Ներքին լուրերու զգլխիչ հեշտություններուն մեջ թաղված էր Մարգար էֆենտին, երբ հանկարծ դուռը բացվեցավ և երիտասարդ կին մը ներս մտավ ջղագրգռված կերպարանքով մը:
Մարդը գլուխը դարձուց և զարմացական շեշտով մը հարցուց նորեկին.
-Ի՞նչ, ժամը ասանկ կանու՞խ վերջացավ:
-Դեռ նոր պատարագ մտան,- պատասխանեց կինը չոր կերպով:
Եվ թեթևորեն դողահար ձեռքով մը գլխարկը հանեց ու սեղանի վրա դրավ:
-Ինչու՞ չկեցար պատարագին, եռաձայն պիտի երգվեր…
-Եռաձայնն ալ տեղը կենա, քառաձայնն ալ,- գոչեց կինը, բերանս բանալ մի տար:
Մարգար էֆենտի ըմբռնեց կացության լրջությունը, լրագիրը մի կողմ դրավ, բազմոցին վրա նստավ, սիկարեթ մը վառեց և ըսավ.
-Ի՞նչ կա նորեն…
-Բան մըն ալ չկա:
-Բարկացած կերևաս կոր:
-Դուն իմ տեղս եղիր տե՝ մի բարկանար նայիմ:
-Ճանըմ սա եղածը պատմե՛ նայինք:
-Մեյ մըն ալ սա ժամը ոտք չպիտի դնեմ… Աղոթք անելու տեղ մեղքի մեջ կիյնամ կոր:
Մարգար էֆենտի չպատասխանեց. հասկցավ, որ կինը ինքնաբերաբար խոսիլ պիտի սկսեր և ավելորդ էր նորանոր հարցումներով անոր գրգռությունը ավելցնել:
Արդարև երիտասարդուհին շարունակեց.
Աժեմին չաժեմին կնկանը պատիվներ ընեն, տեղ բանան, տեղ ցուցնեն, ժամկոչը աթոռ վազցնե՝ ասդին ես ժամերով ոտքի վրա մնամ… բայց անոնք հանցանք չունին, հանցանքը քուկդ է, քեզի պես էրիկինն է… հոս նստե՛ անտարբեր, լրագիր կարդա, անդի կնիկդ խաղք ըլլա ժամուն մեջը…
-Դեռ չեմ հասկնար կոր, թե եղածը ի՞նչ է:
-Ժամ գացի, որ ասեղ ձգելիք տեղ չի կա… հրելով, հրմշտկելով, արյուն քրտինք մտնելով, առաջ անցա… բոլոր նստարանները բռնված, տեղ չէ մնացեր, ինչ որ է, դասին ետևը ոտքի վրա կեցա:
-Վերնատուն թող ելլեիր:
-Չամաշրճի Եղիասաբեթը չեմ, ոչ ալ խռֆած պառավ, քի վերնատունը երթամ… ինծի բարկացնելու՞ համար կըսես կոր ատ խոսքը:
-Չէ՛, ճանըմ, բան մըն էր ըսի, դուն խոսքդ շարունակե:
-Խաչս հանեցի, «հայր մեր» մը ըսի ժամերգություն մտիկ կընեմ կոր, մեյ մըն ալ պահարանին մեջեն տերտեր մը դուրս ինկավ, «տեղ բացեք, ճամփա բացեք» պոռալով, ամենքը իրարու վրա ելլելով ճամփա բացին… տերտերին ետևեն ժամկոչը ձեռքը աթոռ մը բռնած, ժամկոչին ետևեն ալ ո՞վ ըլլա կհավնիս…
-Ո՞վ,- հարցուց Մարգար էֆենտին, առանց շահագրգռության:
-Տիկին Շազիկը… մեյեր աս բոլոր իրարանցումը իրեն համար է եղեր: Ես ալ մեկ կողմ քաշվեցա, կարծեցի, որ առջևես պիտի անցնին, կորսվին էրթան… մեյ մըն ալ կուզե՞ս քի ժամկոչը աթոռը բերե իմ կեցած տեղ տնկե, Շազիկ օլաճախն ալ գա անոր վրա տոտորոզվի. բարկութենես արունս գլուխս ցատկեց, աչքերս խամաշմիշ եղան, բոլոր մարմնովս դողալ սկսա… տերտերին մորուքեն բռնել փետտելս եկավ… ալ չկրցա կենալ, ինքնզինքս ժամեն դուրս նետեցի… բակը ժամկոչը դեմս ելավ, աղվոր մը լվացի…
Երվանդ Օտյան, «Թաղականին կնիկը»
Էջանիշներ