10.Փոխզիջման եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է պատերազմի սերնդի սերնդափոխություն, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ կլինեն լուծմանը:
Հասարակությունն ինքն իրեն չի պատրաստվում փոխզիջմանը։ Նրան պետք է պատրաստել։ Իսկ ընդհանրապես, հասարակության մի մասը, լիարժեք տեղեկատվություն եւ քաղաքական պատրաստություն չունենալով (ինչը բնական է՝ այդպիսին են բոլոր հասարակությունները), կարող է նաեւ ընդդիմանալ։ Քաղաքական եւ պետական մտածողություն պետք է դրսեւորի խնդրի նրբություններին ամբողջ ծավալով տեղյակ եւ քաղաքական հաշվարկների ունակ իշխանությունը, ու անի անհրաժեշտ քայլը։ Իշխանությունը դրա համար է ընտրվում, հակառակ դեպքում անիմաստ է այն պահելը։ Թեկուզ հակազդեցություններ հաղթահարելու, թեկուզ իշխանությունը կորցնելու գնով իշխանությունը պետք է կարողանա գնալ ճիշտ քայլին։ Այդպես վարվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը ու նրա ղեկավարած քաղաքական ուժը 1997-98-ին։ Հիմա էլ նույնն է անում նաեւ որպես ընդդիմություն՝ 2007 թվականից ի վեր՝ չվարանելով կանգնել վարկանիշ կորցնելու վտանգի առջեւ։
Սերնդափոխության մասին. ինչքա՞ն ժամանակում է այն տեղի ունենում, 50 տարո՞ւմ։ Զինադադարին հաջորդած շուրջ 23 տարվա ընթացքում այդ սերնդափոխությունն արդեն կիսով չափ կատարվել է։ Դա կիսով չափ նվազեցրե՞լ է ազգային թշնամանքը, եւ կիսով չափ նախապատրաստե՞լ է երկու հասարակություններին։ Նույնիսկ, թվում է, հակառակն է եղել։
Ազգամիջյան թշնամանքը ժամանակի ընթացքում, սերնդափոխության հետ, այո, կարող է մաշվել եւ վերանալ, բայց ոչ երբեք զինադադարի՝ սառեցված պատերազմի պայմաններում։ Դա հնարավոր է հենց միջազգայնորեն երաշխավորված եւ խաղաղապահ զորքերի առկայությամբ խաղաղության, ամեն տեսակ պատերազմական գործողությունների, կրակոցների ու մանր դիվերսիաների բացառման, երկու ժողովուրդների՝ միմյանց հետ աստիճանաբար շփումների վերականգնման պայմաններում։ Դրա լավագույն օրինակը Կիպրոսն է, որի Հյուսիսային եւ Հարավային հակամարտող մասերն այլեւ չունեն միմյանց հետ նախկին թշնամանքը։ Մենք էլ այսօր նույն իրավիճակը կունենայինք, եթե 1997-98 թվականներին կնքված լիներ խաղաղության պայմանագիրը։ Կիպրոսի հույները եւ թուրքերը, որոնց թշնամանքը ավելի պակաս չի եղել, քան հայերինն ու ադրբեջանցիներինը, այդ ճանապարհն անցել են, վերականգնել են բոլոր կապերը եւ այսօր մոտ են խնդրի վերջնական լուծմանը:
11.Մեզ մորթողների հետ չենք կարող գնալ խաղաղության։
1915 թ. Թուրքիայում մեկուկես միլիոն մարդ էր մորթվել։ Բայց Արամ Մանուկյանը, Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունը, ճիշտ գնահատելով իրավիճակը,1918թ. գնաց Թուրքիայի հետ հաշտության եւ խաղաղության։ Չգնար՝ չէր լինի Առաջին հանրապետությունը։ Չլիներ Առաջին հանրապետությունը՝ չէր լինի Խորհրդային Հայաստանը, չլիներ Խորհրդային Հայաստանը՝ չէր լինի այսօրվա Հայաստանը։ Այս իրողությունները դեռ ոչ մեկը չի վիճարկել։ Ճի՞շտ վարվեց Արամ Մանուկյանը, թե՞ սխալ։ Երկու տարի անց՝ 1920 թվականին հակառակն արեցին. չգնացին հաշտության, գնացին պատերազմի։ Գնային հաշտության՝ այսօր մենք կունենայինք ոչ թե 30, այլ առնվազն 60 հազար քկմ Հայաստան։ Եւ դա մենք չենք ասում, դա, արդեն հետին թվով («հայի վերջին խելք»),ափսոսանքով խոստովանել են նույն՝ դաշնակցական իշխանության ամնաբարձր պաշտոնյաները՝ իրենց սխալը «հանցանք» կոչելով։
Իսկ ընդհանրապես, նման հաշտության գործընթաց անցել են երբեմնի թշնամի բազմաթիվ ժողովուրդներ։ Այսօր գերմանացիները եւ ֆրանսիացիները, թուրքերը եւ հույները, լեհերը եւ ռուսները քաղաքակիրթ, խաղաղ հարաբերություններ ունեն՝ ի շահ երկու կողմերի:
12. Խաղաղության գնալու պատրաստակամություն հայտնելով՝ չե՞նք թուլացնում Հայաստանը եւ լկտիացնում Ադրբեջանին:
Ռազմական անմիջական վտանգի դեպքում մեր քաղաքական ուժն անմիջապես կոչ է արել մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ միասնաբար ետ մղել ադրբեջանական ագրեսիան: Այդպես ենք վարվել ապրիլի 2-ին՝ ամրապնդելով մեր բանակի ոգին եւ ազգի միասնականությունը, այդպես էլ կվարվենք ապագայում ռազմական գործողությունների դեպքում: Այսինքն՝ մեր դիրքորոշումը մշտապես ուղղված է եղել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը եւ արդյունավետ կերպով հասել է այդ նպատակի իրականացմանը:
Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չպետք է ռազմավարության վերաբերյալ բանավեճ լինի, պայմանականորեն ասած՝ «պատերազմի» եւ «խաղաղության» կուսակցությունների միջեւ, ինչպես դա, օրինակ, տեղի է ունենում Իսրայելում: Ադրբեջանը Հայաստանի վիճակի մասին պատկերացումներ է կազմում ոչ թե Հայաստանի ընդդիմության հայտարարությունների, այլ երկրի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական եւ այլ ռեսուրսների մասին այնպիսի տեղեկությունների հիման վրա, որ ազատորեն հասանելի են բաց աղբյուրներից: Եթե Ադրբեջանին ինչ-որ բան լկտիացնում է, հենց Հայաստանի իշխանության կոռումպացվածությունն է եւ զանգվածային արտագաղթը:
Էջանիշներ