Նոր տարին կենդանաբանական այգում
Ուսաչեվ
Նոր տարուց ոչ շատ շուտ կենդանաբանական այգու տնօրենի՝ Առյուծի մոտ մի խումբ եկավ։ Ամենից առջևում Ոզնին էր, նրա հետևում՝ Սիրամարգը, Սպիտակ արջն ու Վագրը։ Մնացածը գրասենյակում չտեղավորվեցին։
- Դե, այս անգամ ի՞նչ է պատահել,- հարցրեց Առյուծը։
- Մենք ուզում ենք տոնածառի մոտ գնալ,- ասաց Ոզնին։
- Ի՞նչ տոնածառ,- չհասկացավ տնօրենը։
- Ամանորյա,- հստակեցրեց Արջը։- Խաղալիքներով զարդարված...
- Ինչի՞ համար։
- Որ նվերներ ստանանք, Ձմեռ պապին նայենք, մեզ ցույց տանք,- պոչն իջեցրեց Սիրամարգը։
- Ձեզ ցույց տա՞՜ք,- բացականչեց տնօրենը։- Դուք բոլոր երեխաներին կվախեցնեք։
- Իսկ նրանք կմտածեն, որ մենք պարզապես դիմակներ ենք հագել՝ ամանորի դիմակահանդեսի դիմակներ,- չէր հանձնվում Ոզնին։
- Դե, իհարկե՛,- քմծիծաղ տվեց տնօրենը։- Բոլորը կնայեն մեր Կոկորդիլոսին ու կմտածեն, որ նա երեք մետրանոց տղա է՝ կոկորդիլոսի դիմակով։ Իսկ եթե որևէ մեկի մայրիկի կամ տատիկի ինքնազգացողությունը վատանա՞։ Ես պիտի պատասխան տամ։
- Ճիշտ է ասում,- հոգոց հանեց Վագրը։
- Իհարկե, ճիշտ եմ ասում,- ասաց տնօրենը։- Գնացեք։ Եվ այդ հիմարությունները դուրս շպրտեք գլուխներիցդ։
Կենդանիները լքեցին տնօրենի առանձնասենյակը։
- Հը, ի՞նչ արեցիք,- այս հարցով նրանց դիմավորեցին մյուս կենդանիները։
- Արգելեց,- քիթը քաշելով պատասխանեց Ոզնին։
- Ես էդպես էլ գիտեի,- ասաց Պինգվինը։- Պետք չէր հարցնել։
Պինգվինը վանդակում թաքցրել էր կարմին սպորտային վերնազգեստ, սպորտային կոշիկներ և նույնիսկ փոնփոնով գլխարկ։ Կենդանաբանական այգու պահակը մի փոքր լավ չէր տեսնում, իսկ Պինգվինը, օգտվելով առիթից, իրեն դեռահասի տեղ դրած, առանց թույլատվության դուրս էր գալիս քաղաք՝ զբոսնելու։
- Քեզ ի՞նչ կա,- հառաչեց Գետաձին։- Իսկ մեզ միանգամից կբռնացնեն։
Բոլորը տխրեցին։
- Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք կենդանաբանական այգում տոնածառ տեղադրենք,- վախվորած առաջարկեց Ջայլամը։
- Հիանալի միտք է։ Զարդեր ու խաղալիքներ կգնենք... - ոգևորվեցին մնացածը։
Այցելուները հաճախ էին մանրադրամներ նետում կենդանիներին, որոնցով նրանք հետո պաղպաղակ, ծամոն կամ այլ մանրուքներ էին գնում։
Բոլորը նետվեցին դեպի իրենց վանդակները, լողավազաններն ու ազատավանդակները, որպեսզի իրենց հոգեպահուստը բերեն։ Մի մեծ բուրգ մանրադրամ հավաքվեց։
Որոշվեց քաղաք գնան երեքը՝ Ոզնին, որը գիտեր շրջապատի բոլոր խանութները, Պինգվինը, որն ուներ մարդկային հագուստ, և Կենգուրուն։ Կենգուրուն լավ էր ցատկում և հեշտությամբ կարող էր անցնել կենդանաբանական այգու երեք մետրանոց ցանկապատի վրայով։ Բացի այդ, նա շատ լավ տնտեսուհի էր։ Ամբողջ կենդանաբանական այգում միայն նա ուներ սեփական պայուսակը։
Ամեն ինչ ընթանում էր նախատեսվածի նման։
Հաջորդ օրը Ոզնին հպարտորեն անցավ պահակի կողքով։ Անցյալ տարի նա ինքն էր անտառից եկել կենդանաբանական այգի և չէր համարվում այգու սեփականությունը։
Դրա համար էլ պահակը մատների արանքով էր նայում Ոզնու զբոսանքներին։
Դպրոցականների խմբերի արանքով, պահակի աչքից խուսափելով այգուց դուրս եկավ նաև Պինգվինը։
Իսկ Կենգուրուն, չնայած իր պայուսակի մեջ լիքը մանրադրամներին, հեշտությամբ թռավ այգու ցանկապատի վրայով։
Հանդիպելով նախապես պայմանավորված վայրում, եռյակը ուղևորվեց դեպի «Նվերներ» անունով խանութը։
- Դուք ի՞նչ է, փողոցի՞ց եք հավաքել այս մանրադրամները,- դժգոհ հարցրեց վաճառողուհին, երբ Կենգուրուն վաճառասեղանին դրեց մանրադրամները։
- Ոչ, կենդանաբանական այգուց,- պատասխանեց Պինգվինը։- Խնդրում եմ, մեզ տվեք հարյուր հատ տոնածառի խաղալիք, հարյուր հատ պայթուցիկ, այն շղթան ու բենգալյան կրակներ...
- Իսկ մնացած փողին՝ գունավոր թղթաժապավեն,- ավելացրեց Ոզնին։- Ամենալավը...
- Գեղեցկություն,- հիանում էին կենդանիները, երբ Պինգվինը հատ-հատ հանում էր խաղալիքները պարկի ու տոպրակների միջից։
- Այս պայթուցիկները ուժե՞ղ են կրակում,- վախեցած հարցրեց Ջայլամը։
- Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ են բենգալյան կրակները կոչվում բենգալյան,- Վագրին էր հարցուփորձ անում Զեբրը (Վագրաձին)։
- Ես ի՞նչ գիտեմ։
- Բայց չէ՞ որ դու բենգալյան վագր ես։
Աղմուկի ու խառնաշփոթի մեջ միայն Գետաձին էր հանգիստ կանգնած։
- Իսկ որտե՞ղ է տոնածառը,- հարցրեց նա։
Բոլորը լռեցին։ Պինգվինը նայեց Կենգուրուին, Կենգուրուն՝ Ոզնուն, իսկ Ոզնին շփոթված մրթմրթաց.
- Տոնածառի մասին մենք մոռացել էինք։ Բայց հիմա կվազենք ու...
Կենգուրուն պայուսակի մեջ նայեց ու հանեց մնացած միակ մանրադրամը։
- Ահա և ձեզ Նոր տարի,- փքվեց Սիրամարգը։- Իզուր իրենց ուղարկեցինք...
Բոլորի տրամադրությունն ընկավ։
- Իսկ միգուցե՞ պահակից պարտքով վերցնենք,- առաջարկեց Սպիտակ արջը։ Պահակի կրպակի անկյունում փոքրիկ պլաստմասսե տոնածառ կար դրված։
- Դա տոնածառ չի, այլ պլաստմասսե վարունգ,- քմծիծաղ տվեց Մակակա կապիկը։
- Այո,- ասաց Կոկորդիլոսը։- Մեզ պետք է իսկական, մեծ ու կանաչ տոնածառ։
- Մեծ ու կանա՞չ,- Ոզնին նայեց Կոկորդիլոսին։- Ահա այն՝ մեծ ու կանաչ։
- Ո՞ւր է։
- Ես մտածեցի, եթե մեր Կոկորդիլոսին գեղեցիկ զարդարենք, մեր կենդանաբանական այգում կունենանք ամենաիսկական մեծ ու կանաչ եղևնին։
- Ճիշտ է,- ասաց Պինգվինը։- Քո վրա կկախենք տոնածառի խաղալիքները, կզարդարենք շղթաներով ու գունավոր թղթե ժապավեններով։
- Ի՜նչ եք ասում,- նեղսրտեց Կոկորդիլոսը։ Բայց գաղափարը բոլորին դուր եկավ։ Իսկ ոմանք նույնիսկ նախանձեցին Կոկորդիլոսին։
- Ես էլ եմ տեղ-տեղ կանաչ, բայց ափսոս, որ բավականաչափ մեծ չեմ,- ասաց Սիրամարգը։
- Իսկ ես մեծ եմ, բայց ոչ այնքան կանաչ ու ձիգ,- հառաչեց Գետաձին։
Կոկորդիլոսը երկար չէր համաձայնվում։
Բայց բոլորով նրան համոզեցին։
Ամանորի նախօրեին կենդանաբանական այգու տնօրեն Առյուծը բոլորին շնորհավորեց, նրանց հանձնեց փոքրիկ նվերների տուփեր, որտեղ կային մանդարիններ, բանաններ ու հյութ։ Բոլորին ուրախ տոներ մաղթեց ու գնաց տուն։
Իսկ կենդանիները սկսեցին պատրաստվել տոնին։ Տոնածառը որոշեցին դնել շատրվանի մոտի հրապարակում։ Ձմռանը շատրվանը չէր աշխատում, դրա համար այնտեղ դասավորեցին մանդարիններն ու բանանները։ Իսկ հետո անցան գլխավորին՝ սկսեցին զարդարել Կոկորդիլոսին։
Ոտքից գլուխ Կոկորդիլոսին փաթաթեցին շղթաներով ու թղթե ժապավեններով, ու սկսեցին կախել խաղալիքները։
- Աջ ճյուղը ավելի բարձր պահի։
- Իսկ ձախը՝ մի քիչ ներքև։
- Զգույշ, որ խաղալիքները չկոտրես։
Վերջապես տոնածառը զարդարված էր։ Կենդանիները բացականչեցին.
Մեկ, երկու, երեք,
Դե, լույսեր, վառվեք...
Ոզնին միացրեց լույսերը և Կոկորդիլոսը փայլատակեցի գունավոր լույսերի մեջ։
- Ի՜նչ գեղեցիկ է,- հիացած բացականչեց Ջայլամը։- Ինձ թվում է, մեր այգու տոնածառը քաղաքում ամենագեղեցիկն է։
- Ամբողջ աշխարհում,- ուղղեց Պինգվինը։
- Ափսոս, որ Ձմեռ պապը չկա,- հառաչեց Վագրը։
Ժամացույցը ազդարարեց տասներկուսը։ Կենդանիները բացեցին հյութերը։
Եվ հանկարծ դարպասների մոտից որոտ լսվեց։
- Սա ի՞նչ է, հրավառությո՞ւն,- հարցրեց ինչ-որ մեկը։
- Նման չի,- պատասխանեց Մակակա կապիկը։- Ավելի շուտ մեր պահակի հեռուստացույցը ընկավ ցած։
Ընձուղտը երկարացրեց վիզը.
- Չէ, սա պահակը չի, Ձմեռ պապն է...
- Հնարավոր չի,- բոլոր կենդանիները նետվեցին դեպի դարպասները։
Ընձուղտը չէր սխալվում։ Իսկապես, փողոցում, կենդանաբանական այգու մուտքից ոչ հեռու կանգնած էր Ձմեռ պապի սահնակը։
Ոզնին դարպասների արանքով վազեց դեպի սահնակը։
- Ողջույն, Ձմեռ պապ, դու մե՞զ ես այցելել։
- Ես բոլորի մոտ եմ եկել,- պատասխանեց Ձմեռ պապը։- Բայց կարծես թե ոչ մեկի մոտ չեմ հասցնի գնալ։
- Իսկ ի՞նչ է պատահել,- աղմկեցին կենդանիները։
Ձմեռ պապը պատմեց, որ իր սահնակին ինչ-որ մեքենա է հարվածել։ Սահնակը քանդվել է, իսկ վախեցած եղնիկները՝ փախել են։
- Իսկ ես դեռ տասը փողոցի ու տասը նրբանցքի երեխաների նվերները չեմ հասցրել բաժանել,- տխուր հառաչեց նա։
- Պետք է օգնել Ձմեռ պապիկին,- վստահորեն ասաց Վագրը։
Պահակը պինդ-պինդ քնած էր։ Պինգվինը մտավ պահակի կրպակը և վերցրեց բանալիների խուրձը։ Մի րոպե հետո կենդանաբանական այգու դարպասները բաց էին։
Ձմեռ պապիկի սահնակին լծվեցին Վագրաձին, Ձին ու Ջայլամը։
- Ձմեռ պապիկ, մի անհանգստացիր, մենք քո նվերները կես ժամում տեղ կհասցնենք,- ասաց Ոզնին՝ նստելով սահնակի մեջ։ Նրա հետ Ձմեռ պապիկի սահնակ բարձրացան Վագրն ու Սպիտակ Արջը։
- Ինձ էլ սպասեք,- բացականչեց Կոկորդիլոսը։ Շղթաների մեջ խճճված, նա հազիվ էր կարողանում ոտքերը տեղաշարժել։
- Կանգնիր ու մի շարժվիր, մենք շուտով կվերադառնանք,- բացականչեցին նրան մնացած կենդանիները։
Սահնակը սլացավ դատարկ փողոցներով, իսկ նրա հետևից՝ կենդանաբանական այգու բնակիչները։
Նա, ով քնած չէր այդ ամանորի գիշերը, մի հետաքրքիր տեսարանի հանդիպեցին՝ քաղաքի կենտրոնով սահնակով գնում էր Ձմեռ պապը, սահնակին լծված էին Զեբրը, Ձին ու Ջայլամը։ Սպիտակ Արջն ու Վագրը պարկից հանում էին խաղալիքները, իսկ տասնյակ այլ կենդանիները այդ խաղալիքները տանում էին տների մոտ ու թողնում դռների տակ։
Իսկ նրանց նվերները, ովքեր ապրում էին երկրորդ, երրորդ կամ չորրորդ հարկերում, ընձուղի վզի վրայով կապիկներն էին բարձրացնում ու թողնում պատշգամբներում ու լուսամուտագոգերին։
Իսկ ավելի բարձր հարկերում ապրողների նվերները ժապավեններից բռնած օդ էին հանում կարապները, թութակներն ու մարգարտահավերը։
Քաղաքապետն ինքն էլ տեսնավ, թե ինչպես աֆրիկյան փիղը կնճիթով պատշգամբներ է նետում գնդակները, ասես բասկետբոլ խաղալիս։ Բայց մտածեց, որ երազ է տեսնում։
Մեկ ժամից բոլր նվերները բաժանված էին և կենդանիները վերադարձան կենդանաբանական այգի։
Իսկ այդ ընթացքում այգում հետևյալն էր կատարվում.
Այգու դարպասների մոտով երկու խարդախներ էին անցնում։ Տեսնելով, որ դարպասները բաց են, նրանք որոշեցին ներս մտնել ու եթե հաջողվի, մի բան գողանալ։ Խարդախները մտան ներս ու տեսան տոնածառը։
- Տես, է,- ասաց մեկը,- ինչ էլ սիրուն է զարդարված։
- Հիմա տոնածառի խաղալիքները թանկ արժեն,- գլխով արեց մյուսը։
Եվ նրանք որոշեցին տոնածառին մոտենալ։
Կոկորդիլոսը, սպասելով ընկերներին, ննջել էր։ Բայց, լսելով տարօրինակ շշուկները, բացեց մի աչքը։
- Դու աջ կողմի խաղալիքները հանիր, ես՝ ձախինը,- լսեց նա։
Երբ խարդախները ձգվեցին դեպի խաղալիքները, հանկարծ տոնածառը բացեց իր մեծ երախը և դեպի նրանց շարժեց երկու մեծ թաթերը։
Գողերը վախեցած ճիչերով փախան ու կենգուրուի նման թռչելով ցանկապատի վրայից, անհետացան։
Մեկ րոպե անց Ձմեռ պապիկի սահնակը մոտեցավ այգու դարպասներին։
- Սիրելի Ձմեռ պապիկ,- ասաց Ոզնին։- Եթե դու մի փոքր ժամանակ ունես, մենք ցանկանում ենք քեզ հրավիրել մեր տոնածառի մոտ։
- Մեծ հաճույքով,- պատասխանեց նա։
Տեսնելով զարդարված Կոկորդիլոսին, Ձմեռ պապը հիացավ.
- Երբեք այսպիսի հիանալի տոնածառ չէի տեսել։
Ձմեռ պապը դեռ մի ամբողջ պարկ նվեր ուներ։ Ընձուղտը նվեր ստացավ գեղեցիկ կարմիր, երկար վզկապ, Փիղը՝ բրդյա կոշիկներ ու ձեռնոցներ՝ կնճիթի համար, Գետաձին՝ էլեկտրական ատամմաքրիչ, Ջայլամը՝ հայելի, Ոզնին՝ էլեկտրական լուսարձակ...
Նվերները բոլորին հերիքեցին։
- Իսկ ի՞նձ,- հարցրեց Կոկորդիլոսը։
Ձմեռ Պապը նայեց պարկի մեջ։ Պարկը դատարկ էր, ոչինչ չէր մնացել։ Այդ ժամանակ նա իր ձեռքից հանեց ժամացույցը ու մեկնեց Կոկորդիլոսին։
- Վերցրու, սա անվանական, ջուրակայուն ժամացույց է։
- Հիանալի է,- ուրախացավ Կոկորդիլոսը։- Այժմ ես ճաշից չեմ ուշանա։
Իսկ հետո կենդանիները երգեր երգեցին, պարեցին, հյութ խմեցին։ Տոնը շարունակվեց այնքան, քանի դեռ Ընձուղտը ցանկապատից այն կողմ չնկատեց կորած եղնիկներին։
Ձմեռ պապը եղնիկներին կապեց սահնակից, հրաժեշտ տվեց կենդանիներին և խոստացավ մյուս տարի անպայման էլի այցելել կենդանաբանական այգի։
Արդեն առավոտ էր։ Կենդանիները կերան իրենց մանդարիններն ու գնացին իրենց վանդակները։
Միայն Կոկորդիլոսն էր տոնածառի զարդերի տակ քայլում ու մտածում՝ արդյո՞ք մյուս տարի ևս ինքը կլինի տոնածառը...
Էջանիշներ