շարունակություն...
Բանն այն է, որ եթե զուգարանից քեզնից առաջ օգտվողը ջուրը չի քաշել, ապա ջուրը չպետք է քաշես և դու՝ անկախ տվյալ ունիտազի ունեցած «վարկանիշից»: Հո ուրիշի կեղտոտածը դու չե՞ս մաքրելու: Անշուշտ զզվելի է պպզել ուրիշ արած կեղտի վրա, քաշել դրանից եկող տհաճ հոտը, բայց այստեղ՝ բանակում, դա այնքան պատվազրկող չէ, որքան ուրիշի կեղտոտածը մաքրելը, իսկ ուրիշի հետևից ջուրը քաշելն ասոցացվում է հենց դրա հետ: Ուրիշ հարց, որ եթե գտնես այդ ջուրը չքաշողին մի քանի քաղցր խոսք կասես, գուցե խոսքից գործողության անցնես, բայց քանի դեռ չես գտել, հարկադրված ես պպզել նրա կեղտի վրա ու ավելացնել այնտեղ եղած կեղտաքանակը: Քո վեր կենալուց հետո էլ ջուրը չես քաշի, որովհետև չես կարող դա այնպես անի, որ ջրի հոսքը տանի միայն քո բաժին կեղտը, ինքնաբերաբար կգնա նաև նախորդիդ թողած պաշարն ու փաստորեն կստացվի, որ դու մաքրեցիր նրա կեղտը: Այնպես որ տարօրինակ չէ, որ հաճախ, մինչև քաղաքացիական հավաքարարների մաքրելը այդ պպզովի ունիտազերում կեղտի բուրգեր են գոյանում և զուգարանում տիրում է նորին մեծություն շան հոտը:
Ի՞նչ անեմ, երբ սկսել էի պատմել այս պատմությունը (ասենք դեռ բուն պատմությանը չեմ էլ հասել) մի քանի ակնարկով հասկացրել էի, որ տհաճ թեմա է լինելու, այնպես որ ինձ չմեղադրեք զզվելի բաներ գրելու համար, կարող էիք պարզապես չկարդալ:
Իսկ հիմա մի քանի բառ այսպես կոչված «պպզովի» ունիտազների մասին: Ուղղակի հրաշալի է, որ բանակում ունիտազներն այդպիսին են, այլ ոչ թե «նստովի», հակառակ դեպքում, մի կողմ դնելով մնացած բոլոր հարցերը, պետք է հայտնեմ իմ համոզմունքը, որ կունենայինք մի խայտառակ իրավիճակ: Կրկին պատկերացնում ենք զինվորական բազմազան հասարակությունը ու պատկերացնում, թե այդ հասարակության անհատներից քանիսը չեն կարողանա այդ ունիտազներից ճիշտ օգտվել: Մեկը, ներեցեք իհարկե, կմիզի նստատեղի վրա, մյուսը միայն իրեն է հայտնի, թե ինչ կանի, արդյունքում սկսած հասարակ զզվանքից, վերջացրած հիգիենայի մասին իրական պատկերացումներով զինծառայողը չի կարողանա նրա վրա նստել գործ անելու համար: Ու հենց այստեղից էլ, վերջապես, սկսում եմ այն պատմությունը, որը նախապես մտադրվել էի պատմել:
* * *Բարեքախտությու՞ն է, թե՞ ոչ, որ ընկել եմ այս զորամաս, հստակ չգիտեմ, գիտեմ որ այս զորամասը շատ հարցերով համարվում է փորձնական և նաև ցուցադրական: Մասնավորապես այս զորամաս են բերում արտասահմանյան պատվավոր հյուրերին՝ հայոց պաշտպանական բանակի «ապրելակերպին» ծանոթացնելու համար: Բայց այս պահին մոռանանք ցուցադրական պահը և խոսենք փորձնականից, ավելի կոնկրետ մի փորձից, ասենք որն, ըստ էության, նաև ցուցադրական է:
Այս զորամասում զինծառայողների համար նախատեսված երկու զուգարան կա՝ մեկն ավանդական «պպզովի», մյուսը ոչ ավանդական, փորձնական, «նստովի» ունիտազներով:
Փորձելով համեմատել երկու զուգարանների մաքրությունները, տեսնում ենք, որ փորձնական իր մաքրության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է ավանդակին: Սա անշուշտ հիացնում է սպաներին և փորձը դնողներին, բայց արդյո՞ք նրանց հայտնի է այդ մաքրության իրական պատճառը:
Իսկ իրականությունն այն է, որ հեղինակավոր զինվորները գիտակցելով այն ամենը ինչ վերևում շարադրել էի, մյուս բոլոր զինծառայողներին արգելել են օգտվել «ժամանակակից» «փորձնական» «նստովի» ունիտազներով զուգարանից: Արդյունքում ստացվել է, որ զինվորներն ունեն միայն մեկ՝ ավանդական զուգարան, իսկ նորը՝ «փորձնական» միշտ մաքուր:
Բայց փորձ դնողները երևի թե համարեցին, որ փորձն առավել քան հաջողված է, քանի որ մեկ երջանիկ օր տեսանք, թե ինչպես բանվորները գործիքները ձեռքներին եկան, փակեցին «ավանդական» զուգարանն ու սկսեցին քանդել: Երկար տարակուսելու կարիք չեղավ: Ամբողջ զորամասում կայծակնային արագությամբ տարածվեց այն լուրը, որ «ավանդական» զուգարանը ևս ցանկանում են փոխարինել «ժամանակիցով», որ այդ զուգարանում դնելու են «նստովի» ունիտազներ:
Այս հարցի մասին ես ինքս երկար մտածել չհասցրի, քանզի ինձ շուրջօրյա ազատ արձակում էին հատկացրել և ես շտապեցի տուն՝ հարազատներիս ու ընկերներիս տեսնելու:
Զորամաս վերադարձա հաջորդ օրն երեկոյան՝ համաձայն հրահանգի, լրիվ մոռացած զորամասի վերջին՝ զուգարանային նորության մասին: Օրը կիրակի էր, հանգստյան օր և զորամասում էին, բնականաբար, միայն վերակարգի սպաները ու զինծառայողները: Բոլորն այլայլված էին, իրար խառնված:
Փորձնական զուգարանն ապականված էր: Զինվորները փայլել էին իրենց հնարամտությամբ: Ամեն մեկը մի հնար մտածել էր, թե ինչպե՞ս անի, որ հա՛մ բավարարի իր բնական պահանջները, համ էլ չնստի պոտենցիալ վտանգավոր և պոտենցիալ զզվելի այդ անիծված «նստովի» ունիտազի վրա: Ասում էին, որ նույնիսկ այնպիսի հնարամիտներ էին եղել, որ հաջողացրել էին «նստովի» ունիտազից օգտվել «ավանդական» եղանակով. պպզել էին այպես կոչված «նստաշրջանի» վրա ու արել իրենց սև, կամ ավելի ճիշտ մուգ շագանակագույն գործը:
Մի խոսքով զուգարանն ապականված էր բառիս բուն իմաստով, այն աստիճան, որ դրանում զինվորներն էլ չէին կարող բավարարել իրենց բնական պահանջները: Բայց նույնիսկ այս դեպքում զինվորները կարողացել էին աչքի ընկնել իրենց վառ հնարամտությամբ ու ճարպկությամբ ու չգիտես թե ոնց, հաջողացրել էին մտնել սպաների զուգարաններից մեկը: Այստեղ ունիտազները թեև «պպզովի» են, բայց ընդամենը երկու հատ են, և քանի որ եղել էին մարդիկ ովքեր ջուրը չէին քաշել, կամ գուցե քաշել էին, բայց ջրի հոսքի թափը չէր բավականացրել կեղտը տանելու համար և, հետևաբար, հաջորդ բոլոր նստողները ևս ջուրը չէին քաշել, այնպես էէ բառիս բուն իմաստով ապականված էր նաև սպաների զուգարանը:
Մի խոսքով զորամասում սոդոմ-գոմոր էր: Բոլորը խառնված էին, բոլորը սպասում էին գումարտակի հրամանատարի հաջորդ օրը զորամաս գալու, հույսով, որ վերջինս այս ամենը տեսնելով կկարգադրի վերաբացել «ավանդական» զուգարանը, քանի որ վերջապես կտեսնի, որ «մոդեռն» զուգարանը զորամասի համար չի:
Այդ ընթացքում միակ զինվորը, ով կարող էր հանգիստ բավարարել իր բնական ցանկությունները, ես էի, որովհետև բախտի բերմամբ ունեի մյուս սպայական զուգարանի բանալին (ի դեպ այդ օրը վերջապաս հասկացա, որ թերևս ճիշտ են անում, որ զուգարանը կողպում են) և կարող էի հանգիստ օգտվել նրանից, ինչն էլ արեցի: Իհարկե այստեղ ևս ամեն ինչ հարթ չընթացավ, քանի որ երկու զինվոր կռահելով որ այդ զուգարանի դուռը բացվել է, շտապեցին այնտեղ: Խնդրեցին որ թույլատրեմ ներս մտնել:
- Խնդիր չկա, - պատասխանեցի, - բայց, տղե՛րք, մաքուր կպահեք:
Ինձ տվեցին ավանդական հարցը, որին, ճիշտն ասած, սպասում էի.
- Իսկ այստեղ ջուրը քաշու՞մ են:
- Ե՛ս քաշում եմ, ու դու՛ք էլ կքաշեք:
- Ընկե՛ր, բայց կարող ա ստեղ...
- Կարողա-մարողա չկա, ես ձեզ պայմանն ասեցի:
Տղերքը հասկացան պայմանը և ներս մտան, նրանցից մեկը մյուսին ձայնեց.
- Հա, ոնց որ մաքուր ա, կարող ենք հանգիստ քաշել:
Իրենց կարիքները բավարարելուց հետո ջուրը քաշելով գնացին: Բայց իրականությունից չշեղվելու համար պետք է ասեմ, որ նրանցից մեկի ջուրը քաշելու հետևանքով կեղտն ամբողջովին չէր գնացել և նա, ազնվորեն, հինգ րոպե սպասեց՝ ամեն անգամ ջրի տարան ջրով լցնելու ժամանակ ջուրը քաշելով, մինչև որ զուգարանը վերադարձավ իր նախնական մաքրությանը:
Ինչևէ, այսպես գլորվում էր կիրակի օրը և շուտով գիշեր էր ու բոլոր պառկեցին հանգստանալու՝ անհամբեր սպասելով գումարտակի հրամանատարին:
Լույսը բացվեց արդեն երկուշաբթի օրը: Լույսը բացվելուց քիչ անց եկավ գումարտակի հրամանատարը, որն, ինչպես և պետք էր սպասել, սաստիկ զայրացավ կատարվածը տեսնելով: Ինչպես և սպասում էին բոլորը, նա արագորեն գտավ հարցի լուծումը: Ինչպես և սպասում էին բոլորը, նա անմիջապես հասկացավ, որ «ժամանակակից» «նստովի» ունիտազներով զուգարանը զինվորների համար չէ և առանց հապաղելու տվեց խիստ սպասված հրամանը.
- Կողպե՛լ զուգարանը: Սրանից հետո զուգարանի երես չեք տեսնի: Որտեղ ուզում եք, բավարարեք ձեր կարիքները: Ուզում եք, կարող եք ճաշարանում անել ձեր գործը, հետո նստեք կողքը հաց ուտեք, եթե ձեր շնորհք էդ ա: Բացի դրանից բոլոր զինվորները երեք շաբաթ ժամկետով զրկվում են ազատ արձակումներից:
Ահա այսպես, շատ արագ ու իմաստուն կերպով որոշվեց բոլորին այնքան հուզող ու տանջող հարցը, միայն հասկանալի չէր, որ եթե զինվորներին արգելվելու էր զուգարանից օգտվել, ապա բանվորներն ինչու՞ էին շարունակում «մոդեռնացնել» «ավանդական» զուգարանը: Որ կողպեն ու թթու դնե՞ն...
04.04.2007-06.04.2007
Էջանիշներ