Երեկ Երևանում համառորեն շրջանառվող մի պատմության համաձայն՝ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդին, որը սովորում է Երևանի թիվ 114 դպրոցում, հերթական սկանդալի մեջ է հայտնվել։
Իսկ պատմությունը հետևյալն է։ Դպրոցում ծագած լեզվակռիվը վերածվել է բռնցքամարտի, ու Բեգլարյանի որդին ծեծ է կերել։ Նա անմիջապես օգնության է կանչել հոր թիկնազորին։ Մի քանի մեքենայով տեղ հասած թիկնապահները բոլորի աչքի առաջ մահակներով դաժան ծեծի են ենթարկել Բեգլարյանի որդուն ծեծողին՝ Տիգրան անունով մի աշակերտի, ապա առևանգել նրան։ Երկու ժամ անց նրան ավելի ծեծված բերել ու թողել են դպրոցի բակում։ Պատանուն շուտով մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Ամբողջ գործընթացին ներկա են եղել բազմաթիվ աշակերտներ ու ծնողներ։ Որոշ ժամանակով անգամ փակվել է Ալավերդյան փողոցը, որի վրա գտնվում է դպրոցը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետք, սակայն, այնտեղ չի երևացել։ Մեր տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ընթանում Բեգլարյանների և տուժածի հարազատների միջև՝ «միջադեպը հարթելու» նպատակով։
Էջանիշներ