Աննան գեղեցիկ էր…
Բոլորն էին այդպես կարծում,ինքն էլ գիտեր:
Կոկիկ էր հագնվում,համարյա միշտ ժպտում էր ու գերազանց էր սովորում:Դպրոցում բոլորը սիրում էին նրան:Ուսուցիչները միշտ նրա օրինակն էին բերում:
<<Երբ հայրիկս կինոյի տոմսեր գնի ինձ համար,ես հենց Աննային էլ կհրավիրեմ>>,-մտածում էր Վահեն լուռ սպիտակեցնելով պատը:
Շոգ էր…
Վահեն հոգնել էր:Չպիտի գնար ֆուտբոլ խաղալու,պիտի հենց սկզբից էլ գործի անցներ,որ այսքան չհոգներ:Հիմա վերջացրած կլիներ և հայրիկը նրան կտար խոստացված տոմսերը:
Երանի շուտ գար վաղը…
Նա Աննայի հետ կգնա կինո,բոլոր տղաները նախանձով նրան կնայեն:Աննան երևի կհագնի իր կապույտ զգեստը:
<<Վաղը դպրոցում կմոտենամ ու անտարբեր կասեմ.-Աննա,հայրս կինոթատրոնի երկու տոմս է գնել ինձ համար,չգիտեմ ում հետ գնամ,կգա՞ս միասին գնանք:Աննան կժպտա և կասի.-Այդ ֆիլմը շատ էի ուզում դիտել>>:
Հրաշալի է…
Նկատեց,որ պատի վրա գրել է ԱՆՆԱ:Ժպտաց:
<<Ամեն ինչ կտայի Կարենի դեմքը տեսնելու համար>>:
×××
Զարթուցիչն էր…
Ոզնու մռութիկով փոքրիկ զարթուցիչը ոչ ոքի էլ չարթնացրեց.Վահեն արդեն հագնվածէր ու հայելու առաջ հարդարվում էր սովորականից քիչ ավելի երկար:
-Վահե,ու՞ր,իսկ թե՞յդ:
-Ուշ է,մամ,դպրոցում կնախաճաշեմ:
-Ինչն է ուշ,ժամը 8.10 է դեռ:
-Մամ,էս վերնաշապիկով սիրու՞ն եմ…
Մայրը համբուրեց տղային և ժպտալով ուղղեց մազերն ու օձիքը:Տղան հագավ կոշիկները,մեկ անգամ էլ պայուսակից հանեց ինֆորմատիկայի տետրը,բացեց, հաղթական նայեց կինոթատրոնի տոմսերին ու վազեց:
Զարմացավ,երբ երեխաներից շատերին տեսավ դպրոցում զանգից կես ժամ առաջ(սովորաբար վերջին րոպեներին էր դասարանը լցվում):
- Վահե,դու էլ եկա՞ր,որդիս,շտապե՛ք,այսօր նոր դասասենյակ ենք տեղափոխվելու,-դասղեկը շոյեց Վահեի գլուխը ու փակեց հին դասարանի դուռը:
Նոր դասարանը շքեղ էր,ընդարձակ,լուսավոր,նոր վերանորոգված:Բոլորը ժպտում էին:Աննան էլ եկավ:Բոլորից շատ նա էր ուրախացել:
-Եվ այսպես,Արտա՛կ,Ան՛ի,դուք նստում եք այս նստարանին,Տիգրա՛ն,Լուսինե՛,դուք հաջորդին,Անահի՛տ,դու ավելի բարձրահասակ ես,հետևաբար,Դավիթի հետ կնստես վերջին նստարանին…
<<Երանի ինձ ու Աննային միասին նստեցնի>>,-մտածեց Վահեն:
-Վահե,քանի որ դու լավ ես սովորում,դու կնստես Մարիամի կողքին,որպեսզի օգնես նրան:
-Ի՞նչ,-բոլորը ծիծաղեցին,Աննան էլ,-լավ էլի ընկ. Վարդանյան,չի լինի ես Աննայի կողքին նստեմ:
-Ոչ,Վահե:
-Ես Մարիամի կողքին չեմ նստի,-գոռաց Վահեն ու լացակումած դուրս վազեց:
Մարիամը սևուկ աղջիկ էր,ցածրահասակ,հասարակ էր հագնվում ու Վահեյի կարծիքով գեղեցիկ չէր:Մայրը դպրոցում հավաքարարուհի էր ու երեխաները ծաղրում էին նրան.-Մարիամ,կանչի՛ր մայրիկիդ,իմ սեղանին փոշի է թողել…
Նա միշտ լռում էր:Նա այնքան էլ լավ չէր սովորում:Ուսուցիչները միշտ նկատողություն էին անում,ոչ ոք չէր ուզում նստել նրա կողքին:
-Երեխանե՛ր,դասը սկսվել է,արագ վերհիշենք երեկվա նյութը,ու անցնենք նոր դասին…
Դուռը կամաց բացվեց և Վահեն անխոս մտավ դասարան ու առանց որևէ մեկին նայելու գնաց,մենակ նստեց վերջին նստարանին:Դասամիջոցին բոլորը վազեցին բուֆետ:Վահեն տեղից չշարժվեց:Ուսուչուհին լուռ նայեց Վահեյին,գնալուց ասաց.
-Իսկ ես քեզ օրինակելի աշակերտ էի համարում…
Վահեն մենակ մնաց դասարանում ու լաց եղավ:Եկան տղաները ու նրան կանչեցին բուֆետ:Երբ իջնում էին աստիճաններով,նկատեց Մարիամին`մենակ կանգնած
միջանցքի պատուհանի մոտ:
×××
Ինֆորմատիկայի կաբինետում ավելի լավ է:Այստեղ ուսուցիչը չի ասում ով որտեղ նստի և Վահեն շտապեց նստել Աննայի կողքին:Մարիամը վախվորած մոտեցավ նրանց.
-Աննա,խնդիրը չեմ կարողացել լուծել,կօգնե՞ս…
-Ես իմը կիսատ եմ թողել,հազիվ էլ հասցնեմ վերջացնել…
Ինֆորմատիկայի ուսուցչուհին շատ ավելի խիստ էր ու երեխաները գիտեին,որ ավելի լավ է պատրաստ ներկայանային նրա դասերին.
-Ով տնային առաջադրանքը կատարած չլինի հենց հիմա 2 կստանա:
Վահեն սրտի խորքում ուրախացավ,որ Մարիամը պիտի 2 ստանա…
-Մկրտչյան Մարիամ-ու՞ր է Մարիամը,-դասարանը զարմացած ետ նայեց…
-Բացակա,հաջորդը…
-Վախեցել է 2 ստանալ,-շշնջաց Աննան:Վահեն անկեղծ ծիծաղեց:
-Անն,քեզ համար անակնկալ ունեմ:
-Ի՞նչ անակնկալ,-հրճվեց Աննան:
-Սարգսյան Վահե,տնային առաջադրանքդ ներկայացրու…
Վահեն շփոթված սկսեց ինչ-որ բան փնտրել.
-Ընկ. Հայրապետյան պայուսակս թողել եմ դասարանում,մի րոպեից կբերեմ…
-Արագացրու…
-Անակնկալս էլ է այնտեղ,-շշնջաց Աննայի ականջին ու նշանակալից ժպտաց:
Վազելով բարձրացավ երկրորդ հարկ ու շնչակտուր մտավ դասարան:
-Մարիա՞մ,-նրան նույնիսկ թվաց,թե Մարիամը լաց է եղել:
-Խնդիրը չեմ կարողանում լուծել, իսկ Հայրապետյանը նորից բոլորի մոտ կվիրավորի ինձ:
-Ի՞նչ կա չհասկանալու,նայիր ինչ պարզ խնդիր է,-Վահեն անգիտակցաբար տարվեց խնդրով ու Մարիամին այնքան հեշտ թվաց խնդրի լուծումը,որ նա նույնիսկ վատ զգաց,որ այդպիսի հասարակ խնդիրը ինքնուրույն չէր կարողացել լուծել:Մի խոշոր կաթիլ փայլեց նրա սև աչքերում ու Վահեն նրա արցունքների մեջ ժպիտ նկատեց:
-Հիմա նայենք իմ խնդրի հետ համապատասխանու՞մ է մեր ստացած պատասխանը:
Վահեն բացեց ինֆորմատիկայի տետրը…Ոնց էր մոռացել տոմսերի մասին,հիմա երևի Աննան անհամբեր նրան է սպասում…
-Իջնենք համակարգչային դասարան,արա՛գ,-շտապում էր Վահեն:
Մտան կաբինետ:
-Հը՞,ոնց որ լավ էլ յոլա եք գնում իրար հետ,-առիթը բաց չթողեց Կարենը:
-Լռի՛ր հիմար,-սաստեց Կարենին ուսուցչուհին կոպիտ տոնով(ընդհանրապես երեխաները նրան մեղմ խոսելիս չէին հիշում),-լավ է եկաք:Ձեր աշխատանքները,խնդրեմ:Մարիամ,էս ի՞նչպես է եղել լուծել ես խնդիրդ:
-Վահեն է օգնել…
Աննան փռթկաց:Դասարանը հետևեց նրան:Վահեն թշնամաբար նայեց Մարիամին:Մարիամը գլուխը խոնարհեց:
Զանգն էր…
-Իսկ իմ անակնկա՞լը,-հարցրեց Աննան:
-Երեկոյան կգամ ձեր տուն կասեմ…
×××
-Մա,սոված եմ,արագացրու,էսօր կինո ենք գնալու…
-Ու՞մ հետ,-հարցրեց քույրը:
-Մեր դասարանի Աննայի,-հպարտ ասաց Վահեն:
-Մա,աս՛ա թող ինձ տանի հետը:
-Քեզ ուր տանեմ,մեր դասարանի Մարիամը քեզանից սիրուն ա,-քրոջը ծաղրեց Վահեն:
Մարիա՞մը,էն որ փայլուն աչքեր ու՞նի…Ուզում ես իմանալ Մարիամը ավելի սիրուն ա,քան էդ քիթը ցից Աննան:
-Հա դու էլ ես սիրուն…գնացի,մա,ինձ փող էլ տուր…
×××
Ճանապարհին չէր կարողանում մոռանալ քրոջ խոսքերը.Մարիամը փայլուն աչքեր ու՞նի:Իսկ ինչու ինքը չէր նկատել:Ուզում էր հիշել Մարիամի աչքերը…
Հասավ Աննայենց շենքի մոտ:Լավ կլիներ մի վարդ գներ…Վազեց դեպի մոտակա ծաղկավաճառը:Չէ,վարդը շատ թանկ էր…Մայրիկն այդքան փող չէր տվել:Ակամա նայեց դիմացի շենքի 4-րդ հարկի պատուհանին:Տեսնես Մարիամը իրոք փայլուն աչքեր ու՞նի…
Սեղմեց զանգի կոճակը:Մթության մեջ Վահեն չկարողացավ որոշել,արդյոք շփոթված դասընկերուհու աչքերը փայլուն են…
-Վահե՞…ի՞նչ է պատահել:
-Մարիամ,երեկոյան կգաս գնանք կինո…ես…
Մարիամը ավելի շփոթվեց ու շտապ փակեց դուռը:<<Իզուր էլ սրան ասեցի,-Վահեն կատաղությունից ուզում էր լաց լինել,-հիմար եմ իսկական>>,-ու բռունցքով ուժեղ հարվածեց պատին:
Երեկոյան Վահեն արդեն պարզ տեսավ,թե ինչքան փայլուն էին Մարիամի աչքերը…
Էջանիշներ