Հա, պիտի փորձենք պիես գրել
Նոր ու հետաքրքիր գաղափար՝ Գալաթեայի առաջարկով:
Ովքեր փորձել չեն ուզում, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել քննարկումներին:
Նախագծին մասնակցելու համար այժմ կա չորս գրանցված և երկու «կամուկացի» մեջ գտնվող մասնակից. էնպես որ, ակնկալում եմ վերջում առնվազն չորս գործ ունենալ:
Մասնակցել կարելի է նաև առանց ինձ նախապես դրա մասին հայտնելու: Ընդամենն անհրաժեշտ է մինչև վերջնաժամկետն ավարտել և ուղարկել գործը:
Քանի որ պիես գրելը հեշտ գործ չի, կարծում եմ, մի շաբաթ ժամանակը քիչ է նման առաջադրանքի համար:
Դրա համար գործերն ուղարկելու վերջնաժամկետը կլինի մարտի տասնյոթը՝ մինչև Երևանի ժամանակով 20:00: Ձեր սրբագրած և վերնագրած գործերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ iparika(at)gmail(dot)com: Տեխնիկական խնդիրներից ազատվելու համար խնդրում եմ ձեր ստեղծագործությունն ուղարկել՝ ոչ թե որպես կցորդ, այլ որպես նամակի տեքստ: Նամակ ուղարկելիս հայտնեք նաև ձեր ակումբային մականունը՝ հեղինակի անձի հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար:
Յուրաքանչյուրն ազատ է ստեղծագործել ցանկացած թեմայով. սահմանափակումներ չկան:
Ծավալի հարցն էլ է մնում ամեն մեկի ցանկությանն ու կարողությանը: Յուրաքանչյուր հեղինակ ազատ է որոշելու՝ քանի գործող անձ և քանի արար կունենա իր պիեսը:
Միակ և գլխավոր պայմանն էն է, որ ստեղծագործությունն իր կառուցվածքով հենց պիես լինի: Դրա համար խնդրում եմ գրելուց առաջ լավ ծանոթանալ ստեղծագործության էս տեսակին:
Կարծում եմ, բոլորիս օգտակար կլինի, եթե էստեղ նյութեր դրվեն պիեսների մասին. ինչպիսի կառուցվածք ունեն, ինչպիսի առանձնահատկություններ և այլն: Կամ հենց հատվածներ բերվեն պիեսներից: Ակտիվ եղեք: Թեման բաց է համապատասխան նյութերի և քննարկումների համար:
Բոլորին մաղթում եմ ստեղծագործական հաճելի օրեր
Էջանիշներ