6.


Քանի որ Մեր աշակերտներն իրենց մեջ կրում են Եղբայրության միկրոտիեզերքը, նրանց հանդեպ անտարբեր վերաբերմունք չի լինում: Նաև աստիճանաբար բացահայտում են նրանց մեջ Մեր ապրելակերպի մանրամասները՝ աշխատանքն անվերջ է: Բացակայում է նույնիսկ գիտելիքի ավարտվածության զգացումը: Միայնությունը և երկրի վրա տան բացակայությունը: Ուրախության՝ որպես հնարավորության գիտակցման ըմբռնումը, քանզի լավագույն նետերն այնքա՜ն հազվադեպ են հասնում: Իսկ երբ տեսնում ենք դեպի միևնույն այգին ձգտող մարդկանց սրտերը, ինչպե՜ս ուրախություն չարտահայտենք: Բայց առանձնապես կարևոր է աշխատանքի անվերջության առջև խիզախությունը: Ճիշտ է, անվերջանալի հնարավորությունների գիտակցումից մարդու ապարատը հեշտությամբ է գործում:
Արևահյուսակի օձն օգնում է հաղթահարել կենտրոնների անկարգությունները: Այդ պատճառով օձը՝ արքայի խորհրդանիշն էր: Երբ օձի օղակները սկսում են հյուսվել, օրգանիզմն առանձնապես զգայուն է դառնում: Գույներն իրենց կենսական ճառագայթները փոխանցում են օձի միջնաբերդը պաշտպանող սպիտակ գնդիկների հյուսվածքաթելերին: Բնության մեջ օձը սիրում է գույները, այդպես էլ արևահյուսակի օձն է սնվում նրանցով:
Խոզերը նույնպես տրորում են ծաղիկները, բայց առանց արդյունքի: Հետևաբար առանց կենսական բխումների կիրառման, կարելի է չնկատել լավագույն դեղամիջոցները: Այստեղից էլ ցանկությունը՝ տեսնել ծաղիկները չպոկված:



- - - - - - -



7.


Ճառագայթների բեկումը, - այդ ձայները մտնում են ոլորտների երաժշտության նվագախմբի մեջ: Կարելի է պատկերացնել մրրիկի հզորություն ունեցող նրբության բյուրեղայնությունը:
Ուղեղում կա կենտրոն, որը կոչվում է զանգ. ինչպես ռեզոնատոր, այն հավաքում է աշխարհի սիմֆոնիան և նույնիսկ ամենախորին լռությունն ընդունակ է դարձնել ահեղ մի ակորդ: Ասված է. "Ով ականջներ ունի, կլսի": Ճիշտ ինչպես ողնուղեղն է կոչվում նիզակ, քանզի, ցանկանալով խափանել հարվածները, մենք պետք է լարենք այդ փոխանցքը: Ճիշտ ինչպես ուսերի կենտրոնները կոչվում են թևեր, քանզի անձնվեր սխրանքի ներքո ճառագայթները հզորանում են: Թևերի մասին լեգենդը շատ պատկերավոր է: Ճիշտ ինչպես հների ցանկությունը՝ կրծքին կլոր վահանակ կրել:
Գլխի գագաթը ջրհոր անունն ունի, քանզի օտար ազդեցությունների ալիքներն այնտեղից են ներթափանցում: Հին ժամանակներում ամենուր տեսնում ենք հոգևորականի խորհրդանիշը կրող գլխարկով ծածկված գլուխներ, իսկ այժմ այդ խորհրդանիշը փոխարինված է արտադրող ձեռնարկության անունով՝ այդպես ոգով ճաղատացել են մարդիկ:
Ավարտենք ուղերձով դեպի նոր ժամանողները: - Ահա թե ինչ է պետք գիտենալ, որպեսզի տիրապետեք հանգստության և գործունեության իմաստությանը: Դիմակները պետք է դեն նետել և Իմ Անունը զրահ սարքել ամեն գործողության համար:
Չէ՞ որ կգամ նշյալ երկիր՝ և արևածագի այդ ճրագի մեջ չպետք է քնած մնալ, և ուրեմն զգոնության սովորեք: Եվ կարողացեք ձեր կողքին մաքուր հագուստ պահել: Իսկ երբ հոգնեք, հիշեք՝ Մենք անգործություն չգիտենք: Ջանացեք ունենալ այդ նույն սովորությունը և սիրեք գույներ ու ձայներ:
Առաջ ընթացեք առյուծների պես, բայց պահպանեք փոքրերին, քանզի նրանք կօգնեն ձեզ բացել Իմ դռները: Ըմբռնու՛մ ունեցեք: