ԿՆՈՋ ԿՈԼԵԿՏԻՎ ՑԱՎԱԳԱՐ ՄԱՐՄՆԻ
ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ
Ինչու՞ ցավագար մարմինն ավելի շատ խանգարում է կանանց:
Ցավագար մարմինն ունի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ տեսանկյուն: Նրա անհատական տեսանկյունը` մարդու ամբողջ կյանքում ապրած հոգեկան ցավի հանրագումարային նստվածքն է: Իսկ ինչ վերաբերվում է կոլեկտիվ տեսանկյանը, դա` ցավ է, որը հազարամյակների ընթացքում կուտակվել է մարդկային հոգեկան աշխարհում հիվանդությունների, տանջանքների, պատերազմների, սպանությունների, դաժանության, խելացնորության և այլ բացասական երևույթների հետևանքով: Յուրաքանչյուր մարդու անձնական ցավագար մարմնի մեջ անխուսափելիորեն ներկա է նաև կոլեկտիվ ցավագար մարմինը, որը, սակայն, միատարր չէ: Այսպես, ազգերի և երկրների մոտ, որտեղ առկա են կարիքի և բռնության ծայրահեղ արտահայտումները, կոլեկտիվ ցավագար մարմինն ավելի ծանր է, քան ուրիշ ազգերի մոտ: Ուժեղ զարգացած ցավագար մարմին ունեցող յուրաքանչյուր մարդ, դրա հետ մեկտեղ ունենալով ոչ բավականաչափ զարգացած գիտակցություն, որը նրան թույլ չի տալիս հրաժարվել իր ցավագար ֆանտոմի հետ իրեն նույնացնելուց, ստիպված է ոչ միայն անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ իր հոգեկան ցավն ապրել ֆիզիկական իրականության մակարդակի վրա, այլև հեշտությամբ կարող է բռնության զենք կամ զոհ դառնալ, կախված նրանից, ակտիվ է նրա ցավագար մարմինը թե պասիվ: Մյուս կողմից, այդպիսի մարդիկ կարող են ներունակորեն ավելի մոտ լինել պայծառացմանը: Դրանից բոլորովին չի հետևում, թե նրանք անպայման կիրականացնեն այդ ներունակությունը, սակայն, եթե ձեր կյանքն իրենից համայն արհավիրք է ներկայացնում, դուք արթնանալու ավելի մեծ շարժառիթ ունեք, քան նա, ով ուղղակի վերուվար է ճոճվում սովորական քնի ճոճանակի վրա:
Ամեն կնոջ մեջ, բացառությամբ դեպքերի, երբ նրա գիտակցությունը վերջնականապես արթնացել է, անձնական ցավագար մարմից բացի, ներկա է այսպես կոչված կանացի կոլեկտիվ ցավագար մարմնի մասնիկ ևս: Այն կազմված է հազարամյակների ընթացքում նրա մեջ կուտակված ցավից: Այդ ցավի կուտակման մեջ իրենց լուման են ներդրել տառապանքների տարբեր տեսակներ. կանացի սկզբունքի բռնի ենթարկումը տղամարդկայինին, ստրկությունը, շահագործումը, բռնաբարությունները, ծննդաբերությունները, երեխաների մահը և այլն: Հոգեկան և ֆիզիկական ցավը, որը կանայք ապրում են դաշտանը սկսվելուց առաջ կամ նրա ընթացքում, նույնպես ցավագար մարմնի մասն է, որն այդ ժամանակ արթնանում է քնից, չնայած ակտիվանալ կարող է նաև այլ պարագաներում: Այն սահմանափակում է կենսական էներգիայի ազատ շրջանառությունը մարմնում, ինչը ֆիզիկական մակարդակի վրա արտահայտվում է ամսականների ձևով: Եկեք ավելի համառոտ կանգ առնենք սրա վրա, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է օգտագործել այդ վիճակը պայծառացման հասնելու համար:
Այդ օրերին կնոջը սովորաբար համակում է նրա ցավագար մարմինը: Այն անհավանականորեն հզոր էներգետիկական լիցք ունի, որը կարող է հեշտությամբ ձեզ իր հետ ներգրավել չգիտակցված նույնացման մեջ: Այդ դեպքում դուք հայտնվում եք ակտիվ էներգետիկական դաշտի իշխանության ներքո, որը լցնում է ձեր ներքին տարածությունը և ձևանում է դուք, չնայած, իհարկե, դա բոլորովին էլ դուք չեք: Այն խոսում է ձեր փոխարեն, մտածում է ձեր փոխարեն և ձեր վզին է փաթաթում իր վարքը: Այն ստեղծում է ձեր կյանքում բացասական իրավիճակներ, որպեսզի սնվի նրանց էներգիայով: Այն ծարավի է նոր ցավի, ցանկացած ձևի մեջ: Ես արդեն նկարագրել եմ այդ պրոցեսը: Ցավագար մարմինը կարող է անխիղճ ու կործանիչ լինել: Դա ցավ է մաքուր տեսքով, դա ձեր հին ցավն է, և սակայն դա դուք չեք:
Կանայք, ովքեր մոտենում են ամբողջական գիտակցվածության վիճակին, այսօր ավելի շատ են, քան տղամարդիկ, և գալիք տարիների ընթացքում այդ ճեղքվածքն ավելի կմեծանա: Վերջիվերջո տղամարդիկ կարող են հասնել նրանց հետևից, բայց երկար ժամանակ կանացի գիտակցության մակարդակն ավելի բարձր կլինի, քան տղամարդունը: Կանայք նորից սկսում են գիտակցել իրենց դերը, որ տրված է նրանց ի ծնե և այդ պատճառով ավելի հասանելի է իրենց, քան տղամարդկանց. կամուրջ լինել արտահայտված աշխարհի և կյանքի Չարտահայտված կողմի միջև, գոյատևման ֆիզիկական տեսանկյան և ոգու միջև: Այսօր յուրաքանչյուր կնոջ գլխավոր խնդիրն է իր ցավագար մարմնի փոխակերպումը: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ձեր ցավագար մարմինն այլևս չխրվի ձեր և ձեր իսկական բնության, իսկական էության միջև: Անշուշտ, միաժամանակ դուք ստիպված կլինեք հաղթահարել պայծառացման ճանապարհին կանգնած մեկ այլ խոչընդոտ ևս, - ձեր մտածող միտքը: Սակայն ներկա պահի մեջ լիակատար ներկայության զգացումը, որը դուք, հաղթահարելով ձեր կախվածությունը ցավագար մարմնից, արդեն իսկ արտադրում եք, - ձեզ կազատագրի նաև ձեր մտքի հետ ձեզ նույնացնելուց:
Առաջին հերթին հարկ է հիշել ահա թե ինչի մասին. քանի դեռ ձեր անհատականությունը կերտում եք ձեր անցյալի ցավալի պահերից, ձեր ցավից ազատվել դուք չեք կարողանա: Քանի դեռ ձեր ինքնաընկալման մասն անբաժան է ձեր հոգեկան ցավից, դուք անգիտակցաբար ընդդիմանալու եք այդ ցավն ապաքինելու ամեն մի ձեր փորձին: Ինչու՞: Ուղղակի որովհետև ձեր "եսը" ցանկանում է ողջ և առողջ մնալ, իսկ բաժանվել ցավից` նրա համար նշանակում է իր կարևոր մասը կորցնել: Դա անգիտակից պրոցես է, և հաղթահարել այն կարելի է, միայն դարձնելով այն գիտակցված:
Հանկարծակի գիտակցումը, որ դուք այդքան երկար ժամանակ կառչում էիք կամ մինչև օրս կառչում եք ձեր ցավից, կարող է իսկական հայտնություն և ցնցում դառնալ: Բայց հենց որ գիտակցեք այդ, դուք անմիջապես կազատվեք այդ արատավոր կախվածությունից: Ցավագար մարմինը` էներգետիկական դաշտ է, որը կարելի է համեմատել ձեր ներքին տարածության մեջ ժամանակավորապես բնակություն հաստատած օտար օրգանիզմի հետ: Դա կենսական էներգիա է, որը հայտնվել է ծուղակում և այդ պատճառով ազատ շրջանառել չի կարողանում: Անշուշտ, ձեր ցավագար մարմինը` անցյալում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների արդյունք է: Դա ձեր "կենդանի անցյալն" է, և եթե դուք նույնացնում եք ձեզ նրա հետ, նշանակում է, ձեզ նույնացնում եք ձեր անցյալի հետ: Զոհի աշխարհայացքը կառուցվում է այն հավատի վրա, որ անցյալը ներկայից ավելի ուժեղ է, - հավատի, որը սխալ է ի սկզբանե: Ձեզ թվում է, իբր այս կամ այն մարդիկ և նրանց արարքները սարքեցին ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, և որ նրանք են պատասխանատու ձեր հոգեկան ցավի և ձեր իսկական էությանը համապատասխանելուն ձեր անընդունակության համար: Իրականում միակ ուժը, որն ընդունակ է փոխակերպել ձեր կյանքը, ամփոփված է ներկա պահի մեջ: Դա Ներկայի մեջ ձեր ներկա լինելու ուժն է: Գիտակցելով այդ, դուք կտեսնեք նաև, որ միայն ինքներդ եք պատասխանատու ձեր ներքին տարածության այսօրվա վիճակի համար և որ անցյալն անկարող է գերակշռել Հավերժական Ներկայի ուժի վրա:
∫




Մեջբերել
Էջանիշներ