ծամելն ու հետևում դրսում կատարվածին: Հետո նայում է ինձ ու փորձում ինչ-որ բան ասել: Փոշմանում է, հայացքը հեռացնում: Նորից է նայում: Աչքերը լցված են:
-Կինս էր,- ասում է, իրերը հավաքում ու դուրս գալիս:
Էջանիշներ