Հերթական մահը բանակում. Պաշտոնական վարկածով՝ դարձյալ ինքնասպանություն

Հուլիս 01, 2011 | 13:39

Հայաստանի զինված ուժերում մահվան հերթական դեպքն է գրանցվել: Նախօրեին Կապանում գտել են Մասիսի Նորաբաց գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը. «N զորամասից ստացված տեղեկության համաձայն, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանը հունիսի 28-ին, ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից:

Այդ կապակցությամբ, ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ՝ Համբարձումյանին գտնելու ուղղությամբ: Հունիսի 29-ին, ժամը 13:15-ին զորամասին հարակից անտառում հայտանաբերվել է Համբարձումյանի դիակը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ զննությամբ ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք` հարթ եզրերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Պարզվում է, որ քրեական գործը հարուցվել է արդեն սովորական դարձած 110 հոդվածի 1-ին կետով (Ինքնասպանության դրդելը):

Թղթակցի դիտարկմանը, թե Համբարձումյանի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ պնդում են, որ Տիգրանին պարզապես սպանել են, քննչական վարչության աշխատակիցը կրկին նշել է, որ քրեական գործը հարուցվել է այդ հոդվածով: «Հնարավո՞ր է, որ նախաքննության ընթացքում հոդվածը վերաորակվի»,- հարցին հետեւեց «Չեմ կարող ասել» պատասխանը:

Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն ձախ արմունկի վնասվածքը, մինչդեռ մամուլում տեղեկություններ կան, որ Տիգրան Համբարաձումյանին գտել են դեմքի ու վզի հատվածում վնասվածքներով, դեմքն այլանդակված վիճակում: Ծնողներին հայտնել են թե իրենց որդին ինքնասպանություն է գործել, իսկ դեմքն էլ իբր գայլերն են հոշոտել:

News.am