Ամուսնանալիս ազգանունս չեմ փոխել։ Ես էլ եմ համարում, որ ազգանունս իմ անհատականության մասն է, հետևաբար դրանից հրաժարվել ամեն դեպքում չեմ ցանկացել։ Բայց դեմ չէի իմ ազգանունը պահպանելով՝ ամուսնուս ազգանունն էլ վերցնելուն։ Ինչպես ցանկացած այլ հարցում, էս հարցում էլ դեմ եմ արդեն եղածը՝ պատմությունը, ջնջելուն։ Ամուսինս կուզենար, որ փոխեի, իր ազգանունը վերցնեի, բայց էն աստիճանի կարևոր հարց չէր իր համար, որ պնդեր։ Ամեն դեպքում որոշողը ես եմ եղել, ես էլ մտածում էի, որ համ իմը կպահեմ, համ էլ ամուսնունս կվերցնեմ։ Բայց երբ ԶԱԳՍ–ում ասացի այդ ցանկությանս մասին, ինձ պատասխանեցին, որ դրա հետ կապված օրենքը փոխվել է, ու հիմա դա իրականացնելու համար պետք է, որ ամուսինն էլ կնոջ ազգանունը վերցնի, այսինքն՝ երկուսն էլ երկուսի ազգանունները կրեն։ Փաստորեն, դրա համար երկուսս էլ պիտի անձնագրերը փոխեինք։ Նախ ամուսինս հոգեբանորեն պատրաստ չէր իր ազգանվանը նոր ազգանուն կպցնելու գաղափարին (չափից դուրս անսպասելի դեմ տվեցին), բացի դրանից, մենք պիտի շատ շուտով մեկնեինք ԱՄՆ, ու էդքան ժամանակ էլ չունեինք անձնագիր փոխելու։ Մի խոսքով՝ որոշեցինք, որ ամեն մեկս կմնանք մեր ազգանուններով։
Ճիշտն ասած՝ ինձ համար էս հարցում երկու իրար հակասող գործոններ կան. մի կողմից, ինչպես արդեն նշվեց, մարդու ազգանունը կարծես իր ես–ի մի մասն է, իր կենսագրությունը, ինչ–որ առումով էն ընտանիքի կնիքը, որից սերում է, ու այն փոխելով՝ մարդ կարծես ինչ–որ առումով ջնջում/ուրանում է էդ կապը, մյուս կողմից էլ մի տեսակ ճիշտ է թվում, որ մի ընտանիքում բոլորը նույն ազգանունն ունենան. դա էլ ինչ–որ միասնականության զգացողություն է տալիս. օրինակ, երբ տանը բոլորը նույն ազգանունն ունեն, իսկ մայրը՝ ուրիշ, էդ տարբերվելն էլ մի քիչ էն չի թվում։ Մի խոսքով՝ չգիտեմ... Բայց հաստատ չեմ փոշմանել իմ ազգանունից չհրաժարվելու համար։ Եթե փոխեի, համոզված եմ, հետո պարբերաբար դարդ էի անելու, ազգանունս կարոտելու էի, ու ինչ–որ առումով ինձ կիսատ կամ աղճատված էի զգալու։ Երևի մի քիչ նման կլիներ երկար մազերը կարճ կտրելուց հետո առաջացող կարոտի զգացողությանը, ուղղակի էն տարբերությամբ, որ մազերը հետո երկարում են։ Երևի ամեն դեպքում երկու ազգանվան գաղափարը վատ միտք չի. համ քոնը պահպանում ես, համ էլ նորաստեղծ ընտանիքի ընդհանուր ազգանունն ես կրում։
Էջանիշներ