Lion-ի խոսքերից
Մ.թ.ա. 160 - Բասենի ճ-մ
Սելևկյանների թագավորությունը փորձեց օգտվել Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական անկայուն վիճակից և վերջնական բեկում մտցնել պատերազմում: Մահացու հարված հասցնելու համար Սելևկյանների թագավորությունը Փոքր Ասիայի հելլենիստական թագավորությունների մասնակցությամբ ստեղծեց հզոր մի դաշինք:
Այս անգամ նախատեսվել էր Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժումն իրականացնել արևմուտքից` շրջանցելով Մեծ Հայքի Հարավային զորավարության ուժեղ բանակը:
Դրանից հետո Կապադովկիայի թագավորության տարածքում կենտրոնացած միացյալ Սելևկյանների (մոտ 80.000, 100 փիղ), Կապադովկիայի, Պերգամի, Բյութանիայի, Գալաթիայի և Պաֆլագոնիայի (ընդհանուր` մոտ 50.000) բանակը, ինչպես նաև կատաոնները (մոտ 5.000) Կեսարիա-Կոմագենե-Ծոփք երթուղով ներխուժեցին սկզբում Կոմագենեի, ապա Ծոփքի թագավորության տարածք: Թշնամու գերակշիռ ուժերի առաջ Կոմագենեի (մոտ 5.000) և Ծոփքի (մոտ 15.000) բանակները սկսեցին մանր մարտերով նահանջել` ի վերջո անցնելով Մեծ Հայքի թագավորություն:
Գետանցելով Եփրատը նրա վերին հոսանքներում` թշնամին ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և Դերջան գավառով սկսեց առաջանալ դեպի Բասեն: Մեծ Հայքի Արևմտյան զորավարության բանակը` արքայազն Տիրանի գլխավորությամբ, խուսափելով կանոնավոր մարտից, սկսեց նահանջել դեպի արևելք:
Արդեն Բասենում թշնամուն դիմավորեց Մեծ Հայքի կենտրոնացած բանակը (մոտ 70.000)` Արտաշես I-ի և նրա որդիների գլխավորությամբ, իր կազմում ունենալով Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան զորավարությունների բանակները: Այս ընթացքում հարավից արագացրած երթով մոտենում էր Հարավային զորավարության (մոտ 30.000)` Սմբատ Քաջ Բագրատունու գլխավորությամբ, ինչպես նաև Կոմագենեի ու Ծոփքի միացյալ բանակը:
I փուլ – Օգտվելով իր թվական գերակշռությունից` թշնամին վստահորեն սկսեց մարտը և անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որը տևեց մինչև օրվա երկրորդ կեսը: Ի վերջո թշնամու թվական գերակշռության հետևանքով Հայկական բանակը սկսեց աստիճանաբար նահանջել:
II փուլ – Այս բեկումնային պահին վրա հասավ Մեծ Հայքի Հարավային զորավարության, ինչպես նաև Կոմագենեի և Ծոփքի միացյալ բանակը և, ընթացքից մտնելով մարտի մեջ, կործանիչ հարված հասցրեց թշնամու աջին ու ծանր կորուստներ պատճառեց նրան: Զարգացնելով հաջողությունը` Հայկական բանակը անցավ համընդհանուր հարձակման:
III փուլ – Թշնամու բանակը ջախջախիչ պարտություն կրեց ու դիմեց խուճապահար փախուստի: Հայկական բանակը հետապնդեց թշնամու մնացորդներին մինչև Կեսարիա` կոտորելով և անխնա ոչնչացնելով:
Հայերը կորցրին մոտ 20.000, թշնամին` մոտ 80.000 զինվոր: Հայկական բանակը խոշորագույն հաղթանակ տարավ: Արդյունքում Սելևկյանների և Փոքր Ասիայի հելլենիստական թագավորությունները ստիպված եղան մեկընդմիշտ հրաժարվել Հայկական թագավորությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություններից, իսկ հետագա տասնամյակներում սկսեցին աստիճանաբար անկում ապրել:
Էջանիշներ