User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    1 9.09%
  • 2․ Բացակաների անունից

    6 54.55%
  • 3․ Գեղարվեստական հեղափոխություն

    0 0%
  • 4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    1 9.09%
  • 5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    1 9.09%
  • 6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

    1 9.09%
  • 7․ Իրականության բացակա կողմը

    2 18.18%
  • 8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    3 27.27%
  • 9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    3 27.27%
  • 10․ Նիկոլի թիվը

    3 27.27%
  • 11․ Հեղափոխության դիտորդները

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

    Էստեղ կդրվեն վավերագրական ժանրում ընտրված 11 աշխատանքները:
    Մրցույթի կանոնների ու ընթացքի մասին՝ էստեղ։

    Թեմային կցվելու է բազմակի ընտությամբ հարցում, որին կարող են մասնակցել բոլոր ընթերցողները․ խնդրում եմ քվեարկել՝ բոլոր աշխատանքները կարդալուց հետո միայն։

    Հիշեցնեմ, որ հաղթողները որոշվելու են՝ ըստ ժյուրիի գնահատականների, որոնք լինելու են ընդհանուր քվեարկությունից դուրս։
    Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։

    Թեման բաց է քննարկումների ու կարծիքների համար։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (18.07.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    Ապրիլյան հեղափոխություն… Լավ է հնչում, չէ՞: Ինձ էլ դուր է գալիս: Վստահ եմ, որ ոչ ոք մեզանից չէր կարող սպասել այսպիսի վերջաբանի, որն իրոք անմոռանալի էր։ Սա երևի կլինի իմ կյանքի ամենամեծ պարծանքը, որի մասին ես մի անգամ չէ, որ կպատմեմ իմ երեխաներին, թե ինչպես սկսվեց այս հեղափոխությունը, մեր «Սիրո հեղափոխությունը»։
    Ինձ համար ամեն ինչ սկսվեց երևի Ապրիլի 10-ին։ Ես եմ, Հայկը, Մարտինը, նստած գարեջուր ենք խմում, ու հենց էդ գարեջրի առաջ էլ առաջին անգամ քննարկեցինք ցույցերին մասնակցելու ու չմասնակցելու հարցը։ Մի բան պատմեցի, ձեզ էլ պատմեմ։
    95-96 թիվն էր։ Մեր գյուղում անասնագողություն էր եղել։ Քեռին, որ էդ ժամանակ դեռ 20 տարեկան էր, հավաք էր կազմակերպել գյուղում, նամակ էին գրել, սպասում էին, որ մյուս բոլոր գյուղացիները գան՝ ստորագրեն ու ուղարկեն էդ ժամանակի ԱԺ։ Չեմ ասում՝ ով, բայց էդ ժամանակի մեր շրջանում կարևոր դեմքերից մեկը գալիս է մեր գյուղ ու ասում, որ ինչի համար ա սաղ էս, սա միամտություն ա, էս իշխանությունների դեմ խաղ չկա, դեռ մի 20-30 տարի էսպես գնալու ա, ու էդպես։ Մեր վարպետներից մեկը՝ Խոջյան Սամսոնը, ով ի դեպ իմ ամենասիրելի ուսուցիչներից է, մոտենում է էդ մարդուն ու հարցնում։
    - Հարգելիս, դու ինձանից ուժեղ ես, չէ՞ :
    - Դե հա, երևի,- պատասխանում է էդ մարդը:
    - Որ ուզենաս, ինձ կծեծես, չէ՞,- երկրորդ հարցն է տալիս։
    - Դե հա, երևի,- էլի պատասխանում է էդ մարդը։
    - Բա որ հիմա սկսես ինձ առանց պատճառ ծեծել, ես էլ քեզանից թույլ եմ, չեմ կարա պաշտպանվեմ, բա գոնե չճանկռե՞մ քեզ:
    Բոլորը ծիծաղում են, ու էդ մարդը գնում է։ Կատակը կատակի հետ, բայց էս պատմությունը ինձ համար շատ խորը իմաստ ունի։ Այսինքն ի՞նչ, եթե քեզանից ուժեղ է, գոնե չպայքարե՞նք նրա դեմ: Ցույց չտա՞նք, որ մենք էլ մարդ ենք, մսից ու արյունից, մենք էլ ենք ապրել ուզում, մենք էլ իրավունքներ ունենք, ինչո՞վ ենք ձեզանից պակաս որ։ Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ, որտեղ ինքը ինձ ասում էր.
    - Ասողը իրանք են: Կուզեն՝ դեմքիդ ցեխ կքսեն, կուզեն՝ չեն քսի։
    Որին հաջորդեց իմ միայն մեկ արտահայտությունը.
    -Լավ, թող քսեն, բա գոնե ձևական էլ «թուհ» չասե՞նք:
    Որոշումը մեկ էր՝ գնում ենք ցույցի։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը վայր դրեց իր վարչապետական մանդատը, և ընդդիմությունը նրան ասաց, որ պետք է հավաքի իր իրերը: Պատմում են, որ նա ծիծաղել է։ Ծիծաղել է մի մարդ, ով 2013 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրի պանթեոնում՝ մի կնոջ օգնության աղերսանքներին պատասխանել է. «Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես…»։ Սա ողորմելի է։ Ի՞նչն էր փոխվել մեր մեջ, հիմնականում մի բան։ Սերժ Սարգսյանը փոխում է ՀՀ իշխանավարությունը նախագահականից վարչապետականի՝ տալով բոլոր լիազորությունները վարչապետին, որ ինքը դառնա վարչապետ։
    Անկեղծ, մենք չէինք հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ ընդդիմությանը։ Մեզ ոտքի հանեց ատելությունը։ Մենք դուրս չէինք գալիս Նիկոլի կողմից, մենք դուրս էինք գալիս Սերժի դեմ, բայց հիմա ստացվեց այնպես, որ մարդը, ում հետևից մենք հիմա պատրաստ ենք գնալ, Փաշինյանն է, որովհետև հակասերժականներ կային և մինչև այս, սակայն նրանք ոչնչի չհասան, իսկ Նիկոլը կարծես նորամուծություն բերեց մարդկանց մեջ, ստիպելով խաղալ իր օրենքներով, խաղաղ և բաց ձեռքերով, որպեսզի զերծ մնա բախումից և այն սխալից, որ կար մինչև հիմա։ Անշուշտ, դա այն էր, ինչ մեզ պետք էր, սակայն ես մինչև վերջին պահն էլ վախենում էի, որ ժողովրդի համբերությունը կսպառվի, ու ժողովուրդը կմտնի ԱԺ ու պարզապես դուրս կհանի ՀՀԿ-ականներին։
    Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ։ Ամսի 13-ն էր, ԵՊՀ-ի դիմաց։ Չկային դեռ նրանք, ովքեր վերջում պատմում էին, որ հեղափոխությունը դա իրենց անձնական հաղթանակն է, չկային նրանք, ովքեր վերջում խորոված էին անում ու շամպայն տրաքացնում։ Նոր էինք դուրս եկել ԵՊՀ-ից։ Որոշեցինք նստել, մի փոքր հանգստանալ։ Նիկոլը նստեց արձանի դիմացի քարին, գրպանից հանեց չոր անձեռնոցիկը ու մաքրեց քիթը։ Էդ պահին ես հասկացա, որ սա այն մարդն է, ում ես ուզում եմ տեսնել վարչապետ։ Մարդու, մեզ նման, հասարակ, մսից ու արյունից, կենդանի օրգանիզմ, որ ունակ է մտածելու ժողովրդի համար, քանզի ինքն էլ է այդ ժողովրդի մի մասնիկը։
    Հետո եկավ ապրիլի 16-ը, ու տեղի ունեցավ բախումը։ Երբ ոստիկանը կրակեց Հայի վրա։ Ես չեմ ուզում վենդետա, բայց ժողովուրդը իրավունք ունի իմանալ այն մարդու անունը, ով կրակել է իր վրա։
    Անկեղծ, և այդ օրը, և հետագայում, ինձ մի հարց էլ էր հուզում։ ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։ Եթե ուզում էին մեզ վախեցնել, ապա նրանք մեզ շատ վատ են ճանաչում։ Ադրբեջանը վաղուց է մեզ ուզում վախեցնել այդ կերպ, չի ստացվել նրանց մոտ, չի ստացվի և հետագայում։ Միակ մյուս տարբերակը որ կա, դա ժողովրդի վրա կրակելու տարբերակն է։ Եվ այսպես, ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։
    Կամ ինչո՞ւ ցույցերի ժամանակ ՀՀԿ-ն մեկ անգամ դուրս չեկավ ժողովրդի հետ բանակցությունների։ Եթե նրանք այդքան ճիշտ են, ապա դուրս գան, մեզ էլ բացատրեն իրենց ճշմարտացիությունը։ Միգուցե իրո՞ք իրենք էին ճիշտը, մեզ բացատրեին, գնային տուն։ Իշխանությունը, որ վախենում է իր սեփական ժողովրդից, մի՞թե իշխանություն կոչվելու իրավունք ունի։

    Հաջորդ օրերին մի բան եղավ։ Մենք` ցուցարար հավաքվածներս, գալիս էինք մեկ պատճառով. բոլորս ատում էինք այդ իշխանությունը ի դեմս նրա ղեկավար Սերժ Սարգսյանի։ Գալիս էինք մենք մի բանի համար, որպեսզի վերջ դնենք այդ խեղկատակին ու ապրենք նորմալ ու զարգացող երկրում։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, երբ տեսանք, թե ինչպես են նրանք բերման ենթարկում բոլորին, բոլորին անխտիր, ու թե ինչպես են գռեհիկ և ոչ պատշաճ վերաբերվում աղջիկներին:
    Մեծ եղբայրս՝Վազգենը, երբեք չի եղել ցուցարար։ Թե Տարկետման պայքարի ժամանակ, թե դրանից առաջ, նա չի մասնակցել ցույցերին, քանի որ չի տեսել որևէ տարբերակ, որևէ հնարավոր ելք, չի տեսել այդ հարցերի դրական ու ճիշտ լուծումը։ Բայց երբ տեսավ, թե ինչպես են վերաբերվում մեզ, ցուցարարներին, ինչպես են քաշքշում աղջիկներին, առաջին անգամ իր կյանքում որոշեց գնալ ցույցի, ոչ հանուն Սերժի հեռացման, այլ հանուն մարդկանց, հանուն ժողովրդի։ Եվ հաջորդ օրերին այդպես մտածող մարդիկ մեզ միացան, ու մենք այնքան շատացանք, որ եթե նույնիսկ ցանկանային բոլորիս բերման ենթարկել, այդքան մարդուն խցերում չէին տեղավորի։
    Եղան դեպքեր, եղան բախումներ նաև քաղաքացիների հետ, երբ ցուցարարները փակում էին ճանապարհը, իսկ մարդիկ գալիս էին և վիճում մեզ հետ։ Մեկ անգամ չէ, որ ես փակել եմ ՍԱՍ-ի (Երիտասարդականի) ճանապարհը։ Մի պատմություն ՍԱՍ-ից։
    Ապրիլի 17։ Երիտասարդական։ ՍԱՍ-ի մոտ։ Փակել ենք ճանապարհը նստարաններով ու շինարարության համար նախատեսված քարերով, տեղ-տեղ աղբամաններով ու ստվարաթղթե արկղերով։ Տղերքը զանգեցին ու ասացին, որ կարմիր բերետավորները դուրս են եկել փողոց ու սկսել են ճանապարհները բացել ու բերման ենթարկել։ Բարեբախտաբար, մեր հումորը տեղն էր՝ ՍԱՍ-ն էլ մոտիկ։ Գնեցինք քաղցր ձողիկներ, նստեցինք Մետրոնոմի անցումի քարերին ու սպասում էինք կարմիր բերետավորներին։ Եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք քաղցր ձողիկներ էինք ուտում։ Անմեղ հայացքներով նայում էինք նրանց, կարծես մենք չէինք ճանապարհները փակել։ Հետո հենց գնացին, 5 րոպե անց, էլի փակեցինք ճանապարհները։ 10 րոպե հետո էլի եկան՝ եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք էլի քաղցր ձողիկներ էինք ուտում։ Էլի փակեցինք, էլի նստեցինք քարերին ու էսպես մի քանի անգամ, քանի դեռ չսկսեցին ուշանալ, ու մենք էինք ուզում զանգել ասել, որ փակել ենք՝ եկեք բացեք։
    Ինչևէ, հաղթեցինք։ Հաղթեցինք։
    Սա հեղափոխություն էր իշխանության և մեր մտածելակերպի։ Մարդիկ հասկացել են, որ իշխանությունը նրանք չեն, իշխանությունը մենք ենք։ Հիմա էսպիսի կատակ կա մեր մեջ, որ էլի Նիկոլի թիվն է եկել։ Ու բարեբախտաբար, հենց այդպես էլ կա, որովհետև մեզանից յուրաքանչյուրիս մեջ է արթնացել այդ «Նիկոլ»-ը։ Մարդիկ արթնացել են քնից ու հիմա հավատում են, որ արդեն, գոյություն ունի արդարություն, իրավահավասարություն, խոսքի իրավունք։ Մարդիկ արդեն իրոք պատրաստ են կռվել հանուն իրենց իրավունքների։
    Այսօր եղավ առաջին ցույցը Տարոն Մարգարյանի դեմ։ Մարդիկ չեն դադարելու պայքարել։ Նրանք էլ են հավասար իրավունքներ ուզում։ Վերջապես մարդիկ, իրոք, հասկանում են, որ Պատմություն են կերտում, իսկ երբ դա հասկանում ես, իրոք սկսում ես կերտել։
    Ու հիմա ի՞նչ է ստացվում: Ողջ երկիրը և իշխանությունը պատկանում են մի մարդու՝ վարչապետին, դա արվել է այն նպատակով, որ Սերժ Սարգսյանը ունենա լիարժեք իրավասություններ անելու ինչ ուզում է։ Իսկ հիմա նրան փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը, և Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ասում են, որ պետք է սահմանադրության մեջ անել փոփոխություններ։ Այսինքն, ի՞նչ է հիմա այստեղ կատարվում՝ իշխանության է եկել ժողովրդի թեկնածուն, իշխանության է եկել հենց ժողովուրդը, և ողջ երկիրը հիմա պատկանում է օրինապահ ու սահմանադրությամբ շարժվող մարդու։ Իշխանության է եկել արդարությունը։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2018), Cassiopeia (21.07.2018), Gayl (21.07.2018), Sambitbaba (22.07.2018), Smokie (18.07.2018)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2․ Բացակաների անունից

    Բա՛րև ձեզ։ Ես 2008 թվականին 11 տարեկան էի։ Հա, էդ ի՞նչ կապ ունի։ Լսե՛ք, պատմեմ։ 11 տարեկանում հասկացա, որ արդեն առնվազն 16 տարեկան եմ։ Ուղղակի հանգամանքները ստիպեցին շուտ մեծանալ։ Հիշում եմ, որ շատ էի սիրում մնալ տատիկիս տանը ու օրերով խնդրում էի ծնողներիս, որ թողնեն էնտեղ մնամ։ Բայց էդ օրն ուրիշ էր։ Մաման ինքն ասաց․
    -Մի քանի օր տատիկիդ տանը կմնաս, հա՞։
    Սկզբում զարմացա, հետո ուրախացա։ Ամենավերջում պապան տաքսիով հասցրեց Նորքի երկրորդ զանգված։ Ուզում էի՝ քայլելով գնայինք, կես ժամ քայլելու ճանապարհ էր, բայց պապան ասաց․
    -Ժամանակ չկա։
    Ժամանակ չկար։ Երևի հենց էդ պահին հասկացա, որ ամեն ինչ էնքան էլ պայծառ չի, ինչքան ինձ էր թվացել։ Հետո անկապ մտքեր եկան գլուխս։ Հիշեցի, որ երկու օր առաջ կոտրել էր մամայի սիրած ծաղկամանը։ Որ պապան ուղարկել էր քնելու, իսկ ես ոտքս գետնին էի խփել ու չէի գնացել։ Որ դպրոցում ընկերուհուս հետ կռիվ էի արել ու մազերը քաշել էի (ի՛նքն էր մեղավոր)։ «Հա՛, հաստա՛տ էդ ա, հոգնել են ինձանից ու ուզում են թողնել ինձ․ տատիկի տուն են տանում, որ էլ երեսս չտեսնեն»։ Ուզեցի խնդրել, որ չտանեն, ուզում էի ասել, որ ինձ արդեն խելոք կպահեմ, գիշերները շուտ կպառկեմ ու Արմինեի մազերը էլ չեմ քաշի։ Բայց դե ես հպարտ աղջիկ էի։ Ու որոշեցի, որ ավելի լավ է տանեն, եթե մտքներին տենց բան է եկել։ Տատիկի հետ էլ հենց կապրե՛մ։
    Դուռը տատիկը բացեց։ Տխուր էր։
    «Երևի տատիկն էլ չի ուզում, որ իրենց հետ ապրեմ»,- մտածեցի։
    Էդ օրը կյանքում առաջին անգամ ինձ անպետք ու մենակ զգացի։ Լքված իրի նման, որ ոչ մեկին պետք չէ, բայց ափսոսում են դեն գցել։ Ուզում էի լաց լինել ու փախչել։ Բայց ու՞ր պիտի փախչեի։ Տանը ինձ չէի՛ն ուզում, տատիկը չէ՛ր ուզում, Արմինեի հետ էլ կռված էի (մեկ ա՝ ի՛նքն էր մեղավոր)։ Պապան ներս չեկավ։ Տատիկին բարևեց ու ասաց, որ արդեն պիտի գնա։ Հետո ինձ ասաց, որ ինձ խելոք պահեմ, տատիկին չջղայինացնեմ, ու որ մի քանի օրից կգա հետևիցս։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ «մի քանի» ասվածը ահավոր բան է։ Ե՞րբ պիտի գար։ 2 օրի՞ց։ Հի՞նգ։ Ավելի՞ ուշ։ Հետո տատիկի ձայնը ինձ սթափեցրեց․
    -Տղե՛ս, զգու՛յշ կլինես, խնդրում եմ։ Թե ասա՝ Ռուզանը ինչի՞ ա հետդ գալիս։ Ասա՝ մնայիր էրեխու մոտ, էլի։ Ու՜ֆ, մի սորտ եք է՜՝ ինչ դու՛, ինչ ինքը՛։ Ուշադիր կլինես։
    -Մա՛մ ջան, մի՛ անհանգստացի,- պապան ասաց,- ամեն ինչ լավ ա լինելու, ա՛ հետևիցդ։
    -Տա՛տ, բայց ինչի՞ց պիտի զգուշանային, - հարցրի՝ փորձելով չլսելու տալ էլի հնչած էդ գրողի տարած անորոշ «մի երկուսը»։
    -Բալե՛ս, դու որ դասի ես գնում, մաման չի ասո՞ւմ՝ ուշադի՛ր կլինես, զգո՛ւյշ կլինես։ Դե բա՝ ես էլ պապայիդ մաման եմ, ես էլ իմ տղուն եմ ասում։ Մամաները տե՛նց են։ Անհանգստանում են։ Դու էլ, որ մեծանաս, մամա դառանաս, դու էլ ես տենց ասելու քո երեխեքին։
    Տատիկը առաջին անգամ կյանքում չհամոզեց։ Առաջին անգամ կասկածեցի տատիկին։ Չէ՛, իրականում մաման իրոք ասում էր, որ ուշադիր լինեմ, բայց մաման ժպտալով էր ասում։ Իսկ տատիկը տխուր էր։ Բայց էլ չհարցրի։
    Տատիկը փոխվել էր։ Անընդհատ չէր ասում, որ մի բան ուտեմ։ Տատիկն առաջին անգամ իմ սիրած ճաշերից չէր պատրաստել։ Չէր հարցնում, թե ինչ եմ ուզում խաղալ։ Ուշադի՜ր, երկա՜ր, ժամերով էկրանին էր նայում տատիկը։ Սերիալ չէր նայում, լուրեր էր լսում։ Ու տենց մի քանի օր։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց հասկանում էի, որ բոլորն ավելի կարևոր բանով են զբաղված, քան իմ հարցերին պատասխանելը։ Էկրանի առաջ օրերով ինչ-որ մոխրագույն մարդիկ էին, շա՜տ մարդիկ՝ իրար գլխի լցված։ Ինչ-որ մարդիկ բարձր ձայնով խոսում էին։ Հետո բոլորով ինչ-որ բան էին գոռում։
    Հետո անկախ ինձանից ես էլ սկսեցի նայել էկրանին։ Տատիկը այնտեղ կատարվողը «միտինգ» էր կոչում։ Էդպես 11 տարեկանում սկսեցի հետևել միտինգին, որովհետև, չնայած իմ հարցերին էդպես էլ ոչ ոք չպատասխանեց, ես գիտեի, որ ծնողներս էնտեղ են՝ էդ միտինգում։ Մի օր գիշերը լսեցի տատիկի ձայնը՝ լաց էր լինում։ Հեռախոսովխոսում ու լաց էր լինում։
    -Վարդա՛ն, խնդրում եմ քեզ, տու՛ն գնացեք․․․

    Գարունս գողացան, երբ 11 տարեկան էի։ Մարտի մեկին պապան չեկավ։ Ու ձնծաղիկ չբերեց։ Ես պատուհանից դուրս էի նայում ու սպասում էի, իսկ պապան չեկավ։ Մաման չզանգեց, որ գոնե ասեմ․ «Մա՛մ ջան, շնորհավոր գարնանդ առաջին օրը»։ Երբ բալկոնից ներս գնացի, տատիկը անկյունում կծկված լաց էր լինում։ Արդեն՝ առանց արցունքները թաքցնելու։ Ուսերը ցնցվում էին։ Էկրանը անջատված էր։ Սենյակում մութ էր։
    -Տա՛տ, տա՛տ ջան, ի՞նչ ա եղել,- գոռացի։
    Վախից էի գոռում։ Գոռոցովս ուզում էի խեղդել սենյակի լռությունը։ Գոռոցիս մեջ ուզում էի հնարավոր կասկածները թաղել։ Ուզում էի՝ ուղեղս պայթեր։ Մի պահ մոլորակը կանգներ, թափ տար իրեն, ու բոլորը հիշեին, որ պատուհանից դուրս գարուն էր։
    - Գնա՛ քնելու,- ասաց տատիկը։
    Ուրիշ ոչ մի բան։ Ոչ մի բացատրություն։ Ես գնացի ննջարան, բայց գիշերանոցս չհագա։ Շորերով նստել անկողնուն ու ցնցվում էի։
    Գիշերվա կեսին դուռը ծեծեցին։ Վազեցի տատիկի հետևից։ Մաման էր դռան հետևում, աչքերն արցունքոտ էին։
    -Մա՜մ, մա՜մ,- ես նետվեցի գիրկը։
    Տատս փաթաթվեց մամային, ու էդպես երկա՜ր կանգնել իրար գրկել ու լալիս էին։ Հետո տատս հարցրեց․
    -Վարդանը մնա՞ց։
    -Հա՛, իրանց տանն ա։
    -Մա՛մ, ու՞մ տանն ա պապան։ Ի՞նչի եք լացում։ Մամ, խնդրո՛ւմ եմ, ասե՛ք էլի, ի՞նչ ա կատարվում,- էլ չէի դիմանում, պիտի իմանայի։
    -Դավիթ ձյաձյայենց տանն ա պապան, բալե՛ս, հանգի՛ստ եղի, վաղը կգա, խոստանում եմ։
    -Կլինի՞՝ մենք էլ գնանք իրանց տուն։ - ասացի։
    Դավիթ ձյաձյան ակվարիումով ձկներ ուներ, ու ես սիրում էի խաղալ էնտեղ։ Ձկներին անուններ էի տվել։ Բայց՝ փաստորեն չէր կարելի։ Մաման ասաց, որ Դավիթ ձյաձյան տանը չի։ Բա ի՞նչ էր պապան անում իրենց տանը․․․
    Հետո հեռուստացույցները, հեռախոսները, մարդիկ փողոցներում սկսեցին կրկնել էդ ամենազարհուրելի արտահայտությունը։ «10 զոհ, 10 զոհ, 10 զոհ․․․․»։ Պատերը արձագանքում էին՝ 10 զոհ , 10 զոհ, 10 զոհ ․․․․
    Իմ մանկական ականջները 11 տարեկանում արյան համը տեսան։ Աչքերիս առջև գարունը մորթվեց ու արնոտվեց։ Ձնծաղիկները չբացվեցին այդ գարուն։ Ինչ-որ մեկի այգու կեռասենիները ծաղկեցին, իսկ ձնծաղիկները՝ չէ․․․․
    Պապայենք ասացին, որ այլևս Դավիթ ձյաձյայի ձկնիկների հետ չեմ խաղալու։ Ու ես ոչ մի հարց չտվեցի։ Որովհետև, ինչքան էլ չուզեի, ամեն ինչ արդեն հասկանում էի։ Պահեր էին լինում՝ ուզում էի էլի գոռալ մարտի մեկի նման։ Գոռալ էնքա՛ն բարձր, որ ցնորվեմ ու ուղեղիցս դուրս թափվեն սարսափի օրերը։ Տատիկիս՝ էկրանին գամված տխուր աչքերը։ Մամայի լացը։ Պապայի կախված ուսերն ու կուլ գնացած ձայնը, երբ հետ եկավ։
    11 տարեկանում ես մեծացա։ Սովորեցի նոր բառեր՝ «լիդեր», «քաղաքականություն», «պայքար», «հավատ», «եռանդ», «հավաքական կամք», «ուժ», «նահանջ», «կոտրված հույսեր», «արյան մեջ խեղդված երազանք», «տապալված հեղափոխություն», «մահ», «չբացված գարուն», «ծաղկած կեռասենիներ»․․․
    Հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ։ Մարդիկ էլի դասի էին գնում, գործի, հյուր էին գնում, քեֆ էին անում՝ առիթից-առիթ։ Մարդիկ փողոցներում մուննաթ էին գալիս իրար վրա։
    Երևի թե՝ մեկ-մեկ էլ ժպտում էին։ Իսկ Դավիթ ձյաձյան չկար։ Գրեթե ոչ մեկն էդպես էլ չիմացավ, որ իրա կարոտից ձուկիկները սատկեցին․․․
    Ես մեծացա ու նոր բառեր սովորեցի՝ «դասադուլ», «գործադուլ», «աղոթք՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում»․․ Հիմա արդեն սովորում էի հենց տեղում՝ հրապարակում։ Ես էն մարդկանցից մեկն էի, որ պայքարում էին, միտինգ էին անում․․․
    Մեկ-մեկ կանգնում ու մտածում էի, որ երևի ինչ-որ 11 տարեկան երեխա հիմա հեռուստացույցի էկրանին գամված իր ծնողներին է որոնում։ Ուզում էի գրկել էդ երեխային ու ականջին գաղտնի ասել․ «Չտխրե՛ս, ճուտի՛կ, ամեն ինչ շատ լավ է լինելու»։ Տատիկս հիմա ասում էր․
    «Խելառ անտե՛ր, հորն ու մորն ա քաշել․․․»,- ու ես էնքան հպարտ էի, որ հորս ու մորս եմ քաշել․․․․
    Ես չէի պայքարում ընդդեմ ինչ-որ բանի։ Ես պայքարում էի՝ հանուն։ Հանուն արդարությա՛ն, հանուն ազատությա՛ն ու հավասարությա՛ն, հանուն իրավունքի գերիշխանությա՛ն։ Ես պայքարում ու հավատում էի ինքս իմ պայքարին։ Հավատում էի, որ ճիշտ եմ, հավատում էի, որ հաղթելու եմ։ Իսկ լիդերները գալիս ու գնում էին։ Լիդերները երևի իրենց պարտականությունն էին համարում կոտրելը, լքելը, գործը կիսատ թողնելը։ Լիդերները մի՛շտ ինչ-որ պահի գնում էին, իսկ ես՝ մասնիկը ժողովրդի քնած գիտակցության, չէի՛ գնում։
    Հետո սկսեցի քաղաքական դպրոցներ գնալ, խորությամբ էդ գիտությունն ուսումնասիրել, որ ավելի լավ հասկանամ իրավիճակը։ Գանդիի պոստեռը կպցրի սենյակումս։ Ուսումնասիրում էի, նոր բաներ էի իմանում հին՝ հաջողված պայքարների մասին, գնում էի համալսարան, որ կուրսեցիներիս պատմեմ, թե Պոպովիչը Սերբիայում ինչ հավես հաղթանակ է կարողացել տանել։ Բայց համալսարանում ինձ սպասում էին օտար ու դատարկ դեմքեր՝ ոչինչ չասող բութ դեմքեր, որ հանրապետական ուսխորհրդականների բաժանած համերգի տոմսերի համար իրար գլուխ էին ջարդում։ Իրենք ինձ ասում էին․
    -Լա՛վ էլի, ասենք հերիք չի՞, աղջի՛կ ջան։ Թարգի՛ էդ ակտիվիզմը։ Արի՛ գնանք Լոֆթ՝ մաֆիա խաղալու։ Մեկ ա՝ ո՛չ մի բանի չես հասնելու քո էդ անկապ պայքարով․․․
    Ես փորձում էի բացատրել, որ մաֆիա խաղալուց ավելի կարևոր բաներ կան, բայց իրենք երիտասարդություն էին ուզում՝ սիրահարվել էին ուզում, խաղալ էին ուզում,
    խմել ու տենց էլի։

    (շարունակելի)

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (25.07.2018), Sambitbaba (22.07.2018), Smokie (18.07.2018), Նիկեա (15.07.2018)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակությունը)

    18 տարեկանում լրիվ մենակ մնացի։ Մեն-մենակ՝ մի մեծ անապատի մեջտեղում։ Զգացի, որ ավելի մոլորված եմ երևի, քան 11 տարեկան ժամանակ՝ հայացքս հեռուստացույցի էկրանին։ Մեր հարևանը, որ մամայիս կոֆեի բաժակը նայում էր մի ժամանակ, դադարեց մեր տուն գալ․ մենք էդ բուկլետները չէինք վերցնում։ Մարտի մեկերը գալիս ու գնում էին։ Առանց ձնծաղիկ ու առանց իսկական լիդեր մարտի մեկերը։ Գարունը իր ձեռագիրը փոխեց 2008-ին ու առհավետ։ Գարուններս էլ չէին սկսվում մի փունջ ձնծաղիկով։ Գարուններն արդեն լռությամբ էին սկսվում ու պապայի՝ Դավիթ ձյաձյայենց տուն գնալով․․․
    Ուղիղ 10 տարի անց գարունս դիմավորեցի Նյու Ջերսիում։ Ձյուն էր գալիս։ Թարմ, փափուկ ձյուն։ Կյանքումս առաջին անգամ մարտի մեկին լաց եղա՝ Դավիթ ձյաձյայի ձկներին հիշեցի ու լաց եղա։
    Մեկ էլ՝ մի ամիս անց ամեն ինչ փոխվեց։ Ես մաֆիա լավ էի խաղում, բայց թե ինչ կատարվեց՝ չհասկացա։ Մի ամիս էր մնացել, որ իքսչենջս վերջացնեմ ու հետ գամ Հայաստան։ Ջերսիում հազիվ ծաղկել էին կեռասենիները, բայց էնտեղ դրանց չերրի բլոսսմ էին ասում։ Զարթնեցի, ու հայալեզու ֆեյսբուքս պայթում էր։ Ամեն ինչ փոխվել էր։ Փողոցները փակել էին։ Փոքր քույրիկս գնացել էր դպրոց, որ քաղաքի հակառակ ծայրում էր, ու մնացել էր էնտեղ՝ փողոցները փակել էին։ Մաման ստիպված էր եղել ոտքով գնալ երեխու հետևից։ Մի քանի երիտասարդի ծեծել էին։
    Նստել էի հանրակացարանում՝ Երևանից ուղիղ 9090 կիլոմետր հեռավորության վրա ու անուններ էի կարդում։ Նոր հերոսների անունները կարդում էի ու բան չէի հասկանում։ Ոնց որ մաֆիայի նոր օյին էին սկսել, խաղաքարտերը լա՜վ խառնել ու նորից էին բաժանել երևի։ Էն մեգաբութ դեմքով կուրսեցիներս կինոյի էս նոր սեզոնում հեղափոխական թույն տպեր էին դարձել։ Իրանք փողոցներ էին փակում։ Իրանք հիմա ինչ-որ պայքարել էին սկսել, երևի մոռացել էին, որ «մեկ ա՝ ոչ մի բան չէր փոխվելու»։ Նոր լիդերներ կային՝ հների դուբլյորները։ Պայքար կար՝ գաղափար չկար։ Քաղաքական տեքստ ու միտք չկար։ Ընդհանրապես՝ չկար։ Կենաց կար՝ լի՜քը հավես, սիրուն կենացիկներ։ Անու՜շ։ Սկսվել էր «ծյապիկների հեղափոխությունը»։ Մարդիկ փողոցներում խորոված էին ուտում ու մայթերով մեքենա էին քշում։ Ու պարում էին։ Դե գարուն էր, տա՜ք, ու մարդիկ բզբզում էին։ Հավե՜ս։ Հետո «ակԾիվիստ» ընկերներիցս մեկը նամակ գրեց ինձ․ «Չե՞ս ամաչում, մենք ստեղ լուրջ պայքար ենք մղում, իսկ դու «Բոն Ջովի»-ի համերգ ես գնացել»։ Մի քանի անգամ նամակը կարդացի, հետո՝ գրողի անունը, հետո՝ էլի նամակը, հետո՝ գրողի անունը։ Մե՜ծ ու խնդալու դիսոնանս կար։ Խնդալու էր։ «Դե հիմա՝ it’s my life»,- գրեցի ու դուրս եկա օնլայն ճահճից։
    Տենց մի քանի օր ես հեռվում դաս էի անում, իսկ հայրենիքում մարդիկ զբաղված էին պայքարելով։ «Դուլերի» հեղափոխությունն էր։ Բոլորը դուլ էին անում՝ աշակերտները, ուսանողները, օֆիսների՝ լուրջ դեմքով, ֆորմալ շորերով «ֆորմալ մարդիկ», օդանավակայանի ու ատոմակայանի (ատոմակայանի՛, գրողը տանի) աշխատակիցները։ Կեցցե՛ դուլը։ Մարդիկ քայլում էին ու երգում։
    Հետո մարդիկ գրկախառնվում էին աջ ու ձախ։ Մարդիկ երջանիկ էին։ Իրար աչքերի մեջ սեր ու համերաշխություն էին տեսնում, բայց Ջերսիից էդ սերը չէր երևում․ հեռուն էր երեւի շատ։ Ինչ-որ մեկը ոնց-որ թե հաղթել էր։ Ասում էին՝ թե չարը՝ բարուն։ Բայց ես 11-ում արդեն դադարել էի հավատալ հեքիաթներին։ Լա՛վ, դե հիմա հաղթել՝ հաղթել ա, շնորհավո՛ր։ Ամենահավորը սկսվեց հետո երևի թե։ Մամայենց կարոտել էի, բայց որ նայում էի էկրանին, ճիշտ ոնց որ 10 տարի առաջ, մի տեսակ՝ հետ գնալս չէր գալիս։ Վախենալո՛ւ էր։ Ահավոր վախենալու էր։ Ֆանատիզմը առհասարակ ԱՄԵՆԱՎԱԽԵՆԱԼՈՒ բանն է․․․
    Մայիսի վերջին ես վերադարձա Նոր Հայաստան։ Երկար ու հոգնեցնող ճանապարհով, Փարիզի օդանավակայանում 9 ժամ սպասելով։ Լի՜քը ուղեբեռ ունեի․ բարեբախտաբար ճանապարհի հին ամերիկացիներն ու ֆրանսիացիները օգնում էին։ Հետո նստեցի դեպի Երևան եկող ինքնաթիռը ու զգացի, որ Նոր Հայերն էլի մենակ ուտելու մասին են երազում ու ինչ-որ ծանոթ աղջկա անձնականից են խոսում։ Երեկոյան կողմ ինքնաթիռն իջավ հայրենի հողի վրա։ Ես տանն էի։ Նոր Հայաստանո՛ւմ։ Նոր Հայաստանում օդանավակայանի չորս առողջ ու բարձրահասակ տղամարդ աշխատակիցներից ոչ մեկի մտքով չանցավ օգնել, որ երեք ուղեբեռներս դուրս հանեմ՝ դեռ ուղեղով գործադուլ էին անում երևի։ Նոր Հայաստանում տաքսու վարորդներն էլի առաջվա պես հասցե գտնել չգիտեին՝ մուննաթն, իհարկե, ուղևորի վրա։ Նոր Հայաստանում չորս օր անընդմեջ համալսարան գնացի՝ մոտ 6 ժամ սպասելով, որ դեկանիս բռնացնեմ՝ վերադարձիս հրամանը ստորագրի․․․ Նոր Հայաստանում էլի 20 համարի ավտոբուսին 68 րոպե սպասեցի ու մի ոտքիս ծայրի վրա մի կերպ կանգնած՝ գլխիս էլ առնվազն երեք ծանր քաշային՝ հասա տուն (դե կարևորը հասա։ Կարող էր ավելի վատ էլ լինել )։ Նոր Հայաստանում էլի՛ ամեն ինչ առաջվանն էր։ Նոր Հայաստանում մի բան էր մենակ փոխվել։ Առաջ՝ փողոցներում ու օնլայն հարթակում մարդիկ կային։ Հիմա՝ զոմբիներ։ Ես վերադարձա Նոր Հայաստան ու հայտվեցի զոմբիների ապոկալիպսիսի մեջ։ Երջանիկ մասսայի մեջ, ովքեր չգիտեն, թե ինչի համար են այդքան երջանիկ։ Իրենք այլևս հարցեր չեն տալիս ու պատասխաններ չեն պահանջում։ Իրենք այլևս անարդարություն չե՛ն տեսնում։ Ամեն ինչից գոհ են։ Փառք են տալիս մեծ առաջնորդին ու ճաշակում սեփական հաղթանակի պտուղները, որ չկան։ Իրենց գլխի մեջ իրավիճակը հաստատ փոխվել է։ Լայվ կենացների ու «ծյապիկների» դարում ենք։ Սիրուն հունցված, ոչինիչ չասող խոսքերի ու էդ խոսքերից էյֆորիայի մեջ ընկնող, աղոթող տատիկների ու գրկախառնվող ջահելների դարում։
    Հիմա բոլորը հիացած լսում են քաղցր խոստումները՝ կյանքում առաջին անգամ սիրահարված ծինեյջեռի անմեղ ու կույր աչուկներով, ու ո՛չ մեկը չի կանգնում ու հարցնում․ «Բա ո՞նց, բա ե՞րբ, ․․․ բա ինչի՞ չարեցիք»։ Հիմա բոլորը սիրում են իրար ու թքած, որ մե՛կ ա՝ էլի փողոցում դեմքներից մուննաթը կախ ա։ Քաղաքական տեքստերը անցած էտապ են։ Հիմա ոչ մեկը դրանց հավեսը չունի։ Հիմա արդեն կեռասենիները ամբողջ թափով ծաղկում են՝ սահմանին։ Հիմա բոլորը հեղափոխական են՝ կուրսիս տղաները, որ իրավունք բառին մի տեղից են ծանոթ՝ տենց առարկա կար համալսարանում, մասնագիտական չէ՛ր, էդ դասերի ժամանակ Ժողի դիմաց աղջիկների իվելյուեյշնով էին զբաղվում իրենք։ Մեր կուրսի Լիանչիկը, որին դասերի ժամանակ էդպես էլ չտեսա՝ դասադուլավորների առաջին շարքերում էր։ Մեր հարևան Նանոր տոտան արագ կերպով մոռացավ թե քանի բուկլետ է բաժանել։ Դե հիմա՝ մեծ կին ա, տարիքն անցել, մոռացել ա՝ ի՞նչ կարող ենք անել։ Ոչի՛նչ, շուտով էլի՛ ընտրություն կլինի՝ ինքը էլի՛ բուկլետ կբաժանի՝ ուրիշ մարդկանց նկարներով։ Մեր բակի Սուրիկ ձյաձյան էլ դարձավ հեղափոխական՝ չնայած ամեն ընտրությունից հետո իր «հալալ քրտինքով» աշխատած խորովածի հոտը մի օր բոլորիս խեղդում էր։ Բյութի բլոգեր աղջիկների պահարանը ամենաարագ կերպով համալրվեց նոր՝ «դուխով» ատրիբյութիկներով։ Նախկին հանրապետական ուսխորհրդականներից մի երկուսը լրիվ միամիտ Նոր Ուժի օգնական ու խորհրդական դարձան։ Նախկին զինվածները զինաթափ եղան ու Մոնա Լիզայի ժպիտով դուրս եկան բանտերից՝ կենաց խմելու։
    Նոր Հայաստանում տեքստերը գրվում են, ասվում, մոռացվում։
    ՄԵՆՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՛ՆՔ։
    Ու գիտե՞ք ինչ․ հաշիվը բերե՛ք ու ինձ բացակա դրեք այս հեղափոխությունից։
    Չներկայացա՛ծ։
    Ի՛նձ ու Դավիթ ձյաձյայի ձկնիկներին։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (21.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Sambitbaba (22.07.2018), Tiger29 (22.07.2018)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3․ Գեղարվեստական հեղափոխություն

    Ես մի աղջիկ եմ: Ես իմ կյանքում առաջին անգամ ստեղծել եմ հեղափոխական հիշողությունների մի բույլ, որը կպատմեմ ձեզ:

    Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում ,այն նաև խոշորացված համայնք է համարվում: Այստեղ ամեն ինչ իրոք թեժ էր և անսպասելի գարնանային-հեղափոխական այդ օրերին:
    Մտքերը կարդալուն միշտ հանդիպել եմ և երբ ապրիլի 20-ն էր ընկերուհիս կարդաց իմ մտքերը, գրեց իմ և նրա զուգադիպված գաղափարը, որը հետևյալն էր. ինչու պետք է մեր ապագայի համար պայքարեն միայն երևանցիները և մի քանի այլ համայնքներ, իսկ մենք նստենք մեր տեղերում: Եվ որոշեցինք ապրիլի քսանմեկին`շաբաթ առավոտ կազմակերպել ցույց: Ահա. գրեթե հիանալի է, բոլորը ծանոթները ում առաջարկում ենք մասնակցել, ասում են, որ գալու են, մեր ուրախությանը սահման չկա:
    Շաբաթ է, գնում ենք մշակույթի տուն, այնտեղ պատրաստում ենք պլակատներ, արդեն բոլորին հայտնի արտահայտություններով՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Քայլ արա մերժիր Սերժին», «Ազատ, անկախ ՀԱՅԱՍՏԱՆ»:
    Քայլում ենք Երևան-Գյումրի ավտոճանապարհով, վանկարկելով, ժպտալով, ֆոտոներ անելով: Հասնում ենք մեր կայանատեղիին, որտեղ մինչ այդ հավաքվել էին մի քանի ավտոմեքենաներ և նաև կային ոստիկանության աշխատակիցներ:
    Մենք սկսում ենք վանկարկել, մոտենում են ոստիկանները արհեստական ձևով հարցնում են, թե ինչու՞ ենք հավաքվել,պատասխանում ենք, բացատրելով, որ մեր քայլն ենք անում: Շարունակում ենք, ասում են, որ գնանք տուն, քանի որ բան չի փոխվելու, իմաստ չկա: Դե իհարկե չենք լսում: Մոտ մեկ ժամ նույն իրադրությունն է: Եվ մենք որոշում ենք փակել ճանապարհը: Մեծերից մի քանիսը քարերր են գլորում և մենք նստում են դրանց վրա. վերջ ճանապարհը փակ է: Մի քանի ավտոմեքենաներ են գալիս, սկսում են բանակցություններ վարել, սակայն մենք անփոփոխ կերպով հայտնում ենք մեր որոշման մասին: Մի տատիկ է գալիս, ասում է, որ հիվանդանոցից է գալիս, և մենք հարգելով նրա վիճակը ընդամենը մեկ րոպեով նրա համար բացում ենք ճանապարհը ու նորից փակում: Այս ընթացքում մեզնից չեն հեռանում և’ հանդիմանությունները, և’ գովասանքները: Կան մոտ հինգ բեռնատար մեքենաններ, որոնց վարորդները հայեր չեն, նրանք թերթ են ընթերցում ու հետում են մեզ: Փորձում ենք գտնել որևէ լրագրողական էջ, սակայն չի ստացվում: Բոլորին բացատրում ենք, որ մեր նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս ցուցարարները իմանան, որ մենք հոգեպես իրենց հետ ենք և աջակցում ենք գործնականորեն: Երեք ժամ փակված ճանապարհը բացելուց հետո մենք գնում ենք տուն: Ես պատմում եմ մեր քայլերի,արկածների մասին: Մեկ օր ոչ մի գործողություն չենք կազմակերպում: Ապրիլի 23-ին նորից նույնն ենք կրկնում, սակայն այս անգամ մեզ միանում է հարևան Արագածավան գյուղը։ Ճանապարհը փակվում է, մի քանի ժամ անց խաբարբզիկ ինտերնետը ուրախ լուր է հայտնում` Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Բառիս բուն իմաստով քեֆ-ուրախություն է սկսվում, պարեր, երգեր: Համագյուղացիները կատակելով ասում են, թե մինչև երկու գյուղ չմիացան, ճանապարհը չփակեցին, վարչապետը հրաժարական չտվեց:
    Այս ամենը շարունակվեց նաև մայիսի 2-ին: Այս անգամ Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցների, հիվանդանոցի, գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին նորից ճանապարհ փակվեց, երգեր, պարեր, և այս անգամ վանկարկում էինք. «ՆԻ-ԿՈ՜Լ ՎԱՐ-ՉԱ-ՊԵՏ»: Եվ կարծես մեր և բազմահազար մարդկանց վանկարկումները տեղ հասան: Մայիսի 8-ին հաղթեց թավշյա, սպիտակ հեղափոխությունը, և այդ օրը պապիկս ասաց.

    -Նիկոլը գեղարվեստական հեղափոխություն արեց՝ սիրուն ու խաղաղ:

    Մեր պայքարը չավարտվեց: Մայիսի 17 ին մենք ամբողջ գյուղով պտտվելով ստորագրություններ հավաքեցինք մեր համայնքի բնակիչներից, ովքեր ուզում են, որ մենք լինենք անկախ համայնք, առանձնացված և ոչ թե խոշորացված. պատճառները շատ էին: Այդ մեկ օրվա ընթացքում պտտվելով, վերցնելով ստորագրություններ, անձնագրի տվյալներ ես շփվեցի իմ համագյուղացիերի հետ և հասկացա, որ շատ բան է փոխվել, նրանք հույսով սպասում ու հավատում են փոփոխությունների ալիքին: Եվ հիմա մենք էլ սպասում ենք մեր պատասխանին խոշորացման վերաբերյալ: Եվ այս նյութը գրելով հիմա, ես հաստատապես ասում եմ, որ ալիքը փոփոխությունների արդեն սկսվել է, իրոք սկսվել է:

    Իրոք, չլսված ու չտեսնված քայլը կատարվեց մեր փոքրիկ ու ՄԵԾ երկրում: Մենք ինչ-որ չափով կրթվեցինք, գործնականորեն «շփվեցինք» մեր իրավունքների հետ և զարգացանք որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Շատերը հիմա էլ են թերագնահատում, բայց ես հավատում եմ ու սպասում եմ ու գիտեմ, որ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՉԱՓՈՎ ԿՏՐՎԻ, ԴՈՒԽՈ՛Վ: Վերջիվերջո տարիներ հետո ես էլ հպարտանալու տեղ կունենամ, որ մի մասն եմ կազմել հեղափոխական գործողությունների, և կասեմ` ինձ բացակա չդնեք, թավշյա հաղթանակը դաջվեց նաև մեր համայնքում`գործնականորեն:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.07.2018), Smokie (18.07.2018)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    Ինձ բացակա չդնե՛ք:
    Դասից, թե՞ հեղափոխությունից:
    Օրինակ, ես մեկ բացակայի տեղը, երեք տեղ ներկա ստացա: Դասի գնալը այդ ժամանակ ինձ համար հավասարազոր էր ինքնախաբեության ու ինքնադավաճանության: Կյանքումս առաջին անգամ նայեցի Ազգային Մկների ժողովը: Ո՞ւ, ու ինչ, հասկացա,որ ծաղրածուներ մենակ ցիրկում չեն: Առաջին դասարանի հանդեսի նմանացրեցի, նախօրոք, տետրի մի էջից ձեռքով , անհավասար պոկված թղթի կտորների վրա գրված, գիշերը անգիր արված խոսքեր, դե ցերեկն էլ ուրիշ ծաղրանիստ կար, իսկ ժամանակ չունեին սովորելու: Գիտեի՝ խաբված ենք, թալանված, բոլորն էլ գիտեին, բայց ոչ առերես ստորացված: Խեղդվեցի:
    Կուրսով դասադուլ սկսեցինք, համալսարանում մենք առաջինն ու նախաձեռնողն էինք:Ապրի Տաթևս,թևեր տվեց,ավելի ճիշտ, թևեր ունեինք, բայց հավի էին: Մեծ պատիվ է, չ՞է: Իհարկե, ինչ-խոսք կային չհավատներ ու թերհավատներ.իսկ որտե՞ղ չկան, թող լինեն: «Ինձ բացակա չդնե՛ք հեղափոխությունից, դասից՝ ինչքա՜ն ուզում եք դրեք» արտահայտությունը յուրաքանչյուրիս սազական էր շատ: Չդնողներ էլ եղան, շարողներ էլ: Կարգ ու կանոնի՞ց, վախի՞ց թե՞ վերևներից ստիպված, էական չէր:
    Անցնեմ երեք ներկաներիս: Վանաձոր, Աբովյան, Երևան ու Հայաստանս: Երբ սկսեցինք դասադուլը գնացել էի հարազատ քաղաք՝ Վանաձոր: Ուրախությանս և իմ ու Երևանի միջև հեռավորությանը չափ չկար: Բայց ոչինչ, ծննդավայրում հաղթանակը (հրաժարականը) ավելի սրտանց նշվեց: Մեկ է հեղափոխությունը քաղաք ու գյուղ չի ճանաչում: Տեսնո՞ւմ եք այս նկարը, Նիկոլի Վանաձոր գալու օրն է արված:

    Նկարը Վանաձորիս լրիվ պատկերն ու կերպարն է, նրա ապրած ու դեռ ապրելիք օրերն ու տարիները։ Վառ է, գունավոր, սիրուն, միասնական ու պարզ (մեր մեջ ասած միամիտը, չնայած ի՜նչ միամիտ է, բան է ասում են էլի, լավ էլ «շուստրի» ենք): Անձրևանոցների գունային շարքը անձրևից հետո որոշել էր ծիածանը բերել քաղաքի սիրտ, տոնն էին նշում, իսկ անձրևը մեր մշտական հյուրն է, բա մի «թաս» կենաց չասեր Նիկոլի համար։
    Հետո Աբովյանում վարչապետ էինք ընտրում ՝ պարելով ու վոլեյբոլ խաղալով: Փողոցը փակել էին 2-ից 5-րդ դասարանցիները՝ իրենց դասղեկների ձեռքը բռնած: Նոր սերունդ էր, ավելի ԴՈՒԽՈՎ: Սովորում էին պաշտպան կանգնել իրենց ու կողքիների իրավունքներին,երկրին: Սովորել դեռ կհասցնեին ավելի լավ ու արդեն հենց իրենց ստեղծած Հայաստանում:
    Մի օր էլ Երևանում էինք ընկերուհիներով, հրապարակը մեզնով էինք արել, չ՞է չէինք սեփականացրել, է, ուղղակի ցրվում, կորում էինք, հետո ահավոր վատ կապի պատճառով զույգ-զույգ կամ կենտ–կենտ շրջապտույտ անում, զանգ անում ու էլի հայտնվում կորածների վայրում՝ ժամացույցի տակ էլի: Այդ ընթացք լուր տարածվեց, թե Կարեն Կարապետյանն էլ է հրաժարական տվել: Վարկյանի տասնորդական մասով փողոցները դարձան պարահրապարակներ, ավտոշքերթների տարածքներ ու էլ ում մտքով ինչ անցավ: Հայրս էլ էր այդ օրը Երևան,պատկերացնում ե՞ք, քայլելու սեր առանձնապես չունեցող և շնչառության խնդիր ունեցող մարդը՝ Երևանի կեսը քայլեր էր ընկերներ հետ ու շատ լավ էր զգում իրեն: Մի ամբողջ հեղափոխության մասնիկ էր կազմում ախր:
    - Տե՛ս, ես էսօր եկա, դրա համար էլ հրաժարական տվեց:
    Մի ամբողջ հայ ազգ էր այսպես կարծում: Ամեն մեկը իր սրտի ու մտքի չափով, իր երևակայության ու կամքի չափով: Տարիք, սեռ, մասնագիտություն ու դիրք կապ չունեին. Բոլորը լավն էին, միասին էին լավը, ուժեղ էին, իրավունք ու հույս ունեին: Թեկուզ, պարզվեց այդ լուրը սուտ է, հիասթափվել չկար. այսօր չի տվել,վաղը կտա: Ու տվեց, բա ո՞նց չտար, քայլել էինք, պարել, հոգնել էինք, բայց օգնել իրար, միասին մի բռունցք էինք ու այդ բռունցը չէր հարվածում: Մեր բռունցքը սիրո էր, խաղաղության ու արդարության:
    Մենք հաղթեցինք, մայիսը մեր հաղթական ամիսն է, չհաղթելու տարբերակ չկար: Մայիսի 9-ը եռատոնից քառատոն դարձրեցիք ես ու դու, ժամերով հրապարակում կանգնած մեր բարի Լեյլա տատիկը, կապույտ «սպառծիվկայով»,ժամը 1-ի կողմերը տուն գնացող Իռայի մարդը, շրջապատից ճշտած տեղեկություներով «լավ տղա» Մաքս ու էլի շատ-շատերը: Սա դեռ պատմության ինտերնետային երեսն էր,դեռ քան՜ի ու քան՜ի պատմություններ ու մարդիկ պայքարեցին, քայլեցին ու չլուսաբանվեցին: Կարևորը միասնական էին, համախմբված, բռունցք արած ու ձեռքները վեր ու խաղաղ էին պայքարում: Երգում էին, պարում, փողոցը փակում բաց սրտերով: Ծեծվում ու բերման էին ենթարվում, առանց մի կաթիլ վախի ու ափսոսանքի այն մարդիկ,ովքեր օրեր առաջ «երկիրը երկիր չի» խոսքը բերաներին դուրսն էին կյանք փնտրում: Մեծ հայրենականում հաղթանակածների, Շուշին ազատագրածների և Արցախում կռվածների սերունդներն էին դուրս եկել: Ապրիլյան տեսած սերունդն էր կռվում, այս անգամ այլ թշնամու դեմ: Ու ես մեկ էլ իմ հային այսպես համխմբված տեսել էի 2 տարի առաջ ապրիլյանին: Ու ինչպես Համո Սահյանն էր ասում. «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»: Բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել՝ Հայրենականին, Արցախյան պատերազմին ու այս դարի ապրիլին: Ժողովուրդս անտրտունջ վերցրեց, անուն էլ ինքը դրեց հայրենիք ու հաղթեց: Թավշյա հեղափողության ժամանակ խաղաղ պայմաներում հենց մենք վերցրեցինք կառավարությունը, անունն էլ ընդմիշտ կնքեցինք հայրենիք ու տերը դարձանք մեր իսկ երկրի:
    Հարսանիքը լեռներում թողած այս անգամ կազմակերպեցինք փողոցում՝ լավ ճոխ սեղաններով ու ավանդական խորովածով: Ու ինչպես մերոնք լեռներում հաղթեցինք, այնպես էլ մենք փողոցում: Պայքարի ձև մենք էինք փոխել, թշնամիններն էլ «մերոնցական» էին: Արյուն չէինք ուզում: Արդյունքում դարձանք անարյուն հեղափողության երկիր, միակ ու առաջին երկիրը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.07.2018), Smokie (18.07.2018)

  13. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Գեղարվեստական հեղափոխություն
    Շատ պարզ, թեթև սկսեցիք (՛՛Ես մի աղջիկ եմ՛՛) ու այդպես էլ շարունակեցիք: Վերևում էլ նշել էին՝ իրոք հրաշալի է, որ մարզերից էլ կան հեղինակներ, ովքեր պատմելու բան են ունեցել: Ինչպես հասկացա՝ Ձեր հեղափոխությունն էլ, ինչպես և իմը, դեռ չի ավարտվել... հրաշալի է: Մի քանի վրիպակներ կային, ոչինչ: Կարծում եմ՝ կարող էիք էլի հագեցնել ընթացիկ պատմություններով)))) Շնորհակալություն

  14. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Բացակաների անունից
    Մմմ դաա.. Գիտեք՝ հետաքրքիր էր, շատ, որովհետև պատմում էր մարդ, ով մարտի 1-ից ավելի շատ բան գիտի կամ ավելի շատ բան է հիշում, քան ես, ու դրա արդյունքում կարողացել է զուգահեռներ տանել, համեմատել: Մեջբերեմ մի տող ու շարունակեմ. ՛՛Բայց համալսարանում ինձ սպասում էին օտար ու դատարկ դեմքեր՝ ոչինչ չասող բութ դեմքեր, որ հանրապետական ուսխորհրդականների բաժանած համերգի տոմսերի համար իրար գլուխ էին ջարդում՛՛: Գիտեք՝ այս խնդրին ես էլ եմ բախվում (ինչպես հասկացա նույն համալսարանի ուսանող ենք), բայց խոստովանենք, որ ծայրահեղացնում եք, որովհետև հանրապետականը, ուսխորհրդականն ու ՛՛սուպերդեբիլը՛՛ միմյանց հոմանիշները չեն: Հեղափոխությունն էլ մեկշաբաթյա կամ մեկամսյա գործընթաց չէ, ուստի մայիսի վերջին դուք չէիք կարող այլ բանի հանդիպել, քան կար մինչ հեղափոխությունը: Եվ ոչ, մենք քննադատելու հայրենիք ՈՒՆԵՆՔ, և Դուք կարող եք ստանալ Ձեր ներկան, որովհետև հեղափոխությունը դեռ չի ավարտվել))) Փաստորեն անդրադարձս բովանդակային մասին էր վերաբերում, մնացածին չեմ էլ ուզում անդրադառնալ, լավ էր ամեն ինչ: Սիրուն եք պատմում, շնորհակալություն

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (21.07.2018), Ուլուանա (22.07.2018)

  16. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բացակաների անունից» ստեղծագործության հետ կապված ուզում էի գրեի, բայց հետո գրածս ջնջեցի:
    Հուզեց, կոկորդս սեղմված կարդացել եմ: Ամբողջ մարտի մեկը նորից տեսա ու զգացի:
    Հեղինակ ջան դու բացակա չես, հեղափոխությունը չի սկսվում և ավարտվում հրապարակում, տարբերվող մտածելակերպ ունես ու դրա համար էլ քո գրածը կարդալուց հետո որոշեցի, որ էլ ոչ մեկի գրածը չեմ կարդալու:

  17. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.07.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Երբ Սերը հաղթում է Ատելությունը
    Տիպիկ վավերագրական ժանրի գործ էր: Հեղինակը պատմեց սկզբից մինչև վերջ, պատմեց այն, ինչ բոլորս տեսել էինք ու տեսնում ենք, բայց նաև հետաքրքիր պատմություններ կային՝ սկսած գյուղի դեպքից մինչև ՍԱՍ-ի ճանապարհը փակելն ու քաղցր ձողիկները, ժպտացրեց))) Եղբայրդ՝ Վազգենը լավ քայլ է արել ու ի միջի այլոց նկատենք, որ այդ հանկարծ հայտնված մարդկանցով էր հրապարակը օր օրի ավելի լցվում ու խտանում, էլ չէինք դիմանում... Մի քիչ տեխնիկական մասին անդրադառնամ՝ վերնագիրը մի տեսակ լավ չընկալեցի. երբ Սերը հաղթում է Ատելությունը, թե երբ Սերը հաղթում է Ատելությանը: Ինձ թվում է՝ երկրորդ տարբերակն ավելի ճիշտ է, կամ ես միտքը սխալ եմ հասկացել: Մեկ էլ մի նախադասություն կար, մեջբերում եմ ՛՛Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛: Ինձ թվում է ՛՛ուզում եմ Նիկոլին վարչապետ՛՛ արտահայտությունը ճիշտ չէ, կամ գոնե վարչապետ-ից առաջ ճիշտ կլիներ բութ դնել, այնուամենայնիվ՝ շնորհակալ եմ))) Եվ կներեք սխալ չակերտներիս համար

  18. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2018
    Գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի՞ կարճ ժամանակով ))
    Ակումբը մրցույթներից դուրս էլ կարող ա շատ հետաքրքիր լինի: Մենք ուրախ կլինենք քո գրածները կարդալ նաև մրցույթներից դուրս, ուրախ կլինենք քննարկումներում քո կարծիքը լսել, հետդ զրուցել ))
    Եթե նոր բաներ գրեմ ու վստահ լինեմ, որ կարելի է դա հանձնել Ձեր դատին, անպայման կտեղադրեմ կայքում:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Աթեիստ (25.07.2018)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Օլինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նոր բաներ գրեմ ու վստահ լինեմ, որ կարելի է դա հանձնել Ձեր դատին, անպայման կտեղադրեմ կայքում:
    Անպայման տեղադրի նոր գրածներդ։ Կարող եմ քեզ խոստանալ, որ թե՛ կկարդամ, թե՛ կքննադատեմ՝ աշխատելով միաժամանակ անկեղծ ու ոչ կոպիտ լինել։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018)

  22. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2018
    Գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման տեղադրի նոր գրածներդ։ Կարող եմ քեզ խոստանալ, որ թե՛ կկարդամ, թե՛ կքննադատեմ՝ աշխատելով միաժամանակ անկեղծ ու ոչ կոպիտ լինել։
    Շատ-շատ շնորհակալ եմ:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (25.07.2018)

  24. #14
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2018
    Գրառումներ
    4
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես ասում են՝ գիշերն ամենալավ ժամանակն է լավ նորություններ իմանալու համար։ Էնքան հաճելի է, երբ իսկապես գնահատում են աշխատանքդ՝ առողջ քննադատության «ընկերակցությամբ»։ Ժյուրիի բոլոր անդամներին հատ-հատ երախտապարտ եմ։ Ճիշտ է, գործս հաղթողների շարքում չկար, բայց ինձ համար ավելի հաճելի անակնկալ էր խրախուսական մրցանակ ստանալը, այն էլ՝ «Անտարեսից» ։ 10 օր շարունակ գիշեր-ցերեկ հետևել եմ քննարկումներին, հատ առ հատ կարդացել եմ բոլոր դիտողություններն ու կարծիքները։ Առողջ քննադատությունից ավելի մոտիվացնող բան իմ ստեղծագործական «կենսագրության» մեջ չի եղել։ Իրոք հարգանքի արժանի գործ ա ձեր աշխատանքը, քանի որ իրականում շատ բարդ ա առողջ քննադատելը։ Դուք դա էնպես լավ եք անում, որ «բացասական» կարծիքներն ավելի են ոգևորում։ Ուրախությունից դժվար էս գիշեր քնեմ։

  25. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Peace (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  26. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2018
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարևներ բոլորին, ես Սոնան եմ: Փաստորեն էսքանի մեջ մենակ ես եմ չգիտեմ որ կենդանու ականջում քնած, որ ոչ կարդացել եմ հրապարակումները, ոչ ոգևորվել կարծիքներից:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Գաղթական (25.07.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •