ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Աթենքում եւ հունական առնվազն եւս 7 ավաններում շարունակվում են բախումները երիտասարդական խմբերի եւ ոստիկանների միջեւ: Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը մի երիտասարդի սպանությունն էր: Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը ծագումով հայ է, նրա մայրը՝ Ջինա Չալիկյանն է, որը շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին, դեսպանատան կազմակերպած ձեռնարկներին: Դեսպանի խոսքերով, ողբերգության ստույգ հանգամանքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Կա մի քանի վարկած. առաջինի համաձայն, տղան իր ընկերների հետ եղել է սրճարանում, որտեղ նետվել է «մոլոտով-կոկտեյլը» (դյուրավառ հեղուկով շիշը), երկրորդ վարկածի համաձայն, ոստիկանը գնդակ է արձակել հենց պատանու վրա: Ըստ երրորդ վարկածի, գնդակն արձակվել է առաստաղին եւ անդրադարձ հարվածով է դիպել տղային: Տղայի հուղարկավորության օրը բախումներն Աթենքում շարունակվել են. այս անգամ իսկական մարտի դաշտի էր վերածվել Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք: