89.
Դպրոցներում չպետք է կարդալ միայն հերոսների մասին։ Տեղին կլինեն նաև թափառողների ճակատագրից վերցված մի քանի անանուն օրինակներ։ Սխրանքի պայծառ բոցն ավելի վառ կհուրհրա՝ այն հանգցնողների ճակատագրի ներքո։
- - - - - - -
90.
Մերժված հնարավորությունները կարող են քննարկվել ոչ միայն բարոյական, այլև քիմիական տեսանկյունից։ Իսկապես, ինչպե՞ս անվանել արդեն ձևավորված ազդեցության քայքայումը, երբ արժեքավոր հրեղեն էներգիան մեծ ու երկարատև ջանքերով կուտակվել է, որպեսզի հետո ցրիվ տրվի անգիտությամբ։ Սակայն այդ հրեղեն մասնիկները, որոնք կանչվել էին որոշակի համապատասխանության համար, երկար ժամանակ մնում են անհամահունչ և կրկին արդեն կրկնակի ջանքեր են պահանջում, որպեսզի վերադառնան արարման գործին։ Կրկնում եմ, անթույլատրելի է խախտել որևէ մեկի հոգևոր տոնը։ Հանցավոր է ներխուժել արդեն ձևավորվող ամբողջական գիտակցության մեջ։ Մի՞թե Կարման հենց այդ անխոհեմ ներխուժումների հետևանքով չէ, որ դրսևորվում է։ Հատկապես անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում հրեղեն ոլորտներում։
- - - - - - -
91.
Մտովի հավաքենք հրեղեն բոլոր մերձեցումները, դիտարկենք ոգեշնչման և ըմբռնման նշանները։ Մենք կգտնենք նույնական նշաններ, որոնք կմատնանշեն մի ընդհանուր հիմք, ընդ որում՝ արտաքին աղբյուր ունեցող։ Այդպես էլ պետք է լինի, քանզի սրտի Հուրը հպվում է Տարածության Հրին։ Միայն այդպիսի եղանակով է ծնունդ առնում, ավելի ճիշտ՝ բեղմնավորվում մտաստեղծագործությունը։ Ընդ որում, պետք է բարձրագույն հարգանք դրսևորել Հրի հետ շփվող ապարատի բարդության հանդեպ։ Նյարդերի նրբագույն ոսկեգույն հյուսվածքները գրեթե անորսալի են աչքի համար։ Պետք է նրանց մեջ նայել երրորդ աչքով, որպեսզի հիշենք ընդմիշտ և լցվենք հարգանքով։
- - - - - - -
92.
Տեսնված ոսկեգույն հյուսվածքը կազմում է Թասի հիմքը։ Դրանով կարելի է դատել ներքին ապարատի նրբության մասին։ Այդպես նրբազգացությունը կարող է մեր մտքերը ուղղել դեպի մարդկային էակների միջև զգուշավոր վերաբերմունքի։ Պետք չէ վիրավորել միմյանց։ Հանուն Հրի պետք չէ վիրավորել։ Ոչ բոլոր ուղղումներն են կատարվում մուրճով։ Անհրաժեշտ են նաև շատ նուրբ գործիքներ և զգույշ հպումներ։ Կրկին՝ հին, բայց առայժմ դեռ չկիրառված ճշմարտություն է։


Մեջբերել
Էջանիշներ