ԵՐԲ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ԷԼ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՁԵՎԱՆԱԼ, ՈՐ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Դաշնակցական պատգամավոր, մարտի 1-ի հարցերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ
Արտյուշա Շահբազյանը մարտի 31-ին մամուլի ակումբներից մեկում ասում էր, որ քաղաքապետի ընտրությունը Հայաստանում համակարգային փոփոխության հնարավորություն չէ: Հասկանալի է, թե ինչու էր Շահբազյանն այդպիսի բան ասում: Նա այդ բանն ասում էր, որովհետեւ ինչպես իշխանության մյուս կուսակցությունները, Դաշնակցությունն էլ ունի քաղաքապետի ընտրությանը ԺԵԿ-ային երանգ հաղորդելու խնդիր, որպեսզի այդպիսով իշխանական ուժերի կոհորտան ստանա Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ առավելության հնարավորություն: Իշխանական կուսակցություններն անկասկած ունեն քաղաքապետի ընտրությունը ցանկացած մակարդակի հավասարեցնելու իրավունք, այլ հարց է, թե այդ իրավունքի իրացումը ինչպես կտրամաբանեն, ինչպես կհիմնավորեն:
Այդ տեսանկյունից, օրինակ, դաշնակցական պատգամավորի խոսքը պարզապես չի տեղավորվում տրամաբանության մեջ: Այն կամ վեր է, կամ շատ ներքեւ է տրամաբանությունից: Բանն այն է, որ
քաղաքապետի ընտրությունն ինքնին արդեն նշանակում է համակարգային փոփոխություն: Այսինքն, երբ քաղաքապետի նշանակովի պաշտոնը Սահմանադրության փոփոխության շնորհիվ դառնում է ընտրովի, դա արդեն իսկ ենթադրում է երկրում համակարգային փոփոխություն: Թե ինչ է ենթադրում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ասելով համակարգային փոփոխություն, այդքան էլ պարզ չէ, բայց հստակ է, որ եթե երկրում փոխվում է գրեթե բոլոր առումներով Հայատանի կեսից ավելին հանդիսացող մայրաքաղաքի ղեկավարության նշանակովիության մեխանիզմը եւ Սահմանադրության ուժով այն դառնում է ընտրովի, ապա մենք գործ ունենք համակարգի փոփոխության հետ:
Այսինքն,
ընդդիմությանը հնարավորություն է տրվում իշխանություն ունենալ Երեւանում: Չէ որ եթե դրվում է ընտրության մեխանիզմը, ապա ենթադրվում է, որ այդ ընտրությանը կարող է հաղթել ընդդիմությունը: Իսկ
եթե Երեւանում ընդդիմությունը գալիս է իշխանության, ապա դա տրամագծորեն փոխում է կառավարման համակարգի հավասարակշռությունը` մոնոլիտ բուրգի փոխարեն առաջ բերելով մրցակցային իրավիճակ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Երեւանի իշխանությունն առավելապես ունենալու է աղբ հավաքելու կամ ծառ տնկելու գործառույթ, միեւնույն է, իրավիճակը կտրականապես փոխվում է երկրում, երբ մայրաքաղաքի աղբը, այսինքն երկրի կեսի աղբը սկսում է հավաքել ընդդիմադիր քաղաքական ուժը: Չէ որ աղբի մասին ընդդիմության եւ իշխանության պատկերացումները կարող են լինել տարբեր, նույնիսկ էապես տարբեր: Իսկ աղբը թերագնահատել պետք չէ, քանի որ հենց այդ պատճառով է, որ երկիրն այսօր ամբողջությամբ աղբի մեջ է, բառի բուն եւ պատկերավոր իմաստով:
Այնպես որ,
եթե քաղաքապետի ընտրությունը դիտարկում ենք նույնիսկ իշխանության տրամաբանությամբ, տեղավորում ենք միայն կենցաղային խնդիրների լուծման շրջանակում, միեւնույն է, անխուսափելի է համակարգային փոփոխությունը, եթե այդ խնդիրների լուծման լիազորությունը ստանձնում է այլ քաղաքական ուժ, քան այն, որը տնօրինում է կենտրոնական իշխանության լծակները: Այնպես որ, իշխանության համար հաղթաթուղթ թվացող կենցաղն իրականում մոլորություն է` գիտակցված կամ անգիտակից մոլորություն, որ դրսեւորում է քաղաքապետի ընտրության բուն տրամաբանությունը չհասկացող, կամ այդպես ձեւացող իշխանությունը, ի դեմս իր տարբեր տրամաչափի եւ նշանակության գործիչների:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
09:59:09 - 01/04/2009
Էջանիշներ