Կա՛մ համերգից եք ուշացել,
կա՛մ համերգն է ուշացել...

Դուք դուրս եք գալիս տանից այն համոզմունքով, որ տոմս, գոնե հինգ հոգու համար, դեռ մնացած կլինի տոմսարկղում համերգից տասը րոպե առաջ (լավագույն դեպքում): Բայց Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան շա՜տ եք ուշացել: Շատ-շատ եք ուշացել: Նույնիսկ, եթե Դուք այնքան բարի եք գտնվել և տոմսերը ձեռք բերել նախօրոք, Դուք ուշացած եք մտնելու:
Համերգին պետք է ժամանել համերգը սկսելուց երեսունից քսան րոպե շուտ: Շատերին թվում է, թե այդ րոպեները այն բանի համար են, որպեսզի ծանոթների հետ խմբված կանգնեն համերգադահլիճի դռան մոտ, խոսեն, ծիծաղեն, ուրախանան, քննարկեն իրենց առօրյան, անհիմն տրտնջան ղեկավարներից, և երբ վերջապես մոտենա համերգի սկսման ստույգ րոպեն, իրենց ինչ-որ մեկը կհրավիրի դահլիճ: Դեռ տրտնջում են, թե համերգն ինչու չի սկսվում, թե ինչու է ուշանում: Հարկավոր է երեսունից քսան րոպե շուտ մտնել շենք` հսկիչին հարգանքով, անաղմուկ ցույց տալով տոմսերը: Հետո պետք է ուղղվել դեպի հանդերձարան, հանձնել իրերը և մանավանդ ճռճռացող տոպրակները:
Հետո մոտեցեք հայելուն, մի փոքր հարդարվեք, ուղղեք Ձեր հագուկապը: Հենց այդ ընթացքում պետք է
ամբողջովին անջատել բջջային հեռախոսը: Չմոռանաք աղբամանը նետել Ձեր ծամոնը: Համոզվելով, որ Ձեզ անհանգստացնող այլևս ոչինչ չկա, կարող եք մտնել դահլիճ`հսկիչի օգնությամբ զբաղեցնելով Ձեր տեղը: Շարքերով պետք է անցնել`
դեմքով դեպի հանդիսատեսը` ներողություն խնդրելով նրանից: Եթե Ձեզ հետ ծաղկեփունջ կա, անպատճառ բռնեք այն` թերթերը դեպի վեր: Այսքանից հետո Դուք պատրաստ կլինեք, ժամանակ կունենաք մի քիչ հանգստանալու, ճիշտ ժամանակին էլ կմարեն դահլիճի լույսերը: Համերգի ընթացքում հաճելի չէ, երբ ոտքով հարվածում են դիմացի աթոռին կամ հենվում նրան: Նաև աշխատեք այս ու այն կողմ չթեքվել, ավելորդ շարժումներ չանել. դա անկրթության նշան է:
Եթե ստեղծագործությունը բազմամաս է,
մասերի միջև մի՛ ծափահարեք, գրագետ չէ և տեղին չէ: Աշխատեք դահլիճից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում` միայն ծափահարությունների ընթացքում: Ծափահարեք մեղմ` ձեռքերն իրարից շատ չհեռացնելով:
Ծաղիկները Ձեր նախընտրած կատարողին նվիրելիս չի կարելի, ուղղակի անթույլատրելի է բեմ բարձրանալը:
Պետք է ծաղկեփունջն ուղղել դեպի կատարողը` թերթերը դեպի վեր, և սպասել, որ կատարողն ինքը մոտենա ու շնորհակալությամբ ընդունի այն: Հիշեք, որ բեմը միայն բեմարվեստի ներկայացուցիչների համար է: Ոչ մի դեպքում մի՛ բարձրացեք բեմ, նույնիսկ համերգի ավարտից հետո:
Նախքան վարագույրի փակվելը մի՛ վազեք հանդերձարան` վերարկուն վերցնելու:
Այս ամենին տիրապետելով միայն` Դուք կհամարվեք շատ, թե քիչ կիրթ հանդիսատես: Հղկեք ինքներդ Ձեզ, եղեք որակյալ հանդիսատես:
Մենք չենք մեղադրում, չենք էլ քննադատում: Փորձում ենք հուշել, օգնել և լրացնել այդ բացը:
Էջանիշներ