Բոհեմ...
/Նվիրվում է Երոյին/
Երկու ընկեր կյանքից հոգնած, օրվա կյանքից ընդամենը մի քիչ հոգնած քայլում էին ամայի փողոցներով ու մոռանամ այն, ինչ հիշել պետք չէր...
Նրանց թվում էր, թե մի գնացքում են, որը սլանում է օդով ու մի օդում, որտեղ գնացքն ավելորդ է...
Նրանց կյանքը, ասենք ոչ թե կյանքը, այլ այն, ինչ ապրում էին մի անհասկանալի բոհեմ էր թվում...անվերջ թափառումների ու դեգերումների մի շղթա, որտեղ իրականում ով ոնց պատահի կարող է քայլել, հայհոյել, պղծել սրբություններ և ապացուցել, որ սրբություն չկա...
Ամեն ինչ..ամեն ինչ հնարավոր է...նրանք հենց աբսուրդի թատրոնից էլ փախել էին...ու իրենց պատկերացմամբ պատրաստվում էին ձգտել կատարյալ երջանկության...
—Ապե՛ր, հլը ժամ ասա..
—ԻՆչի՞դ ա պետք
—Ճիշտ որ...
...
Այդ օրը փողոցները թաց էին։ Դեռ անձրևից մի քիչ հետևանք կար տեղ-տեղ...
Բայց գարունը մանրից սկսում էր իր թևի տակ առնել քաղաքը ու հոգատար էր մինչև կոկորդը, որովհետև ձմեռվանից հետք անգամ չէր մնացել, մինչդեռ չէր էլ կարող։ ՈՒ գարունը գուցե կապ էլ չուներ, ուղղակի ձնծաղիկները սովորականից ավելի շուտ երևացին, իսկ մեթեոներով արդեն անսպասելի շուտ իսկական գարուն խոստացան...
Արմանը, որը մի քիչ ավելի խենթ էր այն իմաստով, որ ծխախոտը միշտ հանգցնում էր ջրի մեջ և հաճույքով հետո խմում այդ ջուրը։ Թերևս դա միակ բանն էր, որով նա անկառու կերպով տարբերվում էր Հակոբից, իսկ Հակոբը մի քիչ ավելի հավասարակշռված էր, բայց ոչ մի բանում հավասարություն չէր սիրում։
Կեսգիշերն անց մայրամուտ էին փնտրում, իսկ առավոտյան արևից երկուսի սիրտն էլ խառնում էր, որովհետև նրանց կարծիքով արևածագը նման էր կեղծ ժպիտի, որը գլուխ է ցավացնում գարնանը, շոգից սպանում է ամռանը, մի քիչ տաքացնում է միայն աշնանը, բայց ձմռանը ոնցոր քեզ ձեռք առնի...այսպես...
Նրանք ամեն ինչի համար իրենց բացատրություններն ունեին ու լուրջ ինձ համար գոնե շատ էին տարբերվում հարյուր հազարավոր ադամիկներից, բայց միշտ բոլոր միջավայրերում գտնում էին որևէ ընդհանուր բան ու կրկնակի ծեծում բոլոր ջուր-ծեծոցիները...
Նրանց ձեռքերից , սակայն միշտ սողում էր այն, ինչ իսկապես հարկավոր էր ամուր պահել, պաշտպանել ափերում։ Նրանք ազատություն էին սիրում...անսահաման ազատություն...նրանք սիրում էին քամուն տալ ամեն ինչ. փողը, աղջջիկներին, երազանքները նույնիսկ։ Նրանք թեպետ շատ նպատակասլաց էին, բայցև շուտ էին հրաժարվում այն նպատակից, որը երկար ճանապարհ էր փնտրում...
Նրանք հոգնում էին շուտ ամեն ինչից ու ծխելուց լավ բան մեկ էլ համարում էին խմելը, միայն թե տանել չէին կարողանում հարբեցողներին, իսկ իրենք գրեթե չէին հարբում։
Այդ օրը, երբ մաքուր օդով ընթացող գնացքի միակ ուղևորները թափառում էին անիվների տակ, կամ գնացքների կապույտ տանիքներին, մի անսովոր իրադարձություն փոխեց նրանց ողջ կյանքը և այդ ժամանակից է, որ Արմանն այլևս իր ծխախոտը չհանգցրեց ջրում, իսկ փոխարենը հին ժամանակները մտովի վերադարձնելու համար այդպես հետագայում սկսեց վարվել Հակոբը...
Ամայի մի փողոցում, ուր կիսաքանդ շենքեր են հիմա էլ, բայց շինարարները արդեն գործի են անցել լրիվ քանդելու համար, մի միայնակ տուն կար՝ նորից կիսաքանդ, որից աղոտ մի լույս ավելի աղոտ մի ստվեր էր գցել...
—Տեսնես ով է էնտեղ ապրում..
—Ո՞վ պիտի, մեր Երևանից մի հին պատառիկ կապրի էլի...հլը հո քնդված տուն չի...
—Հա, բայց դե տուն ա էլի...
—Մտնե՞նք...
—Որ ի՞նչ, ապե՛ր...
—Արի՛ մտնենք, արի՛ առևտուր անենք, գնանք էնտեղ ապրող մարդուն հյուր..
—Արմա՛ն, չե՞ս գտնում, որ ապուշություն ա, ի՞նչ իմանաս՝ ով ա, ովքեր են...Կամ էլ կարող ա էդ տան սարդերը ձանձրույթից լույս վառել են սովորել...
—Հա՛կ, նայի՛ դե...լվացքի պարանը..տե՛ս...շորեր են...
—Ճիշտ ա...րոպե..մի...չի երևում կարգին ինչ շորեր են, բայց որ մուգ են ու մեծի, հաստատ ա...
—Մենակ չասես՝ սարդերն են փռել, բայց մենակության հոտ եմ առնում էս տնից...
—Ապե՛ր, ընգե՛ր, մեզ չեն հասկանա...
—Գնացինք առևտուր անելու...շու՜տ, քանի մեր ախպերը չի քնել...
—Բայց մեկ ա ապուշություն ա...որ ի՞նչ...
—Կհիշվի...ես մանկությւոն չեմ ունեցել, բայց դե փող ունեմ հիմա...
...
Տանը մի ալևոր ծերունի էր ապրում. միայնակ, ինչպես մտածել էին։ Տունն ինքը մի գորշ մենության ուրվանկար էր ու այնպիսի տպավորություն էր, որ տան քանդվելու հետ այդ մենությունը պիտի գետնին հավասարվեր կամ էլ գետնի տակ անցներ։
Ծերունին սկզբում չճանաչեց անծանոթներին, նույնիսկ անվանեց նրանց պետական մանկլավիկներ, բայց զգալով, որ չափից դուրս բարի են իրեն ժպտում, նա կամեցավ լսել, թե ինչու են եկել։ Հնարավորինս պարզ Արմանը բացատրեց ինչ, ոնց, ինչի ու ծերունին որոշեց հավատալ, որ ոչ մի ուրիշ նկատառում չունեն, քանի որ հեռուստացույցը փչացել էր, իսկ ինքը վաղուց թատրոն չէր գնացել...
Տղերքը սեղան գցեցին ու մի իսկական խրաղճանք սարքեցին ծերունու համար։ Պարզվեց, որ նա ութսուն տարեկան էր, կինը և միակ տղան մահացել էին, ինքն էլ չուզեցավ խորանալ, թե ինչից։ Ինքը եղել էր ժամանակին ճարտարապետ, հետո սովետի քանդվելուց հետո գործազուրկ էր դարձել ու մինչև մահ ապրելու էր թոշակով։ Պետությունից էլ չէր դժգոհում, որովհետև թոշակը լրիվ հերիք իր իսկ խոսքեով իր նման այլևս ոչ պիտանի մարդու համար...
ՄԻ երկու բաժակ խմելուց հետո, սակայն, ծերունին լրիվ այլ պատմություն պատմեց. Որ կնոջը սպանել էր, ինչի համար բավականին երկար ժամանակ նստել էր, հետո համոզել էր, որ ինքնապաշտպանթյուն է եղել / այս հատվածի վրա Արմանը բավական ժամանակ ծիծաղից ուշքի չէր գալիս/, իսկ այնուհետև երեխային տվել էր մանկատուն։
Եվս մի երկու բաժակ խմելուց հետո պարզվեց, որ ծերուկը երբեք ամուսնացած չէր եղել, որովհետև ամբողջ կյանքը նվիրել էր աշխատանքին ու փողերը քամուն տվել ուրիշների համար ու ուրիշ կողմերում։
Հակոբն ու Արմանը չհասկացան, թե էս մարդն ի վերջո ով էր, բայց նրանց համար պարզ էր այն, որ ալեհեր ծերունին մենակության մեջ հասցրել էր բազում պատմություններ հորինել սեփական կյանքը մի քիչ բովանդակալից դարձնելու համար...
Էջանիշներ