Դիմակը կբացվի հինգ օրից՝ հունիսի 13-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է, սակայն հեղինակը նույնպես կարող է մասնակցել քննարկումներին:
11.02.2014, ուրբաթ
Այսօր ես ամուսնացա: Էրիկը նեկրոֆիլ է: Մինչև մեր ամունությունը, նա իր մահացած կնոջ հետ էր քնում, բայց խոստացել է ինձ երբեք չդավաճանել, ոչ հանգուցյալների և ոչ էլ ողջերի հետ: Կիրակի օրը մենք ինչպես հարկն է հողին կհանձնենք նրա կնոջը, նախկին կնոջը: Քանի որ պաշտոնական թաղումը վեց ամիս առաջ արդեն եղել է, բնականաբար չենք կարող հրապարակավ ևս մեկ անգամ թաղել: Հետո էլ մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին: Կկարծեն թե ինքնասիրություն չունեմ: Իսկ ես համ ինքնասիրություն ունեմ, համ էլ լիքը ուզողներ ունեի, նենց չէր որ տանն էի մնացել:
Էրիկը դեռ աշխատանքից չի վերադարձել, բայց ես արդեն ամեն ինչ պատրաստել եմ` լվացքն էլ եմ արել, արդուկն էլ, ճաշ էլ եմ եփել: Մի խոսքով, ես այսուհետ տան կնիկ եմ:
Մեղրամսի չգնացինք, որովհետև մենք իրա աշխատավարձով ենք յոլա գնում, բայց ես հաշվել եմ. եթե նվազեցնենք մեր ամսեկան ծախսերը ու գումարը հավաքենք, մեր թուջե հարսանիքին կկարողանանք Ծաղկաձոր գնալ, երեք օրով: Իսկ եթե կոտոշները չտնկի ու համաձայնի, որ ես էլ աշխատեմ, էդ դեպքում վեց օր կլինի մեր մեղրամիսը: Բայց մարդս չի ուզում, որ ես աշխատեմ, չգիտեմ: Ինձ շատ է սիրում, դրանից ա: Չի ուզում որ հոգնեմ, չարչարվեմ:
Կես ժամից գործից տուն կգա: Սկզբում մի քիչ ծանր էի տանում էն հանգամանքը, որ մեր ամուսնության օրը ինձ տուն բերեց ու միանգամից գնաց գործի, բայց հասկանում եմ, որ եթե չաշխատենք, ավելի ճիշտ չաշխատի, չենք ապրի:
Ի դեպ, ես տեսել իմ իրա նախկին կնոջը: Մաման ասում էր, թե ես չորացածեմ, որ ոսկորներս կարող է հաշվել վերաշապիկիս տակից: Ես հաշվեցի Էլիզի ոսկորները մաշկի տակից: Ու մենք, ինչ խոսք, անհամեմատելի ենք, ես ամուսնյակիս խանդելու որևէ պատճառ չունեմ:
13.02.2014, կիրակի
Մի քանի րոպե առաջ թաղեցինք էլիզին: Էրիկը չթողեց, որ իրեն օգնեմ, ասում ա` ինքը իմ կինն էր, ոչ թե քո: Է հա, բայց դու էլ հո իմ ամուսինն ես: Ու՜ֆ աման, եսիմ է: Տրամադրությունս ընկավ:
Էդ ոսկրոտին, որ Էրիկի գրկում տեսա, արյունը գլխիս խփեց: Չգիտեմ, կարող ա խանդեցի: Նորմալ չի դիակներին խանդելը: Բայց դե դիակների հետ քնելն էլ նորմալ չի:
Մենք Էլիզին տան հետևում, ընկուզենու բնի տակ թաղեցինք: Խոստացել եմ ամեն շաբաթ նարգիզներ տանել նրա համար: Էրիկն ասում էր, որ նարգիզներ շատ է սիրել: Կարծում եմ՝ էդ Էլիզը պետք է ինքնասիրահարվածի մեկը լինի իրականում: Բա եթե ինքը գոնե մի քիչ սիրեր ամուսնուն, կվերցներ ու կմահանա՞ր գրիպից:
14.02.2014, երկուշաբթի
Մենք երջանիկ ընտանիք ենք: Պարզվում է, Էրիկը խաշած ձուն նախընտրում է ձվածեղից, իսկ դա շատ լավ է, որովհետև ես ամեն անգամ ձվածեղ անելիս, կպցնում եմ թավայից: Առավոտյան գնում է աշխատանքի ու երեկոյան բավականին ուշ գալիս: Ես չեմ ասել, բայց ինքը համալսարանում դասավանդում է… կարծեմ հնագիտություն… հնագիտության ու դամբարանների, մումիաների հետ կապված ինչ-որ բան: Ու ինքը շանվիրված է իր գործին, աշխատանքը կյանքում երկրորդ ամենակարևոր բանն է, բնականաբար ինձանից հետո:
15.02.2014, երեքշաբթի
Առավոտ երբ արթնացա, Էրիկը կողքիս չէր: Տարօրինակ էր, որովհետև ամեն առավոտ ես էի իրան արթնացնում, հետո նախաճաշում էինք միասին ու ինքը գործի էր գնում: Բաղնիքում չէր, խոհանոցում չէր: Քայլերս, չգիտես ինչի, ինձ ընկուզենու մոտ տարան: Բայց էդտեղ էլ չէր: Գիշերը անձրև էր եկել ու գետնին կոշիկների թարմ հետքեր էին երևում, բայց ինքը չկար: Մտածեցի որ արդեն տուն գնացած կլինի:
Էրիկը չէր թողնում, որ մտնեմ իրա ու նախկին կնոջ սենյակ: Ասում էր` չի ուզում, որ ես ինձ վատ զգամ: Ես էլ չէի մտնում: Բայց էդ օրը տեսա, թե ոնց է ինքը հենց էդ սենյակից դուրս գալիս: Ասեց թե նկուղի բանալին էդտեղ էր, մտել էր վերցնելու համար:
Ես հավատում եմ նրան: Գիտեմ, որ ինձ չի խաբում ու չի խաբի:
16.02.2014, չորեքշաբթի
Արդեն երրորդ օրն է ինչ արթնանում եմ ու Էրկիը կողքիս չի: Գուշակեք… նա իրենց սենյակում է: Մեկ-մեկ սկսում եմ անգամ մտածել թե ինքը էդ սենյակում է քնում: Հա, հա՜, գիշերը սպասում է մինչև ես կքնեմ, իսկ ես մեռելի պես եմ քնում ու գնում է նախկինի սենյակ: Երևի կարոտում է, իրար հետ ապրել են, սիրել են իրար, մի օրում չես վերցնի ու ջնջես էդքանը: Մի տարում էլ էդքանը չի ջնջվի: Դե հասկանալի է: Բայց ես դա չեմ կարողանում հասկանալ: Էսօր նարգիզներ եմ տանելու Էլիզին ու կասեմ, որ վերջնականապես դուրս գա ամուսնուս գլխից, կխնդրեմ ինչպես ներկա, պաշտոնական կինը նախկին հանգույալ կնոջից կխնդրեր ու նա հաստատ կհասկանա ինձ:
17.02.2014, հինգշաբթի
Գնացի Էլիզի մոտ: Խոսում էի երկար, բայց ոչ մի արձագանք չկար: Ոնց որ հեչ պետքն էլ չլինեին ասածներս: Բա ես ինձ էդպե՞ս կպահեի:
Հանկարծ սիրտս կասկած ընկավ: Նկուղից բահը բերեցի ու սկսեցի փորել գերեզմանը: Կարող ա իրականում հողի շերտը հաստ էր ու ձայնս իրեն չէր հասնում կամ էլ ինքը տանը չէր: Մտքումս աղոթում ու ներողություն էի խնդրում: Դե ծնողներս ինձ դաստիարակելու գործում չեն թերացել ու ես աստվածավախ, աստվածապաշտ, հեզ, խոնարհ երեխա եմ մեծացել: Բացատրում էի, որ իմ գործածը մեղք չէ, որովհետև ընտանիքը սրբություն է ու ինչ անում էի, անում էի էդ սրբության համար: Ու մանավանդ եթե հաշվի առնեինք էն, որ Էլիզը մեր ընտանիքի երրորդ ոչ պաշտոնական անդամն է, ամեն ինչ իր տեղն էր ընկնում:
Բայց, գրողը տանի, երբ հասա դագաղին, էդ անտերը դատարկ էր:
18.02.2014 ուրբաթ
Գիշերը չքնեցի: Զգացի թե ոնց է ժամը երկուսին դուրս գալիս սենյակից: Չգիտեի ինչ անեմ: Բնականաբար չէի կարող հանգիստ նստել ու սպասել մինչև կողքի սենյակում դիակը վերջնականապես փտեր ու իրա հետ այլևս ոչինչ անել չլիներ: Էդ առավոտ անկողնուց վեր չկացա էնքան ժամանակ, քանի դեռ Էրիկը գործի չէր գնացել:
Սկզբում ուզում էի վառել ամբողջ տունը, ինձ էլ էդ տան հետ: Բայց հետո… ախր մենք կարող էինք էդ տանը երջանիկ լինել: Մենք երջանիկ կլինեինք, եթե չլիներ էդ դիակը:
Պետք է ոչնչացնեի նրան: Նրանից պետք է ոչինչ չմնար:
Սենյակի դռան առաջ երկար ժամանակ կանգնել էի ու չէի համարձակվում ներս մտնել: Վերջապես արեցի դա:
Էլիզի մահից հետո երևի սենյակում ոչ ոք ոչնչի ձեռք չէր տվել: Կահույքի վրա մի մետր փոշի էր նստել, ամենուրեք սարդերը սարդոստայններ էին հյուսել:
Մահճակալի մեջ կարմիր ներքնազգեստով պառկած էր Էլիզը: Էրիկը սավանով ծածկել էր նրան մինչև գոտկատեղը: Թվում էր, թե փտած, մոխրագույն դիակը խորամանկ աչքերով ինձ է նայում: Թվում էր, թե ասում է` ես մեռած եմ, բայց ես հաղթել եմ քեզ: Գրողը տանի, ինչ կարող էր ունենալ դիակը, որը ես չունեի: Ես ատում էի Էլիզին, ատում էի Էրիկին: Ատում էի բոլորին: Դռան հետևում նստել էի ու նայում էի մահճակալի մեջ պառկած դիակին, որը որոշ առումներով ավելի ողջ էր քան ես: Հետաքրքիր էր, ի՞նչ էր արել Էրիկը որ դիակը մինչև հիմա պահպանվել էր: Եթե ժամանակին ավելի շատ հետաքրքրված լինեի նրանով, նրա աշխատանքվ, գուցե ինչ-որ բան իմանայի:
Հետո… հետո ժամանակը, սահեց, ծորաց, գլորվեց ու Էրիկը բացեց սենյակի դուռը: Ես տեսնում էի թե ոնց է համբուրում Էլիզին: Ախր դա դիակ էր, հոտած, նեխած, գարշահոտ դիակ: Ատում էի Էլիզին, բայց ավելի շատ ինձ էի ատում: Հետո… հետո Էրիկի դեռ տաք մարմինը փռվել էր Էլիզի ոսկորների վրա, ու Էլիզը փոս ընկած, մեռած աչքերով ինձ էր նայում: “Մահը բաժանեց մեզ, իսկ դու միացրեցիր”:
19.02.2014, շաբաթ
Իսկ ի՞նչ կլինի եթե ես վաղը չթաղեմ Էրիկին…
Էջանիշներ