User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք ամենաշատը հավանել.

Քվեարկողներ
14. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Օուեն Մարթընը

    6 42.86%
  • 2. Սուրճ ու կոկա-կոլա

    4 28.57%
  • 3. Երեք Արվեստները

    3 21.43%
  • 4. Պարասոմնիա

    7 50.00%
  • 5. Գիշերային միջատների կյանքից

    1 7.14%
  • 6. Պատը

    3 21.43%
  • 7. Մոսֆիլմ

    2 14.29%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 182 հատից

Թեմա: Գրական դուետ. Կախել-կախվել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դուետ. Կախել-կախվել

    Երկու հոգի գրանցվեց, ուրեմն նոր դուետ ունենք:

    Առաջադրանքը հետևյալն է: Գրել արձակ ստեղծագործություն, որի հիմքում որևէ կախվածություն է: Հարցին կարող եք մոտենալ ցանկացած կողմից: Թմրանյութե՞ր, ինտերնե՞տ, որևէ ա՞նձ, հարաբերությո՞ւն, սեփական դարդե՞ր, թե ուրիշ մի բան կամ էլ՝ բոլորը միասին: Ոնց ուզում եք, դուք եք որոշողը: Միայն մի պայման կա. ստեղծագործության մեջ չի կարելի օգտագործել «կախվածություն» բառը:
    Ժանրային ու ծավալային սահմանափակումներ չկան:
    Ընդունվում են նաև արտամրցութային աշխատանքներ:

    Մեկ էլ մի բան եմ ուզում ասել: Ստեղծագործելուն մի նայեք՝ որպես տվյալ առաջադրանքի համար գտած հարմար լուծում: Գրեք էն, ինչ ձեզ իսկապես հետաքրքրում է կամ հուզում, ինչի մասին ասելու բան ունեք: Թող մի քիչ էլ էս կամ էն կողմ գնա պայմաններից. կարևորը՝ հաճույք ստանաք ձեր գրածից ու հավեսով ստեղծագործեք: Ու գրածն էլ կյանք ունենա՝ տվյալ մրցույթից դուրս:

    Վերջնաժամկետը՝ հունվարի 29, Երևանի ժամանակով՝ երեկոյան 9:

    Ուզում եմ հիշեցնել, որ դուետների համար գրանցումները միշտ բաց են:
    Եթե որևէ մեկն ուզենա չափածո գրել, թող ինձ տեղյակ պահի. հարմար մրցակից կգտնենք իր համար:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2017), enna (19.01.2017), John (24.01.2017), LisBeth (19.01.2017), Mr. Annoying (19.01.2017), Sambitbaba (19.01.2017), Smokie (19.01.2017), Աթեիստ (19.01.2017), Հայկօ (19.01.2017), Նիկեա (21.01.2017), Վոլտերա (22.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Շինն էսինչ չմահավան ա էս անգամ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.01.2017), Շինարար (30.01.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Շինն էսինչ չմահավան ա էս անգամ:
    դե դեռ բոլորը չեմ կարդացել:

  6. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Երեք Արվեստները

    Մի քիչ Շինի հետ կռիվ անեմ
    Նախ Վիսոցկին տեղին էր, որովհետև խոսքը հենց սարերի ու նոր բարձունքներ հաղթահարելու մասին էր: Երկրորդ, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչն է իր համար գրական ստեղծագործություն, ինչը ոչ: Պայմանների մեջ չկար, որ պիտի հենց պատմվածք ներկայացնել, ու ես հարցնելու դեպքում, ամեն անգամ էլ ասել եմ, որ կարող են նաև այլ տեսակի արձակ ստեղծագործություն գրել՝ էսսե, մանրապատում և այլն: Էնպես որ, ով ինչ ներկայացրել է, լավ է արել:

    Հիմա իմ կարծիքը աշխատանքի մասին:
    Շատ լավ շարադրանք էր, ու մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել: Հետն էլ՝ մի շնչով: Ու տխրեցի, երբ վերջացավ. էլի էի ուզում: Ամբողջ կայֆն էն էր, որ էս գործում կախվելը ուղիղ իմաստով էլ կարելի էր հասկանալ. մարդը ալպինիստ էր՝ մագլցում էր, կախվում:
    Հետաքրքիր է, ոչ մեկիդ մտքով չի՞ անցել, թե ով էր էդ պատմողը: Ինձ մոտ անմիջապես առաջացավ էդ հարցը, որն էլ չդիմացա ու տվեցի հեղինակին՝ դեռ մինչև մրցույթի սկիզբը: Ինքն էլ ասեց, որ խոսքը Դին Փոթերի մասին էր: Ես էլ մի քիչ կարդացի իր մասին: Լրիվ տարել էին իրեն բարձունքային կրքերը. մոտ մի տարի առաջ էլ մահացավ՝ ընկնելով ու ջարդուփշուր լինելով:
    Հավես էր էսպիսի աշխատանք կարդալը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.01.2017, 23:31:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (30.01.2017), Marcus (30.01.2017), Աթեիստ (30.01.2017), Արէա (30.01.2017), Վոլտերա (30.01.2017)

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Երեք Արվեստները
    Հետաքրքիր է, ոչ մեկիդ մտքով չի՞ անցել, թե ով էր էդ պատմողը: Ինձ մոտ անմիջապես առաջացավ էդ հարցը, որն էլ չդիմացա ու տվեցի հեղինակին՝ դեռ մինչև մրցույթի սկիզբը: Ինքն էլ ասեց, որ խոսքը Դին Փոթերի մասին էր: Ես էլ մի քիչ կարդացի իր մասին: Լրիվ տարել էին իրեն բարձրունքային կրքերը. մոտ մի տարի առաջ էլ մահացավ՝ ընկնելով ու ջարդուփշուր լինելով:
    Հավես էր էսպիսի աշխատանք կարդալը:
    Ես դեպքին տեղյակ էի, բայց նույնիսկ եթե իրական դեպք էլ չլիներ, լրիվ սպասելի էր։)

    Շարադրանքը լավն է, սաղ զգացմունքները փոխանցում էր, մենակ էդ սպորտաձևերի անունները ծանոթ չէին, փնտրելու հավես էլ չկար, մանավանդ, որ անունները հայերեն էին գրած։ Էդ պահը ինձ խանգարեց, որ ավելի լավ պատկերացնեմ, թե որ պահին ինչ էր զգում։

    Ընդհանուր, էս մի մրցույթն իհարկե հզոր ա։)
    Ոչ մի ակնհայտ թույլ գործ չկա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.01.2017)

  10. #6
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք արվեստների վերջը մի տեսակ վերջ չի: Շատ կուզենայի, որ ուրիշ ձև վերջանար: Ինքը էնքան կիսատ էր, որ ես էլ ինձ կիսատ զգացի: Բայց մեջը լիքը կապույտ կար ու սպիտակ ու թռիչք:

  11. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,544
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Օուեն Մարթընը

    Ի տարբերություն մյուս գործերի /բացառությամբ, հնարավոր է, երրորդի/, սա,ամենայն հավանականությամբ, իրապատում է, ոչ հնարովի պատմվածք, անգամ անունները թողնված են այնպես, ինչպիսին իրականում են եղել, առանց հայացնելու ։ Հեղինակի շարադրանքն ականատեսի պատմելու հատկություններն ունի․ բացակայում են ինտրիգները, կտրուկ շրջադարձները, իրադարձությունների/տեղեկությունների հիշողություն-վերարտադրում է, տեղ-տեղ նույնքան հարթ ու անկարևոր, ինչպես իրական կյանքում, երբեմն էլ՝ անհարկի երկար ու մանրամասն։
    Տպավորություն է, որ Օուեն Մարթընի մասին պատմելու հիմնական մոտիվացիան հեղինակի՝ հուղարկավորությանը ներկա գտնվելուց հետո է առաջացել, կյանքի՝ իր սովոր և արևմտյան արժեքատվության բախումից ծնված հակասականությունից, որտեղ Օուեն Մարթընը դառնում է արևմտյան քաղաքակրթության կրողը՝ ապրել իրեն հատկացված կյանքը բացառապես սեփական հաճույքի համար, և միայն կյանքի ավարտին է շրջվում մեդալի մյուս կողմը․ պազվում է մարդը ողջ կյանք ինքն իրենից խնայել է - կիլոմետրեր քայլել է՝ ափսոսացել է տաքսի վերցնել, շերտավարագույրները փոխել է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իր հիվանդության ժամանակ կյանքի վերջին ամիսներն անց է կացրել հանրային վատ պայմաններով հիվանդանոցներում՝ ափսոսալով ծախսել իր մինչև խոր ծերություն աշխատանքի վաստակը, որպեսզի կտակեր իր ինչ-որ ազգականների, որոնք անգամ չեն գալու իր հուղարկավորությանը՝ թեև ժառանգել էին կես միլիոն, և դեռ մի բան էլ՝ այդ մարդուց գլխավոր հուշը խմիչքի նկատմամբ սերը հեգնելն էր լինելու իրենց մահախոսականում։

    Օուեն Մարթընի պատմության մեջ կյանքի ունայնության տխրությունը կար, որը, թերևս ապրել է հեղինակը, որ փորձել է դեպքերի շարադրման պարզ ընթացքով հասանելի դարձնել։ Հնարավոր է՝ այդպես ոչ միանշանակ է դառնում հասանելի, գրական գործերում երբեմն հարկ է լինում թանձրացնել գույներն ու պատկերները, բոցավառել ինտրիգներ, աճեցնել կուլմինացիա։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.01.2017, 23:31:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (30.01.2017), Աթեիստ (31.01.2017)

  13. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի մեջ.

    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2017), enna (19.01.2017), ivy (19.01.2017), LisBeth (19.01.2017), Marcus (30.01.2017), Rhayader (22.01.2017), Նիկեա (21.01.2017), Տրիբուն (05.02.2017)

  15. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ էսպես, ակումբցիների թեթև ձեռքով մեր դուետը վերածվեց յոթյակի

    Քանի որ նախապես գրանցված հեղինակները դեմ չարտահայտվեցին, որոշեցի բոլոր 7 գործերն էլ դնել քվեարկության:
    Բայց վերջում կգրեմ՝ ովքեր էին նախապես գրանցվածները, ովքեր՝ «մեջ ընկած արտամրցութայինները»:

    Մի խոսքով, հիմա ունենք մեր հին ու բարի ստեղծագործական մրցույթներից: Գրեք, կռվեք, լացեք, ծիծաղեք, գուշակեք, սիրեք իրար ու խռովեք իրարից

    Քվեարկությունը կլինի բազմակի ընտրությամբ ու կտևի հինգ օր: Ինքնաբացահայտվել չի կարելի:
    Ակնկալում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը՝ թե քննարկումներին, թե քվեարկությանը:

    Անկախ նրանից, թե ոնց կսկսեք կարդալ՝ վերջից, սկզբից, թե մեջտեղից, խնդրում եմ հիշել, որ քվեարկել կարելի է՝ միայն ու միայն բոլոր գործերը կարդալուց հետո:

    Բարի ժամանց

    Հայկօ-ի դրած երգը չեմ ջնջում. մեկ-մեկ միացրեք, լսեք
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.01.2017, 09:39:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.01.2017), LisBeth (30.01.2017), Mr. Annoying (30.01.2017), Հայկօ (30.01.2017)

  17. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Օուեն Մարթընը

    Յուրաքանչյուր մարդու կյանքը մի կարճ պատմություն է՝ ցիկլիկ կրկնվող։

    Օուեն Մարթընը նստում էր անպատուհան մի սենյակում, որի առջևի պատն ապակի էր։ Այդ ապակու միջով ես տեսնում էի նրա՝ գրասեղանին կքված կերպարանքը՝ լայն, փոքր-ինչ մսեղ ուսերի վրա նստած, ավելի ճիշտ՝ մխրճված, կանոնավոր, դոնքիշոտյան դարաշրջանի ազնվազարմ դիմագծերով խոշոր գլուխը՝ մաքուր ճերմակին տվող, խնամքով կողք սանրած, զարմանալիորեն խիտ մազափնջով և նույնագույն, գեղեցիկ, մի փոքր ներքև ծռված բեղերով, որոնք այնպես իրենն էին, այնպես ներդաշնակվող իր ողջ կերպարանքին, որ ասես ամրագրվում էին անգամ անվան երկու բաղադրիչներին՝ Ոուեն Մարթըն – Ճերմակ Բեղեր․ համենայնդեպս այդ անհեթեթ զուգորդումը մեխվեց գլխումս և այդպես էլ մնաց։

    Օուեն Մարթընը ութսունհինգ տարեկան էր, ամուրի։ Բրիտանացի էր ծննդով, բայց թե երբ և ինչու էր հայտնվել մեր կողմերում, առավելևս սեփական կամքով, ինձ հայտնի չէր։ Ինչ հայտնի էր ինձ, այն էր, որ նա ամեն առավոտ նստում էր 265 համարի ավտոբուսը, որը միակն էր, որ իր տնից բերում էր ուղիղ դեպի գրասենյակ, և երբեմն, հատկապես անձրևային օրերին, երբ ուշանում էր ավտոբուսից, ստիպված էր լինում նստելու մեկ ուրիշը, որը, սակայն, հասցնում էր գրասենյակից մոտ երկու կիլոմետր հեռու՝ արվարձանային փոքրիկ գրադարանի մոտ, որտեղից սովորաբար քայլում էր դեպի աշխատատեղ, բայց երբ շատ ուշ էր լինում, վերցնում էր տաքսի՝ ափսոսալով տալով տասնհինգ, երբեմն էլ տասնվեց դոլարը, և մի-փոքր անտրամադիր, խոշոր, պատկառելի գլուխը կախ տմբտմբացնելով, բարձրանում էր երկրորդ հարկ, կախում հերթական սև հովանոցը կախիչից ու կամաց-կամաց ինտեգրվում օրվա ավանդական հոսքին։

    Հովանոցը հերթական էր, որովհետև դրանք մոտ մեկ դյուժին քանակությամբ, իրար գլխի մի կերպ կառչած՝ կախված էին սենյակի միակ կախիչից․ անձրևը հաճախակի էր հանկարծակիի բերում Օուեն Մարթընին, քանի որ վերջինս չուներ խելախոս (սմարթ-ֆոն), որպեսզի իմանար եղանակի տեսությունն ափի մեջ ստուգելու հրաշքի մասին, և այդպես ամեն անգամ ստիպված էր լինում ճանապարհին գնելու նոր հովանոց։ Ի դեպ, հրաշքներն ավելի քան կես դար է, ինչ անցնում էին Օուեն Մարթընի կողքով, քանի որ նա ոչ միայն չգիտեր, ասենք, համակարգիչ օգտագործել, այլև սովորական սեղանի հեռախոսից օգտվելը մարտահրավեր էր իր համար։ Փոխարենը Օուեն Մարթընն ուներ մատիտների էլեկտրական սրիչ՝ մուգ կանաչ, ծանր մի ագրեգատ, գրասեղանին բազմած, իսկ ձեռքի՝ մշտապես նախանձելի սրության մատիտը համարյա երբեք ցած չէր դնում, անգամ երբ թեթևակի խռմփոցով մրափում էր՝ ուշադիր կենտրոնացած իր թղթերին․ ներս մտնողը թեթևակի կտկտացնում էր պատի ապակուն, Օուենը ցնցվում էր, ուղղում ձեռքի մատիտը և շարունակում գրել ընդհատված տեղից։

    Օուեն Մարթընը սիրում էր կանանց, թեև երբեք ամուսնացած չէր եղել։ Հավանաբար այդ սերն այնքան բուռն էր և, երևի թե, կրքոտ, որ կանայք էլ սիրում էին նրա այդ սերը։ Համենայնդեպս, ընկերության տարեմուտի ամենամյա խնջույքին նա ամեն անգամ ներկայանում էր մի նոր ընկերակցուհու հետ, և դրանք բոլորն էլ զարմանալիորեն ուշագրավ կանայք էին՝ ավիաուղիների սլացիկ, անթերի կազմվածքով ուղեկցորդուհիներ, նորաձևության ամսագրերի խմբագիրներ, ֆիթնեսի մարզիչներ, թեև բոլորն էլ ոչ երիտասարդ, գուցեև մոտ իր տարիքին, բայց փոխարենը միայն Օուեն Մարթընի մոտ էի ես հնարավորություն ունենում բերանբաց զմայլվելու յոթանասունը բոլորած, տասնութ տարեկանի մարմնով (Сзади – пионерка, спереди – пенсионерка) արտառոց երևույթների, որոնց հետ խնջույքի վերջում, մեկուսի մի անկյունում այնպես տրփագին համբուրվում էր խմիչքից շառագունած Օուեն Մարթընը։ Իսկ շառագունում էր նա ոչ միայն գինուց. մի անգամ մի տեխնիկական հարցով մտել էի իր մոտ՝ խորհրդակցելու, և սարքի պարամետրերը թելադրելիս, մեկ էլ հանկարծ, այդ լուրջ, ճերմակաբեղ, ազնվազարմ դեմքը թեթևակի շառագունեց։

    Օուեն Մարթընը ճշտապահ էր և պարտաճանաչ։ Նա երբեք չէր ուշանում աշխատանքից և լքում էր աշխատատեղը երևի թե ամենավերջինը։ Միայն մի անգամ էր, որ ստիպված էր թողնել ժամը չորսին, քանի որ հինգին խանութները փակվում էին, իսկ ինքը պիտի շերտավարագույր գներ. «Իմոնք արևից այնպես են դեֆորմացվել, որ դարձել են ձող», ասաց, «ասես բանտում լինեմ», ու ծիծաղեց՝ թեթևակի շառագունելով։

    Մի օր տնօրենն ասաց, որ Օուենն այլևս չի գալու․ գնացել է թոշակի։
    Օուեն Մարթընի սենյակը մթնեց․ տխրեց մի տեսակ, կախեց հոնքերը և այլևս չբարձրացրեց։ Գրապահարաններում զինվորների պես շարք կանգնած ձեռագիր մատիտագրերի հաստափոր թղթապանակները թեև նեղացան մի-փոքր, բայց խրոխտ հպարտությամբ ու հավատարմորեն չլքեցին իրենց դիրքերը, դոշ տված մնացին կանգնած, և ոչ ոք չհամարձակվեց վերանայել նրանց իրավունքները։ Գրասեղանի վրայի մուգ կանաչ էլեկտրական սրիչն ավելի մգվեց, մաշված մետաղը սառը զրնգաց անլսելի և կուչ եկավ, փաթափվեց սենյակի մթության սքողի մեջ․․․

    Շատ չանցած Օուենը հիվանդացավ։ Հիվանդանոցից տեղափոխեցին խնամքի տուն, քանի որ միայնակ էր և խնամքի կարիք ուներ։ Տնօրենը մեկ, թե երկու անգամ գնաց այցելության։ «Չմոռանամ «վայրկենական» սուպերից առնել մի քանի հատ, Օուենն ուզել էր», ասաց նա դուրս գալուց առաջ։ Վերադարձավ անտրամադիր, «Ի՜նչ սարսափելի են պետական խնամքի տների պայմանները բայց», ասաց։

    Մի քանի ամիս հետո Օուեն Մարթընը մահացավ։
    Այդ մասին մեզ հայտնեց Դոն Մաքինթոշը, Օուենի երբեմնի և երևի թե միակ ընկերը, որի հետ մի ժամանակ աշխատել էր երկար տարիներ։ Ինքնավստահ, բանիմաց, գնդլիկ Դոն Մաքինթոշը վաղուց էր անցել թոշակի և վայելում էր կյանքը։ Իր կյանքի վերջին օրերին Օուենը խնդրել էր ընկերոջը տնօրինելու իր ունեցվածքի ճակատագիրը, կարգադրելու հուղարկավորությունը։ Դոնն արագորեն վաճառեց Օուեն Մարթընի նոր շերտավարագույրներով հին ու խղճուկ բնակարանը, որի պատուհանները նայում էին քաղաքի կենտրոնական հրվանդանին, ուր խաղաղ սահում էին առագաստանավերը։ Տեսարանն այդ ապահովեց մի տպավորիչ գումար, որից իր քաշած նեղության համար մի կլորիկ բաժին առանձնացնելուց հետո, Դոնը կազմակերպեց հուղարկավորությունը, իսկ մնացածը տնօրինեց ըստ հանգուցյալի կարգադրության։

    Հավանաբար ոչ ոք չուներ Օուեն Մարթընի հավատքի մասին տեղեկություններ, քանի որ սգո արարողությունը մի անհասկանալի սպիտակ շենքի սրահում էր, որտեղ նստարաններ էին և մի փոքրիկ բեմ միայն՝ վարագույրով ծածկված։ Բեմի մոտ՝ մի սեղանիկ, վրան՝ ցվրված մի քանի լուսանկար․ Օուեն Մարթընը՝ երիտասարդ, ուղտ է քշում անապատում, Օուեն Մարթընը՝ քսան տարեկան, մի խմբում սակսոֆոն է նվագում, Օուեն Մարթընը՝ երեսունն անց, ճամփորդում է նավով։ Աստված իմ, ի՜նչ նման է Էլվիսին, ամենուր, պարզապես հետագա ճերմակաբեղությունը խանգարել էր դա նկատել։

    Արարողությունը սկսվեց, ներս մտավ վայելուչ հագնված, սևազգեստ մի երիտասարդ, դանդաղ քաշեց վարագույրը, և դագաղը մեղմ սահեց բեմ․ այնտեղ հանգչում էր մոմե դեմքով Օուեն Մարթընը։ Երիտասարդը մոտեցավ ամբիոնին, դեմքի տխուր, բայց լուրջ ու հանդիսավոր արտահայտությամբ, թափանցող ու ազդեցիկ ձայնով, թեթևակի պոետիկ երանգներ ներդրած, սկսեց Օուեն Մարթընի պատմությունը։ «Ո՞վ էր Օուեն Մարթընը, տիկնայք և պարոնայք», զրնգում էր սգո սպասավորի ազդեցիկ տեմբրը հանդիսատեսների՝ էլեկտրական սպիտակ լույսերի տակ փայլող ճաղատների այն ոչ մեծ խմբի վրայով, որոնց ներքո, ի սարսուռս ինձ, բնականից արդեն կազմուպատրաստ նոյնատիպ մոմե դեմքեր էին, և որտեղի՞ց էր Դոնը հայտնաբերել-գտել դրանց։ «Ո՞վ էր Օուեն Մարթընը», կրկնեց սգո հռետորը՝ «ա»-ի վրա բարձրացնելով պատասխան պահանջող շեշտը, «և ի՞նչ է սովորեցնում մեզ նրա կյանքը»։ Լսվեց լռություն։ «Օուեն Մարթընը նա էր, ով ապրել է իր կյանքը, և իր կյանքը մեզ սովորեցնում է ապրել»։ Լսվեց խորիմաստ լռություն։

    Օուեն Մարթընի կյանքի այս պատմությունը սգո աշխատողը պատմեց մի քանի անգամ, տարբեր շարահյուսական կառուցվածքներով և դարձվածքներով, և յուրաքանչյուր նախադասության վերջում ձայնի դրամատիկ արձագանքը ճիշտ ամպլիտուդով դողում ու մարում էր օդում՝ թողնելով կարևորության անվիճելի պարտադրանք։ Սակայն, բարեբախտաբար, մասնագիտական այս տվայտանքներին հաջորդելու էր գալու ժողովրդի խոսքը, որը վերջնականապես կպարզաբաներ, թե ով էր արդյոք Օուեն Մարթընը։

    Առաջինը ամբիոնին մոտեցավ Դոն Մաքինթոշի որդին։ Մոտ երեսուն տարեկան տղա էր, հագել էր արմավենիներով գույնզգույն վերնաշապիկ։ Իր խոսքը կարճ էր․ Օուեն հոպարին ինքը հիշում է մանկուց, հաճախ գալիս էր իրենց տուն։ Այստեղ տղան հուզվեց, ձայնը դողաց, կանգ առավ, փորձեց էլի մի բան հիշել ու մատով դուրս հրեց արցունքի պես մի բան աչքից։ Հայրը, որն առաջին շարքում էր նստած, լուսանկարչական խցիկը ձեռքին, հովազի արագությամբ որսաց պահն ու անմիջապես չխկացրեց խցիկը գլխավերևում։ Այդտեղ տղան ոգևորվեց, և նոր հիշողություններ ի հայտ եկան։ Օուեն հոպարը խմիչքի հետ սեր ուներ, և միշտ տնտղում էր իրենց սառնարանը, թե ինչ կա կոնծելու։ Սրահն ուրախ արձագանքեց։ Պարզվեց, որ այդ առումով շատերը պատմելու բան ունեին․ մեկը հիշեց, թե ինչպես էր հարբած տուն հասցրել ծերուկին, մյուսը՝ թե մի անգամ այնքան էր խմել, որ մոռացել էր իր տան հասցեն և տաքսուն ստիպել մի քանի անգամ պտտվել շենքի շուրջը։

    Ես առաջին անգամ էի ներկա լինում արևմտյան հուղարկավորությանը, և ինձ սովորեցրին, որ հիշատակի խոսքը կոչված է ոչ թե սգալու հանգուցյալի մահը, այլ տոնելու նրա ապրած կյանքը, և խոսքն այդ պարտադիր պիտի պարունակի զավեշտ հանգուցյալի կյանքից։ Օուեն Մարթընի կյանքի զավեշտները հատվում էին բոլոը մի կետում, և երբ վերջում ընթերցեցին հանգուցյալի՝ Անգլիայում ապրող ազգականների ուղարկած նամակ-մահախոսականը, այնտեղ քեռի Օուենի խմիչք վերցնելը սառնարանից, երբ հյուրընկալվում էր, տեքստի զգալի մասն էր կազմում։

    Վերջում սգո պահակը էլի մի քանի տեմբր դողացրեց օդում և խնդրեց հանդիսատեսին հրաժեշտի վերջին հայացքը գցել հանգուցյալի վրա, որից հետո վարագույրը փակվեց և Օուեն Մարթընին տարան դիակիզարան։

    Հետո, շատ հետո, ականջիս հասավ, որ Օուեն Մարթընն իր ողջ կյանքի ընթացքում խնայել-հավաքել էր մոտ կես միլիոն դոլար։ Գումարն ամբողջությամբ կտակել էր Անգլիայի ազգականներին։ «Իսկ ի՞նչ եղավ աճյունը», հարցրի։ «Կարծեմ Դոն Մաքինթոշը վերցրեց, ուրիշ մարդ չկար, որ վերցներ»։

    Բորխեսի մետաֆիզիկայում այսպիսի մի աշխարհ կա․ առարկաները շարունակում են գոյատևել, քանի դեռ դրանց այցելող կա։ Այսպես, քարը, որի վրա նստում էր մուրացկանը, վերջինիս մահից հետո աստիճանաբար սկսում է անհետանալ մինչև իսպառ անէացումը։ Հին աշխարհի փլատակ ամֆիթատրոնները պահպանվել են, քանի որ դրանց վրա երբեմն նստում են թռչուններ։

    Օուեն Մարթընի աշխատասենյակը մինչև հիմա էլ մութ է, բայց կողքով եթե անցնելիս լինեք, ուշադիր նայեք, խնդրում եմ․ այնտեղ կախված են մոտ մեկ դյուժին հովանոցներ՝ իրար գլխի, սենյակի միակ կախիչից, և ես, չգիտես ինչու, չեմ ուզում, որ դրանք անհետանան։
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.01.2017, 23:57:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (30.01.2017), Mr. Annoying (01.02.2017), Rhayader (01.02.2017), Ruby Rue (02.02.2017), Sambitbaba (30.01.2017), Աթեիստ (30.01.2017), Արէա (30.01.2017), Նաիրուհի (31.01.2017), Ուլուանա (30.01.2017), Վոլտերա (30.01.2017)

  19. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Ուսանողական ընկերներս ինձ հիշում են ծնկների կողքի գրպաններով լայն տաբատով, աջ գրպանում՝ կոկա-կոլայի շիշ։ Ինչքան էլ դասախոսները համոզեին, որ առանց շշի լսարան մտնեմ, չէի լսում։ Ծայրահեղ դեպքում խցկում էի ուսապարկիս մեջ, իսկ երեկոյան տանջվում, որ գրքերիս ու տետրերիս վրայից շիրան մաքրեմ։

    Ուսանողական ընկերներս երևի մոռացել են դեմքս, բայց հիշում են կոլայի շիշը, ինչպես ես մոռացել եմ Տիկոյին, ու պիտի աչքերս շատ պինդ փակեմ, որ գոնե դարչնագույն պեպեններն աչքիս առաջ գան։ Տիկոն կոլայի շշի պես անբաժան էր ինձնից։ Եթե տեղավորվեր, նրան էլ ձախ գրպանում կպահեի, ու դասերի ժամին մերթ դեպի աջ գրպանս կձգվեի՝ շշից հերթական դոզան ստանալու համար, մերթ դեպի ձախը, որ Տիկոյի շեկ մազերը խառնեմ իրար։

    Համալսարանն ավարտելուց հետո Տիկոյին առաջին անգամ տասնհինգ տարի անց տեսա։ Դասընկերներիցս լսել էի, որ մեկնել էր ԱՄՆ։ Թե ինչի համար, էդպես էլ չիմացա։ Մերթ ասում էին՝ Նանայի հետևից, մերթ՝ թե Նանան կապ չունի, սովորելու է գնացել։ Կարճ ժամանակ անց ես էլ մեկնեցի Բեռլին, ու էդպես միմյանցից տեղեկություն ստանալու բոլոր հնարավորությունները վերացան։

    Սկզբում տարին մեկ Հայաստան էի գալիս ու հանդիպում ուսանողական ընկերներիս։ Հանդիպելիս հարցնում էի՝ Տիկոյից լուր չունե՞ք։ Հետո սկսեցի երկու տարին մեկ գալ, հետո՝ ավելի հազվադեպ։ Ուսանողական ընկերներիցս գրեթե ոչ ոք Հայաստանում չէր մնացել։ Ով էլ մնացել էր, ընտանիք-երեխաներով էր զբաղված։ Եթե ստացվում էր հանդիպել, Տիկոյից էլ չէի հարցնում։ Չգիտեմ՝ այլևս չէի՞ հիշում նրան, թե՞ ամբողջ հանդիպումը լցված էր լինում Դավիթիկի կամ Էլենչիկի սննդային նախընտրությունների մասին խոսակցություններով, ու թե ինչքան դժվար է սկեսրոջ հսկողության տակ երեխա մեծացնելը։

    Վերջին այցելությունիցս չորսուկես տարի էր անցել, ուսանողական ընկերներիս հետ հանդիպումից՝ ավելի շատ։ Բեռլինում նոր բնակարան էի տեղափոխվել, ու ուզում էի ծնողներիս երևանյան տնից իմ ունեցվածքի վերջին մնացորդները տեղափոխել իմ մշտական բնակավայր։ Դրա համար դատարկ ճամպրուկով քառօրյա ճամփորդություն կազմակերպեցի դեպի իմ երբեմնի հարազատ քաղաքը։

    Այցելությանս մասին ընտանիքիցս բացի ոչ ոք չգիտեր։ Դա ինձ ազատում էր իմ կամքին հակառակ զանազան մարդկանց տեսնելու պարտականությունից, բայց ապահովագրված չէի փողոցում պատահաբար նրանց հանդիպելուց ու լսելուց. «Վա՜յ, ստե՞ղ ես։ Ե՞րբ ես էկել»։

    Այդ երեկո Ալեք Մանուկյանով թրև գալիս Տիկոն երրորդ ծանոթ մարդն էր, որին անսպասելիորեն հանդիպեցի, բայց նա հարցականի տակ չդրեց այդ պահին Երևանում գտնվելս։ Ինձ տեսնելիս ժպտաց՝ չիմանալով պիտի գրկի՞, թե ուղղակի տեղում կանգնած մնա, չկողմնորոշվելով նաև, թե ինձնից քանի քայլ հեռու պիտի կանգնի մի երկու բառ փոխանակելու համար։
    Տիկոն չաղացել էր, մազերի կեսը թափվել էին։ Չնայած էսպիսի կերպարանափոխության ենթարկվել էին ուսանողական գրեթե բոլոր ընկերներս, Տիկոյին էդպիսին տեսնելիս ինչ-որ ափսոսանք զգացի, ինչ-որ տեղ էլ ուրախացա, որ լայն տաբատներ այլևս չեմ հագնում. գրպանիս մեջ հաստատ տեղ չէր անի։

    - Հազիվ ճանաչեցի,- ասացի, ու մինչ նա հեռավորությունն էր չափչփում, մոտեցա ու գրկեցի։ Մարմնից ծխախոտի հոտ էր գալիս, ու չկարողացա հին ու բարի ժամանակների պես պարանոցը հոտոտել։
    - Չես փոխվել,- նայեց ինձ՝ ոտքից գլուխ չափելով,- լրիվ նույն շորերն ես հագնում։
    Մի քիչ վիրավորվեցի, որովհետև վերջին տարիներին զգեստապահարանս լրիվ թարմացրել եմ ու հպարտանում եմ հիմիկվա ճաշակովս՝ սարսափելով, թե ոնց էի մի ժամանակ լայն տաբատներ ու ավելի լայն մայկաներ հագնում՝ մարմինս ամբողջովին քառակուսի դարձնելով։ Այն ժամանակ մարդիկ ստիպված էին գուշակել, թե մայկայի տակ ինչ չափի կրծքեր են, տաբատի մեջ՝ ինչպիսի հետույք։ Իսկ հիմա մարմինս կիպ գրկող շրջազգեստները բոլոր բարեմասնություններս նրբորեն ցուցադրում են։
    - Դու ինձ ե՞րբ ես էսպիսի շորով տեսել։
    - Ավարտական երեկոյին։
    Ճիշտ էր ասում։ Ավարտական երեկոյին ավագ քրոջս թիթիզ շորերից մեկն էի հագել, ու դա առաջին ու վերջին անգամն էր, երբ համակուրսեցիներս ինձ կանացի հագուստով էին տեսել։ Դա նաև վերջին անգամն էր, որ Տիկոյին տեսա։

    Անհարմար լռություն տիրեց. չգիտեինք՝ ինչպես շարունակել զրույցը։ Տասնհինգ տարին մի բան է։ Մի ուրիշ բան է հարբած Տիկոն՝ Նանայի հետ զուգարանում առանձնանալը, ու իմ փախուստը խնջույքից։
    - Ժամանակ ունե՞ս։ Սուրճ խմենք,- վերջապես առաջարկեց Տիկոն,- հազար տարի չենք տեսել իրար։
    - Ունեմ։ Մոտակայքում սրճարան գիտե՞ս։
    - Պիտի քայլենք մինչև Սայաթ-Նովա։
    Չգիտեմ ինչու, Տիկոյի հետ քայլելու հեռանկարը սարսափելի թվաց, բայց երբ նայեցի Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով, մտածեցի, որ հինգ րոպե կձգեմ։

    Մինչև Սայաթ-Նովա հասնելը գրեթե չխոսեցինք։ Միայն մի անգամ Տիկոն նկատեց, որ օրերը տաքացել են, ինչին չարձագանքեցի. Երևանում, միևնույն է, ավելի տաք էր, քան Բեռլինում։ Իսկ սրճարանում մատուցողուհին կոտրեց անհարմար իրավիճակը։
    - Ի՞նչ կխմես,- հարցրեց Տիկոն։
    - Կապուչինո։
    - Չունենք,- ասաց մատուցողուհին։
    - Լատե՞։
    - Չունենք։
    - Բա ի՞նչ ունեք։ Էսպրեսո՞։
    - Չունենք։
    Չգիտեմ՝ Տիկոն ինձ ինչ սրճարան էր բերել, բայց «հայկական» սուրճ հաստատ չէի ուզում խմել։
    - Մակկոֆե՞։
    Մատուցողուհին թարս նայեց ինձ՝ ասես այլմոլորակային լինեի։
    - Ամերիկանո կարամ առաջարկեմ։
    - Լավ, ամերիկանո, - մինչ մատուցողուհին պատվերը գրի էր առնում, շրջվեցի դեպի Տիկոն ու ասացի,- չեմ հասկանում՝ ո՞նց կարան էսպրեսո չունենան, իսկ ամերիկանո ունենան։
    Տիկոն կոլա պատվիրեց։ Մատուցողուհին հեռացավ սեղանից։
    - Բա դու կոլա էլ չե՞ս խմում,- հարցրեց Տիկոն։
    - Չէ, ավելի թունդ բաների եմ անցել։
    - Ինձնի՞ց էլ թունդ։
    - Տո դու ի՞նչ թունդ։ Դու գազը թողած կոլա ես։
    Տիկոն գույնը գցեց։
    - Կներես,- ասացի։
    - Դու էն ասա՝ ինչո՞վ ես զբաղվում։
    - Բեռլինում եմ ապրում։ Աշխատում եմ։
    - Ո՞նց։ Վաղու՞ց։ Ես էլ կարծում էի՝ մաստերիցդ հետո հետ ես էկել։ Էրեխեքից ում հարցնում եմ, տեղյակ չեն քեզնից։
    - Ֆեյսբուք գոյություն ունի։
    - Ես չկամ էնտեղ։
    - Ես էլ կարծում էի՝ ինձ բլոկ ես արել, քեզ չէի գտնում։
    - Փնտրում էիր հա՞։
    - Դե մենակ մի անգամ։ Թե չէ դեմքդ մոռացել եմ։ Աչքերս պիտի պինդ փակեմ, որ մի կերպ պատկերացնեմ մարմնիդ ուրվագծերը… մեկ էլ վզիդ հոտը։
    Մատուցողուհին սեղանին դրեց Տիկոյի կոլան ու իմ սուրճը։
    - Սովորական նեսկաֆե ա,- հոտից հասկացա,- անունը ամերիկանո են դրել։ Էս երկրում նորմալ սուրճ կա՞։
    - Չարացած ես,- ասաց Տիկոն,- դու էլ կոլա պատվիրեիր։ Ձեր Բեռլինի կոլան էս նույն համը չունի։
    - Ասեցի՝ կոլա էլ չեմ խմում։
    - Պահ-պահ, էդ երբվանի՞ց։
    - Էն օրվանից, ինչ քո մասին չեմ մտածում։
    Տիկոն նորից գունատվեց։
    - Դու քեզնից խոսա։ Լսել էի՝ Ամերիկա ես գնացել։
    - Հա, կես տարով։ Կուրսեր էին։ Հետո հետ էկա ու էլ չեմ գնացել։
    - Ո՞նց։ Բա Նանա՞ն։
    - Նանան ի՞նչ կապ ունի։ Ինքը Լոսից մի տղու հետ ամուսնացավ, գնաց։
    - Ամա՜ն, քեզ չուզե՞ց։
    Տիկոն ներվային շարժում արեց, ես՝ սուրճիցս մի կում։
    - Էդպես մի նայիր ինձ, վատ եմ զգում,- ասաց,- Նանան մանրուք էր։
    - Ո՞նց եմ նայում։
    - Ոնց որ ուզենաս հայացքով սատկացնել ինձ։
    - Տիկ,- խորը շունչ քաշեցի,- էս տասնհինգ տարիների ընթացքում փորձել եմ հասկանալ՝ ի՞նչ պատահեց էդ երեկո։ Բոլորին հերթով հարցրել եմ։ Ինչ ախմախ գիրք ասես չեմ կարդացել էս թեմայով։ Ուզում էի հասկանալ՝ ինչն եմ սխալ արել, մինչև ի վերջո ինքս ինձ համոզեցի, որ ես կապ չունեմ, դու Նանային էիր ուզում։ Ու հիմա ասում ես՝ մանրուք էր։
    - Դու գիտեիր, որ մենք երկար միասին չէինք լինելու։
    - Չէ, չգիտեի։
    - Դու գիտեիր, որ գնալու ես Բեռլին ու էլ հետ չես գալու, իսկ ես Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել չեմ կարող։
    - Չգիտեի։ Եթե իմանայի էլ, կարայիր գոնե մի քիչ մարդավարի վարվեիր հետս։
    - Զանգում էի։ Հեռախոսդ անջատած էր։
    - Ինքնասպանության եզրին էի։
    - Ուրեմն մի բողոքի։
    - Ինձ ինքնասպանության եզրին էիր հասցրել, ասում ես՝ չբողոքե՞մ։
    - Հեռախոսդ չանջատեիր։
    - Նանայի հետ զուգարանում սեքս չանեիր։ Գոնե ինչ անում էիր, քեֆից դուրս անեիր։ Գիտեիր, որ շուտով գնալու էի։
    - Ինչու՞ պիտի քեզ հաշիվ տամ, թե ում հետ ու երբ եմ սեքս անում։
    - Կարծեմ մենք միասին էինք։
    - Բայց դա երկար չէր տևելու։
    - Տարրական հարգանքի արժանի չէի՞։
    Տիկոն ոչինչ չասաց։ Իսկ ինձ դուր չէր գալիս ոչ մի տեղ չտանող գզվրտոցը։ Գուցե ավելի լավ կլիներ, որ Տիկոյին չհանդիպեի՝ մտածելով, որ ինչ-որ տեղ հոգու խորքում զղջացել է արածի համար, որ ինչ-որ տեղ թաքուն երազում է ինձ վերադարձնելու մասին։ Իսկ հիմա նստած է դիմացս ու ասում, որ հեռախոսս չանջատեի այն ժամանակ, երբ Լիլոն ու Անոն մահճակալիս կողքը հերթափոխում էին, որ հանկարծ մի վտանգավոր բան չանեմ։

    Մատուցողուհին մոտեցավ, որ վերցնի Տիկոյի դատարկ բաժակը։ Իմ կիսատ սուրճն էլ դեմ տվեցի, որ տանի։
    - Ինձ մի հատ էլ կոլա,- ասաց Տիկոն։
    - Մի հատ էլ ինձ,- ասացի ու դարձա դեպի Տիկոն,- ասում ես՝ հիմա ինչո՞վ ես զբաղվում։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2017), Marcus (30.01.2017), Mr. Annoying (02.02.2017), Sambitbaba (30.01.2017), Աթեիստ (30.01.2017), Մուշու (01.02.2017), Ուլուանա (02.02.2017), Վոլտերա (30.01.2017)

  21. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Երեք Արվեստները

    «Лучше гор могут быть только горы,
    На которых еще не бывал»,- Վլադիմիր Վիսոցկի

    Պատմում էր, որ սկսել էր՝ ընկերոջ հետ մերձակա ժայռերը մագլցելով՝ առանց որևէ ապահովության։ Հետո ծանոթ մագլցողները զգուշացրել էին, որ այդպես մի օր իրենց սպանելու են, և՝ ո՛չ, լվացքի պարանով իրար ապահովել չեն կարող։ Դրանից հետո ընկերոջ ծնողների ավտոտնակում գտած պարաններով էին իրար ապահովում մագլցելիս։

    Պատմում էր, որ իր դժվար մագլցումներից շատերը ոտաբոբիկ էր արել։ Ու որ ոտքերը սմբակների էին նման, թաթերի տակն էլ՝ կարծես արհեստական կաշվից պատրաստված տակացուներ։ Նույնիսկ սառույցի ու ձյան վրա ոտաբոբիկ էր քայլում՝ ոտքերը կոպտացնելու համար։

    Պատմում էր, որ երկու ամառ 40 օրվա չափ բնակվում էր Այգերի ստորոտում՝ մի ժայռի տակ դրված վրանում։ Խմում էր վրանի կտուրից կաթկթացող ջուրը. «բաժակդ որ դնեիր կտուրի տակ, մի երկու ժամում կլցվեր»։ Քնում էր վրանում՝ սպասելով, որ ամպերը հեռանան։ Օրվա մեծ մասը մեդիտացիա էր անում, յոգա՝ ճկուն մնալաու համար, դիտում ամպերի պտույտները ու ապրում ժայռին կպած պլանկտոնի նման։

    Պատմում էր, որ երբեմն մի կատարյալ համրուկ էր դառնում՝ խնայելով էներգիայի ամեն մի վերջին կաթիլը՝ ուղղորդվելու համար։ Նույնիսկ ոչ էլ խոսում էր մարդկանց հետ այդ վիճակում։ Գտնվում էր մեդիտացիոն փուչիկում։ Պատկերացնում էր, որ կերած ամեն մի կտոր լուծվում էր և ուղիղ գնում ճիշտ մկաններին։ Այսպիսի վիճակում էր, երբ ֆրի-սոլոյում էր Սուպեր Կուլուարը և երբ առաջին անգամ բարձրանում էր Պատագոնիայի Ֆիցռոյի Կալիֆոռնիայի Ռուլեթը։ Անկարող էր նորմալ շփումներին դիմանալ այդ ընթացքում։ Ապրում էր քարանձավներում, որ ստիպված չլինի մարդկանց հետ հաղորդակցվել։ Չէր դիմանում, երբ ինչ-որ մեկի մեջ վախ էր տեսնում. եթե դիմացինը վախ ուներ, իր մեջ էլ էր ներթափանցում։

    Պատմում էր, որ բեյսինգը ու թռչելը սահմանափակող օրենքների հակառակորդ էր, որովհետև գտնում էր, որ ազատ լինելը ամենակարևոր բանն է մարդու կյանքում։ Բայց և, որ րենջերները իր մեջ արդեն տեսնում են մոտ երկու տասնամյակ ժայռերի մեջ ապրող մարդու, ով ամեն օր ջանասիրաբար իր արվեստով էր զբաղվում։ Ու չնայած երբեմն օրենքին հակառակ բաներ էր անում, եթե րենջերները հարցնեին, անկեղծ էր հետները։ Իհարկե, եթե դրանց մեքենաների վրայով էր թռչում, ստիպված հետևից էին ընկնում, բայց եթե ցուցադրական երեսները չէր կոխում, սովորաբար իրեն էլ էին հանգիստ թողնում։

    Պատմում էր, որ կենտրոնացած էր սլեք-պարանների վրա սոլո-քայլելով առանց կապանքի։ Չէր անում մարմնամարզական տրյուկներ։ Եթե ընկնելիս լիներ, հնարքը պարանից բռնվելն էր, որ չընկնի հարյուրավոր մետրեր ու ցխվի տակի քարերին։ Աննկարագրելի վախենալու էր այնտեղ, միգուցե իր արածներից ամենավախենալուն։

    Պատմում էր, որ երբ ընկել էր Մեքսիկայի Ծիծեռնակների Քարանձավում, ընկել էր նաև դեպրեսիայի մեջ։ Սա հավանաբար իր ամենածանր վնասվածքն էր եղել՝ այդ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Շարունակելու կամքի մի ահռելի կտորը կորցրել էր դրանից։ Հարցաքննում էր այդ կյանքով ապրելու իր մոտիվացիան։ Հետո առնվազն մի երկու տարի շատ ցածր էներգիայով էր տառապում։

    Պատմում էր, որ բեյսինգի ժամանակ կարողանում էր անկման արագությունը նվազեցնել 100 կմ/ժ կարգի, իսկ երբ վինգսյութով էր, հասցնում էր նույնիսկ 40 կմ/ժ։ Բայց նաև կարողանում էր միջինացված արագության էլ հասնել՝ 50 կմ/ժ՝ զառիվայր և 65 կմ/ժ՝ առաջ։ Պարաշյուտով ավելի արագ էին մարդիկ իջնում։ Երբ ուրիշները իրեն դիտում էին վինգսյութ բեյսինգի ժամանակ, ասում էին, որ հաստատ կարող էր ինքնուրույն վայրէջք անել։ Մի օր հաստատ փորձելու էր առանց անկարգելի նստել։

    Պատմում էր, որ լրիվ տարված էր «միջանկյալ կարգավիճակներով», և որ իր կենտրոնացումը շատ ժամանակ բացարձակ դատարկության մեջ էր։ Կարող էր վիզուալ տեսնել հոսանքները։ Երբ Էլ Կապի վրա էր, պատահում էր՝ լույսը իդեալական էր. «1000 մետր անկմանը նայելիս կարող էիր տեսնել քամու հոսանքները՝ օդի բուն նյութը»։

    Պատմում էր, որ չնայած իր մարմինը տաք էր նեյլոնային կոստյումի մեջ, սկսում էր դողալ ու կասկածել արարքների ճշտության մեջ։ Վինգսյութ բեյս-ցատկումը իրեն ապահով էր թվում, բայց այդ տարի 25 վինգսյութ թռչողներ իրենց կյանքն էին կորցրել։ Համակարգում ինչ-որ արատ կար, մի մահացու գաղտնիք՝ իր ըմբռնման կարողությունից դուրս։

    Պատմում էր, որ մահը թռչելով փոխակերպելու գաղափարը իր կյանքի հիմնական սկզբունքն էր։ Իր երեք արվեստներով զբաղվելու հնարավորությունը ու լեռներում և բարձր պատերի վրա արագ շարժվելու գեղեցկությունն ու պարզությունը լրիվ կլանիչ էին. «դրանից լավ էլ ի՞նչը կարող է լինել»։

    Պատմում էր...
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.01.2017, 21:44:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (02.02.2017), Sambitbaba (30.01.2017), Աթեիստ (30.01.2017)

  23. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (30.01.2017), Sambitbaba (30.01.2017)

  25. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Առաջին երկու պարբերությունները շատ դուր եկան, հոյակապ էր, հնարամիտ սկիզբ:
    Երրորդը կարդալով, տրամադրեցի ինձ հավես պատմություն լսելու... բայց հեղինակը խաբեց ինձ: Որովհետև, երբ ինձ ասում են "Համալսարանն ավարտելուց հետո Տիկոյին առաջին անգամ տասնհինգ տարի անց տեսա", - ես հասկանում եմ, որ առնվազն երկու հանդիպման մասին ինձ պետք է պատմեն...
    Լեզուն շատ է ընտիր, չհաշված Տիկո-Լիլո-միլոները, բայց ցավոք, ոչ մի տեղ չբերեց:
    Կարծում եմ, որ սա այն դեպքերից է, երբ հեղինակին ամեն ինչ պարզ է, ու նա համարում է, որ քանի որ իրեն ամեն ինչ պարզ է, ուրեմն ուրիշներին էլ է պարզ: Այդ պատճառով է երևի, որ ամբողջ դիալոգը վերածվել է սթից գզվռտոցի: Սթից, որովհետև, լավ, ասենք թե էն սկզբի ժամանակները Տիկոյի վարմունքը կարող էր ջահել աղջկան "ինքնասպանության" հասցնել, բայց ինչպե՞ս կարելի էր տասնհինգ տարի անց արդեն հասուն կնոջը զրույցն այդ մարդու հետ հասցնել նրան, որ վերջինս իրեն "հարգանքի արժանի" մեկը համարի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Օուեն Մարթընը

    Ներեցեք ծեր պահպանողականիս՝ առաջվա պես չեմ կարողանում կարդալ հայի գրած Օուեն Մարթըն, Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. Ճամփա ընկնել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 19.01.2017, 23:00
  2. Գրական դուետ. Կոտրե՞լ, թե՞ չկոտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 13.01.2017, 03:17
  3. Գրական դուետ. Ամաչել 24 ժամում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.01.2017, 19:13
  4. Գրական դուետ. Փնտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.12.2016, 01:40
  5. Գրական դուետ. Տուփը չբացել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 23.12.2016, 03:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •