Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմությունը անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ. ընդդիմադիրները պահանջում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը:
Հանրահավաքներից մեկի ժամանակ Tert.am-ի հետ համաձայնեց զրուցել ընդդիմության առաջնորդներից մեկը` Գեորգի Խաինդրավան: Զրույցի ընթացքում ընդդիմադիր գործիչը ևս մեկ անգամ հաստատեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև Սահակաշվիլին հրաժարական տա: Նշենք, որ հիմնական հավաքատեղին Ռուսթավելի պողոտան է` Վրաստանի Խորհրդարանի շենքի առջև, իսկ դեպի այդ փողոց տանող բոլոր ճանապարհները փակված են բանտախուց հիշեցնող մոմլաթով փաթաթված ճաղավանդակներով, որտեղ ընդդիմադիրները գիշերում են: Այդպիսի խցեր կարելի էր տեսնել Թբիլիսիի տարբեր հատվածներում:
Գեորգի Խաինդրավան պարզաբանեց, որ այդ խցերը նշանակում են այն, որ Սահակաշվիլին երկիրը դարձրել է բանտ: Բացի Ռուսթավելի պողոտայից, բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Սահակաշվիլու նստավայրի առջև: Մեր այն հարցին, թե հանրահավաքների ժամանակ արդյոք իրավապահ մարմինները որևէ գործողություն են իրականացնում, Խաինդրավան ասաց.
«Իրավապահները` հանրահավաքների հետ կապված, առանձնապես որևէ գործողության չեն դիմել: Մենք համոզված ենք, որ ուժային կառույցները այնքան խելամիտ կլինեն, որ չեն կրակի ժողովրդի վրա: Սադրանքներ լինում են «Ազգային շարժում» կազմակերպության կողմից, որը թեև քաղաքական կուսակցություն է, բայց դա համարում ենք տեռորիստական կազմակերպություն, որի գլխին կանգնած է Սահակաշվիլին: Նրանց ակտիվիստները հատուկ խմբերով մշտապես հարձակվում են միտինգի մասնակիցների վրա, կամ այցելում են նրանց տներ: Ութսուն մարդ գտնվում է հիվանդանոցում կամ այս ընթացքում եղել են հիվանդանոցում: Այս ամենի համար Սահակաշվիլին համապատասխան ձևով պատասխանատվության է ենթարկվելու: Նա և իր շրջապատը հանցագործներ են»:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աշխատանքին, ապա Գեորգի Խաինդրավան նշեց, որ Վրաստանում գրեթե բոլոր ազգային հեռուստաընկերությունները բռնազավթվել են Սահակաշվիլու կողմից:
«Կան երկու սեփական հեռուստաընկերություններ, որոնք, ցավոք, աշխատում են միայն Թբիլիսիում և որոշ ազատ թերթեր: Սկզբունքորեն տեղեկատվությունը տեղ հասնում է, բայց քանի որ հինգ համազգային հեռուստաընկերություններ վերածվել են «Ազգային շարժման» բարձրախոսի, ապա նրանք մշտապես ապատեղեկատվություն են հեռարձակում»,- նշեց Խաինդրավան: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հանրահավաքին մասնակցելու համար մարդիկ գալիս են Վրաստանի բոլոր շրջաններից:
Գեորգի Խաինդրավան տեղեկացրեց, որ ընդդիմադիրները պարբերաբար կազմեկրպում են երթեր դեպի նախագահի նստավայր և Վրաստանի Առաջին ալիքի շենք: Ընդդիմադիր գորչի հաղորդմամբ` հանրահավաքներին մասնակցում է շուրջ կես միլիոն մարդ, սակայն հիմնական հեռուստաալիքները ներկայացնում են, իբր, քսան-երեսուն մարդ է հավաքվել: Չնայած խոչընդոտների, Խաինդրավան հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարել մինչև հաղթական ավարտ:
Էջանիշներ