ՍԱԼԻԿ ՎԵՑԵՐՈՐԴ

ЕЕ-6.jpg

Երբ Մարդուկը լսեց աստվածների խոսքերը,
սրտով մտադրվեց ստեղծել շնորհալի բաներ:
Նա բացեց իր շուրթերը և ասաց Հայային,
ինչ մտադրվել էր իր սրտում, ասաց նա նրան.
"Արյունն ու ոսկորները ես կհավաքեմ մեկտեղ,
կստեղծեմ մի արարած ու կկոչեմ նրան "մարդ",
կստեղծեմ մարդկանց, որ բնակեցնեն Երկիրը,
որ ծառայեն աստվածներին, որ սրանք հանգստանան:
Նաև կբարելավեմ աստվածների ճանապարհները,
կպաշտվեն բոլորը, բայց երկու սեռ կլինի,
կապրեն նրանք համերաշխ և կլինեն թշնամի":

Եվ Հայան պատասխանեց նրան, ասաց նրան իր խոսքը,
ավելացրեց իր խորհուրդը, որ հանգստացնի աստվածներին.
"Եկեք ընտրենք մեկին աստվածների եղբայրությունից,
զոհաբերենք նրան, որ մարդիկ ծնվեն,
թող հավաքվեն այստեղ մեծ աստվածները,
մեղադրենք մեկին, մյուսներին արդարացնենք":

Մարդուկը հավաքեց մեծ աստվածներին,
ընդունեց սիրալիր, հայտնեց իր որոշումը:
Ան-ունակները լսում էին նրան հարգալից,
և արքան իր որոշումը հայտարարեց բոլորին.
"Եթե ճշմարիտ էին ձեր նախկին խոսքերը,
ուրեմն հիմա էլ ինձ ազնվորեն ասեք,
ո՞վ էր, որ մտահղացավ այս պատերազմը,
ո՞վ պղտորեց Տիամատին, ո՞վ այս կռիվը սարքեց:
Թող առջևս գա պատերազմ հրահրողը,
թող կրի նա իր պատիժը, իսկ դուք հանգիստ ապրեք":

Իգիգի մեծ աստվածները պատասխանեցին նրան.
"Ո՜վ Լուգալդիմերանկիա, խորհրդատու աստվածների,
աստված և արքա երկնքի և երկրի,
Քինգուն է այն մեկը, որը սադրեց պատերազմը,
պղտորեց Տիամատին և այս կռիվը սարքեց":

Նրանք կապեցին Քինգուին, բերեցին Հայայի առջև,
մեղադրեցին նրան և կտրեցին երակները:
Նրա արյունից Հայան արարեց մարդուն,
տվեց նրանց աստծո հոգսերը, աստվածներին էլ՝ հանգիստ:
Ահա՛ թե ինչպես Հայան մարդկային ցեղը ստեղծեց,
աստվածների հոգսը մարդկանց վրա դրեց:
Մարդուկի անհավատալի մտահղացումը
Հայա-Նուդիմուդը իրականացրեց:

Արքա Մարդուկը հավաքեցեց ան-ունակ աստվածներին,
բաժանեց ան-ունակներին վերին և ստորին խմբերի,
Անուին կարգեցէ պահպանել իր որոշումները,
երեք հարյուրին նա կարգեց երկնքին պահապան,
և նույնքան պահապան կարգեց նա երկրին:
Երկրին և երկնքին՝ բաշխեց վեց հարյուր աստված:

Այս բոլոր հրամաններն արձակելուց հետո
երկնքի և երկրի ան-ունակներին նշանակեց ճակատագրեր,
ան-ունակները բացեցին իրենց շուրթերը,
Մարդուկին, աստվածների տիրակալին, իրենց խոսքն ուղղեցին.
"Ասյուհետև մեր տիրակալն ես դու, մեր ազատության տերը,
ինչպե՞ս կարող ենք մենք քեզ երախտապարտ լինել:
Թույլ տուր սրբավայր ստեղծել և անուն տալ նրան,
կլինի դա քո հանգստավայրը, ևմենք էլ այնտեղ կկենանք":
Թույլ տուր հիմնել սրբավայր, գահի տեղը քեզ համար:
Երբ ավարտենք աշխատանքը, մենք քեզ իմաց կտանք":

Երբ լսեց Մարդուկն այս խոսքերը,
նրա դեմքը շողաց, ինչպես լույսն օրվա,
"Կառուցեք "Բաբելո՛ն, դարպասը Աստծո",
աղյուսները շարեք, ստեղծեք սրբավայր":

Եվ ան-ունակները ձեռքներն առան բահերը:
Առաջին տարում տաճարի համար աղյուսներ ծեփեցին:
Իսկ երբ եկավ երկրորդ տարին,
բարձրացրացրին Էսագելի գագաթը, Ափսուի օրինակով,
Ափսուի նման բարձրադիր աշտարակ կառուցեցին:
Հայայի, Անուի, Էնլիլի համար
Ափսուի օրինակով, առանձնացրին բնակարաններ:
Մարդուկը մեծապատիվ նստեց նրանց առջև,
և նրանք հետևում էին շինարարությանը
Էշարայի ստորոտից մինչև աշտարակի եղջյուրները:

Էսագելի շինարարությունն ավարտելուց հետո
ան-ունակներն իրենց համար սրբավայր կառուցեցին:
Երկրի երեք հարյուր իգիգի-պահապաններին,
երեք հարյուր՝ երկնքի, վեց հարյուր Ափզու,
բոլորին տիրակալ Մարդուկը հավաքեց,
աստվածների, իր հայրերի հետ մեծ խնջույք սարքեց:
Ասաց. "Ահա Բաբելոնը, Աստծո դարպասը,
համեցեք, բնակվեք այստեղ, վայելեք ուրախությամբ:

Մեծ աստվածները զբաղեցրին իրենց տեղերը,
վերցրեցին գարեջրի գավաթները և սկսեցին խնջույքը:
Իսկ երբ ավարտեցին ուրախ տոնակատարությունը,
հրաշալի Էսագելին ծառայություն մատուցեցին:
Ստեղծեցին օրենսդրություն և սահմանեցին.
երկնքի և երկրի բոլոր տեղամասերը
բոլոր աստվածները բաժանում են իրար մեջ:

Հիսուն մեծագույն աստվածների Խորհուրդը
զբաղեցրեց իրեն հատկացված տեղերը,
Ճակատագրի յոթ աստվածները նշանակվեցին
ի կատար ածել կայացրած որոշումները:

Հանեց Մարդուկն իր աղեղը և դրեց նրանց առջև.
հայր-աստվածները տեսան նետը նրա պատրաստած,
տեսան նրա աղեղի հմուտ կառուցվածքը
և նրա վարպետությունը փառաբանեցին:

Անուն բարձրացրեց աղեղն աստվածային ժողովում,
համբուրեց այն և ասաց. "Այս աղեղն մի դուստրն է",
իսկ հետո աղեղին շնորհեց անուններ.
"Երկարաթև" - առաջինն էր, իսկ երկրորդը՝ "Հաղթող",
երրորդը՝ "Նետի համաստեղությունն" էր,
որ երկնքում պիտ շողար,
տեղ տվեց նրան աստվածների մեջ,
իր աստվածային եղբայրների մեջ:
Այդպես Անուն աղեղին ճակատագիր նշանակեց:

Երբ Անուն Աղեղին ճակատագիր տվեց,
բարձրագույն աստվածների կողքին
Աղեղնավորի համար նա գահ կառուցեց
և աստվածների Խորհրդում Աղեղնավորին նստեցրեց:

Մեծ աստվածները հավաքվեցին խորհրդի,
հաստատեցին, ամրապնդեցին տեղը Մարդուկի,
դրանով նրանք իրենց նզովեցին,
ձեռքը կոկորդին, երդվեցին ջրի և ձիթենու յուղի վրա.
երկնքի և երկրի աստվածների վրա,
բոլոր աստվածների վրա արքայություն տվեցին:

Անչարը բարձրագույն անվամբ կոչեց նրան Ասալլուհ.
"Նրա անունը թող մեզ ցույց տա նրա կարևորությունը,
Երբ խոսում է նա, թող աստվածները լսեն Մարդուկին,
Վերևում և ներքևում նրա խոսքերը թող լսեն:
Այդպես թող մեծարվի մեր վրիժառու որդին:
Թող իշխի փառքով, չունենա իրեն հավասարներ,
թող հովիվ լինի իր սևահեր մարդկանց,
Հավիտյանս հավիտենից նրան չմոռանան
և նրա գործերը պատմեն սերունդներին:

Թող հաց թխեն իրենց հայրերի համար,
պահպանեն նրանց տաճարները պատշաճ և մաքուր,
թող խունկ ծխեն, կատարեն սուրբ արարողությունները,
երկրի վրա անեն նույնը, ինչպես երկնքում:
Եվ թող սևագլուխները երկրպագեն նրան:
Թող հիշող լինեն մարդիկ և ապավինեն ասծտուն,
հարգելով նրա խոսքը, թող հարգեն ատվածուհուն:
Թող հաց զոհաբերեն աստված-աստվածուհիներին,
որ չմոռացվեն աստվածները, որպեսզի հիշվեն:
Թող կյանք առնեն նրանց երկրները, թող փայլեն տաճարները
և թող մարդիկ աստվածներին բաժանեն իրար մեջ:

Իսկ մենք, որքան էլ անուն որ տան Մարդուկին,
միևնույն է, նա մեր աստվածն է իսկական:
Եկեք ուրեմն, հայտարարենք նրա հիսուն անունները,
թող փայլի հաղթանակի նրա ուղին, թող նրա գործերը թնդան.

(1) ՄԱՐԴՈՒԿ
այսպես անվանեց նրան մեծ հայրը՝ Անուն,
նրա ծննդյան օրից սկսած:
Նա ստեղծեց ջրամբարներն ու արոտավայրերը,
ծաղկեցրեց ախոռներն անասունների:
Աստվածներին, իր հայրերին, նա փրկեց կործանումից:
Նա Որդի-Արև է, շողարձակող աստվածների միջև,
նրա շողերի փայլքի տակ բոլորը կկենան:
Նա ստեղծեց մարդկանց, կենդանի էակներին,
նրանց ուսերին դրեց աստվածների բեռը,
իսկ աստվածներին ազատություն պարգևեց՝
ստեղծել և ոչնչացնել, դատապարտել կամ ներել:
Բայց իրականում ամեն ինչ նրա իշխանության տակ է
և հարգարժան երկյուղով բոլորը նրան են նայում:

(2) ՄԱՐՈՒԿԿԱ.
Այո, նա նրանց աստվածն է, նա ստեղծեց նրանց,
նա երջանկացնում է ան-ունակների սրտերը,
նա հանգստացնում է Իգիգների մտքերը:

(3) ՄԱՐՈՒԹՈՒԿԿՈՒ. -
Նա հողերի, քաղաքների և ժողովուրդների պաշտպանն է,ա
այսուհետև այս անունով թող մարդիկ փառաբանեն նրան:

(4) ՄԵՐՇԱԿՈՒՇՈՒ. -
Ամեհի և գիտակից, զայրացած և մեծահոգի,
Նրա միտքն ընդարձակ է, սիրտն ընդգրկվում է ամեն ինչ:

(5) ԼՈՒԳԱԼԴԻՄԵՐԱՆԿԻԱ. -
Այդպես մենք բոլորս նրան կոչեցինք,
Նրա հրամանները մեզ ավելի թանկ են,
քան հրամանները նրա հայր աստվածների:
Երկնքի և երկրի բոլոր աստվածների
Վեհապերն է նա, արքայից արքա՛ն:
Արքա, ում հրամաններից բոլորը դողում են,
Ահի մեջ են աստվածները երկնքի և երկրի:

(6) ՆԱՐԻԼՈՒԳԱԼԴԻՄԵՐԱՆԿԻԱ. -
այս անունով նա ուսուցիչն է բոլոր աստվածների,
Նա, որ մեր օրհասի պահին մեզ տվեց կացարան,
Ով իգիգներին և ան-ունակներին կցեց նրանց կացարանները:
Այս անունից դողում են աստվածներն իրենց նստատեղերում:

(7) ԱՍԱԼԼՈՒՀ է անունը, որով կոչեց նրան հայր Հայան:
Հիրավի, նա աստվածների լույսն է, հզորագույնը:
Աստվածների և հողերի պահապան-հրեշտակ, -
ահա, թե ինչ է ասում է նրա անունը,
ով փրկեց մեր տունը սարսափելի ու դժվար
մարտի ժամանակ:

(8) ԱՍԱԼԼՈՒՀԻՆԱՄԹԻԼԱ անվանեցին երկրորդ անգամ,
այսինքն, կյանք տվող աստված,
Ով, ինչպես ասում է անունը նրա,
վերականգնեց կյանքը ոչնչացված աստվածների,
իր մաքուր կախարդանքով ապաքինեց մեռածներին,
Փառաբանե՜նք նրան որպես կործանիչ նենգ թշնամիների:

(9) ԱՍԱԼԼՈՒՀԻՆԱՄՐՈՒ դրեցինք մենք նրա երրորդ անունը,
մաքուր աստված, որը մաքրում է նաև մեր բնավորությունը:
Անչարը, Լահմուն և Լահամուն տվեցին
նրա երեք անգամ երեք անունները,
այնուհետև դիմեցին աստվածներին, իրենց որդիներին,
«Մեզնից ամեն մեկը նրան երեք անուն տվեց,
այժմ դուք բոլորդ վարվեք, ինչպես մենք»:

Ուրախացան աստվածները այս խոսքերը լսելով,
Հավաքվեցին և Ուփչուկկինակիում անցկացրին մեծ ժողով.
«Մեր ռազմիկ որդու, մեր վրիժառուի,
մեր հենարանի անունը եկեք փառաբանենք»:
Նրանք նստեցին, ժողովում իրենց տեղը գրավեցին
և, պահպանելով վիճակակարգը, նրան Անուն տվեցին: