106.
Վարպետ մետաղագործը նոր աշխատողին սովորեցնում էր, թե ինչպես պետք է մոտենալ շիկացած հնոցին։ Բայց աշխատողը համառորեն ուզում էր միայն իմանալ բոցի քիմիական կազմը։ Վարպետն ասաց նրան. «Կայրվես, նախքան բոցին հասնելը։ Քիմիական բանաձևը քեզ չի փրկի։ Եկ, նախ հագցնեմ քեզ և փոխեմ կոշիկներդ, աչքերդ պաշտպանեմ և ցույց տամ, թե ինչպես պետք է շնչես։ Սկզբում սովորիր հիշել ջերմության ու սառնության բոլոր անցումներն ու փոփոխությունները։ Կարող եմ ամենահրեղեն գործը քեզ համար գրավիչ դարձնել։ Դու կսիրես բոցկլտումներն ու կրակների շողարձակումը։ Բոցի լարվածության մեջ կգտնես ոչ թե սարսափ, այլ դողը հիացմունքի, և ճիշտ ընկալված Հուրը կամրացնի քո էությունը»։ - Այսպես կարելի է խորհուրդ տալ յուրաքանչյուրին, ով նոր է սկսել խորհել Հրեղեն Աշխարհի մասին։ Նախ բերենք հրեղեն նվիրումը և մեր մեջ աճեցնենք սիրո այն աստիճանը, որը գործում է որպես անմար Լույս։ Եթե երկրային աշխարհը հիմնված է ձեռակերտության վրա, ապա առավել գրավիչ է մոտենալ մտաստեղծագործմանը։
- - - - - - -
107.
Չինացի մի փիլիսոփա, ճանաչելով Նուրբ Աշխարհի ստորին շերտերի սարսափազդու կերպարանքները, որոշեց բթացնել դրանց թողած ազդեցությունը։ Այդ նպատակով նա իր ննջասենյակը լցրեց ամենասոսկալի պատկերներով։ Ապրելով այդ զազրելի դիմակների մեջ՝ նա հույս ուներ, որ վատից ավելի վատ բան այլևս չի կարող լինել։ Այդպիսի մեթոդը զազրելի է, թեև մարդիկ հաճախ, այս կամ այն չափով, սիրում են այն։ Ընդհակառակը, Մենք սովորեցնում ենք աչքը կույր դարձնել զազրելիի հանդեպ։ Ընդ որում, անհնար է պատկերացնել մարդկային արատների ստեղծած ամբողջ սարսափների չափը։ Նույնիսկ այստեղ՝ երկրային աշխարհում, հաճախ սարսափում ենք անմարդկային կերպարանքներից, բայց կարելի է պատկերացնել, թե ինչի են դրանք վերածվում իրենց մերկ էության ներքո։ Մենք այստեղ ևս հաճախ զգում ենք այդ խավար էությունների ճնշումը։ Նրանք փորձում են ոչնչացնել ամենը, իրենց համար վտանգավոր ամեն բան։ Քնի ժամանակ նրանք ձգտում են թուլացնել մարդուն, որպեսզի, օգտվելով խախտված հավասարակշռությունից՝ ավելի հեշտ վնաս հասցնեն։ Պետք չէ այս մութ ծնունդները սնահավատություն համարել։ Ամեն գիտնական պետք է հասկանա Կեցության հեռանկարի ողջ խորությունը։ Նա արդեն ըմբռնել է անթիվ մանրագույն օրգանիզմների գոյությունը, տեսել է հսկա կենդանիների ոսկորները և կարող է տեսնել էլ ավելի շատ բան, եթե Հիմալայների քարանձավների խորքը նայի։ Այդպես գիտնականը չափում է մինչև անվերջություն և անվերջ մեծությունները համարում է սովորական մաթեմատիկական լուծումներ։ Ուրեմն հենց գիտնականն էլ պետք է ընդունի հրեղեն գոյացումների անսահմանությունը։ Այդպես պետք է ամենակոպիտ մաթեմատիկական զրոներից երևակայությունն ուղղել դեպի Անսահմանություն՝ հիշելով, որ դատարկություն գոյություն չունի։
- - - - - - -
108.
Խնդրեք Ուրուսվատիին պատմել իր տեսած Կրակների բազմազանության մասին։ Թող այդ բոլոր ճառագայթները, աստղերը, հրեղեն Լոտոսները, ծաղիկները և Հրեղեն Աշխարհի մյուս բոլոր երևույթները ապրեն ու հաստատվեն։ Անհնար է երկրային բառերով արտահայտել այդ հրեղեն տեսիլքների ամբողջ որակը։ Ինչպես պայծառացում, ինչ-որ սահմաններից անդին բացվում է Հրեղեն Տարածքը։ Հնարավոր չէ այն սահմանել ժամանակով, անհնար է նշել նրա առաջացման պատճառը, քանզի չափազանց ոչ երկրային չափանիշներով է չափվում Հրեղեն Տարերքը։ Սակայն եթե մենք տեսնում ենք այն իր թե իր կոպիտ, և թե ամենանուրբ դրսևորումներում, նշանակում է, որ նույնիսկ մեր խիտ գոյությունը կարող է կանխազգալ Բարձրագույն Ոլորտը։ Հրեղեն հաղորդակցությունն անմոռանալի է, եթե թեկուզ մեկ անգամ տեղի է ունեցել։ Ուրեմն, հավաքենք արիությունը վերելքի համար։
Էջանիշներ