User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

    Էս թեմայում կտեղադրվեն գեղարվեստական ժանրում ընտրված 11 աշխատանքները:
    Մրցույթի կանոնների ու ընթացքի մասին՝ էստեղ։

    Թեմային կցվելու է բազմակի ընտրությամբ հարցում, որին կարող են մասնակցել բոլոր ընթերցողները․ խնդրում եմ քվեարկել՝ բոլոր աշխատանքները կարդալուց հետո միայն։

    Հիշեցնեմ, որ հաղթողները որոշվելու են՝ ըստ ժյուրիի գնահատականների, որոնք լինելու են ընդհանուր քվեարկությունից դուրս։
    Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։

    Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (17.07.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր

    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Կրկին ընկել եմ մտորումների գիրկը ու եկել եմ գրելու։ Մտքերս քեզ պատմելուց հետո զգացմունքներիս ծովի ալեկոծումն ավարտվում է։
    Այսօրվա միջադեպերն ու վեճերը` ծնողներիս հետ, ստիպեցին մի փոքրիկ հարցաքննություն անցկացնել։ Հարցաքննում էի ինքս ինձ։ Ես փորձում էի հասկանալ, թե՞ ով եմ ես։
    Հարցաքննության արդյունքներն ինձ այդքան էլ դուր չեկան։ Ես հասկացա, որ սովորական անչափահաս մի աղջնակ եմ, ով ոչինչ չի կարող փոխել, ուղղակի չի կարող նպաստել կամ խանգարել իր շուրջն ընթացող երևույթներին։ Հասկացա, որ իմ կարծիքը չի հետաքրքրում ո՛չ ծնողներիս, ո՛չ ընկերներիս։ Ցավալին այն է, որ այս անգամ խնդիրը իմ բնակության վայրն է։ Ծնողներս որոշել են, որ ես պետք է ապրեմ ԱՄՆ-ում։ Պատկերացնու՞մ ես, իմ հայրենիքից մի ամբողջ օվկիանոս այն կողմ՝ օտարության ու անծանոթ դեմքերի գրկում։ Նրանց բազալտե որոշումը փոփոխության ենթակա չէ, իսկ իմ ապակյա կարծիքն ու թափանցիկ ցանկությունները մնացել են հետին պլանում անշարժ կանգնած, նրանց ոչ ոք չի տեսնում։
    Իսկ գիտե՞ս՝ ինչի համար ենք գնում։ Որովհետև երկիրը երկիր չէ, իշխանությունները ստախոս են, իսկ վիճակը՝ ծայրահեղ։
    Չեմ ուզում գնալ, բայց այլ ելք չունեմ։
    9.03.2018թ»։

    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Այս անգամ եկել եմ ոչ թե մտքերս շարադրելու, այլ Հայաստանում ընթացող իրադարձությունները պատմելու համար։ Օրեր առաջ քաղաքումս սկսվեցին բողոքի ակցիաներ, ցույցեր, խաղաղ անհնազանդություններ, որոնք ուղղված էին իշխանության դեմ։ Ուղղակի չեմ կարող բացատրել, թե ինչպես է համախմբվել իմ ամբողջ ազգը։ Անընդհատ հետևում եմ Հանրապետության Հրապարակում ու Կենտրոնի փողոցներում ուրախ քաղաքացիներին՝ երգող, պարող, ժպտացող, տարբեր կարգախոսներ վանկարկող ու միայն առաջ նայող։ Աննկարագրելի հպարտության ու երջանկության ալիքը տակնուվրա է արել ինձ։
    Չնայած այս ամենին՝ կրկին վիճել եմ ծնողներիս հետ։ Ա՛խր, ի՞նչ անեմ, եթե սխալ են։ Ասում եմ եկեք դուրս գանք փողոց, մենք էլ պայքարենք, կանգնենք ժողովրդի կողքին, լսելի դարձնենք մեր կարծիքը։ Իսկ նրանք ուղղակի արգելում են, չեն էլ ուզում լսել։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ իրենք էին ասում, որ երկիրը երկիր չէ, իշխանությունները ստախոս են, իսկ վիճակը՝ ծայրահեղ։
    Չնայած նրան, որ ժողովրդիս կողքին չեմ, հավատում եմ նրանց ուժերին։ Գիրտե՞ս, ես մի ճար կգտնեմ, տանից դուրս կգամ, ես էլ կպայքարեմ, միայն թե չգնամ Հայաստանից։ Հաստատ մի բան կանեմ․․․
    19.04.2018թ»։


    «Բարև՛, սիրելի՛ օրագիր։ Հաղթե՜լ ենք։ Թավշյա հեղափոխություն ենք արել։ Մի ամբողջ ազգ՝ պատանիներ, դպրոցականներ, ծերուկներ, ովքեր պայքարում էին իրենց ապագայի համար, հասել են իրենց նպատակին։ Հիմա մենք ապրում ենք մեկ ուրիշ Հայաստանում։ Ասես, այս Հայաստանը ես ինքս նվաճած լինեմ ՝ փողոցներում նստելով, ծնողներից հետ վիճելով ու բարձր գոռալով։
    Առաջին հերթին այս Թավշյա հեղափոխությունը մի փոքրիկ հեղափոխություն էր իմ ներսում։ Գիտե՞ս՝ ես ով եմ հիմա։ Ես մի սովորական աղջնակ եմ, ով կարող է փոխել ամեն ինչ։ Ես այն աղջնակն եմ, ում կարծիքը կարևոր է, ում կարծիքը կարող է փոփոխել շատ բաներ, ում քայլը կարող է լինել հեղափոխական։ Ես այն քաղաքացին եմ, ում ապագան սեփական ձեռքերում է։ Ծնողներս որոշել են, որ մի փոքր կսպասենք, կտեսնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում ու միգուգե չգնանք ԱՄՆ։
    Ծնողներս` չգիտեմ, բայց ես հաստատ չեմ գնալու ու եթե պետք լինի, կրկին պայքարելու եմ իմ ապագայի ու ցանկությունների համար։
    Գիտե՞ս ինչու չեմ գնալու, որովհետև երկիրը երկիր է, հասրակությունը՝ հասարակություն, վիճակը՝ հրաշալի։
    Չեմ ուզում գնամ ու չեմ գնալու։
    8.05.2018թ․»։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.07.2018), boooooooom (22.08.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), Մուշու (29.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը

    -Նա՜ր, թե քնած լինեմ` մի բան կմոգոնես բնավորությանդ համաձայն, անպայման հաց կուտես, նոր կգնաս:

    -Մամ, ի՞նչ է եղել:

    Կտրուկ հարցնում եմ, քանզի լավ գիտեմ մորս, նա ինձնից շուտ է արթնանում, և ինչքան փորձում է ձայն չհանել, որ քնեմ` հակառակն է ստացվում, չեմ էլ բարկանում մորս վրա, միայն արթնանալուց հետո` մի քանի ժամ, փորձում են հետս չխոսել, որովհետև, ինչպես իրենք են ասում` բա՜րդ եմ:

    -Ուզում եմ գնաս Հայաստանից:

    -Մա՜մ, գիտեմ, բայց էնպես ես ասում, կարծես երկրի ներքին հարցերով ես զբաղվում, որոշումներն էլ առանց քեզ են կայացնում:

    Մայրս սուրճի վերջին բաժակն առնում է ու «փախչում» խոհանոց:

    Ճամպրուկը դասավորել և կապոցներս լցրել եմ, այնպես, կարծես էլ հետ չեմ գալու, դրսում եմ, բակի մարդիկ ինձ են նայում, կամ իրար մեջ են խոսում, կամ էլ գտնվում են մի երկու հարևան, ովքեր ճամպրուկից ճամպրուկ հարցեր են տալիս, թե ինչներին է պետք` էդպես էլ չհասկացա, նրանք դրա համար են ապրում: Էսօր էլ մի երկուսի կյանքը լցնեմ ինձնով:

    -Երկու-երեք օրից հետ կգամ:

    Ճամպրուկն ու կապոցները իջեցնում եմ տաք ասֆալտին, չեմ էլ հիշում, թե ինչ էի մտածում երկու ժամ, երբ քաղաքից քաղաք էի տեղափոխվում: Տաք ասֆալտը ոտքերիս տակ, ականջներիս մեջ եռում է ամբոխի ձայնը:

    Արդեն հևում եմ վազքից, ճամպրուկն ու կապոցները դնում եմ փափուկ գորգին, հետ եմ նայում, աչքերով զննում տունը ու արագ դուռը փակում եմ իմ ետևից:

    Ծանր մարմինս տաք ասֆալտին եմ դնում, ընկերներիցս ոչ ոք իմ կողքին չի, և ոչ էլ ես եմ նրանց հետ: Նույն աչքերի փայլը, որը զգում եմ առանց հայելու` երեկ մորս մոտ էր նշմարվել, նրա մոտ վախն էր, ինձ մոտ` համարձակությունը:

    Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, բայց վերջին երեք ամսում ինձ էսքան հանգիստ չէի զգացել, էն նույն հևոցը սրտիս մեջ է, անծանոթների հետ մի երկու բակ հասցրել ենք մտնել, փախչելիս չես հասկանում, թե ուր և ինչպես ես վազում, երևի ասֆալտը ծովի ալիքի նման գալարվում է հետդ, մի երկու նկուղ, հին տպագրատուն, մարդկանց ենք հաշվում, ովքեր սկզբում հետներս էին, ներկա բացակա անում` հասկանում, թե ում են տարել:

    -Կնոջը ձերբակալել են, տասը հազար դրամ է գողացել, չորս երեխա ունի, աշխատանք` չունի:

    -Մայրը դեռահաս աղջկա հետ նետվել է կամրջից:

    -Տասնհինգ ամյա տղայի սպանությունը, մարդասպանն ազատության մեջ է:

    Էս բոլոր ձայները խեղդում են ականջներս, խլացնում կոկորդս: Երբեք ամբոխի ձայնն այսքան գերադասելի չէր եղել մեկի ձայնից, ով միայն ինչ-որ բան է պատմում էկրանից այն կողմ, իսկ ամբոխը գոռում է քո կոկորդով:

    Ես հավատում եմ այս ամբոխին, իմ հավատքը վերածվում է մեկ բաժակ փրփրաջրի, տաք ձեռքիս մեջ այնպես է տեղավորվել, կարծես էս պահի համար էի էդքան արտասովոր ու մութ դեմքով ման գալիս: Մի ժողովուրդ` փրփրաջրի օդով լի հատիկների պես աչքիդ առաջ լցվում է փողոցներ, կուլ գնում, որպես գաղափար և գաղափարի համար, կարևորն այն է, որ նրանք այդպես էլ նույն բաժակի մեջ մնացին ու դառան փրփրաջրով լի շիշ, որն իր պայթելու օրվան էր սպասում, թե չէ հաղթանակի բաժակն առանց միասնության կմնար դարակի մեջ, դատարկ ու էլ չեր ուրախանա սովորական ծննդյան արարողության սեղանին:

    Զանգում եմ մորս, արդեն հավաքել եմ փողոցի բոլոր «պղպջակներին» ու լցրել ստամոքս, բայց էն հևացող սիրտս արձակուրդ է ուզում, իր բաժինն աշխատել է, կարծես էսպես էլ պետք է լիներ, ինքն իր ժամանակին լավ ուրախացել է, իրական հաղթանակը, իրական արդյունքը, իրական զգացողությունն ընթացքի մեջ է, ընթացքն է պայթեցնում շիշը, կամ վերջնականապես գլխիդ, կամ` խոստումով, որ հին գլուխդ նոր մտքերով է լցվելու:

    Մորս աչքերը տեսնում եմ հեռախով խոսելիս, փայլում են ուրախությունից, հարցնում է, թե հաց կերե՞լ եմ:

    -Հա, մամ ես իմ հացը հենց նոր եմ կերել: Առաջին հացը` պղպջակներով:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (21.07.2018)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    «Հեղափոխությու՞ն... Չեմի չէ։ Էս գայլերը կթողնե՞ն՝ հեղափոխություն լինի, է՜հ...
    Ձուն խաշա՞ծ ես սիրում, թե՞ ձվածեղ արած։ Չնայած, ի՞նչ եմ հարցնում. Թերեզայիցդ բացի քո աչքին ուրիշ բա՞ն կերևա, որ մի հատ էլ` սիրես։ Անպայման Շուբե՛րտ լսիր։ Տասնյոթ տարեկանում ինքն էլ է Թերեզա անունով մեկին սիրել, բայց հո վերջում դրա հույսին չի՞ մնացել։ Գոնե ուրիշ կողմերով էլ Շուբերտին քաշեիր։ Մի կատարյալ կոմպոզիտոր էր` մաժորային մտածողությամբ։ Տասնյոթ տարեկանում արդեն «սարեր էր շուռ տալիս»։ Բա հո քեզ նման խղճու՞կ չէր...
    Երեկ ինչու՞ թաքնվեցիր բարեկամիդ երեխաներից։ Վախենում էիր` կտեսնեի՞ն, որ իրենց` մեկ տարի առաջվա հագած շորերն ես հագնում։ Ամո՛թ է, ամո՛թ, խե՛լք հավաքիր։ Դրանք օրը հազար հատ նոր շոր են փոխում։ Շա՞տ էին հիշելու, որ հագիդ իրենց շորերն է։ Ծակուծուկ մտնելու փոխարեն մի բան էլ դու՛ քեզ հպարտ պահիր, իրենց ներկայությամբ այնպե՛ս քիթդ ցցիր, որ նույնիսկ մտքներով չանցնի, թե կարգին շոր էլ չունես հագնելու... Դոշակիդ տակից էլ էն չլուտ աղջիկների նկարները կհանես, ուրիշ տեղ կպահես։ Վաղը մորդ մաքրության օրն է. պիտի դոշակներն արևին հանի։ Ինչ է` տեսե՜լ է, չէ՜...
    Մի՛ վախեցիր, դեռ լիքը ժամանակ կունենաս աղջիկների բաց ոտքերով զմայլվելու։ Հիմա խելքդ ուսմանդ տուր։ Առանց այն էլ` մի երևելի տեսք չունես, որ առաջին հայացքից մարդկանց մոտ դրական տպավորություն թողնես։
    Էդ Նիկոլի հետևից ինչի՞ են էդքան գնում։ Որովհետև մարդը խելացի ու շնորքով է։ Որ այդ երկու արժանիքներից գոնե մեկն էլ ունեցար, հսկայական քիթդ կփոքրանա մարդկանց աչքերում, ու դու բավականին հաճելի զրուցակից կդառնաս...
    Ու՞ր ես գնում։ Էլի նեղացա՞ր։ Բա որ գեշ ես, ասեմ` սիրու՞ն ես։ Արի՛, արի՛, ինձանից ես նեղացել, հո հացից էլ չե՞ն խռովի։ Քո սիրած թանով ապուրն եմ պատրաստել։ Ափսոս, ձավարս քիչ էր, խանութում էլ պարտքով չտվեցին։ Կե՛ր, համով է։ Մայրդ ուշ է գալու. խեղճը դեռ երեք տուն էլ պետք է մաքրի...
    Ասում են՝ Նիկոլի թվին բոլորը կարգին են ապրելու, դուխով են լինելու։ Ափսոս՝ գուցե չհասցնեմ էս քյոռ աչքերովս տեսնել ձեր լավ ապրելը ։ Շատ եմ հոգնել։ Երևի ծերացել եմ։ Թոռանս համար վերջին գուլպաներն եմ գործում։
    Շուբերտը մահը ողբ չէր համարում, այլ` երջանիկ փրկություն։ Հենց այդ երջանիկ փրկությունն իմ դուռն էլ հասնի, ինձ Շուբերտի «Ավե Մարիայի» հնչյունների ներքո կճանապարհեք։ Միայն թե` կարգին ձայնագրություն կճարեք։ Թող միայն ջութակը նվագի։ Սոպրանոների ճղճղոցներից գոհ եմ։ Մեր հարևան Աստղիկի երրորդ օկտավայի «սի»-ն ինձ լրիվ բավական էր 25 տարիների մեր հարևանության ընթացքում»։
    Հարևանուհիս էր` տիկին Ա-ն։ Մորս չափ սիրում էի նրան, չնայած որ ավել-պակաս շատ էր վրաս խոսում ու բարկանում։ Տղան մահացել էր ապրիլյան պատերազմում, հարսն էլ ամուսնու վշտից կորցրել էր իրենց առաջնեկին։ Մի քանի ամիս հետո էլ իրեն մարդ էր ճարել ու փախել։ Տիկին Ա-ն լրիվ միայնակ էր մնացել, ավելի ճիշտ` միայն ինձ ուներ։ Միակ զբաղմունքը «թոռան» համար գուլպա գործելն էր...
    Ոչ ոք չէր համարձակվում նրան հիշեցնել, որ իր միակ թոռն այդպես էլ չծնվեց։ Խելացի կին էր, ամեն ինչ շատ լավ հասկանում էր։ Գուցե դրա համար էլ մահն իր համար երջանիկ փրկություն էր համարում, փրկություն` իրականությունից...
    Ինձ ամեն առավոտ արթնացնում էր ու ուղարկում քաղաք՝ ցույցերի։ Ինքն արդեն տանից դուրս գալ չէր կարողանում, թե չէ՝ ինձնից շուտ էր փակելու քաղաքի փողոցները։ Հարևանների հետ ամբողջ օրը Նիկոլի թեման էին քննարկում։ Արդեն երազում էլ էր Նիկոլին տեսնում ու լսում։ Չէր հավատում, որ մի բան փոխվելու է, բայց ամեն օր քթի տակ ինչ-որ աղոթք էր մրմնջում։ Մի երեկո էլ տեսնեմ՝ շերեփ է վերցրել ձեռքն ու մի կարգին աղմուկ է հանում՝ ստիպելով հարևաններին շարունակել իր «շերեփների սիմֆոնիան» ։ Չարաճճի աչքերով նայում էր ինձ ու ասում.
    «Ի՞նչ ես ձկան աչքերով սառել վրաս։ Որ էսօր-էգուց եմ, իշխանություններից բողոքելու իրավունք չունե՞մ։ Տես՝ ինչ ռիթմով եմ խփում։ Դու կարո՞ղ ես ինձ պես»։
    Իր մահով մահացավ` հասցնելով լսել միայն նրա (անուններ չտամ) հրաժարականի լուրը։ Թե կարողանայի, երդվում եմ՝ գիրկս առած տիկին Ա-ին կտանեի քաղաք, որ տեսներ 7 տոկոսի հաղթանակն ու մարդկանց՝ երջանկությունից թացացած աչքերը։
    Վստահ եմ՝ երբ տեսներ իրենց կորցրած խենթ երիտասարդներին, որ պարզապես գիրկ էին ման գալիս նետվելու համար, ինձ կստիպեր ամենագեղեցիկ աղջկան մի կարգին գրկել։
    Իր աչքից չէին վրիպի նաև ցույցերի օրերին իրենց չկորցրած պապիկներն և տատիկները, ովքեր այդ նեղ մաջալին «շվիկի թույն բիզնես» էին դրել և, որն, ի դեպ, ահագին արդարացրեց իրենց։
    Լեյլա տատիկի հետ ի՜նչ անուշ զրույցի կբռնվեին, թե տիկին Ա-ն ոտքը մի քիչ կախ գցեր...
    Փորձեցի ամեն ինչ կազմակերպել այնպես, ինչպես նա էր ցանկացել։ Ծանոթ ջութակահարի հրավիրեցի, որ Շուբերտի «Ավե Մարիան» նվագի։ Ավելի լավ էր` չնվագեր... Մտածում էի` տիկին Ա-ն հիմա տեղը տեղին կհայհոյի ինձ։ Դա էլ հերիք չէր, այս անգամ հարևանուհի Աստղիկը ռեկորդ սահմանեց. Նիկոլին վարչապետ ընտրելու օրը ձայնը հասցրեց մինչև չորրորդ օկտավայի «մի»։ Վստահ եմ, որ այդ ռեկորդային նոտան ու աննախադեպ լուրը պիտի տիկին Ա-ի մոտ էլ անպայման հասած լինեին։
    Դե՜, իսկ ես էլ հետևեցի Շուբերտի օրինակին։ Չէ՜, չէ՜... Ինձ սխալ հասկացաք. կոմպոզիտոր չդարձա։ Ուղղակի ես էլ, ինչպես Շուբերտը, Թերեզայի հույսին չմնացի։
    Տիկին Ա-ն ասում էր, որ առանց նպատակների մարդը ներսից փտում ու տկարանում է՝ չկարողանալով արդարացնել իր գոյությունն այս փոքրիկ հողակույտի վրա։
    Առաջիկայում անպայման համալսարան կընդունվեմ, որ ( ինչպես կասեր տիկին Ա-ն) «քիթս փոքրանա», ես էլ հաճելի զրուցակից դառնամ։
    Կյանքումս միշտ ուղեկցվել եմ նրա օրինակով։ Երբ տանը բացի ձվից ուրիշ ոչինչ չէր լինում ուտելու, նա ինձ ընտրության հնարավորություն էր ստեղծում` «Ձուն խաշա՞ծ ես սիրում, թե՞ ձվածեղ արած»։ Ականջներումս դեռ իր հնարած «շերեփների սիմֆոնիան» է՝ դուխո՛վ...

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Բարեկամ (19.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), Մուշու (29.07.2018), Նաիրուհի (23.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Կարմիր բերետավորներից փախչելիս Մեր մատները համարյա կպան իրար:

    23-ն էր, վազելով մտանք մի բակ ու մի տղա ասաց, որ թունավոր գազ են կիրառելու:

    Մտքումս ասում եմ՝ հանգիստ, 21-րդ դարն ա: Մաման զանգում, ասում ա՝ գնա տուն, եթե ինձ սիրում ես: Ասում եմ՝ մամ, 21-րդ դարն ա, բան չի լինի: Ասում ա՝ եթե ինձ սիրում ես:

    Էսպեսի մտքերով գնացինք ուրիշ փողոց փակելու, հետո Արմանը դիմակներ բերեց բժշկական՝ մարդ ես, մեկ էլ տեսար: Հետո Մենք խաչապուրու կեսը կիսեցինք նորից ու կերանք: Ու նորից փախանք, էլի փողոց փակեցինք, էլի մերժեցինք Սերժին, մերժեցինք Մեր վախերը, էն բակի տղային, որ ասում էր գազ են կիրառելու, մերժեցինք վաղը, մի ժամ հետո-ն, կորցրինք Իրար ու էլի գտանք: Գրկեցինք ու, չնայած Մեր վախերին, որովհետեւ Մեր կյանքի առաջին հեղափոխությունն էր, Իրար Ցտեսություն ասեցինք, որովհետեւ Մենք պիտի Նորից հանդիպեինք ու Մեր մատները նորից պիտի դիպչեին Իրար:

    ...Տարիներ անց՝ գնդակահարության պատի վրա ինչ-որ գրություններ թողնելիս ես կհիշեմ այն հեռավոր կեսօրը, երբ Կարինեն գրեց, որ իրենց ռադիոյին հայնտել են՝ Սարգսյանը հրաժարակն տվեց: Խոտերին պառկած էինք: Նայում էինք իրար: Չէինք խոսում: Չհավատալու երկար-բարակ րոպեներ էին: Ում տեսնում՝ ասում էի՝ հրաժարական տվեց, ոնց որ կասեի՝ Լիվերպուլը ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ. երջանկությանը չհավատալով:

    Հետո ինձ սկսեցին ասել: Հետո բոլորն իմացան: Ու մաման զանգեց՝ լաց էր լինում: Ասում էր՝ ո՞նց հավատացիք: Ու մտածում էի՝ ո՞նց հավատացինք, հավատացի՞նք որ, մտածում էի՝ մի շարժում էլ ու վեր կթռնեմ տեղից, էմոցիաներին մարմինս չի դիմանա, ոտքս կընկնի մահճակալից, վատագույն դեպքում՝ ես, կիջնեմ մետրո, նորից փողոցներ, նորից կրկնությունը, նորից մաման կզանգի՝ եթե ինձ սիրում ես, մնա տանը: Բայց Հասմիկ Սիմոնյանը ինչ-որ տեղից հայնտվեց ու կտրեց էդ մտքերը ընթացքը սպիտակ վարդով, որ հետո չորանալու ու մնալու էր իմ դարակում՝ ժխտելով բոլոր օրերի անիրական լինելը:

    ...Իսկ մեկ օր առաջ մենք ինչ-որ պաստառներով էինք քայլում, որ we can't believe we are still protesting this shit, ցանկապատի տակ էինք մտնում, մեր շորերը ընկնում էին լարերին ու պատռվում, Սարյանի այգում լացում էինք երկար-երկար, իրար գրկած: Անհանգստությունից ժամերով ջերմությունս չէր իջնում:

    Իսկ հիմա մաման զանգել, ասում էր՝ Վանաձորը երբեք էդքան երջանիկ չէր եղել: Ես մտածում եմ՝ վերջապես հասկացա որն էր երջանկություն անանձնականը: Հեռախոսս վերցնում եմ, քանի դեռ պառկած ենք խոտերին ու էլ շտապելու, փախչելու բան չկա, մի քանի տող հավաքում.

    «Մեր մայրենիք,

    Մեր բակ,

    Բնակարանի համար,

    Ես գործել չգիտեմ,

    Մանավանդ դրոշ,

    Հետն էլ՝ Եռագույն ու

    Հստակ, որ մի գիծը մյուսից չանցնի,

    Մանավանդ ժամանակներում,

    Երբ միակ բանը, որ արցունքներով կլվացվի ընկերոջ վերնաշապիկն է.

    Լացելով՝

    Հաղթանակներից,

    Ժպիտախառն, չհավատալով»։

    Հետո անանձնությունը էլի հասցնում, վերափոխում եմ նեղ անձնականի, ոնց որ Սիմոնյանի նվիրած վարդն էր, մամայի հուզված ձայնը կիլոմետրերից, զգացողությունը, որ մի քիչ էլ ու համարձակություն կհավաքեմ սեր խոստովանել ինչ-որ մեկին:

    Կզանգեմ ու կասեմ՝ հեղափոխությունը եղավ, ես էլ քեզ սիրում եմ:

    Եվ իսկապես. հեղափոխությունը եղել ա ու ես քեզ սիրում եմ:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.07.2018), Cassiopeia (21.07.2018), Sambitbaba (21.07.2018), Smokie (20.07.2018), Բարեկամ (19.07.2018), Դեղին մուկիկ (27.07.2018), մարիօ (22.07.2018), Մուշու (29.07.2018), Նաիրուհի (23.07.2018), Տրիբուն (22.07.2018)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ

    Ժամերով սպասում ես երթուղայինի, իսկ հետո ստիպված ես կանգնել...Անձրևից հետո էլ կտրուկ արև ա դուրս էկել ու հիմա մի այլ կարգի շոգ ա: Շնչելու օդ չկա, իսկ ես միշտ շնչառությանս հետ խնդիրներ եմ ունեցել. ինձ համար իրոք անտանելի ա էս տոթը: Մառշռուտկի պատուհանները բաց են, բայց երանի փակ լինեին. մաքուր օդի փոխարեն՝ բաց պատուհաններից փոշի ու գոլորշի ա լցվում ներս: Տեսնում եմ, որ իրավիճակից մենակ ես չեմ, որ դժգոհ եմ: Մարդիկ իրար էրեսի են նայում՝ սպասելով, որ գոնե մեկը չի ալարի ու կփակի էտ անտեր պատուհանները: Վարորդն էլ ոնց որ մոռացել ա, որ մարդ ա տեղափոխում. մի կերպ եմ ինձ ոտքի վրա պահում: Մեկն էլ հո չի ֆայմի գոնե անձրևանոցս ձեռքիցս վերցնի: Թեմայի մեջ. ոնց որ լսեցի մեկը կողքինին ասավ (չէ՜ խոսելուց չեն ալարում).
    -Եղունգ ունես գլուխդ քորի:
    Էն ա սենց պահերին ա, որ ուղղակի ուզում ես թողնես ու փախնես ամեն ինչից, ու հանկարծ էտ տականք միտքը սկսում ա պտտվել գլխումդ.«ՈՒ սենց մտածելակերպ ունեցողների համար էլ պայքարում ես»: Բայց մեկ ա, մեկ ա ԵՍ ԷԼ ՀՈ ՄԵՆԱԿ ՉԵ՞Մ: Հետն էլ.... հանդուրժող ա լինել պետք, խե՛ղճ մարդիկ, ուղղակի ամեն ինչից հիասթափվել են:
    Ալարե՜ք, ալարե՜ք սիրելինե՛րս....մարդիկ ալարում են մի հատ պատուհան փակեն (բայց ես հո տեսնում եմ, որ նեղվում են, որ բաց ա), իսկ մենք ուզում ենք, որ էս նույն մարդիկ փողոցում մի քանի ժամ կանգնեն(ձևի համար գոնե քանակ ապահովեն): Լսում ես ասում են.«Մեկ ա բան չի փոխվելու»: Բայց հո գիտես, որ դա ուղղակի պատճառաբանություն ա ոչ մի բան չանելու համար: Բոլոր «չեմ կարա»-ների ու «չունեմ»-ների հետևին էն ա էտ ա թաքնված՝ «ալարում եմ»:
    Ո՜Ւֆ դե էլ չեմ կարում: Մի կերպ ինձ քարշ տալով՝ հասնում եմ պատուհանին, որ փակեմ ու հանկարծ անձրևանոցս ուժեղ հարված ա հասցնում պատուհանի մոտ նստած տղամարդու գլխին: «Թո՜ւ հա»: Խառնվում եմ իրար: Հետո ներողությունների մի շարան ինձնից, ու ինքն ինձ հրելով, թափով՝ փակում ա պատուհանը:
    -Շնորհակալություն,- ասում եմ հեգնական տոնով: Իսկ հետո մտքումս ինքս ինձ.«Հո՛, աներե՞ս չես, ձե՛նդ կտրի»: ՈՒ էտ մտքից անկախ մի ուրիշ միտք.«Բայց հո արժանի էր»: ՈՒ ինչքան էլ ինքս ինձ նախատեմ անքաղաքավարության ու չարության համար, ու ինչքան էլ գիտակցեմ, որ մեղավոր էի՝ մեկ ա.«Արժանի էր»:
    Ֆիզիկապես գնալով ավելի ու ավելի վատ եմ սկսում ինձ զգալ, իսկ վերջին պատահարից հետո էլ ուղղակի լացս գալիս ա: Փառք Աստծո վերջին նստարանին նստածը կանգառում իջնում ա: Նստում եմ ու դեմքս ափերիս մեջ առնում: Խորը շունչ եմ քաշում(եթե դա կարելի ա էտպես անվանել):
    Զգում եմ մթնոլորտ ա սկսում փոխվել. վերջապես պատուհանները փակ են, մարդիկ քչացել են, վարորդն ա հիշել, որ մեքենայում մենակ չի, ես էլ քիչ-քիչ սկսում եմ ինձ լավ զգալ:
    Ռադիոյի ուղիղ հեռարձակում: Մեր մասին են խոսում. «Վանաձորում առավոտից փակ են եղել բոլոր փողոցները: Ճիշտ քսան րոպե առաջ ավարտվեց կազմակերպված երթը: Ցուցարարները որոշեցին ընդմիջել մինչև ժամը 18:00: Քաղաքի մի քանի փողոցներում արդեն երթևեկությունը բաց է»:
    Հինգ րոպե անց.«Սերժ Սարգսյանի հրաժարականը...»: Միտքն ավարտելու կարիք չկա կարծում եմ: Բոլորը սկսում են խոսալ, ուղղակի միաժամանակ խոսալ: Կարծում եմ էն պահն ա, որ լսող սկի պետք էլ չի: Գրպանիցս հանում եմ բջջայինս ու մի րոպեում մի քանի տասնյակ նամակներ ուղարկում ընկերներիս ու մամային: Մի պահ ուզում եմ բարձրաձայնեմ.«Ինչի՞ համար եք ուրախանում: Մի քանի րոպե առաջ ով եղունգ ուներ նա էր գլուխը քորում»: Բայց չէ է, չեմ ուզում: Մարդիկ վերջապես ուրախ են: Էտ ալարկոտ դեմքերն ուղղակի վայրկյանական լցվել են էներգիայով: Բոլորն անկանոն շարժվում են, ամբողջ մեքենայով մեկ քայլում են, իրար գրկում, իրար սիրում ու շնորհավորում: Նայում եմ պատուհանից հրապարակի կողմը: Հրապարակն էլ վաղուց չի երևում ու ոչ մի շշուկ էտ տեղից ինձ չի հասնում: Հասկանում եմ, որ նորությունը բոլորը կիմանան մի քանի րոպե անց, գիտեմ որ էտ իրարանցումը դեռ չկա, բայց ուղղակի զգում եմ ընկերներիս պակասը էտ պահին: ՈՒզում եմ դուրս պրծնեմ ու հետ վազեմ, ուզում եմ մի անգամ էլ առաջին անգամ իմանամ նորությունը ու մի անգամ էլ զգամ էտ թրթիռը, ու էս անգամ ընկերներիս հետ լինեմ: Բայց շատ ա հեռու է: Մինչև հասնեմ բոլորն արդեն սրճարանները լցված տոնելուց կլինեն: Ինձ մեկ ա չեմ կորցնում: Մեկ ա դուրս եմ պրծնում ու փողոցի կենտրոնում կանգնելով՝ սկսում եմ ծղրտալ ու էդպես ձենս գցած վազում եմ տատիկիս տան ուղղությամբ: Մի պահ ուշքի եմ գալիս ու նայում շուրջս. հեռու միակ ցնդածը չէի: Ա՜խ չէ՛, ինչ եմ ասում, սաղ ցնդել էին. ոմանք իմ պես աղմկում էին, ոմանք էլ անջատված ժպտում ու ցածր ձայնով իրենք իրենց փսփսում: Նստում եմ ասֆալտին ու սկսում բարձր խնդալ:
    -Սա դեռ սկիզբն ա,-գոռում ա ինչ որ մեկը:
    -Ճի՛շտ ա, բռնվե՛ք:
    Ա՜խ, ճիշտ ա.«Բռնվեք»: Շարունակությունն ավելի հետաքրքիր ա:
    * * *
    Մտնում եմ տատի տուն: Վանաձորում ինչքան բարեկամություն ունենք հավաքվել են էտտեղ: Ինձ մաման ա դիմավորում ու սկսում լիքը հարցեր տալ էս օրվա ցույցի, երթի, փակ ու բաց փողոցների ու հրաժարականի մասին: Ես սկսում եմ ոգևորված պատմել բոլոր մանրամասները՝ մի բան ճոխացնելով, մի երկու բան թաքցնելով ու բոլորը բերանները բաց լսում են ինձ( հավաքվածները տասնն են՝ մաման, քիրս, տատիկներն ու պապիկները, մամայի մորքուրը, մամայի քեռակինն ու իրա հարսները): Բոլորն էլ շատ ուրախ են, բացի տատիցս: Անհանգիստ հայացքով ինձ ա նայում էտ կնիկը ու մի քանի րոպեն մեկ հարցնում.
    -Իսկ կարո՞ղ ա էս ուղղակի սարքած ա:
    -Ի՞նչը տատ ջան:
    -Սենց չի էղնում է, դու չես հասկանում ուղղակի, ես կյանքի փորձ ունեմ. бесплатный сыр только в мышеловке (անվճար պանիրը մենակ թակարդում ա լինում) :
    Էլ չեմ շարունակում հետը վիճել (բնավորությանը լավ ծանոթ եմ, իմաստ չկա):
    -Շո՛ւտ զանգի հորդ ասա,-ոգևորված գոռում ա էն մի տատս,-գիտես ոնց կուրախանա:
    Դե հերս էս վերջին իրադարյություններից մի ամիս առաջ Սոչի էր գնացել, ու երբ իմացավ ցույցերի մասին քիչ էր մնում տոմս առնի՝ հետ գա, բայց տատանք մի կերպ կարողացան իրան էնտեղ պահեն: Չնայած, որ պապան Սոչի մնաց, մեկ ա կարելի ա ասել ոչ մի բան բաց չթողեց. վերջին նորություններն ինքն էնտեղ ավելի շուտ էր իմանում, քան մենք էստեղ, հետո զանգում էր, պատմում էր մեզ, ինձ էլ խրատում, որ հանկարծ տնեցոնց չլսեմ ու թեժ պահերին տանը չմնամ, ասում էր. «Ամոթ ա, ես տեղ չեմ՝ գոնե դու գնա»:
    Հա՛, տատանք դեմ էին էս ամեն ինչին ու ամեն գնով փորձում էին ինձ տանը պահած էղնեն, բայց իմ խորամանկությունը միշտ հաղթում էր իրանց անհանգստությանը: Չեմ ուզում քննադատեմ իրանց, բայց չեմ էլ կարա ասեմ՝ ԴԵ ԴԱ ԷԼ Ա ԸՆԴՈՒՆԵԼԻ:
    -Արի՛ հաց կեր հետո կզանգես,-կուխնուց մերս ա գոռում,-առավոտից բան չես կերել:
    -Ուֆ չէ է, չեմ կարա հիմա բան ուտեմ, մեջս ուղղակի սաղ վառվում ա: ՈՒզում եմ մենակ լիքը խոսամ ու ինչքան հնարավոր ա շատ մարդու պատմեմ:
    -Հույսով եմ ուրախությունդ տեղին ա,-նորից փնթփնթում ա տատս,-կարող ա և ճիշտ ես՝ պայքարիք ու հասաք ինչ որ փոփոխության, իսկ ինչ, եթե էտ փոփոխությունն ավելի վատն էղնի...
    -Է՜ դե սովոր ես ամեն ինչի հետ համակերպվես,-պատասխանում եմ մուննաթ տոնով:
    -Ուղղակի քեզ մի բան ասեմ, ինչ ուզում ես արա, բայց ոչ մի անգամ չթողնե՛ս քեզ մեկ ուրիշը իրա նպատակնեում օգտագործի, գործի՛ք չլինես:
    Ասում էի, չէ՞. վիճելն ուղղակի անիմաստ ա:
    -Երբ տաքսու շոֆեռը խորհուրդ ա տալիս ավելի լավ ա չլսես, որովհետև ինքը տաքսու շոֆեռ ա,-քիրս փսփսում ա քթի տակ: Տատս բարեբախտաբար չի լսում, որովհետև շատ ա նեղացկոտ ու խոցելի: Ես էլ սկսում եմ խնդալ: Տատս հասկանում ա, որ մի բան էն չեղավ, բայց չի կարողանում կողմնորոշվի ու խորհրդավոր հայացքով նայում ա դեմքիս: Ես սկսում եմ ավելի բարձր խնդալ, ու գլխումս սկսում են ֆռալ լիքը մարդկանց զանազան խրատներ, որոնք էս մի քանի օրը ավելի շատ էին, քան սաղ կյանքումս.«Ոնց ես սիրում ժամանակդ անիմաստ բաների վրա ծախսես... Կյանքը ցույց ա տվել, որ նման եղանակով ոչ մի բանի չես հասնի... Հիմա, որ Նիկոլը գնա կռշից քցվի, դու էլ ես գնալո՞ւ... Ամեն օր տասնհինգ հոգով գալիս եք գետնին նստում, հետո հվաքվում տուն գնում: Ոչ մեկ չի կիսում ձեր գաղափարները: Սթափվե՛ք... Հասկացողին մեկ ասա, անհասկացողին հազար ու մեկ... Հա բայց քեզ ինչ են արել Հանրապետականները, որ տենց վառված ես... Հինգ դպրոցականով փողոց եք դուրս գալիս, ուզում եք իրավիճակ փոխեք: Ծիծաղալու ա... Մեծերին հլա պատասխան չտա՛ք... Քաղաքապետի հետ էտ ո՞նց էիք խոսում... Ձեզ ծաղրածուի պես պահելու փոխարեն՝ դպրոց գայիք... Էտ բա հացադուլ խի՞ չեք անում... »:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (21.07.2018), Smokie (21.07.2018)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Ահագին դուրս եկավ թե՛ ընտրված ֆորմատը ու թե՛ լակոնիկությունը:

    Կարծես մի ամբողջ ժողովրդի տրամադրությունն արտացոլված լիներ այս 3 փուլերի մեջ՝ հուսալքություն ու արտագաղթի պատրաստվել, հույսի շող ու պայքարի ցանկություն, հաղթանակից ծնված հաստատակամություն ու ապագայի հանդեպ հավատ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտանց շնորհավորում եմ բոլոր-բոլորին:

    Անահիտ ջան, Սոնա ջան շատ ուրախ եմ, որ դուք հիմա ակումբի անդամ եք: Հուսով եմ դա կլինի շարունակական ու ձեզ այստեղ դուր կգա:
    Ու հուսով եմ մյուս մասնակիցներն էլ շուտով կդառնան ակումբցի: Չէ՞ մասնակիցներ:

    Ռուբի՞, փաստորեն ճիշտ ենթադրեցի, որ դու էիր Դավադրության հեղինակը: Ապրես շատ: Մենակ դու կարայիր էնպես անեիր, որ բացասական կերպսրներին սիրեմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 28.07.2018, 06:34:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.07.2018)

  16. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը.

    Բավական հետաքրքիր էր թե՛ շարադրանքը ու թե՛ համեմատությունները:
    Միայն 2-րդ անգամ կարդալուց հետո որոշ հարցերի պատասխաններ գտա, որոնք ծնվել էին առաջին անգամ կարդալիս:
    Բայց նույնիսկ 3-րդ անգամից հետո էլ էլի հարցեր մնացին ))

    Իսկ թե լրահոսի գույժերն ինչ ընդհանուր բան ունեյին հեղափոխության կամ ստեղծագործության հետ՝ ընդհանրապես չհասկացա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան.

    Գործը շատ եմ հավանել:
    Սկզբից ես-ի հետ զրույցի տպավորություն էր թողնում:

    Բայց հետո բացահայտում ես, որ ինքն իր հետ չէր խոսում, ու դրան ահագին հետաքրքիր լուծում էր տրված:

    Հա՛մ հումորն էր տեղը, հա՛մ ինքնաքննադատությունը, հա՛մ էլ՝ համընդհանուր ոգևորության ֆոնի վրա անձնական կորստի ցավը:

    Ընտրության հնարավորությունը հիանալի էր ձևակերպված:

    Միայն մի բան անհասկանալի մնաց.
    ինչո՞ւ կամ որտեղի՞ց պետք է հարևանուհին տեղյակ լիներ դոշակի տակի չլուտ աղջիկներից, որոնց գոյության մասին անգամ մայրը չէր պատկերացնում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն.

    Ընդհանուր հետաքրքիր էր գրված:
    Սիրո հեղափոխության ընթացքում ծնված սերը շատ լավ սյուժե էր:

    Բայց այս գործի մեջ ինձ ամենաշատը մեկ բառ էր խանգարում, որ նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո չմարսեցի:

    Չգիտեմ, երևի հեղինակն իր պատճառներն ունի «հայրենիք»-ը «մայրենիք» կոչելու, բայց, ըստ իս, սա աղճատում է «մայր հայրենիք» արտահայտության ողջ փիլիսոփայությունն ու իմ ականջին նույնքան կոպիտ ու անտեղի է հնչում, ինչքան եթե գրված լիներ «հայր Հայաստան»
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն.

    Լավ էր ներկայացված մարդու պայքարող տեսակը, նրա հույզերն ու սկզբունքները:

    Ցանկություն առաջացավ երկար-երկար զրուցելու Մարգար պապի հետ ու օգնելու նրան՝ մշակել իր այգին ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #13
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն.

    Սրա մասին արդեն շատ խոսվեց ))
    Ինձ էլ ահագին դուր եկավ հումորն ու հեգնանքը:

    Մի քանի տեղ էլ մի քիչ անհարթություններ կային:

    Իսկ վերջում էլ շունչս պահել էի, թե ինչպես պիտի վարվի մեր ԱԱԾ-ն Պուծինի ու Մերկելի հետ, էն էլ՝ հեղինակը որոշել էր հանձինս Շմայսի դրան չանդրադառնալ ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. ՈՒ լույս ծնվեց...

    Սկիզբը բավական անհետաքրքիր, անհասկանալի ու անհավատալի էր ինձ համար:

    Իսկ այ երկրորդ հատվածը՝ եղբորն ուղղված խոսքն ու մանուկ հասակում վերապրած ողբերգության դեմ մղած ներանձնական պայքարը շատ տպավորիչ էին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #15
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Մեկ հայրենիք երկու սրտում.

    Ընդհանուր լավ գաղափար էր:
    ՈՒղղակի զգացվում էր, որ նյութը սրբագրված չի: Սա մի քիչ որակազրկում էր աշխատանքը:

    Նաև մի քիչ ձգձգված էր ու, ինչպես արդեն նշվեց, կեսից փոխում էր ժանրը:
    Ցանկալի կլիներ, որ մինչև վերջ էլ հիմնական գործողությունները գլխավոր հերոսների շուրջ ծավալվեյին, ինչպես դա արվում էր սկզբում:

    Երկխոսությունների փոքր-ինչ արհեստական տեսքի մասին էլ արդեն աավեց:
    Բայց ամենաշատը աչք էր ծակում ամերիկանիզացված ու իրեն Հայաստանի հետ չասոցացնող հերոսուհու օմայգադերին զուգահեռ օգտագործվող ոսկեղենիկ գրականը:

    Happy End-ն էլ էր մի քիչ ոչ համոզիչ:

    Բայց անկախ էս ամենի՝ աշխատանքը (մտահղացում որպես) ֆավորիտներիս շարքում է:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •