ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"
33.
Բնության ինչի՞ն են պետք նողկալի հրաշքներ: Այ, հրաշք է, երբ կարող ես նստել ձիուն և վեր հառնած սրով պաշտպանել Աշխարհի Համայնքը: Նույնպիսի պարզությամբ էլ կսկսվի Նոր Աշխարհը: Ինչպես հասուն պտուղներ, կհավաքվեն փաստերը: Մագնիսների ուսմունքն, իհարկե, ոչ թե հրաշք է, այլ ձգողականության օրենքի դրսևորումը: Մի քողարկեք ոգու դրսևորումը, և ձեր սուրը կծառայի բարեշրջման վերելքին:
Ուրախություն տալ կարող եմ միայն նրան, ով ընդունել է համայնքը ոչ թե հմայանքների մեջ, ոչ թե խնկարկումների մեջ, այլ առօրյա կյանքի մեջ: Ուսուցիչը կարող է ճառագայթ առաքել որպես օգնություն, բայց երբեք չի մարտնչի, եթե դրսևորված սուրն ուղղված է դեպի համայնքի բարեկամները՝ այդ դեպքում սուրը կփոխակերպվի կայծակե խարազանի:
- - - - - - -
34.
Ինչպե՞ս կարելի է շարժել սրտերը: Հաջողությունը գալիս է ոչ թե կախարդանքի, այլ կյանքի խոսքի հետևից: Մեր դասը կարող ենք ի կատար ածել, եթե կարողանանք մոտենալ ամենապարզ բանին: Խորհում եմ, թե ինչպես ջանադիրներին փոխանցել հեռավոր աշխարհների փայլքը: Երբ ամենաընկճվածը նայի երկնքին, այդժամ հեռավոր աշխարհներից ծիածանաժապավեն կարելի է սպասել:
- - - - - - -
35.
Պարացելսը սիրում էր ասել. "Per aspera, ad astra"*: Հետագայում այդ նշանավոր ասույթը, կորցնելով ամեն իմաստ, վահանների ու զինանշանների նշանաբան դարձավ: Հիրավի, հասկանալով նրա իմաստը, դժվար է սեփական անձը միայն Երկրին կապել: Ինչպես այրուցքը դեպի խողովակ, այնպես էլ իմացյալ ոգին սլանում է դեպի դրսևորված տարածություն: Ի՞նչ չափեր ունեն նրա համար երկրային հագուստները: Ի՞նչ շարժունակություն նա կարող է ցուցաբերել երկրի մակերեսին: Ինչպիսի՞ մտքերով նա կարող է կիսվել երկրային ոլորտում:
Կհարցնեն, թե ինչու՞ ենք Մենք ուրեմն այդքան էներգիա ծախսում Երկրի վրա: Ոչ թե հանուն Երկրի, այլ ուղու վերանորոգման համար: Երբ չարագործը փչացնում է ռելսերը, ինժեները հաճախ շատ ժամանակ է դնում դրանք վերանորոգելու համար: Եթե Մենք կարողանայինք անմիջապես Երկրից տեղափոխել Տիեզերքի գիտակցություն ունեցողներին, մի՞թե հնարավոր կլիներ կասեցնել Մեր ցանկությունը: Այսպիսով, Մեր ձգտումն է արագացնել այդ պրոցեսը: Զգում եմ, միգուցէ տիեզերական պայմանները թույլ կտան սկսել այդ աշխատանքները հեռավոր աշխարհների հետ շփում հաստատելու վերաբերյալ: Ընդ որում անհրաժեշտ են գեղեցկության մասին, նպատակասլացության ինքնաառաքման մասին դատողությունները: Ճիշտ է, այդպես կոչված գեղեցկության վրա այն քողարկող հասկացություն կա՝ Տիեզերքի բարելավումը: Ծիածանի ճառագայթը կարող է գերազանցել երևակայությունը: Ծնունդ տվող արծաթը՝ ծիածանի սկիզբն է: Երկրային պայմաններում տեսանելի ծիածանը մոտ տարածքից դիտված գրիմավորում է հիշեցնում: Քչերն են, որ կարող են կանխազգալ վերերկրային ծիածանը:
- - - - - - -
* տատասկների միջով դեպի աստղերը
Էջանիշներ