Կարծեմ 2004 թվականին էր, որ ընտանիքով Գերմանիայում էինք: Այնտեղ է բնակվում իմ լավագույն ընկերներից մեկը, Սանկտ Պետերբուրգում մի բակում էինք ապրում: Ու քանի որ նոր էի հայտնաբերել Ուոլշին ու տպավորություններս ահագին էին, ինչ խոսք, որ անկարող էի լռել նրա "Զրույց Աստծո հետ" գրքի մասին: Իսկ երբ վերադարձանք տուն, անմիջապես գնեցի այդ երեքհատորյակը, որպեսզի հետո, երբ նրանք ընտանիքով մեզ հյուր գան, նվիրեմ իրենց: Անցյալ տարի ամռանն ընկերոջս կինը վերջապես այցելեց մեզ՝ ընկերս չկարողացավ առողջական խնդիրներով:
Պարզ է, անցած 13 տարիների ընթացքում ես հասցրել էի ապրել կյանքիս վերևում հիշատակածս 7+7 տարիները, ավարտել էի "Զրույցի..." բոլոր երեք հատորների սևագիր թարգմանությունները և, Ակումբի էջերը թույլ չեն տա ստել, հասել եմ "Զրույցի..." փոխակերպված, "Մատեան Երանության" երկրորդ հատորի մոտավորապես կեսերին:
Ուրեմն, մի օր երեկոյան նստած աշխատում եմ "Մատեանի..." վրա: Իմոնք արդեն բարձրացել են ննջարան, իսկ Լենային մենք տեղ էինք առանձնացրել ցածում, ճաշասենյակում: Ես էլ եմ դեռ ներքևում, քանի որ աշխատասենյակս է այստեղ, և ստացվեց այնպես, որ Լենան ներս մտավ ու սկսեցինք զրուցել: Հարցրեց, ինչո՞վ եմ զբաղված, պատմեցի, հետո ցույց տվեցի գրադարակի վրա Ուոլշի մոտ տասնհինգ հատորները: Հարցրեց, առաջիններն այդքան մաշված են, իսկ մնացածներն ասես նոր լինեն, ինչ է, դրանք չե՞մ կարդացել: Ասացի ոչ, դրանք մաշված են, քանի որ տարիներ շարունակ ամբողջ օրը հետս քարշ եմ տվել այստեղ-այնտեղ, աշխատել եմ թե տանը, թե տաքսու մեջ և այլն... Բայց ասաի, որ իրենց համար ու նոր օրինակն ունեմ պահած, և նրա գնալիս իրենց եմ նվիրելու: Լենան ասաց, որ եթե իրոք որոշել եմ նվիրել, ուրեմն ինքը շատ ուրախ կլիներ, որ ես նվիրեի այդ մաշված երեքհատորյակը, քանի որ այդ տարիների ընթացքում ես նրանց մեջ ահագին դրական էներգիա եմ ներդրել: Ես շատ զգացվեցի նրա խնդրանքից, անմիջապես վերցրեցի բոլոր երեք հատորներն ու տվեցի նրան:
Հաջորդ օրը Լենան կնոջս ու դստերս հետ գնացին ինչ-որ տեղ ճամփորդության: Երեկոյան, երբ որոշեցի աշխատել, գնացի, որ վերցնեմ նոր երեքհատորյակը և... դրանք չգտա: Փնտրեցի այստեղ-այնտեղ, ոչ մի տեղ չկան: Զանգահարեցի կնոջս, ասում եմ, չգիտե՞ս, թե որտեղ են դրանք, ասում է, կարո՞ղ է նվիրել ես մեկին՝ այդ երեքհատորյակը ես նվիրել եմ շրջապատումս ում ասես, - բայց այս անգամ հաստատ գիտեմ, որ ոչ, քանի որ կոնկրետ նրանց համար էր նախատեսված, ու եթե նվիրելի էլ անգամ, կնոջս հաստատ տեղյակ էի պահելու... Հետո նրանք վերադարձան, հետո՝ Լենան վերադարձավ Գերմանիա, այդպես էլ անտեղյակ, որ իր հետ տանում է "Զգույցի..." իմ միակ օրինակը... Մոտ չորս ամսվա ընթացքում ես տակնուվրա արեցի ամբողջ տունը, բայց այդպես էլ այն նոր օրինակը չգտա:
Վերջապես, հույսս կտրելով, թե մի օր կգտնեմ, նստած, որոշում եմ կայացնում, որ պետք է գնալ ծանոթ ռուսական գրախանութ ու տիրոջը խնդրել, որ մի տեղից ճարի այդ գրքերը. դե, նոր հրատարակություններ, իհարկե, հեշտությամբ կարելի է գտնել, բայց ես այն հներն եմ ուզում... Մեկ էլ, հենց այդ պահին, զանգահարում է հիշատակածս գրախանութի տերն ու ասում, որ ստացել է ՞Զրույցի..." չորրորդ գիրքը:
Քանի որ Ուոլշի տասնյակից ավել գրքերը պատկանում են "Զրույց Աստծո հետ" շարքին, ես ասում եմ, ի՞նչ չորրոդ գիրք, արդեն երևի տասնոչրսն էլ կա: Չէ, ասում է, առաջին երեքհատորյակի չորրորդ հատորը: Եկ, կտեսնես:
Գնում եմ: Իրոք որ, չորրորդ հատորն է:
Իսկ հետո, երբ եկա տուն ու սկսեցի կարդալ նախաբանը, ինձ համար պարզ դարձավ, որ այս ամբողջ գլխիս եկածը պատահականություն չէր: Պատահականություն չէր, որ Լենան, անտեղյակ, ձեռքիս տակից խլեց ու տարավ հատորները, որոնց վրա աշխատում էի, պատահականություն չէր, որ այդպես էլ չգտա երեքհատորյակի նոր օրինակը: Ոչ, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև ես պետք է մի կողմ դնեի այդ ամենը և սկսեի զբաղվել հենց վերջին հատորի թարգմանությամբ...
Այսօր հավանաբար կավարտեմ գրքի ընթերցումը, և կասկած անգամ չունեմ, որ անմիջապես սկսելու եմ թարգմանել: Ամենը, ինչ կա այնտեղ, շատ կարևոր է և մարդիկ օր առաջ պետք է իմանան դրա մասին: Իհարկե, խոսքս նրանց մասին է, որ ունեն դրա կարիքը: "Գառչիցայի սերմին" էլ ճիշտ չորս էջ բան է մնացել, կավարտեմ, որ դա էլ չխանգարի, ու կանցնեմ գործի:
Սա, օրինակ, ինձ համար լուրջ պատճառ է գործը, կամ նպատակը, կիսատ թողնելու համար:
Իհարկե, ամեն մարդու համար հենց իրեն հատուկ կարևոր պատճառներ կարող են լինել: Բայց եթե չկան, ավելի լավ է գնացքից չուշանաս...![]()
Էջանիշներ