Գոնսալո Իգուաինի գործակալը` Երևանում
Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալ Նորբերտո Ռեկասենսը մեր մայրաքաղաքում էր: Բարձրաստիճան հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին ներկա գտնվեց Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպմանը, իսկ խաղից հետո պատասխանել է armsport.am-ի թղթակցի հարցերին։
- Պարոն Ռեկասենս, ինչպե՞ս ստացվեց, որ ժամանեցիք Հայաստան:
- Ես Արգենտինայում բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, և նրանց հետ շատ հաճախ եմ հանդիպում: Հայաստան եմ եկել Արգենտինայում հայտնի անձնավորություն Նորայր Նակիսի որդու` Լուչիանոյի հետ միասին: Մենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հյուրերն էինք և ծանոթացանք հայկական ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի զարգացման ծրագրերին, ներկա գտնվեցինք տարբեր մանկապատանեկան դպրոցներում անցկացվող մարզումներին: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա: Ձեր ֆուտբոլը կարող է ապագա ունենալ:
- Այսօր Դուք ծանոթացաք նաև հայկական բարձրագույն խմբի խաղամակարդակին: Ձեր տպավորությունները այս խաղից, և արդյո՞ք ինչ-որ խաղացողների տվյալներ գրանցեցիք Ձեր նոթատետրում:
- Խաղն ինձ վրա լավ տպավորություն թողեց: Շատ ուշադիր հետևում էի հանդիպման ընթացքին, և այն լարվածության մեջ պահեց բոլորիս: Լավ կլիներ, որ տրիբունաները մարդաշատ լինեին, այդ դեպքում խաղը է՛լ ավելի մեծ դրամատիզմ կունենար: Ինչ վերաբերում է առանձին ֆուտբոլիստներին, ապա, իհարկե, տեսա մի քանի խաղացողների, որոնք կարող են հեռանկար ունենալ հայտնվելու այլերկրների ակումբներում: Չգիտեմ՝ արժե՞ անուններ տալ: Ավելի լավ է որոշակի աշխատանք տանենք, և եթե ստացվի, ապա ավելի ուշ դուք կտեղեկանաք, թե ում մասին էր խոսքը: Բայց ասեմ, որ մասնավորապես չեմպիոնի կազմում շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ կային:
- Իսկ ովքե՞ր են Ձեր հաճախորդները միջազգային շուկայում:
- Օ, անուններ շատ կան, չգիտեմ` ում թվարկեմ: Արդեն գիտեք Իգուաինի մասին, որը խաղում է «Ռեալում»: Ես նաև մարզիչ Ալֆիո Բասիլեի գործակալն եմ: Հիշեցնեմ, որ նա ժամանակին մարզել է Արգենտինայի հավաքականը: Կարծում եմ, որ առաջիկայում իմ ֆուտբոլիստներից հաջողության կհասնի Կանես Լունան, որն առայժմ խաղում է արգենտինական «Տիգրեում»:
Էջանիշներ