ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ՄԻՏՔԸ` ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՔ
ՊԱՅԾԱՌԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԸՆԿԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ
Ի՞նչ է պայծառացումը:
Երեսուն տարուց ավել մուրացկանը նստել էր ճամփեզրին և ողորմություն էր խնդրում: Մի անգամ նրա կողքով մի օտարական էր անցնում: “Օգնե”ք սննդի համար”, - քրթմնջաց մուրացկանը, մեքենայաբար դեպի անցորդը ձգելով բեսյբոլի հին կեպին: “Ես ոչինչ չունեմ քեզ տալու, - ասաց օտարականն ու հետաքրքրվեց. – Իսկ այդ ինչի՞ վրա ես նստել”: “Հեչ, - պատասխանեց աղքատը: - Ինչ-որ հին սնդուկ է: Որքան հիշում եմ ինձ, նրա վրա եմ նստած”: “Իսկ երբևիցէ մեջը նայե՞լ ես”, - հարցրեց օտարականը”: “Չէ, - ասաց աղքատը: - Ինչի՞ս է պետք”: “Իսկ դու այնուհանդերձ հետաքրքրվիր”, - շարունակում էր պնդել օտարականը: Աղքատը փնթփնթալով վեր կացավ և դժվարությամբ բարձրացրեց սնդուկի կափարիչը: Եվ ինչպիսին էին նրա հիացմունքն ու զարմանքը, երբ հայտնաբերեց, որ սնդուկը բերնեբերան լիքն է ոսկով:
Ես` այն օտարականն եմ, ով տալու ոչինչ չունի, բայց ով ձեզ կոչ է անում ներս նայել: Բայց ոչ թե առածի միջի ինչ-որ սնդուկի, այլ ձեր ներսը:
“Բայց ես աղքատ չեմ”, - կանխատեսում եմ ձեր առարկությունները:
Բոլորը, ովքեր դեռ չեն հասկացել, որ իսկական հարստությունը պետք է փնտրել ոչ թե ինչ-որ տեղ, այլ Լինելության շողուն ուրախության և նրան համընթաց խորին և հաստատուն հանգստի մեջ, - աղքատից ոչնչով ավելի լավը չեն, եթե նույնիսկ հսկայական նյութական հարստություն ունեն: Նրանք այսուայն կողմ են ընկնում իրենց դղյակի պատերի ներսում սիրո և անցողիկ հաճույքների ապարդյուն որոնումներում, ինքնահաստատման հետևից ընկած և ձգտելով գոնե ինչ-որ կերպ արդարացնել իրենց գոյությունը, այն ժամանակ երբ գանձերով բերնեբերան լիքը սնդուկը, որի մասին այս մոլորակի բնակիչների մեծամասնությունը նույնիսկ անկարող է մտածել, գտնվում է հենց իրենց մեջ:
“Պայծառացում” բառը զուգորդվում է գերբնական նվաճումների գաղափարի հետ (ինչը շատ ձեռ է տալիս մեր էգոյին), սակայն իրականում դա` Լինելության հետ զգացվող միասնության վիճակ է ընդամենը, որը հասանելի է յուրաքանչյուր մարդու: Դա կապի զգացում է անվերջանալի և քայքայման ոչ ենթակա ամենասկզբի հետ, նրա հետ, ինչը` որքան էլ տարօրինակ չհնչի դա, - ըստ էության, հենց ինքներդ եք, բայց ինչը միաժամանակ շատ ավելի մեծ է, քան դուք: Դա մարդու` ոչ մի անվանումներով ու ձևերով չսահմանափակված իր իսկական բնույթը ձեռք բերելու պահն է: Այդ կապն զգալու անընդունակությունն ինքդ քեզանից և քեզ շրջապատող աշխարհից կտրված լինելու պատրանք է ծնում: Արդյունքում դուք, գիտակցված թե ոչ, սկսում եք ընկալել ձեզ որպես անհայտ է թե ինչի առանձին, կցկտուր ֆրագմենտ: Սրանից է, որ ծնվում է վախը, իսկ արտաքին և ներքին կոնֆլիկտները սովորական երևույթ են դառնում:
Ինձ շատ է դուր գալիս այն հասարակ և անխրթին սահմանումը, որը պայծառացմանը տվել է Բուդդան: Պայծառացումը` “տառապանքների դադարեցում” է: Համաձայնվեք, որ այսպիսի ձևակերպման մեջ գերբնական ոչինչ չկա: Իհարկե, այս սահմանումն անլրիվ է: Այն ցույց է տալիս ընդամենը տառապանքի բացակայությունը, այսինքն պարզաբանում է, թե պայծառացումն ինչ չի: Բայց ի՞նչ կմնա, եթե վերանա տառապանքը: Այս հարցին Բուդդան լռությամբ է պատասխանում, նկատի ունենալով, որ սրա պատասխանը պետք գտնեք ինքներդ: Բուդդան իր սահմանումը մերժման ձևի մեջ է դրսևորում նրա համար, որպեսզի միտքը չկարողանա այն հավատի օբյեկտ դարձնել, ծածկել գերբնականի քողով և պատկերացնել այն որպես անհասանելի նպատակ: Եվ այնուհանդերձ, չնայած նախազգուշական այդ միջոցին, բուդդիստների մեծամասնությունը մինչև օրս համոզված են, որ պայծառացումը հասանելի է միայն Բուդդային, բայց ոչ մի կերպ իրենց (ծայրահեղ դեպքում, ոչ այս կյանքում):
Էջանիշներ