ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՔԻՆ ՈՒԺԻ ԴԻՐՔԵՐԻՑ



Իսկ ինչպե՞ս լինել այն մարդկանց հետ, ովքեր, ամենից ելնելով, իրոք ցանկանում են տառապել: Ես մի ընկերուհի ունեմ,
ում զուգընկերը պարբերաբար ծեծում է նրան: Ընդ որում նախկին զուգընկերն էլ ճիշտ նույն կերպ էր նրա հետ վարվում: Ինչու՞ է նա իրեն այդպիսի տղամարդիկ ընտրում:
Եվ ինչու՞ նա չի ցանկանում բաժանվել իր ներկա վիճակից: Ինչու՞ այդքան շատ մարդիկ ցավն են ընտրում իրենց համար:



Ես գիտեմ, որ ընտրել բառը` "նյու էյջ" շարժման սիրելի տերմինն է, սակայն տվյալ կոնտեքստում ոչ այնքան ճշգրիտ է այն օգտագործված: Պնդումը, որ ինչ-որ մեկն իր համար "ընտրել է" թերի հարաբերություններ կամ ինչ-որ մի այլ բացասական կենսական իրավիճակ, սխալ է: Ընտրությունը նկատի է առնում գիտակցվածություն` գիտակցվածության բարձր աստիճան: Եթե չկա այն` ընտրություն էլ չկա: Ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ դուք դադարում եք նույնացնել ձեզ ձեր մտքի և նրա պայմանադրած սովորությունների հետ: Ընտրությունն սկսվում է այն պահին, երբ դուք "միանում եք" տեղի ունեցածին: Քանի այդ պահը չի հասել, դուք շարունակում եք մնալ չգիտակցվածության վիճակի մեջ: Դա նշանակում է, որ դուք ստիպված եք մտածել, զգալ և վարվել այնպես, ինչպես կարգադրում է ձեր միտքը, որի վրա ազդեցություն է գործում արտաքին գործոնների մի ամբողջ շարք: Ահա թե ինչու է Հիսուս ասել. "Ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում"*: Դա ոչ մի կապ չունի բանականության հետ բառի սովորական իմաստով: Ես հանդիպել եմ ամբողջական չգիտակցվածության մեջ գտնվող, այսինքն իրենց և իրենց մտքի միջև ոչ մի տարբերություն չտեսնող կրթված ու բարձրբանական ոչ քիչ մարդկանց: Իրականում, եթե մտավոր զարգացումն ու գիտելիքների ծավալի մեծացումը չի հավասարակշռվում գիտակցության համապատասխան աճով, փորձանքների և դժբախտությունների հետ հանդիպումը շատ ավելի է մեծանում:

Ձեր ընկերուհին չի կարողանում խզել իր հարաբերությունները մեկի հետ, ով ծեծում է իրեն, ընդ որում, որ դա առաջին նման դեպքը չէ նրա կյանքում: Ինչու՞: Հենց այն պատճառով, որ ընտրություն չունի: Չէ՞ որ անցյալով պայմանավորված միտքն անդավաճանորեն ջանում է վերարտադրել այն, ինչ արդեն հայտնի է իրեն, ինչի հետ նա արդեն ծանոթ է: Թող որ այդ իրավիճակը հղի է ցավով, բայց ծայրահեղ դեպքում նա գիտի, թե ինչ սպասի դրանից: Միտքը կառչում է նրանից, ինչ գիտի արդեն: Անհայտությունն իր մեջ վտանգ է թաքցնում, որովհետև ենթակա չէ մտքի հսկողությանը: Ահա թե ինչու միտքը չի սիրում ներկա պահը և արհամարհում է այն: Ներկա պահի գիտակցումը "պատուհան" է բացում ոչ միայն մտքերի հոսքի, այլև անցյալի ու ապագայի կոնտինուումի մեջ: Իսկապես նոր և ստեղծագործական ինչ-որ բան աշխարհ կարող է ներմուծվել միայն այդ "պատուհանի, անսահման հնարավորությունների այդ մաքուր տարածության միջով:

Այնպես որ բացառված չէ, որ, նույնացնելով իրեն իր մտքի հետ, ձեր ընկերուհին վերարտադրում է անցյալից ինչ-որ սխեմա, որտեղ մտերմությունն ու դաժան վերաբերմունքն անբաժան են եղել մեկմեկուց: Կամ էլ նա հետևում է վաղ մանկությունից իրեն հայտնի վարքի այն մտավոր պատկերին, երբ նրան ցույց են տվել, որ նա արժանի չէ սիրո և, հետևաբար, պատժի է արժանի: Շատ հնարավոր է, որ կյանքի մեծ մասը նա անց է կացնում իր ցավագար մարմնում, որը, սովից չմեռնելու համար, անընդհատ նոր ցավ է փնտրում: Նրա զուգընկերը նույնպես օգտվում է իր չգիտակցված մտավոր մոդելներով, որոնք լրացնում են ձեր ընկերուհու մոդելները: Անշուշտ, նա ինքն է ստեղծում այդ իրավիճակը, բայց ի՞նչ "ինքնություն" է դա, որն այդքան եռանդով աշխատում է նման իրավիճակ ստեղծելու վրա: Դա ընդամենն անցյալից ժառանգված զգացմունքային-մտավոր վարքի սխեմա է: Ինչների՞դ է պետք ձեզ այդ սխեման դառնալ: Եթե դուք ասեք ձեր ընկերուհուն, որ նա ինքն է ընտրել տվյալ իրավիճակը կամ հանգամանքը, դրանով միայն կամրապնդեք իր մտքի հետ իրեն նույնացնելու նրա սովորությունը: Բայց մի՞թե նրա մտավոր սխեման` նա ինքն է որ կա: Մի՞թե նրա իսկական դեմքը նախասահմանվում է իր անցյալով: Սովորեցրեք ձեր ընկերուհուն ներկա լինել ներկա պահի մեջ որպես իր սեփական մտքերի և զգացմունքների ականատեսը: Պատմեք նրան իր ցավագար մարմնի մասին և այն մասին, թե ինչպես ազատվել նրանից: Սովորեցրեք նրան ներքին մարմինը զգալու արվեստին: Բացատրեք նրան տեղի ունեցածում ներկա լինելու իմաստը: Միայն երբ նա կսովորի ճանապարհ գտնել դեպի ներկա պահի ուժը և դրանով դուրս պրծնել պայմանավորված անցյալի գերությունից, նրա մոտ իրոք ընտրություն կհայտնվի:

Ոչ ոք իր համար արատավոր իրավիճակներ, կոնֆլիկտներ ու ցավ չի ընտրում: Ոչ ոք չի ընտրում խելացնորություն: Դրանք ծագում են այն պատճառով, որ ձեզ չի բավարարում ներկայի մեջ ներկա լինելը, ինչը կտարրալուծեր ձեր անցյալը, այսինքն ձեզ չի հերիքում լույս, որը կցրեր խավարը: Դուք ներկա եք այստեղ մասնակիորեն միայն: Դուք կիսանինջ վիճակում եք: Իսկ այդ ընթացքում ձեզ բռնադատում է ձեր պայմանավորված միտքը:

Նույն կերպ, եթե դուք պատկանում եք մարդկանց այն հսկայական քանակությանը, ովքեր հայցեր ունեն իրենց ծնողների հանդեպ, եթե դուք մինչև օրս նեղանում եք նրանց վրա այն բանի համար, ինչ նրանք արել են կամ չեն արել, նշանակում է, դուք առաջվա պես հավատում եք, որ նրանք ունեին ընտրություն, որ նրանք կարող էին վարվել այլ կերպ: Մեզ միշտ թվում է, իբր այս կամ այն իրավիճակում մարդիկ ունեին ընտրություն, բայց դա մոլորություն է: Ինչպե՞ս դուք կարող եք ընտրել, եթե ձեր կյանքը կառավարում է ձեր միտքը և նրանով պայմանավորված վարքագծերը, քանի դեռ դուք ձեզ և նրան որպես ամբողջականություն եք ընկալում: Դուք նույնիսկ ներկա չեք այնտեղ, որտեղ տեղի է ունենում այդ ընտրությունը: Մտքի հետ նույնացման վիճակը` ծայրահեղ արատավոր վիճակ է: Դա մի տարատեսակն է խելացնորության, որով տարբեր աստիճանի տառապում են համարյա բոլոր մարդիկ: Հենց որ դուք դա հասկանաք, կդադարեք նեղանալ որևէ բանի վրա: Ինչպե՞ս կարելի է նեղանալ որևէ մեկի հիվանդության վրա: Այդ վիճակում միակ համապատասխան արձագանքը` կարեկցանքն է:


Այդ դեպքում իր գործողությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի՞ կրում:
Այդ միտքն ինձ բոլորովին դուր չի գալիս:



Եթե ձեզ կառավարում է ձեր միտքը, ուրեմն, չնայած և ընտրություն չունեք, դուք ինչպես միշտ տառապում եք ձեր չգիտակցվածության հետևանքներից և նոր տառապանք եք սերմանում: Դուք քարշ եք տալիս ձեր վրա վախի, կոնֆլիկտների, ցավի և խնդիրների բեռը: Սակայն նրանց ծնած տառապանքը վերջիվերջո կստիպի ձեզ հրաժեշտ տալ չգիտակցվածության վիճակին:


Ես կարծում եմ, որ ընտրության վերաբերյալ ձեր բոլոր ասածները տառապանքին էլ կարելի է վերագրել: Մենք կարող ենք ներել,
միայն գտնվելով ամբողջական գիտակցման և հաշտվելու վիճակում:



Արդեն ավելի քան երկու հազար տարի մենք բավական հաճախ օգտագործում ենք "ներում" բառը, սակայն մարդկանց մեծամասնությունն այն հասկանում է շատ նեղ իմաստով: Դուք չեք կարող իսկապես ներել ձեզ և ուրիշներին այնքան ժամանակ, քանի դեռ չեք դադարել տեսնել ձեզ որպես ձեր անցյալի ածանցյալ: Իսկական ներումը դառնում է հնարավոր, միայն երբ դուք մուտք եք ստանում դեպի Հավերժական Ներկայի ուժը, այսինքն դեպի ձեր սեփական ուժը: Արդյունքում անցյալը կորցնում է իր իշխանությունը ձեր վրա, և դուք հասկանում եք ձեր ամբողջ ներքինով, որ ամենն, ինչ դուք երբևիցէ արել եք, ինչպես նաև բոլոր ձեր տարած վիրավորանքները, նույնիսկ ամենահեռավոր կերպով չեն դիպչում ձեր իսկական շողափայլ էությանը: Այդ դեպքում ներման հասկացությունն ինքն արդեն ավելորդ է դառնում:


Եվ ինչպե՞ս հասնել այդ իմաստավորմանը:


Երբ դուք հաշտվում եք նրա հետ, ինչ կա, և սկսում եք գիտակցված ու խորը ներկա լինել տեղի ունեցածում, անցյալը կորցնում է իր ուժը ձեր վրա: Այն ձեզ այլևս պետք չէ: Դուք գիտեք, որ ամեն ինչի բանալին ձեր ներկայությունն է ներկա պահի մեջ: Այն պահի, որն Այստեղ է և Հիմա:


Իսկ ինչպե՞ս ես կիմանամ, որ ամբողջովին հաշտվել եմ նրա հետ, ինչ կա:


Դուք ուղղակի կդադարեք այդ հարցը ձեզ տալ:




Վ Ե Ր Ջ



- - - - - - -
Ղուկ. ԻԳ; 34.