Հայաստանյան տապից կարելի է փրկվել Տավուշում, Արցախում և Սևանում
Սևանում առաջիկա օրերին սպասվում է 35-37 աստիճան տաքություն, ջրի ջերմաստիճանը կլինի 22 աստիճան։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ «Այսինքն՝ ուղիղ արևի ճառագայթների տակ բավականին շոգ կլինի, բայց կարելի է նաև հանգիստը կազմակերպել Սևանում»,- ասաց նա։
Նա հաղորդեց, որ առաջիկա հինգ օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը առավելագույն ջերմաստիճանը կլինի 39 աստիճան, նվազագույնը՝ 25 աստիճան։ Երևանի տարբեր հատվածներում ջերմաստիճանը կլինի տարբեր՝ կախված ծառերի առկայությունից և տեղանքի բարձրությունից։
Հայաստանի ամենաշոգ օրերին ամենազովը կլինի Տավուշի մարզում։ Հայաստանից մոտ 4-5 աստիճան ավելի ցածր կլինի օդի ջերմաստիճանը Արցախում. «Այնպես որ, կարող եք ձեր հանգիստը կազմակերպել նաև Արցախում»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ սխալ է ժողովրդի մեջ տարածված կարծիքը, թե եթե ասվում է 40, ուրեմն մի 42-45 հաստատ կլինի։ Ջերմաստիճանը չափվում է ստվերում, և այն ճշգրիտ է։
Անդրադառնալով 40 և ավելի ջերմաստիճանի կանխատեսման դեպքում օրերը ոչ-աշխատանքային հայտարարելու կամ այդ օրերին աշխատելու համար ավելի բարձր վարձատրելու մասին կարգին՝ Պետրոսյանն ասաց, որ իրենց տվյալներն իրենք երեկ արդեն փոխանցել են կառավարությանը. «Մենք լիազորված չենք օրերը հայտարարել ոչ աշխատանքային, մենք միայն ասում ենք, որ 3 օր ջերմաստիճանը Հայաստանի որոշ մասերում հասնելու է 40 աստիճանի, իսկ դա, ըստ կարգի, նախատեսում է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն»,- ասաց նա։
Նշենք, որ հուլիսի 30-ը, 31-ը և օգոստոսի 1-ը՝ շաբաթ, կիրակի՝ Վարդավառ և երկուշաբթի՝ մեռելոց օրերը, ոչ աշխատանքային են։ Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածով՝ օդի ջերմաստիճանի՝ 40-ից ավելի բարձր կամ -10-ից ավելի ցածր լինելու դեպքում՝ գործատուն պիտի ոչ-աշխատանքային հայտարարի, կամ լրացուցիչ ընդմիջումներ տրամադրի։ Ընդմիջումների ժամանակը ներառվում է աշխատանքային ժամանակում՝ այսինքն վճարվում է սովորականի պես, իսկ տևողությունը սահմանվում է գործատուի և աշխատողի միջև ներքին ակտերով և պայմանագրերով։
Tert.am
Էջանիշներ