477.


Մարդիկ բացարձակապես մոռացել են, թե ինչպես հասկանալ ու կիրառել հոգեկան էներգիան: Նրանք մոռացել են, որ գործի դրված յուրաքանչյուր էներգիա իներցիա է ծնում: Համարյա անհնար է կասեցնել այդ իներցիան: Այդ պատճառով հոգեկան էներգիայի ամեն դրսևորում իներցիայով շարունակում է իր ազդեցությունը, երբեմն նույնիսկ երկար ժամանակ: Կարելի է արդեն ձևափոխել միտքը, իսկ անցյալ ուղերձի հետևանքն այնուհանդերձ կխոցի տարածությունը, դրանում է հոգեկան էներգիայի ուժը, ինչպես նաև առանձնահատուկ հոգատարության արժանի որակը: Միայն լուսավոր գիտակցությամբ կարելի է կառավարել հոգեկան էներգիան, որպեսզի չխցանես ճանապարհդ քո նախկին առաքումներով: Հաճախ պատահական և ոչ հատուկ միտքը երկար ժամանակով պղտորում է նվաճումների օվկիանոսի մակերեսը: Մարդն արդեն վաղուց մոռացել է իր մտքի մասին, բայց այն շարունակում է թռչել նրա առջև, լուսավորելով կամ մթագնելով ուղին: Ճառագայթի շողին կպչում են փոքր լուսատուներ, այդպիսով հարստացնելով նրան: Աղբին կպչում են մութ, փոշոտ մասնիկներ, և արգելակում են շարժումը:
Երբ ասում ենք՝ թռչեք լուսավոր, կամ՝ մի աղտոտեք, նախազգուշացնում ենք գործողության մասին:
Հոգեկան էներգիայի մասին ամբողջ ասվածը վերաբերվում է յուրաքանչյուր գործողության: Այստեղ վերացական ոչինչ չկա, քանզի հոգեկան էներգիան զետեղված է ամբողջ բնության մեջ և հատկապես արտահայտված է մարդու մեջ: Որքան էլ մարդ փորձի մոռանալ նրա մասին, հոգեկան էներգիան իրեն կհիշեցնի, և կրթության գործն է սովորեցնել մարդկությանն ըստ արժանվույն վարվել այդ գանձի հետ:
Եթե եկել է ժամանակը խոսել հոգեկան էներգիայի տեսանելի ֆիզիկական կուտակումների մասին, նշանակում է, իրականությունը մուտք է գործել ակնհայտություն, նշանակում է, մարդիկ պետք է շտապ ձգտեն տիրապետել հոգեկան էներգիային: Տարածական հուրն ու հոգեկան էներգիան կապված են իրար և բարեշրջման հիմքն են կազմում: