User Tag List

Էջ 102 102-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102
Ցույց են տրվում 1,516 համարից մինչև 1,526 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1516
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    89.


    Դպրոցներում չպետք է կարդալ միայն հերոսների մասին։ Տեղին կլինեն նաև թափառողների ճակատագրից վերցված մի քանի անանուն օրինակներ։ Սխրանքի պայծառ բոցն ավելի վառ կհուրհրա՝ այն հանգցնողների ճակատագրի ներքո։



    - - - - - - -



    90.


    Մերժված հնարավորությունները կարող են քննարկվել ոչ միայն բարոյական, այլև քիմիական տեսանկյունից։ Իսկապես, ինչպե՞ս անվանել արդեն ձևավորված ազդեցության քայքայումը, երբ արժեքավոր հրեղեն էներգիան մեծ ու երկարատև ջանքերով կուտակվել է, որպեսզի հետո ցրիվ տրվի անգիտությամբ։ Սակայն այդ հրեղեն մասնիկները, որոնք կանչվել էին որոշակի համապատասխանության համար, երկար ժամանակ մնում են անհամահունչ և կրկին արդեն կրկնակի ջանքեր են պահանջում, որպեսզի վերադառնան արարման գործին։ Կրկնում եմ, անթույլատրելի է խախտել որևէ մեկի հոգևոր տոնը։ Հանցավոր է ներխուժել արդեն ձևավորվող ամբողջական գիտակցության մեջ։ Մի՞թե Կարման հենց այդ անխոհեմ ներխուժումների հետևանքով չէ, որ դրսևորվում է։ Հատկապես անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում հրեղեն ոլորտներում։



    - - - - - - -



    91.


    Մտովի հավաքենք հրեղեն բոլոր մերձեցումները, դիտարկենք ոգեշնչման և ըմբռնման նշանները։ Մենք կգտնենք նույնական նշաններ, որոնք կմատնանշեն մի ընդհանուր հիմք, ընդ որում՝ արտաքին աղբյուր ունեցող։ Այդպես էլ պետք է լինի, քանզի սրտի Հուրը հպվում է Տարածության Հրին։ Միայն այդպիսի եղանակով է ծնունդ առնում, ավելի ճիշտ՝ բեղմնավորվում մտաստեղծագործությունը։ Ընդ որում, պետք է բարձրագույն հարգանք դրսևորել Հրի հետ շփվող ապարատի բարդության հանդեպ։ Նյարդերի նրբագույն ոսկեգույն հյուսվածքները գրեթե անորսալի են աչքի համար։ Պետք է նրանց մեջ նայել երրորդ աչքով, որպեսզի հիշենք ընդմիշտ և լցվենք հարգանքով։



    - - - - - - -



    92.


    Տեսնված ոսկեգույն հյուսվածքը կազմում է Թասի հիմքը։ Դրանով կարելի է դատել ներքին ապարատի նրբության մասին։ Այդպես նրբազգացությունը կարող է մեր մտքերը ուղղել դեպի մարդկային էակների միջև զգուշավոր վերաբերմունքի։ Պետք չէ վիրավորել միմյանց։ Հանուն Հրի պետք չէ վիրավորել։ Ոչ բոլոր ուղղումներն են կատարվում մուրճով։ Անհրաժեշտ են նաև շատ նուրբ գործիքներ և զգույշ հպումներ։ Կրկին՝ հին, բայց առայժմ դեռ չկիրառված ճշմարտություն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1517
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    93.


    Բոցավառ սրտի ճառագայթման մասին շատերն ընդհանրապես չեն հասկանա։ Սակայն նրանք, ովքեր տեսել են պայծառացման այդ Կրակները, գիտեն, թե որքան կենսական է այդ երևույթը։ Ինքը՝ Հրակիրը, նկատում է Լույսի այդ ակնթարթները, բայց բազմաթիվ պայմաններ ներկաներին թույլատրում կամ խանգարում են նշմարել անձեռակերտ Հուրը։ Իհարկե, ներկաների հատկություններն անկասկած ազդում են հենց երևույթների որակի վրա։ Հեշտորեն կարելի է պատկերացնել այդպիսի հանգցնողների ամբոխը, երբ Լույսի աստղը հեռ հազիվ կսկսի կայծկլտալ։ Սակայն երբեմն ամենապարզ ու ամենագեղեցիկ սիրտը կարող է նոր ուժով բոցավառել Հրակրին։ Մարդկային ազդեցություններից և Նուրբ Աշխարհի պայմաններից բացի, բնության բազմաթիվ երևույթներ ևս ազդում են։ Այսպես, ամպրոպի ժամանակ երևույթը կարող է ուժեղանալ, որովհետև էլեկտրական զանգվածը լարում է նաև ներքին Կրակները։ Որոշ հանքաքարերի առանձնահատկությունների դեպքում ջուրը նույնպես կարող է նպաստել ներքին ճառագայթման դրսևորմանը։ Իսկ ամենավատը, իհարկե, տների չօդափոխված թունավոր օդն է։ Իհարկե, եթե այն հիվանդությունների բուն է, ապա որքան ավելի կարող է ճնշել սրտի արտահոսքերը։ Ճառագայթման դրսևորումները պատահում են շատ ավելի հաճախ, քան կարծում են մարդիկ, բայց կանխակալ վերաբերմունքն ու չոր բանականությունը միշտ էլ կգտնեն իրենց հիմնավորումները։ Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն կարողանում գտնել իրարից անկապ դատողությունները։ Տխրահռչակ ազատվածությունը, որի մասին այնքան սիրում են խոսել, նախ և առաջ դատողությունների ստրկությունը չպետք է լինի։



    - - - - - - -



    94.


    Երբ կոչ եմ անում. «Օգնեցե՛ք մտքով», - առանձնահատուկ վստահություն եմ ցուցաբերում։ Ամեն մեկին չէ, որ մտավոր օգնության մասին կարող ես խնդրել։ Պետք է վստահ լինել մտքերի որակի և սրտի էներգիայի կենտրոնացվածության մեջ։ Այդպիսի ընտիր մտքերը հզոր ռադիոյի են նման։ Պետք է կարողանալ հավաքել ամբողջ նվիրվածությունը և չծանրաբեռնել միտքը կողմնակի զգացումներով։ Փոթորիկ է անհրաժեշտ, որպեսզի պատգամները հասնեն նպատակին, ծայրահեղ անհրաժեշտությունն էլ կդառնա անշեղություն։ Սխալ է կարծել, թե միտքն անհրաժեշտ է միայն երկրային հարթության համար, գուցե այն առավել ևս անհրաժեշտ է Նուրբ Աշխարհին՝ ստեղծելով հզոր համագործակցություն։ Աշխարհի լարվածության ժամանակ հաճախ հենց մտքերով կարելի է հավասարակշռություն ստեղծել։



    - - - - - - -



    95.


    Ձեր կողմից նշված հոսանքների ազդեցությունն ունի երկակի նշանակություն՝ դրանք հավասարակշռում են տիեզերական ցնցումները և բազմապատկում են մտային պատգամների ուժը։ Դա այսպես կոչված հոգեֆիզիկական բուժումն է։ Երբ մութը խտանում է, այդպիսի հզոր հոսանքներն օգտակար են։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1518
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    96.


    Ամեն նշանակալի օր սխրանքը պետք է զրույցի առարկա լինի։ Սխրանքն անհրաժեշտ է ընդունել որպես վկայակոչված մի բան և չհոգնել նրա մասին խոսել ու խորհել։ Դժբախտությունը ծնվում է Սխրանքի նսեմացումից։ Նույնն է, թե տաճարի մեծ նմանակը փորձեն ներս տանել փոքրիկ դռնով և հրելով կոտրեն նրա ամենաթանկ զարդերը։
    Վտանգավոր է նշանակալի օրը սեփական գանգատները մեջտեղ բերել։ Ինչպե՞ս բացատրել, որ նման կոպիտ վերաբերմունքը նման է նախապատրաստված նվագարանի լարերի վրա մուրճ իջեցնելուն։ Ամենակործանարար խոսքեր դուրս թափող մարդը մանկան պես ավելացնում է. «Բայց չէ՞ որ երկինքը չփլվեց...» Նա չի կարող տեսնել ներքին թելերի խզումը, որոնք այլևս ոչինչ և ոչ ոք չի կարող կապել։ Այսպես հաճախ անուղղելի վնաս է պատճառվում։ Սակայն Հուրը ճանաչած ամեն սիրտ կհաստատի Սխրանքի գաղափարը, քանզի առանց այն կյանքը և՛ նեղ է, և՛ անհնար։ Այդպես կրենք բոլոր երեք Աշխարհների սխրանքը։



    - - - - - - -



    97.


    Շամբալան դրսևորվում է ամենատարբեր Դեմքերով՝ դարաշրջանի ըմբռնմանը համապատասխան։ Ճիշտ կլինի ուսումնասիրել Ասիայի առասպելների բոլոր շրջափուլերը։ Այդպես կարելի է հասնել Սիբիրի, որպես Մայրցամաքի ամենաանհայտ և նախնական հատվածի հետ կապված ամենահնագույն Ուսմունքներին։
    Հիերոգլիֆների կապը Զատկի կղզու գրանշանների հետ անկասկած է։ Այդպես բացահայտվում է ժողովուրդների նոր համադրության պատկերը, ինչը լիովին համապատասխանում է ամենահին տեղեկություններին։ Այսպես ևս մեկ անգամ տեսնում եք, թե ինչպես են տարեգրությունները պահպանել ճշմարիտ պատմական տվյալներ, սակայն մարդիկ դրանք ընդունում են մեծ դժվարությամբ միայն։ Ճիշտ նկատեցիք, որ Կալաչակրայի մասին գիտելիքները շրջանցվում են լռությամբ, դա ոչ միայն տգիտությունից է, այլև հիմքերին դիպչելու սարսափից։ Մարդկությունը նույն սարսուռով շրջանցում է գիտելիքի ջրհորները՝ այդպես է բոլոր Աշխարհների մասին, և Հրեղեն Աշխարհի մասին նույնպես մարդիկ կսարսռան։



    - - - - - - -



    98.


    Փնտրե՛ք մարդկանց բաժանումը ըստ տարերքների։ Ոչ միայն արյան որակով, այլև նյարդային նյութի հատկությամբ կարելի կլինի նկատել տարերքների նկատմամբ անմիջական արձագանքը։



    - - - - - - -



    99.


    Ամեն հիվանդության դեպքում կարելի է կիրառել մտային բուժում կամ թեթևացում։ Սակայն այդ միտքը պետք է հիվանդությունը դուրս մղի օրգանիզմից ամբողջ ուժով, առանց տատանման և առանց ընդհատումների։ Բայց եթե նման զորությունը հնարավոր չէ դրսևորել, ապա ավելի լավ է ընդհանրապես չմտածել հիվանդության մասին և ստորին Մանասին թույլ տալ ներքին պայքար վարել։ Ամենավնասակարը մտային տատանումն է և հիվանդության հաղթանակի պատկերացումը։ Նման դեպքում ավելի լավ է հիվանդի ուշադրությունը շեղել իր վիճակից։ Երբ մարդիկ սկսում են խոսել հիվանդության կործանարար ելքի մասին, իրենք են այն մոտեցնում։ Նույնիսկ ամենահասարակ հիվանդությունը կարող է վտանգավոր չափերի հասնել, եթե սնուցվում է մտքով։ Պետք է հիվանդանոցներում հետևել, թե մտքերն ինչպես են ազդում հիվանդության ընթացքի վրա։ Նույնիսկ վերքերի ապաքինումը կախված է հոգեկան էներգիայից։ Մենք կրկին վերադառնում ենք նույն Հրին, որ ծնում է միտքը։ Ճառագայթներով բուժումը, ջերմային ներգործությունը, լուսային բուժումները՝ այս բոլորը նույն հրեղեն ներգործությունների դրսևորումներն են, որոնք, սակայն, թույլ են մտքի զորության համեմատ։ Ուստի ամենակենսական խորհուրդն է՝ զարգացրե՛ք հրեղեն միտքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1519
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    100.


    Ճիշտ է երկրային գոյության համադրական նշանակության մասին պատկերացումը։ Անհրաժեշտ է պահպանել գիտակցության ամբողջ ուժը Նուրբ Աշխարհի Բարձր Ոլորտներին հասնելիս։ Սակայն միայն համադրական գիտակցությունն է տալիս այդ հնարավորությունը։ Անհրաժեշտ է նաև սովորել հնարավորինս արագ կողմնորոշվել, բայց ի՞նչը կարող է օգնել դրանում, եթե ոչ համադրական մտածողությունը։ Մարդիկ խոսում են սուր տեսողության մասին, սակայն այդ հատկության տակ հասկանում են միայն մեկ ուղղությամբ սևեռուն տեսնելը։ Բայց նույնիսկ լավագույն պահակներն են կործանվել, երբ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են մեկ ուղղության վրա։ Կարելի՞ է արդյոք գնահատել Բնության բոլոր հարստությունները, եթե մեր աչքը չի վարժվել շարժունությանը։



    - - - - - - -



    101.


    Այնտեղ, որտեղ կա ատելություն, արդարացում լինել չի կարող։ Կոչում եմ բարյացկամության, բայց ոչ թուլության։ Ամեն ինչ կարելի է նվիրաբերել Լույսի Ծառայությանը, սակայն բարյացկամությունը պետք է փորձության ենթարկել Կրակի վրա։ Դա պետք է հասկանալ սրտի լարերով։ Բայց երբ վագրի հանդիպեք, օգնության մասին մի՛ մտածեք. նողկանքն էլ չափ ունի։



    - - - - - - -



    102.


    Միտքն իր անժամանակայնությամբ և անչափելիությամբ պատկանում է Նուրբ Աշխարհին, սակայն նույնիսկ այս կառուցվածքի մեջ էլ պետք է զանազանել ավելի խոր հնարավորություններ։ Հրեղեն միտքը գնում է ավելի խոր, քան Նուրբ Աշխարհի միտքը, ուստի հենց հրեղեն միտքն է առավել արդարացիորեն արտահայտում բարձրագույն ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր մարդ, եթե ուշադիր լինի, կարող է տարբերել մտքի այդ երկու շերտավորումը։ Սովորական մտածողության հոսքի մեջ մենք հաճախ ասես նաև առաջինը մաքրող և խորացնող երկրորդ միտք ենք գիտակցում։ Սա մտածողության երկվություն չէ, այլ, ընդհակառակը, նշան է, որ ավելի խոր կենտրոնները գործուն մասնակցություն են ձեռնարկել։ Այդ հրեղեն ընթացքը հնդկական մետաֆիզիկայում ունի իր հատուկ անվանումները, սակայն մենք դրանց չենք անդրադառնա, որովհետև դա միայն վեճերի և արևմտյան փաստարկումների առիթ կտա։ Այդ բանավեճերը չեն օգնի, երբ մեզ հարկավոր է հիշեցնել Հրեղեն Աշխարհի հետ կապված մտածողության մի պարզ փաստ։ Նույնիսկ երեխաներն են բացականչում. «Լուսավորվեցի՛» կամ «Միտքս պայծառացա՛վ»։ Այսպես են կոչվում ճշմարիտ և ակնթարթային որոշումների պահերը։ Կարելի է հիշել, թե ինչպես էր խնդիրներ լուծում Կովալևսկայան։ Բնորոշ է Հրեղեն Աշխարհի հետ կապված այդպիսի հրեղեն վիճակը։ Դուք գիտեք, թե ինչպես նուրբ մտքերի վրա հայտնվում են ավելի խորքային մտքեր, որոնք երբեմն դժվար է անջատել Նուրբ Աշխարհի մտքերից։ Մեր մոլորակի պայմաններում այդ ամբողջական անջատումը հնարավոր չէ։ Սակայն արդեն իսկ այդ երկակի կարգի մտքերի զգացողությունը պետք է մեզ օգնի գիտակցել աշխարհների բաժանումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1520
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    103.


    Իհարկե, մենք երբեմն գործ ունենք վաղեմի հիշողությունների հետ, սակայն կարող են նաև հրեղեն պայծառացման դեպքեր էլ լինել։ Այդպես էր նաև այն դեպքում, որի մասին հիշեցինք։ Հրեղեն Աշխարհը մեզ բերում է պայծառացման կայծակներ ճիշտ այնպես, ինչպես ամպրոպի կոպիտ դրսևորման դեպքում։ Ինչպես ամպրոպները մշտապես Երկիրը սնուցում են մաքրված ապրան-պրանայի պաշարով, այնպես էլ Հրեղեն Աշխարհն անդադար հեղում է իր ներգործության ալիքները։ Ցավոք, ընդունիչները հազվադեպ են, բայց եթե գիտակցությունը սկսի մարզվել Հրեղեն Աշխարհի հետ հաղորդակցվելու համար, ապա այդպիսի ընդունիչը կարող է բնականորեն հաստատվել։ Սակայն բոլոր աշխարհների համար ամենահեշտը Վերարքայությանն ամուր կառչելն է։



    - - - - - - -



    104.


    Դաժանասրտությունը մեռածասրտություն է։ Մեռած սրտերը աշխարհը լցնում են նեխումով։



    - - - - - - -



    105.


    Եթե հնարավոր է տարբերել մտքի շերտերը, ապա նույն կերպ կարելի է զգալ նաև գործունեության տարբեր տեսակները։ Սկզբում թվում է, թե ամբողջ գործունեությունը տեղի է ունենում միայն երկրային հարթության վրա։ Սակայն հետո, այսպես կոչված երազների ընթացքում, զգայիմացությունը սկսում է առանձնացնել կարծես մի այլ գործունեություն, որը կատարվում է ոչ միայն երկրային ոլորտում։ Այդպես ձևավորվում է մեր գոյության մեջ նաև այլ աշխարհների ներթափանցման առաջին գիտակցումը։ Այնուհետև, արդեն լիակատար արթուն վիճակում, սկսում են նկատվել ակնթարթային «բացակայություններ», որոնք կապված չեն որևէ հիվանդության հետ։ Այդ կերպ աշխարհների միջև կապն ու դրանց մեջ մեր մասնակցությունը ավելի խորն են ուրվագծվում։ Գիտակցության համար հեշտ չէ ընդգրկել անտեսանելի աշխարհների մասին պատկերացումը։ Մեր խիտ մարմնական պատյանի պատճառով մենք չափազանց դժվարությամբ ենք գիտակցում մեր տեսողությունից դուրս գտնվող բոլոր հնարավորությունները։ Պետք է վարժվել մտածել իրականում գոյություն ունեցող ամբողջ աշխարհների մասին։ Նուրբ Աշխարհը միայն մեր գիտակցության վիճակը չէ։ Այն իսկապես ամբողջական աշխարհ է՝ իր բոլոր հնարավորություններով և բոլոր խոչընդոտներով։ Նուրբ Աշխարհի կյանքը հեռու չէ երկրայինից, ուղղակի գոյություն ունի այլ հարթության մեջ։ Այն ամենը, ինչ այստեղ վաստակվում է, չի կորչում։ Ընդհակառակը՝ բազմապատկվում է։ Բայց եթե այստեղ դժվար է պահպանել գիտակցության պարզությունն ու հստակությունը, ապա այնտեղ դա առավել ևս դժվար է, որովհետև մենք հանդիպում ենք բազմաթիվ երևույթների, որոնք պատկանում են մեզ համար նոր՝ բարեշրջման այլ կարգերի։ Այդ պատճառով հատկապես անհրաժեշտ է պահպանել գիտակցության պարզության մասին ուխտը։ Իհարկե, հենց դա էլ արտահայտվում է ճշմարիտ համադրությամբ։ Բայց եթե գիտակցությունն այնքան անհրաժեշտ է Նուրբ Աշխարհի համար, ապա որքան առավել անհրաժեշտ պիտի լինի այն Հրեղեն Աշխարհի համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1521
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    106.


    Վարպետ մետաղագործը նոր աշխատողին սովորեցնում էր, թե ինչպես պետք է մոտենալ շիկացած հնոցին։ Բայց աշխատողը համառորեն ուզում էր միայն իմանալ բոցի քիմիական կազմը։ Վարպետն ասաց նրան. «Կայրվես, նախքան բոցին հասնելը։ Քիմիական բանաձևը քեզ չի փրկի։ Եկ, նախ հագցնեմ քեզ և փոխեմ կոշիկներդ, աչքերդ պաշտպանեմ և ցույց տամ, թե ինչպես պետք է շնչես։ Սկզբում սովորիր հիշել ջերմության ու սառնության բոլոր անցումներն ու փոփոխությունները։ Կարող եմ ամենահրեղեն գործը քեզ համար գրավիչ դարձնել։ Դու կսիրես բոցկլտումներն ու կրակների շողարձակումը։ Բոցի լարվածության մեջ կգտնես ոչ թե սարսափ, այլ դողը հիացմունքի, և ճիշտ ընկալված Հուրը կամրացնի քո էությունը»։ - Այսպես կարելի է խորհուրդ տալ յուրաքանչյուրին, ով նոր է սկսել խորհել Հրեղեն Աշխարհի մասին։ Նախ բերենք հրեղեն նվիրումը և մեր մեջ աճեցնենք սիրո այն աստիճանը, որը գործում է որպես անմար Լույս։ Եթե երկրային աշխարհը հիմնված է ձեռակերտության վրա, ապա առավել գրավիչ է մոտենալ մտաստեղծագործմանը։



    - - - - - - -



    107.


    Չինացի մի փիլիսոփա, ճանաչելով Նուրբ Աշխարհի ստորին շերտերի սարսափազդու կերպարանքները, որոշեց բթացնել դրանց թողած ազդեցությունը։ Այդ նպատակով նա իր ննջասենյակը լցրեց ամենասոսկալի պատկերներով։ Ապրելով այդ զազրելի դիմակների մեջ՝ նա հույս ուներ, որ վատից ավելի վատ բան այլևս չի կարող լինել։ Այդպիսի մեթոդը զազրելի է, թեև մարդիկ հաճախ, այս կամ այն չափով, սիրում են այն։ Ընդհակառակը, Մենք սովորեցնում ենք աչքը կույր դարձնել զազրելիի հանդեպ։ Ընդ որում, անհնար է պատկերացնել մարդկային արատների ստեղծած ամբողջ սարսափների չափը։ Նույնիսկ այստեղ՝ երկրային աշխարհում, հաճախ սարսափում ենք անմարդկային կերպարանքներից, բայց կարելի է պատկերացնել, թե ինչի են դրանք վերածվում իրենց մերկ էության ներքո։ Մենք այստեղ ևս հաճախ զգում ենք այդ խավար էությունների ճնշումը։ Նրանք փորձում են ոչնչացնել ամենը, իրենց համար վտանգավոր ամեն բան։ Քնի ժամանակ նրանք ձգտում են թուլացնել մարդուն, որպեսզի, օգտվելով խախտված հավասարակշռությունից՝ ավելի հեշտ վնաս հասցնեն։ Պետք չէ այս մութ ծնունդները սնահավատություն համարել։ Ամեն գիտնական պետք է հասկանա Կեցության հեռանկարի ողջ խորությունը։ Նա արդեն ըմբռնել է անթիվ մանրագույն օրգանիզմների գոյությունը, տեսել է հսկա կենդանիների ոսկորները և կարող է տեսնել էլ ավելի շատ բան, եթե Հիմալայների քարանձավների խորքը նայի։ Այդպես գիտնականը չափում է մինչև անվերջություն և անվերջ մեծությունները համարում է սովորական մաթեմատիկական լուծումներ։ Ուրեմն հենց գիտնականն էլ պետք է ընդունի հրեղեն գոյացումների անսահմանությունը։ Այդպես պետք է ամենակոպիտ մաթեմատիկական զրոներից երևակայությունն ուղղել դեպի Անսահմանություն՝ հիշելով, որ դատարկություն գոյություն չունի։



    - - - - - - -



    108.


    Խնդրեք Ուրուսվատիին պատմել իր տեսած Կրակների բազմազանության մասին։ Թող այդ բոլոր ճառագայթները, աստղերը, հրեղեն Լոտոսները, ծաղիկները և Հրեղեն Աշխարհի մյուս բոլոր երևույթները ապրեն ու հաստատվեն։ Անհնար է երկրային բառերով արտահայտել այդ հրեղեն տեսիլքների ամբողջ որակը։ Ինչպես պայծառացում, ինչ-որ սահմաններից անդին բացվում է Հրեղեն Տարածքը։ Հնարավոր չէ այն սահմանել ժամանակով, անհնար է նշել նրա առաջացման պատճառը, քանզի չափազանց ոչ երկրային չափանիշներով է չափվում Հրեղեն Տարերքը։ Սակայն եթե մենք տեսնում ենք այն իր թե իր կոպիտ, և թե ամենանուրբ դրսևորումներում, նշանակում է, որ նույնիսկ մեր խիտ գոյությունը կարող է կանխազգալ Բարձրագույն Ոլորտը։ Հրեղեն հաղորդակցությունն անմոռանալի է, եթե թեկուզ մեկ անգամ տեղի է ունեցել։ Ուրեմն, հավաքենք արիությունը վերելքի համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1522
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    109.


    Երեքտարածքայնությունը դևի կապանքներն են, - ասել է ինչ-որ մեկը։ Իրոք, նա, ով մարդկային գիտակցությունը շղթայեց երեքտարածքայնությամբ, իսկական բանտապետ էր։ Ինչպե՛ս կարելի էր թաքցնել այլ՝ գեղեցիկ, բարձրագույն տարածքները։ Երեխաներն իրենց առաջին հարցերում հաճախ ձգտում են անցնել պայմանական սահմաններից անդին։ Հին Իմաստությունը ոչ մի տեղ չի պնդել, թե միայն երեք տարածքներ գոյություն ունեն։ Միայն մարդկության կոպտացման հետ այդ սահմանափակումը գրավեց մարդկանց մտքերը։ Հատկանշական է, որ մարդիկ սկսում են զբաղվել սահմանափակումներով հենց այն ժամանակ, երբ սրտի ճրագները հանգչում են։ Այս ինքնանվաստացման բազմաթիվ պատմական օրինակներ կարելի է բերել։ Սակայն մարդկային գիտակցությունը չի ցանկանում հասկանալ ինքնակատարելագործման հիմքերը։ Դրանով նա փորձում է փակել իր առջև ամենաարժեքավոր հնարավորությունները։



    - - - - - - -


    110.


    Հրեղեն ազդեցությունների ճանաչումն ըստ զգայարանների է բաշխվում։ Առաջին տպավորությունը տեսողականն է լինում՝ իր ամբողջ հրեղեն բազմազանությամբ։ Այնուհետև միանում է լսողությունը՝ ոլորտների երաժշտությամբ, զանգերի հնչյուններով և Բնության լարերով։ Այնուհետև գալիս է շոշափելիքի հղկվածությունը՝ ռիթմի, ջերմության ու ցրտի զգացողություններով։ Ամենադժվարը հոտառության և համի զգայարաններն են։ Սակայն Ուրուսվատին գիտի, թե ինչ է նշանակում հեռվից զգալ մարդու հոտը։ Այժմ Ուրուսվատին գիտի նաև մեկ այլ, չափազանց դժվար բան։ Զգալ Նուրբ Աշխարհում գտնվող մետաղի համը՝ արդեն իսկ հսկայական հղկվածության նշան է։ Սակայն ոչ միայն պետք է կարողանալ տարբերել այս ազդեցությունները, պետք է նաև կարողանալ դրանք նկատել։ Այդպիսի տարբերակումը շատ հազվադեպ է, սակայն երեքտարածքայնության սահմաններից դուրս գալով՝ այն դառնում է հասանելի։



    - - - - - - -


    111.


    Մոտենալով Հրեղեն Աշխարհին, անհրաժեշտ է ամուր յուրացնել մշտականության որակը։ Շարժունության պայմաններում դա ամենևին էլ հեշտ հատկություն չէ։ Երկու հատկություններն էլ չեն նշանակում միայն անվերջ ծամել նույն հացի կտորը կամ անվերջ վազվզել նույն մկան թակարդում։ Հեշտ չէ այդ հատկությունները հաստատել ոգու մեջ, քանի դեռ չեն հաղթահարվել երեքտարածքայնության սահմանափակումները։



    - - - - - - -


    112.


    Ճիշտ է նկատված, որ մսայինից բուսական սննդակարգին անցնելու համար պահանջվում է մոտ երեք տարի։ Սակայն եթե նույնիսկ զուտ ֆիզիկական պայմաններին հարմարվելու համար այդքան ժամանակ է անհրաժեշտ, ապա գիտակցության փոխակերպման համար պակաս ժամանակ չի պահանջվում, եթե միայն կարմայական պայմանները նախապես դրա համար առանձնահատուկ հնարավորություններ չեն նախապատրաստել։ Վերափոխել գիտակցությունը նշանակում է մուտք գործել առանձնահատուկ աշխարհ; նշանակում է ստանալ այն ամենի առանձնահատուկ գնահատականը, ինչ տեղի է ունենում; նշանակում է առաջ ընթանալ՝ առանց հետ նայելու; նշանակում է թողնել տրտունջները և ձեռք բերել բարյացակամություն։ Տարօրինակ չի՞ թվա արդյոք, որ սննդակարգի փոփոխության համար պահանջվող ժամանակի մասին խոսելիս կողքին դրվում է նաև բարյացակամության էթիկական հասկացությունը։ Սակայն, բարեբախտաբար, յուրաքանչյուր բժիշկ կհաստատի մեր ասածը, որովհետև բարյացակամությունը մարսողության լավագույն միջոցներից մեկն է։ Մարդիկ սիրում են, երբ հոգևոր հիմունքներն աջակցված են նաև սննդի վերաբերյալ խորհուրդներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1523
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    113.


    Սկզբունքը մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել նույն կարգի հաջորդ աստիճանների մասին։ Ամեն մարդ կարող է սովորել լողալ, հենց որ իր գիտակցության մեջ հաղթահարի տարերքի զգացողությունը։ Նույն սկզբունքով մարդը կարող է պառկել ջրի վրա, իսկ որոշակի վարժությունների շնորհիվ՝ նստել ջրի վրա։ Առաջ ընթանալով՝ մարդ-հրեղեն հոգին կարող է նաև կանգնել ջրի վրա։ Իհարկե, այդպիսի կանգնելը, ինչպես նաև օդասավառնումը (լևիտացիան), արդեն հրեղեն գործողություններ են։ Դուք գիտեք օդասավառնման մասին և հիշում եք, թե նախապես ինչպիսի հրեղեն լարում է պահանջվում դրա համար։ Սակայն օդասավառնումն այնքան էլ դժվար չէ, որովհետև Հրի տարերքը մոտ է օդին։ Մարմնի ամբողջ կատարելության դեպքում անգամ մարդը անմիջապես կխորտակվի կամ վայր կընկնի՝ բավական է միայն ամենաչնչին երկմտանքը։ Երկմտանքի ռեֆլեքսը ամենազարմանալին է։



    - - - - - - -



    114.


    Պետք չէ զարմանալ շուրջբոլորը կուտակվող մութ էություններին։ Եթե, օրինակ, քո ծաղկանոցում առյուծ տեսնեիր, անկասկած, ամբողջ տանը խառնաշփոթ կսկսվեր։ Մթերի համար դուք հենց այդ առյուծն եք նրանց բանջարանոցում։ Նրանք քիչ ջանք չեն թափել իրենց տատասկափուշը աճեցնելու համար, և հանկարծ անկոչ առյուծ է հայտնվել։ Իրոք որ, երբեմն խղճալի են մարդատյացության բոլոր ջանքերը։ Եվ այնուամենայնիվ, երկմտանքի բացակայությունն ավելի զորեղ է մթերի բոլոր ոստայններից։



    - - - - - - -



    115.


    Մարդկանց աչքի առջև տեղի են ունենում ֆիզիոլոգիական հետևանքներ ունեցող բազմաթիվ հոգևոր ներգործություններ, սակայն մարդիկ չեն ցանկանում նկատել դրանք։ Նույնը կարելի է տեսնել նաև Նուրբ Աշխարհ այցելելիս, որտեղ այդ երևույթները շատ ավելի հստակ են դրսևորվում։ Աստրալ մարմնի քայքայումը նույնպես կախված է հրեղեն հպումից։ Երբ հրեղեն էությունը մոտենում է Նուրբ Աշխարհի որոշակի շերտերին, կարելի է տեսնել մի զարմանալի երևույթ։ Հրեղեն էությունը դառնում է մի տեսակ փորձաքար։ Նրա հպումից որոշ նուրբ մարմիններ ուժեղացնում են իրենց հրեղենունակությունը, իսկ մյուսներն անմիջապես քայքայվում են։ Այդ գործընթացը տեղի է ունենում շատ արագ՝ ասես կրակի ներգործությունից։ Այդպես կարելի է համեմատել զարմանալի վերելքների և արժանիորեն տեղի ունեցած հեռացումների մի ամբողջ շարք։
    Հրեղեն հատկությունները կարող են դրսևորվել ոչ միայն Հրեղեն Ոլորտից, այլև երկրի վրա մարմնավորված հրեղեն մարդկանց միջոցով։ Հարկ է աստիճանաբար ընտելանալ այն մտքին, որ նաև այստեղ՝ Երկրի վրա, կարող են դրսևորվել բարձրագույն հրեղեն հատկությունները։ Պետք է ընդունել դա ոչ միայն այն պատճառով, որ դա անժխտելի է, այլև ելնելով բնության երևույթների բազմազանությունից։ Կարող են չընդունել, որ առանձնացած նուրբ մարմինը կարող է կատարել զուտ ֆիզիկական գործողություն, օրինակ՝ գրել, սակայն դուք գիտեք, որ դա հնարավոր է, և Ինձ հարկ չկա ձեզ դրանում համոզելու։ Իհարկե, նման գործողության համար անհրաժեշտ է հրեղեն էներգիա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1524
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    116.


    Հրեղեն էներգիան ուղղորդելիս անհրաժեշտ է գործադրել ջանք, և այդ էներգիան, կարճության համար, այսուհետև կկոչենք Հուր։ Այդ ջանքը, անշուշտ, ո՛չ ֆիզիկական, և ո՛չ էլ նույնիսկ նուրբ ոլորտի է։ Արևելքում հասկանում են այդ կայծակնայնությունը։ Արևմտյան լեզուներում այդ նրբագույն հասկացությունն արտահայտող բառ ընդհանրապես գոյություն չունի։ Այդ պատճառով էլ այդքան դժվար է խոսել Հրեղեն Աշխարհի մասին։ Արևելյան լեզուներում նույնպես այդ հասկացությունը երբեմն աստիճանաբար մեռնում է՝ ժամանակակից գիտակցության համար իր անպիտանելիության պատճառով։ Այդպես Տաոյի բազմաթիվ նշաններ վերածվել են ընդամենը արտաքին գծագրության։



    - - - - - - -



    117.


    Որքա՜ն վեհ զրույցներ են տեղի ունենում։ Բարձրագույն Գիտելիքի որքա՜ն նշաններ են հեղվում մարդկային կյանքի մեջ, և ոտնակոխ են արվում թեփի պես։ Բայց ո՞վ է արիաբար մտածում վաղվա օրվա մասին։
    Ընդհակառակը, վաղվա օրը սովորաբար մնում է սերմնարան սարսափների, որոնց մեջ խեղդվում է գիտակցությունը։
    Պետք է ուշադրություն դարձնել ամեն օրվա հրաշքներին։
    Հենց օրորոցից իսկ սկսենք վստահության և ինքնակատարելագործման ողջ ուղին։



    - - - - - - -



    118.


    Պետք է խորացնել հենց բարյացակամության ուղին։ Այն հաստատված է որպես մեր Կեցության բուն էություն։ Չմոռանանք այդ թալիսմանը ոչ մի ժամ։ Այն նման է ձեզ արդեն ծանոթ հրաշալի քարի։ Չմոռանանք այդ քարի հատկությունը և հաստատենք այն մեր դրոշով։



    - - - - - - -



    119.


    Պետք է ողջունել այն ամենը, ինչն ունի կենսունակություն։ Պետք է ողջունել յուրաքանչյուր կայծ, քանզի նրանից է աճում Հուրը։ Ուրեմն եղե՛ք բարյացակամ։



    - - - - - - -



    120.


    Գինեմոլությունն ու ափիոնը Հրեղեն Աշխարհին մոտենալու այլանդակ փորձեր են։ Եթե Սամադհին Բարձրագույն Հրի բնական դրսևորումն է, ապա ալկոհոլի բոցը Հրի կործանարարը կդառնա։ Ճիշտ է, թմրանյութերը ստեղծում են հրեղեն մերձեցման պատրանքներ, սակայն նույն այդ թմրանյութերը երկար ժամանակով խոչընդոտ կդառնան Հրի ճշմարիտ էներգիային տիրապետելու ճանապարհին։ Ոչինչ այնպիսի դժբախտություն չի ներկայացնում Նուրբ Աշխարհում, որքան առանց համապատասխան մաքրման Հուրն արթնացնելու այդ հակաբնական փորձերը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է հարբեցողը Նուրբ Աշխարհում տանջվում ոչ միայն ալկոհոլի հանդեպ ձգտումից, այլ առավել ևս՝ անբնականորեն դրսևորված Հրից, որը, ամրապնդելու փոխարեն, ժամանակից շուտ խժռում է հյուսվածքները։ Բոլորովին այլ կերպ է տեղի ունենում նուրբ մարմնի այրումը Հրեղեն Աշխարհ անցնելիս, այն բռնկվում է որպես այլևս անպետք պատյան՝ ազատագրման զգացողության պահին, սակայն, ինչպես բնության մեջ ամեն ինչ, այդ գործընթացն էլ պետք է կատարվի միայն հիմնարար օրենքով և բռնություն չի հանդուրժում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1525
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    121.


    Բռնությունը մարդկության խարազանն է, այն ծնվում է տգիտությունից, որովհետև նույնիսկ փոքր-ինչ մտածող մարդը սրտով սարսափի ներկայություն է զգում, երբ նրա առջև անբնականի սահմանն է։
    Ամեն դրսևորված սարսափից եկե՛ք դառնանք դեպի բարեհաճությունը։ Թեև Մենք չենք հոգնի անդադար խոսել բարեհաճության մասին, սակայն շատերի համար արդեն վերջին ժամանակն է ճանաչելու բարեհաճությունը։ Ուշադրություն դարձրեք «վերջին» բառին։



    - - - - - - -



    122.


    Նույնիսկ մարմնական հիվանդությունների դեպքում հոգեկան պատճառը փնտրեք։ Ժողովուրդները բազմաթիվ ասացվածքներ են հյուսել այդ ազդեցությունների մասին։ Նրանք կասեն. «Սրտից աչքը խավարեց», կամ՝ «Ճիգերից անատամ մնաց», կամ՝ «Մտածելուց կուրծքը ճեղքվեց»։ Այդպես ժողովուրդները հիշում են հիվանդության գլխավոր պատճառի մասին։ Եվ գիտակից բժիշկն էլ բուժման դժվարությունը տարբերում է ըստ մարդու հոգևոր վիճակի։ Կարելի է հաստատել, որ յուրաքանչյուր հիվանդություն շատ ավելի արագ է անցնում, երբ չի աջակցվում հոգեկան պատճառով։ Միևնույն ժողովուրդները Հրին վերագրում էին զանազան բուժիչ հատկություններ։ Նույնիսկ կտրվածքները մշակում էին շիկացած մետաղով, այդպես Հրով վնասազերծելու գաղափարը հաստատվել էր նույնիսկ նախնադարյան գիտակցության մեջ։



    - - - - - - -



    123.


    Հրեղեն օգնություն՝ այսպես է կոչվում պայծառացման վիճակը։ Պետք է գիտակցության այդ վիճակին մոտենալ բոլոր նուրբ զգայարաններով։ Իհարկե, կարելի է նկատել, որ երբեմն Ես խոսում եմ գրեթե նույն բանի մասին, բայց այդ «գրեթե»-ի մեջ պարփակված է պարույրի մի ամբողջ պտույտ։ Եթե համադրենք այդ բոլոր «գրեթե»-ները, ապա կկարողանանք ճանաչել մեր գիտակցության շերտավորումները։ Շատ դժվար է յուրացնել այդ շերտավորումների ռիթմը, որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր են։ Սակայն բազմաթիվ դիտարկումների շնորհիվ կարելի է հասկանալ, թե ինչպիսի նրբագույն նյութ է մեր գիտակցությունը։ Հենց այդ պատճառով էլ ընդգծում եմ գիտակցության շերտավորումների հղկվածությունը։ Հաճախ մարդիկ երևակայում են, թե Հուրը մի ինչ-որ վայրագ, անընդգրկելի, գրեթե սարսափելի բան է, այդպես նրանք իրենք են աճեցնում հրեղեն մացառուտները։ «Ինչպես կանչես, այնպես էլ կարձագանքի»։



    - - - - - - -



    124.


    Հեշտ չէ բուժել աչքերը, որոնք մթագնում են երկպառակությունների փոշուց։ Ճշմարիտ բարեհաճության թրջոցուկներն առաջին միջոցն են։ Նույնը դիտարկեք նաև բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում։



    - - - - - - -



    125.


    Ծանր է դրությունը Աշխարհում, ամենուր քարացում է։ Մարդիկ մտածում են հաստատվել ճահճում, բայց ամբողջ լեռներ են ճեղքվում՝ որպես գալիքի հիշեցում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1526
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    126.


    Դիպլոդոկների փոխարեն ցատկոտում են կենգուրուները, պտերոդոնների փոխարեն թռչում են չղջիկները, վիշապի փոխարեն՝ մողեսները։ Ի՞նչ է սա նշանակում ուրեմն։ Մի՞թե մանրացում։ Իհարկե, միայն հարմարեցում։ Այդպես էլ Հերակլեսի գուրզն այսօր ընդամենը թանգարանային նմուշ կլիներ։ Այդպես էլ կյանքում պետք է բարեշրջումը հասկանալ ոչ թե որպես բռունցքի մեծացում, այլ որպես ոգու խտացում։ Պետք է գուրզի լայն թափից անցնել առօրյա կյանքին։ Հրի տարերքը վեհաշուք է, բայց նույնիսկ այն պետք է ուսումնասիրել առօրյայում։ Ճիշտ չէ հերոսներին պատմուճան հագցնել՝ զրկելով նրանց հանդերձանքի այլ պարագաներից։ Բարեշրջումը պետք է ընդունել կյանքից, կյանքի մեջ և կյանքի համար։ Բարեշրջման գեղեցկությունը վերացական չի կարող լինել, քանզի յուրաքանչյուր վերացականություն մոլորություն է։ Պետք է շատ լավ հիշել բարեշրջման այս ընկալումը, որպես կենսունակություն՝ այդպես մենք կհասնենք ամենաբարդ բանաձևերին, որտեղ ԱՈՒՄ նիշն այլևս պարզապես գրանշան չի լինի, այլ Բարձրագույն բաղադրիչի արտահայտությունը։ Դրան էլ կվարժեցնենք մեր գիտակցությունը։



    - - - - - - -



    127.


    Պետք չէ կարծել, թե կարելի է ունենալ համընդհանուր դեղամիջոց այն հիվանդությունների դեմ, որոնք հազարավոր պատճառներ ունեն։ Կարելի է կազմել բուժման ամբողջ բաժիններ, որոնք մասամբ կպատասխանեն հիվանդությունների պատճառների զգալի թվին։ Ուրեմն պետք է հասկանալ, որ համադարմանն անհնար է, քանզի հիվանդությունների ծագումը բոլորովին տարբեր է։ Այդպես էլ Յոգայում անհնար է բոլորի համար կիրառել միևնույն վարվելաձևերը։ Մինչդեռ շատ հաճախ դասախոսությունների և զրույցների ժամանակ հիշատակվում են ընդհանուր եղանակներ, և ներկաները մոլորվում են՝ կարծելով, թե դեղատոմսը բոլորի համար մեկն է։ Միայն զրուցակցի հոգևոր վիճակի շատ ուշադիր դիտարկումն է ցուցումներին ճիշտ ուղղություն տալիս։ Թվում է՝ օրգանիզմների տարատեսակության, հատկապես ոգու վիճակի տարբերության մասին դատողությունը շատ պարզունակ է, սակայն մարդկությունն այնքա՜ն է սիրում համադարմանները։ Այնինչ համադարմանը միայն մեկն է՝ վեհացած գիտակցությունը։



    - - - - - - -



    128.


    Շատ կենդանիներ ապրում են մինչև երեք հարյուր տարի, բայց եթե նրանք միջոց գտնեն երկարացնելու կյանքը թեկուզ ևս հինգ տարով, բարեշրջման համար դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Բարեշրջման հիմունքը ոգո՛ւ կյանքն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 102 102-ից ԱռաջինԱռաջին ... 252929899100101102

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •