Մեծ Հայքի և Աղվանքի թագավորություններ
քաղաքական հարաբերությունների վերլուծություն
Ընդունված է համարել, որ Աղվանքի թագավորությունը հիմադրվել է մ.թ.ա. 331 թ-ին: Սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական համակարգ: Մ.թ.ա. IV դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբը տարաբնույթ ցեղային միություններից կազմված Աղվանքի թագավորությունը հիմնականում գտնվում էր ավելի հարավ տարածվող Ատրպատականի թագավորության, իսկ նրա միջոցով, միջնորդավորված ձևով, Պարթևական թագավորության գերիշխանության տակ:
Մ.թ.ա. 86 թ-ին Պարթևական, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունների հետ միասին Աղվանքի թագավորությունը ևս ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Հենց այս ժամանակից սկսած էլ Աղվանքի թագավորության բանակը, Օրոյսի (մ.թ.ա. մոտ 86-50) ու նրա որդի Զոբերի (մ.թ.ա. մոտ 50-34) օրոք, սկսում է գործել Մեծ Հայքի թագավորության բանակի կազմում: Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց: Սակայն քաղաքական ասպարեզից Զոբերի հեռանալով էլ Աղվանքի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն ընկավ Ատրպատականի թագավորության գերիշխանության տակ:
Մ.թ. I դարի 30-ական թվականներին Աղվանքի տարածքը ընկավ վերելք ապրող Իբերիայի թագավորության գերիշխանության տակ, բայց արդեն դարի երկրորդ կեսին այստեղ կրկին հաստատվեց Ատրպատականի թագավորության գերիշխանությունը: Չնայած սրան, սակայն, շուտով, ընկնելով Ալանական թագավորության հուժկու հարվածների տակ, քաղաքական ասպարեզից հեռացավ նաև ծանր կորուստներ կրած ու սարմատների ավերիչ արշավանքներից ամայացած Ատրպատականի թագավորությունը: Արդյունքում Աղվանքի տարածքում ուղղակիորեն հաստատվեց Պարթևական թագավորության գերիշխանությունը:
http://www.akumb.am/showthread.php?p...60#post1685960
Էջանիշներ