Հետևելով Մեֆի առաջարկին՝ սկսում ենք նոր ստեղծագործական նախագիծ:
Պիտի փորձենք պատմվածք գրել՝ առօրյա դիտարկումների հիման վրա:
Սակայն պատմվածքը գրվելու է միայն երկրորդ փուլին:
Իսկ առաջին փուլն ընթանալու է հետևյալ կերպ:
Մասնակցել ցանկացողները պետք է որևէ հասարակական վայրում դիտարկում անեն՝ շարադրելով իրենց տեսածն ու լսածը: Ովքեր էին, ինչ տեսք ունեին, ինչ էին խոսում, ինչպես էին իրենց պահում: Զուտ փաստերի շարադրում: Դիտարկման հեղինակը պիտի որևէ կերպ չառնչվի իրավիճակին. նա միայն դիտորդի և շարադրողի դերում է:
Դիտարկումները կդրվեն այս թեմայում, և կփորձենք, կողքից նայելով, հասկանալ ու վերլուծել իրավիճակը: Ինչպիսի մարդիկ էին դրանք, ինչ էր իրականում կատարվում: Ամեն մեկը կարող է արտահայտել իր կարծիքը:
Քննարկումներից հետո կսկսվի երկրորդ փուլը, այն է՝ յուրաքանչյուր ոք պիտի արդեն պատմվածք գրի՝ ըստ իր դիտարկման, հաշվի առնելով այստեղ հնչած մեկնաբանություններն ու վերլուծությունները:
Դիտարկումները կարող եք ուղարկել ինձ այս պահից սկսած՝ մինչև ապրիլի 18-ը: Ամեն նոր դիտարկում ստանալուց հետո այն հնարավորինս արագ կդրվի այս թեմայում: Դիտարկման, ապա նաև պատմվածքի հեղինակները կմնան գաղտնի՝ մինչև ամբողջ նախագծի ավարտը:
Բոլոր մասնակիցներին ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ այս նախագիծը երկու փուլ ունի. խնդրում եմ մասնակցել երկուսին էլ: Դրա համար լավ կլինի հիշել, որ ձեր դիտարկման հիման վրա հետո պատմվածք եք գրելու, այնպես որ, լավ որոշեք, թե ինչ դիտարկում եք ուղարկում առաջին փուլին:
Հիշեցնեմ իմ էլեկտրոնային հասցեն՝ iparika(at)gmail(dot)com:
Եթե տեքստը կարճ է, կարող եք նաև Ակումբի նամակագրական կապով ուղարկել:
Հուսով եմ, շատ շուտով կստանանք առաջին դիտարկումը և կանցնենք վերլուծություններին:
Ակտիվ եղեք
Էջանիշներ