261.
Յուրաքանչյուր անիրավացի մեկը հավասարակշռության դեմ չի դիմանա, ուստի սրի հարվածը պետք է օրինական լինի։ Այդպես կհասկանանք ֆիզիկական և բարձրագույն օրենքների առանցքակետը սրտում։ Այդ կենտրոնը կոչվում էր խաչմերուկ և պատկերվում էր հավասարաթև խաչի տեսքով; դորջեն*, ինչպես նաև սվաստիկան մատնանշում էին սրտի հրի պտույտը։ Պտույտը և հավասարաթևությունը՝ հավասարակշռության նշաններ են։ Մանուկ հասակում մեկնումեկը հաստատ փորձել է կանգնել գնդի վրա, չգիտենալով, որ դա հավասարակշռության մեծագույն խորհրդանիշն է։
- - - - - - -
262.
Կողմնակին չպետք է ծածկի հիմնականը։ Հետևաբար մարդկությունը չպետք է խցանի դեպի վերելք տանող ուղին։ Այնքան էլ շատ փոշի պետք չէ, որպեսզի խռպոտանա ամենահնչեղ շեփորը։ Բոլոր թրերից ու դանակներից ավելի վտանգավոր է հենց փոշու այդ պտղունցը։ Նույնը պետք է ասել նաև ոգու տատանումների մասին, դրանք տեղի են ունենում ոչ թե մեծ գործերից, այլ այդ նույն փոշեհատիկից։ Այդպես մեծի մեջ հաջողակը աչք է դնում փոքրի վրա։ Այդպես մեծի համար նախանշանակված սիրտը զգում է նույնիսկ փոքրագույնը։ Սխալ է մտածել, որ մեծը փոքրի հանդեպ կույր է։ Ընդհակառակը, փոքրագույնն էլ տեսանելի է մեծ աչքին, և բոցավառ սիրտն էլ լսում է անլսելի շրշյունը։ Եթե հասկանանք մեծ սրտի զգոնությունը, արդեն կիմանանք աշխարհաշինարարության նշանակությունը։ Չգոռոզանանք թմրացած, բայց նաև չվհատվենք հպարտության մեջ։ Հպարտությունը ոտքից կապած քար է, իսկ թմրությունը մոմե թևեր։ Բայց ոգու արժանապատվությունը հուր է սրտի, թևեր է դեպի արև։
- - - - - - -
263.
Չմոռանանք առաջխաղացումը, եթե նույնիսկ նկատում ենք Վեհապետների սովորական մարտավարությունը։ Չմոռանանք անհրաժեշտ շտապողականությունը, եթե նույնիսկ լսում ենք Ուսուցչի մռնչոցը։ Ո՞վ կասի, թե սարի հետում գտնվող առյուծը ում վրա է մռնչում։ Ո՜վ որսորդ, մի իջեցրու աղեղդ, մի մտածիր, թե վագրն արդեն թաքնվել է, այլ սպանիր լուսանին, քանզի այդպես կվախեցնես բոլոր թաքնված գազաններին։ Թուրը բարեկամների համար չէ, այլ թշնամիների։ Ուրեմն փոգրոգի չլինենք։
- - - - - - -
* Դորջե (Տիբ.) կամ Վաջրա (Սանսկրիտ) – «ադամանդե գուրզ» կամ գավազան։ Ինդրայի գավազանը, որը նման է Զևսի կայծակին, որով վերջինս հարվածում է իր թշնամիներին: Բայց թաքնագիտական բուդդիզմում դա օծյալ-վանականների, ոգեհմայիչների և հասյալների կախարդական գավազանն է՝ գերմարդկային ուժերի տիրապետման խորհրդանիշը։ Այն նաև չար ոգիների կամ էլեմանտալների վրա Բուդդայի իշխանության խորհրդանիշն է։ Այս գավազանի տերը կոչվում է Վաջրապանի։
Խաչված Դորջեն (Տիբ. Ակ-Դորջե) հավասարաթև խաչի խորհրդանիշն է, որը, առանցքի շուրջ պտտվելով վերածվում է սվաստիկայի խորհրդանիշի (Ակներև է տիբեթյան Ակ-Դորջեի մեջ «Ակ«-ի նույնականությունը հայերեն Ակ-անիվի հետ և ստացվում է, որ սվաստիկա՝ հայերեն հենց այդ էլ նշանակում է. Անիվ-Խաչ, Ակ(Անիվ)-Դորջե, Պտտվող Խաչ։) Ժամանակակից աղբյուրներում ընդունված է սվաստիկան անվանել դորջե կամ վաջրա, այսինքն. տարբեր նշաններ միաձուլվել են նույն անվան տակ:
Էջանիշներ