366.
Ստեղծագործման ուժն իր հանգույցներն է հյուսում և արարում է ըստ Տիեզերական Մագնիսի օրենքի: Կարելի է ասել, որ ստեղծագործման հաստատումը հիմնված է տիեզերական ձգողության վրա: Երբ հանգույցները լարվում են, ստեղծվում է հագեցում և այդ կերպ արտահայտվում է տարածական հրի էներգիայի կյանքի խթանիչ ուժը: Էներգիաների մասնակցությունը հիմնում է աճի հատկություն, այդպես ստեղծագործումն իր բեղմնավորման մեջ դրսևորում է նախասահմանված էներգիաներ:
Մարդկությունը, կապելով իր կարմաների հանգույցները, լարում է տիեզերական ստեղծագործումը: Ձգողությունը ոգու սերմի հանդեպ էներգիային հագեցնում է այն հոսանքներով, որոնք կարման է նախասահմանել: Ամեն հետևանքի կոփումը յուրաքանչյուր որակի նկրտման ծրագիր է նշանագծում: Ուստի Անսահմանության մեջ, հղկելով նրանց որակը, կարելի է արարել անսպառ հետևանքներ:
- - - - - - -
367.
Ոգեպես նկրտողներին միաձուլող ուժը հաստատվում է Տիեզերական Մագնիսով: Տիեզերական օրենքում գոյություն ունի ստեղծագործման երևույթը, որն ունի հիմնող վերընթաց աղեղ, որով վեր է ընթանում ոգին: Ձգողության օրենքն ազդում է ամբողջ տիեզերական հաստատման վրա, այդ պատճառով ոգու հրի բարձրագույն լարման մեջ կարելի է գործել միայն վերընթանալով: Այնքա՜ն սքանչելի է օրենքը:
- - - - - - -
368.
Տիեզերական ստեղծագործումը հավաքում է զուգակցություններ, որոնք հագենում են տարածական հրով: Տիեզերական ստեղծագործումը նկրտող էներգիաներին հագեցնում է ձգողության խթանիչ ուժով: Երբ հրով հագեցած նոր համադրությունները կենսական ուժ են արտահայտում, նկրտող Մագնիսը հավաքում է տարածական այդ էներգիաները: Հրեղեն, նկրտող Մագնիսի պայթյունները դրսևորվում են անխուսափելիորեն, երբ էներգիաները ձգում են իրար ինչպես պատահական զուգակցություններ, որոնց ծնում են ոչ նույնանման էներգիաները:
Ազատ էներգիաները հատուկ են Տիեզերքին և որոշակի նկրտում չունեն, այդ պատճառով պատահաբար ներմուծվող էլեմենտները պատահական բանաձևեր են տալիս: Ինչպես Տիեզերքում, այնպես էլ մարդկային գիտակցության մեջ պատահական էներգիաների խառնվելը նոր բանաձև է տալիս: Երբ ոգին չի կարող ձևակերպել իր ուղղությունը, պատահական էներգիաները գերակշռում են: Եվ կարմայի ամեն արտահայտված օղակի նկրտումը փոխվում է պատահական էներգիաների երևույթով: Ուստի բարեշրջման ճանապարհին մարդկությունը պետք է նկրտի դեպի իր ոգու սերմի ճանաչումը:
Էջանիշներ