Ցյուրիխյան ուրացումը
15:41 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն այսօր գնահատեց. «Ցյուրիխյան ուրացում»:
Իսկ, ինչու ուրացում' Լեւոն Զուրաբյանն ասաց. «Սա մի գործարք էր, որով Հայաստանը ցեղասպանության ճանաչման հարցում զիջումների գնալու դիմաց ակնկալում է ստանալ բաց սահման: Ակնհայտ է, որ հայ-թուրքական պատմական հանձնաժողովի դրույթի շնորհիվ ցեղասպանության ճանաչման հարցը, ըստ էության, հանվում է, փոխարենը Հայաստանը ստացել է սահմանը բացելու խոստում: Այս գործարքը անընդունելի է բարոյական տեսակետից»:
Զուրաբյանը գտնում է, որ արձանագրությունների ստորագրման հարցում ամբողջ ողբերգությունը այն է, որ Թուրքիան ստացավ գործարքի իր մասնաբաժինը' անկախ փաստաթղթի վավերացումից, մինչդեռ Հայաստանի ստանալիքը կախված է արձանագրությունների վավերացումից:
«Այսինքն' սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները: Անհավասար բան է ստեղծվում: Սա բերում է մեկ այլ հանգամանքի'Թուրքիան այդ վավերացումը կապում է Ղարաբաղյան խնդրի առաջընթացի հետ: Ուրեմն, կամ Հայաստանը գործարքի առումով մնում է ձեռնունայն, կամ շարունակությունն է Հայաստանի վարչախմբի կողմից զիջումներ Ղարաբաղի հարցում»,- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:
Հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու գործընթացը կանխելու միակ միջոցը Զուրաբյանը համարում է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ինչ վերաբերվում է ՀՅԴ բողոքի ակցիաներին, ապա արձանագրություններին դեմ լինելով հանդերձ Կոնգրեսը չի կարող միանալ ՀՅԴ-ին այն պատճառով, որ ՀՅԴ-ի ակցիաները համարում է թատերական բեմադրություններ: Զուրաբյանն ընդգծեց, որ արձանագրությունների ստորագրման վերաբերյալ ՀՅԴ-ի հայտարարության մեջ որեւէ քննադատության չկա Ցյուրիխում կատարվածի մասին, ընդհակառակը' Սերժ Սարգսյանի պաշտպանությունն է:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությանն ու Հայաստան-Թուրքիա խաղին' Զուրաբյանն այսօր վստահեցրեց, թե Սերժ Սարգսյանին այնտեղ կդիմավորեն ամենամեծ պատվով, որովհետեւ ոչ մի ղեկավար նման պատիվ, նվեր չի տվել Թուրքիային, ինչպիսին մատուցեց Սերժ Սարգսյանը, իսկ հայ ֆուտբոլիստներին մաղթեց հզոր խաղ, հաղթանակ գոնե ֆուտբոլային դաշտում:
Էջանիշներ